19 Feb Ալբեր Կամյու | Լոտրեամոնը և միջակությունը
Ալբեր Կամյու | 1913-1960թթ., Ֆրանսիա
Լոտրեամոնը և միջակությունը
Լոտրեամոնը ցույց է տալիս, որ ընդվզողի բացահայտված լինելու ցանկությունը նույնպես թաքնվում է ձևամոլության ետևում: Երկու դեպքում էլ՝ մեծարվում է, թե նվաստանում, ընդվզողը ուզում է լինել ուրիշը, ինչպիսին չէ, անգամ այն ժամանակ, երբ նրան վեր են բարձրացնում, որպեսզի ճանաչվի իր իսկական էության մեջ: Լոտրեամոնի աստվածանարգությունները և հարմարվողականությունը նմանապես մեկնաբանում են այն ողորմելի հակասությունը, որը տարրալուծվում է իր հետ ոչինչ չլինելու ցանկության մեջ: Չկա հրաժարում իր հայացքներից, ինչը սովորաբար վերագրում են նրան. ոչնչացման նույն կատաղությունն է բացատրում Մալդորորի կոչը` ուղղված նախասկզբնական մեծ խավարին և Պոեմների մշակված պարզամտություններին:
Լոտրեամոնով հասկանում ենք, որ ընդվզումը պատանյակ է: Ռումբի և պոեզիայի մեր մեծ ահաբեկիչները հազիվ են դուրս եկել մանկությունից: Լոտրեամոնը Մալդորորի երգերը գրել է ինչպես գրեթե հանճարեղ մի դպրոցական: Դրանց խանդավառությունը հենց հակասություններ է ծնում երեխայի սրտում, ով ելել է և՛ արարման, և՛ ինքն իր դեմ: Ինչպես Ռեմբոն Պայծառացումների մեջ նետված է աշխարհի ծայրը, Լոտրեամոնը պատրաստ է ավելի շուտ ընտրել աշխահակործանումն ու ավերը, քան անհնարին օրենքը, ըստ որի ինքն այնպիսին է, ինչպես է և աշխարհում, ինպես որ այն կա:
«Ես գալիս եմ, որ պաշտպանեմ մարդուն»,- ասում է Լոտրեամոնը` առանց պարզամտության: Մի՞թե Մալդորորը գթասրտության հրեշտակն է: Որոշակի իմաստով այն ինքնակարեկցանքն է: Ինչո՞ւ: Դա պետք է բացահայտել: Սակայն խոցված, անխոստովանելի և չխոստովանված, հիասթափված խղճմտանքը նրան կհասցնի եզակի ծայրահեղությունների: Ըստ իր սեփական խոսքերի, նա կյանքն ընդունել է ինչպես վերք և հրաժարվել է ինքնասպանությամբ բուժել վերքի սպին: Այդ նա է, ով Ռեմբոյի նման տանջվում է և ով ընբոստացել է, բայց առեղծվածայնորեն չի ուզում խոստովանել, թե ըմբոստացել է ինքն իր գոյի դեմ` առաջ մղելով խռովարարի ալիբին. սերը մարդկանց հանդեպ:
Մալդորորը ընդամենը նա է, ով ներկայանում է որպես մարդու պաշտպան և միաժամանակ գրում է. «Ցույց տուր մի մարդու, որը բարի է»: Այս հավերժական շարժումը նիհիլիստական ընդվզումի շարժումն է: Ընդվզում են հենց իրենց և այլոց նկատմամբ կատարված անարդարությունների դեմ: Սակայն մտապայծառացման պահին, երբ տեսնում ես այդ ընդվզումի օրինականությունը և միաժամանակ նրա անզորությունը, ժխտման ցասումն այդ ժամանակ ուղղվում է այն բանի դեմ, ինչը հավակնում էին պաշտպանել: Անկարող լինելով անարդարությունը շտկել արդարության հաստատումով` նախընտրում են արդարությունը խեղդել առավել ընդհանուր անարդարության մեջ, որն, ի վերջո, համընկնում է ոչնչացման հետ: «Չարիքը, որ պատճառել եք ինձ, չափազանց մեծ է, չարիքը, որ ես եմ ձեզ պատճառել, չափազանց մեծ է, որպեսզի համարվի կամայական: Ինքդ քեզ չատելու համար, պետք է քեզ անմեղ հայտարարես, հանդգնություն` միշտ անհնարին միայնակ մարդու համար. խոչընդոտն այն է, որ ճանաչում ես ինքդ քեզ: Առնվազն կարող ես հայտարարել, բոլորն էլ անմեղ են, չնայած համարվում են մեղավոր: Ուրեմն Աստված է հանցագործը»:
Այսպիսով, ռոմանտիկներից մինչև Լոտրեամոն չկա իրական առաջընթաց, չհաշված հնչերանգի փոփոխությունը: Լոտրեամոնը մեկ անգամ ևս որոշ բարելավումներով վերակերտում է Աբրահամի Աստծո կերպարը և լյուցիֆերյան խռովարարի պատկերը: Նա Աստծուն դնում է «մարդկային արտաթորանքներով ու ոսկով օծված գահավորակին», որի վրա «տխմարի գոռոզությամբ, աղտոտ սպիտակեղենի մեջ փաթաթված մարմնով բազմում է նա, ով իրեն անվանում է Արարիչ»: Այդ «իժի կերպարանքով» սարսափելի Հավերժությունը, «խորամանկ ավազակը», ով «հրդեհներ է բորբոքում և դիտում` ինչպես են մեռնում ծերերն ու մանուկները», հարբած թավալվում է կեղտաջրերում կամ նողկալի հաճույքներ փնտրում պոռնկատներում: Աստված չի մեռել, բայց ցած է ընկել: Տապալված աստվածության դիմաց կերտվում է Մալդորորի կերպարը` որպես դասական մի հեծյալ` սև թիկնոցն ուսերին: Նա Անիծյալն է: «Աչքերը չպետք է լինեն վկաները տգեղության, որ Գերագույն էակը ուժգին ատելության ծամածռանքով դրել է իմ դեմքին»: Նա հրաժարվեց ամեն ինչից` «հորից, մորից, Նախախնամությունից, սիրուց, իդեալից, որպեսզի մտածի միմիայն իր մասին»: Գոռոզությունից չարչրկված` այս հերոսն ունի մետաֆիզիկական դենդիի բոլոր հմայքները. «գերմարդկային դեմք, տիեզերքի նման տխուր և գեղեցիկ` ինչպես ինքնասպանությունը»: Հենց նույն հաջողությամբ, ինչ որ ռոմանտիկ ապստամբը, Մալդորորը կանցնի չարիքի կողմը` հուսահատվելով աստվածային արդարությունից: Տանջել և տանջվել. սա է նրա ծրագիրը: Մալդորորի երգերը իսկական աղոթքներ են առ չարիք:
Անցման այս պահին չի պաշտպանվում անգամ մարդ արարածը: Ընդհակառակը, «բոլոր միջոցներով գրոհել մարդուն` այդ գիշատիչ գազանին, և արարչին…». այսպիսին է Լոտրեամոնի ազդարարած նպատակը: Խուճապահար այն մտքից, որ Աստված է իր թշնամին, և արբեցած մեծ հանցագործների հզոր միայնակությամբ («Ես մենակ եմ ընդդեմ մարդկության»), Մալդորորը կռվի է նետվում արարչագործության և նրա հեղինակի դեմ: Մալդորորի երգերը գովերգում են «ոճրագործության սրբազանությունը», ազդարարում են «փառահեղ չարագործությունների» ահագնացող աճի մասին, իսկ II երգի քսաներորդ տունը հանցագործության ու բռնության իսկական դասագիրք է:
Մեր ժամանակներում նման բուռն հրայրքը անկեղծ չի թվում: Այն ոչինչ չարժի: Լոտրեամոնի իսկական արժեքը այլուր է: Ռոմանտիկ գրողները զգուշավորությամբ էին վերաբերվում մարդկային մենության և աստվածային անտարբերության հակասությանը. այդ մենության գրական արտահայտությունները հատուկենտ դղյակներ էին և դենդիներ: Մինչդեռ Լոտրեամոնի ստեղծագործությունն ավելի խոր ողբերգության մասին է: Հավա-նաբար այդ միայությունն անտանելի է եղել իր համար և, ելնելով աշխահաստեղծման դեմ, նա ցանկացավ ոչնչացնել սահմանները: Հեռու` մարդկային իշխանության ատամնավոր աշտարակներն ամրացնելու մտքից, նա ցանկացավ խառնել բոլոր կանոնները: Նա աշխարհը վերադարձրեց նախասկզբնական օվկիանին, որտեղ բարոյախոսությունը կորցնում է իր ողջ իմաստը, ինչպես նաև բոլոր խնդիրները, որոնցից ամենաահարկուն, ըստ նրա, հոգու անմահության հարցն է: Նա ցանկանում էր ոչ թե կերտել ըմբոստի կամ դենդիի զարմանահրաշ պատկերը` ի հակադրություն աշխարհի, այլ միաձուլել մարդուն աշխարհի հետ համընդհանուր կործանման մեջ: Նա գրոհեց հենց սահմանի վրա, որը բաժանում է մարդուն տիեզերքից: Համընդհանուր ազատությունը, մասնավորապես ոճրագործության ազատությունը ենթադրում է մարդկության բոլոր սահմանների ոչնչացում: Բավական չէ լուտանքներ թափել բոլոր մարդկանց և ինքդ քո վրա: Պետք է մարդկությանը հասցնել բնազդի թագավորության մակարդակին: Լոտրեամոնի մոտ գտնում ենք ռացիոնալ գիտակցության ժխտումը, վերադարձը դեպի նախասկզբնականը, որն ինքն իր դեմ ընդվզող քաղաքակրթության նախանշաններից մեկն է: Խոսքը չի գնում գիտակցության համառ ջանքերով բացահայտվելու մասին, այլ որպես գիտակցություն այլևս գոյություն չունենալու մասին:
Մալդորորի երգերի բոլոր էակները երկկենցաղ են, որովհետև Մալդորորը մերժում է երկիրը` իր սահմանափակություններով: Բուսական աշխարհը կազմված է լոռերից ու ջրիմուռներից: Մալդորորի դղյակը ջրերի վրա է: Նրա հայրենիքը ծեր օվկիանն է: Օվկիանոսը երկակի խորհրդանիշ է` իբրև և՛ կործանման, և՛ հաշտեցման վայր: Նա յուրովի մեղմում է անհագ ծարավը` այլևս գոյություն չունենալու ծարավը այն հոգիների, որոնք տրված են հենց իրենց և մյուս հոգիների քամահրանքին: Մալդորորի երգերն, այսպիսով, կարող էին դառնալ մեր Մետամորֆոզները, որտեղ անտիկ ժպիտը փոխարինված է ածելիով ճղած բերանի հռհռոցով` խելակորույս ու ճռնչացող հումորի կերպար: Այս գազանամարտիկը չի կարող թաքցնել բոլոր իմաստները, որ կուզենայինք հայտնաբերել, սակայն նա առնվազն բացահայտում է ոչնչացման ցանկությունը, որն իր ակունքը գտնում է ըմբոստացման ամենամութ խորքերում: Պասկալյան «Հիմարացե՛ք» կոչը նրանով ձեռք է բերում բառացի իմաստ: Երևի Լոտրեամոնի համար անտանելի է եղել պաղ և անողոք լույսը, որի մեջ պետք է դիմանալ ապրելու համար: «Իմ սուբյեկտիվությունը արարիչ է. դա չափազանց է ուղեղիս մեջ տեղավորվելու համար»: Ուստի նա նախընտրեց կրճատել կյանքը և իր գործունեությունը` լողալով ութոտնուկի ակնթարթային արագությամբ, պարուրված թանաքագույն ամպերով: Գեղեցիկ է այն մասը, երբ Մալդորորը բաց ծովում զուգավորվում է էգ շնաձկան հետ` «երկարատև, անարատ և նողկալի մերձեցումով», և հատկապես իմաստալից է պատմությունը, երբ Մալդորորը` փոխակերպվելով ծովահրեշի, հարձակվում է Արարչի վրա: Դրանք գոյի սահմաններից դուրս փախուստի և բնության օրենքների դեմ ջղաձիգ հարձակումների պարզ արտահայտություններն են:
Նրանց համար, ովքեր իրենց վտարված են զգում ներդաշնակ հայրենիքից, որտեղ արդարությունն ու կիրքը վերջապես հավասարակշռվում են, դարձյալ նրանք նախընտրում են մենության դառը թագավորությունը, որտեղ բառերը չունեն իմաստ և որտեղ իշխում են կույր արարածների ուժն ու բնազդը: Այս մարտահրավերը միևնույն ժամանակ մահացություն է: II երգում հրեշտակի հետ պայքարն ավարտվում է հրեշտակի պարտությամբ և նրա ապականությամբ: Այդժամ երկինքն ու երկիրը միախառնվում են նախապատմական կյանքի վիհերի ջրերում: Այսպեսով, Մալդորորի երգերի մարդ-շնաձուկը հասնում է միայն իր վերջույթների` թևերի ու ոտքերի նոր փոփոխությանը, որպես «ինչ-որ անորոշ հանցագործության պատժի քավություն»: Կա, իրոք, հանցանք կամ հանցանքի ակնարկ (գուցե միասեռականությո՞ւն) Լոտրեամոնի սակավ պարզաբանված կյանքում: Խոստովանության բացակայության պատճառով պետք է Պոեմներում տեսնել քավության այս առեղծվածային ցանկության կրկնապատկումը: Ընդվզման որոշ ձևերին հատուկ շարժումը, որը, հետագայում կտեսնենք, կայանում է նրանում, որ բանականությունը ձգտում են վերականգնել իռացիոնալ արկածախնդրության վերջաբանով, վերագտնել կարգը անկարգության ուժով և կամավոր ավելի ծանր ձեռնաշղթաներ կրել, քան նրանք, որոնցից ուզում էին ազատվել: Այդ շարժումն այս ստեղծագործության մեջ նկարագրված է այնպիսի պարզությամբ և այնպիսի անպատկառությամբ, որ իմաստ ես տեսնում այդ դավանափոխության մեջ: Երգերում գովերգվող բացարձակ ոչ-ին հաջորդում է բացարձակ այո-ի տեսությունը, իսկ անողոք ընդվզումին` ուղղամիտ հարմարվողականությունը: Եվ այս ամենը` պայծառ մտքում: Պոեմները իրականում Երգերի լավագույն բացա-տրությունն են: «Այս ցնորամտությունների որոշ մասով սնվող հուսահատությունը գրողին անխռով առաջնորդում է դեպի աստվածային և հասարակական օրենքների լուծարում, դեպի տեսական ու գործնական չարություն»: Պոեմները մատնում են նաև «գրողի մեղավորությունը, որը գլորվում է ունայնության զառիթափին և ինքն իրեն արհամարհում հրճվագին ճիչերով»: Սակայն չարիքի դեմ նրանք ուրիշ դեղամիջոց չեն առաջարկում, բացի մետաֆիզիկական հարմարվողականությունից. «Քանի որ կասկածի պոեզիան հայտնվում է մռայլ հուսալքման ու տեսական չարության նման ծայրահեղ պահին, նշանակում է այդ պոեզիան արմատապես կեղծ է, և կեղծ է այն պատճառով, որ նրանում քննարկվում են սկզբունքներ, որոնք չպետք է քննարկվեն»: Այս պերճախոս դատողություններն, ընդհանուր առմամբ, արտահայտում են եկեղեցական երգչախմբի մենակատար մանչուկի բարոյախոսությունը և ռազմագիտության ուսումնական դասագրքի բարոյախոսությունը: Սակայն հարմարվողականությունը կարող է լինել խելահեղ, և այստեղից էլ` արտառոց: Քանի որ նշանավորվեց չարագործ արծվի հաղթանակը ապավինության վիշապի նկատմամբ և կարելի է համառորեն կրկնել, որ միայն հույսն է այլևս գովերգվելու, և կարելի է գրել. «Մե-ծագույն օրերի իմ ձայնով ու հանդիսավորությամբ ես քեզ եմ դարձյալ կանչում իմ ամայի օջախներում` հո՛ւյս փառապանծ»: Բայց դեռ պետք է հավաստել: Մխիթարել մարդկությանը, նրան վերաբերվել եղբայրաբար, վերադառնալ Կոնֆուցիոզին, Բուդդային, Սոկրատեսին, Հիսուս Քրիստոսին, բարոյախոսներին, ովքեր գյուղից գյուղ էին անցնում` սովից մեռնելով (մի բան, որ պատմականորեն կասկածելի է), սրանք դեռևս հուսահատության ուրվագծերն են: Այնպես որ, արատի խորքում առաքինությունը, կանոնավոր կյանքը կարոտ են հիշեցնում: Քանզի Լոտրեամոնը մերժում է աղոթքը, իսկ Քրիստոսը նրա համար ընդամենը բարոյախոս է: Այն, ինչ առաջարկում է նա, ավելի ճիշտ` ինչ առաջարկում է ինքն իրեն, ագնոստիցիզմն է և պարտքի կատարումը: Դժբախտաբար նման գեղեցիկ ծրագիրը ենթադրում է անտարբերություն, իրիկնապահի քնքշություն, անթախիծ սիրտ, անխռով մտածողություն: Լոտրեամոնը hուզում է մեզ, երբ անսպասելիորեն գրում է. «Ես ուրիշ շնորհ չեմ ճանաչում, բացի ծնված լինելու շնորհից»: Եվ կարելի է գուշակել, որ սա ասված է ատամները սեղմած, քանզի հետո ավելացնում է. «Մի անաչառ միտք այդ շնորհը համարում է ամբողջական»: Սակայն չկա անաչառ միտք կյանքի և մահվան առջև: Ընդվզող մարդը Լոտրեամոնի հետ փախչում է անապատ: Բայց հարմարվողականության այդ անապատը նույնքան սգավոր է, որքան Հարարը: Բացարձակի ձգտումը և բնաջնջման ցասումը նրան ամուլ է դարձնում: Ինչպես Մալդորորն էր տենչում համընդհանուր ըմդվզման, այնպես էլ Լոտրեամոնը նույն պատճառներով ստորագրեց բացարձակ միջակության օգտին: Գիտակցության ճիչը, որ նա ցանկանում էր խեղդել նախասկզբնական օվկիանոսում, խառնել գազանի ոռնոցների հետ, մեկ այլ պահի նա փորձում էր ցրել մաթեմատիկական հափշտակության մեջ, այժմ պետք է խեղդի մռայլ հարմարվողականության կիրարկման մեջ: Այդժամ ընդվզողը ջանում է փակել ականջները, որպեսզի չլսի լինելության կանչը, որ թաքցնում է իր իսկ ընդվզումի խորքում: Խոսքը այլևս չլինելու մասին է` կամ մերժելով լինել այն, ինչ էլ որ լինի, կամ ընդունելով լինել այն, ինչ պատահի: Երկու դեպքում էլ խոսքը գնում է անիրական պայմանականության մասին: Միջակությունը նույնպես դիրքորոշում է:
Հարմարվողականությունը ընդվզման նիհիլիստական գայթակղություններից մեկն է, որը գերիշխող է արդի ինտելեկտուալ պատմության մեծ մասում: Այն ցույց է տալիս` ինչպես ընդվզողը, որ անցնում է գործողության, մոռանալով իր ակունքները, տրվում է մեծ հարմարվողականության գայթակղությանը: Դրանով է բացատրվում XX դարը: Սովորոբար Լոտրեամոնին ողջունում էին որպես մաքուր ընդվզման երգչի, այնինչ նա, ընդհակառակը, հայտարարում է իր համակրանքը` մեր աշխարհում ծաղկող ինտելեկտուալ ստրկության հանդեպ: «Պոեմները» ստեղծագործությունը ըստ էության «գալիք գրքի» առաջաբանն է և այդ գալիք գրքի վերաբերյալ բոլորի երազանքը` որպես գրական ընդվզումի իդեալական ավարտ: Սակայն այսօր, ի հեճուկս Լոտրեամոնի, այն գրվում է հազարավոր օրինակներով, գրասենյակների կարգադրությամբ: Հանճարը, առանց դույզն ինչ կասկածի, անբաժան է միջակությունից: Բայց խոսքը չի գնում ուրիշների միջակության մասին, այլ այն միջակության, որն իրականում առաջադրում ենք մենք մեզ, որը ինքն է միանում է ստեղծագործողին, և եթե դրա կարիքը կա` նաև ոստիկանության միջոցներով: Ստեղծագործողի դեպքում խոսքը գնում է իր սեփական միջակության մասին, որն ամբողջությամբ դեռ պետք է ստեղծի: Յուրաքանչյուր հանճար միաժամանակ և արտառոց է, և սովորական: Նա ոչինչ է, եթե սրանցից միայն մեկն է կամ մյուսը: Մենք պետք է հիշենք այն ամենը, ինչ վերաբերում է ընդվզումին: Նա ունի իր դենդիներն ու իր սպասավորները, սակայն նրանց մեջ չի ճանաչում իր օրինական զավակներին:
Ֆրանսերենից թարգմանեց Աննա Հակոբյանը
No Comments