Ալբեր Կամյու | Ընդվզող Պոեզիան

Ալբեր Կամյու | 1913-1960թթ., Ֆրանսիա


Ընդվզող պոեզիան

Եթե մետաֆիզիկական ընդվզումը մերժում է այո-ն և սահմանափակվում է բացառապես ժխտումով, ապա իրեն դատապարտում է ձևամոլության: Եթե շտապում է երկրպագել այն ամենը, ինչ գոյություն ունի՝ մերժելով վիճարկել իրականության որևէ մասը, ապա պարտավորվում է վաղ, թե ուշ կատարել՝ ինչ պահանջվում է: Այս երկուսի արանքում, թեպետ ցավագին իմաստով,  Իվան Կարամազովը հարում է «ամեն ինչ կարելի է» սկզբունքին:

XIX դարի վերջին և  XX դարի սկզբին ընդվզող պոեզիան անընդհատ տատանվել է երկու ծայրահեղությունների միջև`  գրականության և հզոր իշխանության,  իռացիոնալի և ռացիոնալի, հուսահատ երազանքի և անողոք գործողության միջև: Մի վերջին անգամ այդ բանաստեղծները, և հատկապես սյուրռեալիստները, մեզ համար լուսավորում են այն կարճ, բայց շքեղ  ճանապարհը, որը թվացյալ աշխարհից տանում է դեպի իրականություն:

Հոթորնը  կարող էր գրել Մելվիլի մասին, որ վերջինս, անհավատ լինելով, չգիտեր ինչպես հանգիստ մնալ անհավատության մեջ: Նույնը կարելի է ասել առ երկինք գրոհի նետված բանաստեղծների մասին, որոնք,  ձգտելով շրջել ամեն բան, հավաստեցին միաժամանակ իրենց հուսահատ կարոտը կարգուկանոնի նկատմամբ: Ծայրագույն հակասությունից ելնելով` նրանք ցանկացան անտրամաբանականից դուրս բերել տրամաբանականը և իռացիոնալից ստեղծել մեթոդ: Ռոմանտիզմի այդ մեծ ժառանգորդները երազում էին օրինակելի դարձնել պոեզիան և նրա ամենախռովահույզ մասում գտնել իսկական կյանքը: Նրանք աստվածացրին սրբապղծությունը, իսկ պոեզիան փոխակերպեցին փորձառության  և գործելակերպի: 

Հիրավի, նրանցից առաջ, ովքեր հավակնություն էին ունեցել ազդել մարդկանց և իրադարձությունների վրա (համենայնդեպս, արևմուտքում), գործել էին հանուն ռացիոնալ սկզբունքների: Սյուրռեալիզմը, ընդհակառակը, Ռեմբոյից հետո ցանկացավ խելագարության ու կործանման մեջ գտնել արարման սկզբունքը: Ռեմբոն իր ստեղծագործությամբ և միմիայն դրանով մատնանշեց այդ ուղին, միայն թե վայրկենական փայլատակումով, ինչպես կայծակն է լուսավորում անտառեզրի կածանը: Սյուրռեալիզմը բացեց այդ ճանապարհը և խփեց նշանաձողերը: Իր չափազանցություններով, ինչպես և իր ընկրկումներով, նա իռացիոնալ ընդվզումի գործնական տեսությանը տվեց ավարտուն  և ճոխ արտահայտություն հենց այն ժամանակ, երբ մեկ այլ ուղու վրա ըմբոստացած պոեզիան հիմք էր ստեղծում բացարձակ բանականության պաշտամունքի համար: Սյուրռեալիզմի ներշնչողները` Լոտրեամոնն ու Ռեմբոն, ամեն դեպքում, մեզ սովորեցնում են` ինչպիսի  ուղիներով թվացյալի հանդեպ տածած իռացիոնալ ցանկությունը կարող է ընդվզողին հասցնել գործողության ամենաազատասպան ձևերին:

Ֆրանսերենից թարգմանեց Աննա Հակոբյանը

 

No Comments

Post A Comment