
01 Feb Վարսան Շայըր | Warsan Shire
Վարսան Շայըր | ծնվ. 1988թ., Մեծ Բրիտանիա
բրիտանացի գրող, բանաստեղծ, խմբագիր, ծնողները Քենիայից են, ծնվել է Սոմալիում: 2013թ. Բրյունել համալսարանի աֆրիկյան պոետների մրցանակին է արժանացել՝ հայտնվելով նախ՝ վեցյակում՝ ընտրված 655 դիմորդներիցմ և ապա՝ արժանանանլով առաջին մրցանակի:
«Ահա ներգաղթյալների առօրեական սյուրռեալիզմը», – ասում է Վարսանը, – «մի օր դու քո երկրում ես, ուրախ ես ու զվարթ, խմում ես մանգոյի հյութդ, իսկ հաջորդ օրը լոնդոնյան արվարձաններից մեկում ես, ու քո երեխաները խոսում են մի լեզվով, որը դու չես հասկանում»:
2011թ. գրված գրքում՝ «Սովորեցնել մորս, թե ինչպես ծննդաբերել», Վարսանն ավելի զգայական է, կիրառում է մի շարք լեզվական հնարքներ, խոսում է ցավի մասին: Պարզ չի, թե ընտանեկան պատմությունները որքանով են ինքնակենսագրական: Մինչդեռ փախստականների ու ներգաղթյալների պատմությունները, նշում է մի հարցազրույցում, ձայնագրում է իրական մարդկանցից, որ կիսվում են ներգաղթյալների փորձառությամբ: Օր.՝ Սոմալիում ապրող կինը, որ պարում է օտարների առաջ, քիչ առաջ մազահեռացում էր արել, կամ աղջիկը, որ աղավնու արյան շնորհիվ կարողացել էր խաբել փեսացուին ու նրա մորը՝ հավատացնելով, որ կույս է:
Համագործակցել է Բիյոնսեի հետ «Լիմոնադ» ալբոմի շրջանակում:


♦
Ես մորս բերանն ունեմ ու հորս աչքերը.
իմ դեմքի վրա նրանք դեռ միասին են:
♦
Դժվար անուններ դրեք ձեր աղջիկներին:
Այնպիսի անուններ դրեք,
որ հնչեցնելու համար
լիարժեք օգտագործվի լեզուն:
Իմ անունը ձեզ ստիպում է
ասել ինձ
ճշմարտությունը:
Իմ անունը թույլ չի տալիս ինձ
հավատալ ամեն մեկին,
որ չի կարողանում ճիշտ ասել անունս:
♦
Ես անսիրահար սիրահար եմ:
ես սիրված եմ ու մենակ
և ի խորոց սրտի պատկանում եմ
ինձ:
♦
Իմ մենակությունն իրեն հրաշալի է զգում:
Ես քոնը կլինեմ մի դեպքում,
եթե դու ավելի քաղցր լինես,
քան իմ մենակությունը:
♦
Հաշտ եղիր մարմնիդ հետ:
Դա մարդու սարքածը չի:
Այնտեղ թերություններ չկան:
Այնտեղ չկան սխալներ:
Օգտագործած տառապանք
Մեկը, ում սիրում էի,
մի անգամ ինձ մի արկղ տվեց,
մեջը՝ լիքը մթություն:
Տարիներ պահանջվեցին ինձնից՝
հասկանալու համար,
որ դա էլ էր նվեր:
♦
Մայրս ասում էր՝ կնոջ մեջ կողպված դռներ կան
սիրո խոհանոցի,
լացի ննջարանի,
հուսահատության լոգասենյակի:
Երբեմն գալիս են բանալի ունեցող տղամարդիկ,
երբեմն էլ գալիս են նրանք,
ում ձեռքին բանալու փոխարեն մուրճ է:
Անգլերենից թարգմանեցին Հասմիկ Սիմոնյանը, Անժելա Մելիքսեթյանը

No Comments