Մարգրեթ Աթվուդ | Կնոջ մարմինը

Մարգրեթ Աթվուդ | ծնվ. 1939թ., Կանադա

Կնոջ մարմինը

«… ամբողջովին նվիրված «Կնոջ մարմնի» խնդրին: Գիտենալով, թե որքան լավ եք գրում այս թեմայի շուրջ… այս լայնածավալ թեմայի…»
Միչիգան Քուորթերլի Ռիվյու
 

– 1 – 

Համաձայն եմ՝ թեման թեժ է: Բայց ընդամենը մե՞կն է: Նայեք շուրջբոլորը, մեծ տեսականի կա: Օրինակ` հենց իմը:

Արթնանում եմ առավոտյան: Իմ թեման հալումաշ է: Ես ցողում եմ այն ջրով, խոզանակում եմ որոշ հատվածներ, մերսում եմ սրբիչներով, փոշեզօծում եմ այն, շփում փափկեցնող քսուքով: Լցնում եմ վառելանյութն, ու թեման փակված է` իմ թեմատիկ թեման, իմ հակասական թեման, իմ լայնածավալ թեման, իմ կաղացող թեման, իմ կարճատես թեման, իմ` մեջքի խնդիրներ ունեցող թեման, իմ վատ վարքով թեման, իմ գռեհիկ թեման, իմ զարհուրելի թեման, իմ ծերացող թեման, իմ անքննելի թեման, որ դեռ չգիտի ճիշտ ուղղագրություն` հագին չափսերից մեծ վերարկու ու մաշված ձմեռային երկարաճիտ կոշիկներ, արագ քոթքոթալով մայթեզրին, կարծես միս ու արյունից է, անվերջ սոված որսալով ինչ պատահի` մի ավոկադո, ավագանու մի անդամ, մի ածական:   

– 2 –

Ամենապարզ Կնոջ մարմինը պարտադիր ներառում է գուլպակալ, սեղմիրան վարտիք, կրինոլին, կամիսոլ, նստաբարձիկ, կրծկալ, որովայնակիպ ներդիր, գիշերային բարակ շապիկ, կուսական հատվածներ, սրածայր կրունկներ, քթի օղ, քող, գերհոգատարություն, ցանցագործ զուգագուլպա, պարանոցը ծածկող թաշկինակ, կուրծքը ծածկող լաթ, կուրծքը ցուցադրող սեղմիրան, լալկան, կիպ մանյակ, ծամակալներ, ապարանջաններ, ուլունքներ, փետրավոր բոա, անպաճույճ սև զգեստ, դիմափոշու հայելիով տուփ, քողարկող լողազգեստ ձգվող լայկրայից, դիզաներական պենյուար, ֆլանելային գիշերանոց, ժանյակագործ բոդի, մահճակալ, գլուխ: 

– 3 – 

Կնոջ մարմինը պատրաստված է թափանցիկ պլաստիկից և լուսավառվում է, երբ միացնում եք վարդակին: Կարող եք սեղմել կոճակը, ու տարբեր համակարգեր կլուսավորվեն: Անոթային համակարգը`սիրտն ու զարկերակները,  կարմիր են, երակները` մանուշակագույն: Լիմֆատիկ համակարգը դեղին է: Մարսողական համակարգը` կանաչ, լյարդն ու երիկամները` լազուր: Նյարդերը ներկված են նարնջագույն, իսկ ուղեղը վարդագույն է: Կմախքը, ինչպես կարող եք ենթադրել, սպիտակ է:

Վերարտադրողական համակարգը կամընտրական է և կարող է հեռացվել: Կարող է պարունակել մանրակերտ սաղմ: Ուստի ծնողական վերահսկողությունը խրախուսելի է: Մենք չենք ցանկանում վախեցնել կամ վիրավորել:


– 4 – 

Տղամարդն ասաց.
– Իմ տանը դրանից ոչ մի հատ չի լինելու: Ջահել աղջիկները սխալ պատկերացում են կազմում գեղեցկության, էլ չեմ ասում անատոմիայի մասին: Եթե իրական կինն այդպիսի կառուցվածք ունենար, դեմքի վրա ընկել էր:

Կինը ասաց.
– Եթե մենք արգելենք նրան խաղալ դրանցով, ինչպես մյուս աղջիկները, նա իրեն մեկուսացած կզգա: Հետո խնդիրներ կունենանք: Նա կերազի դրա մասին ու կերազի այդպիսին դառնալ: Բռնությունը ծնում է սուբլիմացիա: Ինձնից լավ գիտես:

Տղամարդն ասաց.
– Հարցը միայն ցցված պլաստմասե ծծերը չեն, բա հագո՞ւստը: Հագուստն ու տխմար տղա տիկնիկը, ի՞նչ էր դրա անունը` սոսնձված վարտիքովը:

Կինը ասաց.
-Ավելի լավ է հավեսը հանի, քանի դեռ փոքր է:

Տղամարդն ասաց.
-Լավ, բայց իմ աչքից հեռու:

Աղջիկը նետի պես աստիճաններն ի վար սուրաց: Երեխան մորեմերկ էր: Մազերը` կարճ կտրած, գլուխը հետուառաջ արած, ոտքի մատներից մի քանիսը բացակայում էին, ամբողջ մարմինը պատված էր գալարազարդ մանուշակագույն դաջվածքներով:  Նա բախվեց ծաղկամանի մեջ տնկած նազվարդին, մի պահ ցնցվեց անսուրբ հրեշտակի պես ու ընկավ:

Տղամարդն ասաց.
-Կարծում եմ` անհանգստանալու բան չունենք:


– 5 – 

Կնոջ մարմինը շատ կիրառություններ ունի: Այն օգտագործվել է որպես դռան թակիչ, որպես շշի բացիչ, որպես տկտկացող փորով ժամացույց, որպես լուսամփոփներ  բռնած մի բան, որպես ընկույզկոտրիչ, պարզապես իրար սեղմեք արույրե ոտքերն ու դուրս կթափվեն ձեր ընկույզիկները: Այն ջահակիր է, վեր է պարզում հաղթական ծաղկեպսակներ, աճեցնում է պղնձե թևեր ու օդ մեկնում նեոնե աստղերի օղակահյուսը. շենքեր են հենված դրա մարմարե գլուխներին:

Այն վաճառում է մեքենաներ, գարեջուր, սափրվելու լոսյոն, ծխախոտ, թունդ ալկոհոլ, այն վաճառում է սննդակարգի առաջարկներ ու ադամանդներ և երազանքներ փոքրիկ բյուրեղապակե շշերի մեջ:  Սա այն դե՞մքն է, որ հազարավոր ապրանքներ է բացահայտել աշխարհին: Հենց ինքն է, որ կա, բայց ուրիշ ոչինչ չմտածես, քաղցրիկս, այդպիսի ժպիտ ամեն երկրորդն ունի:

Այն սոսկ չի վաճառում, այն վաճառված է: Փողերը ներհոսում են այս կամ այն երկիր, ներթռչում են, բառացիրոեն սողոսկում են ներս,  մի լավ հագնված տղամարդ մյուսի ետևից, ում գայթակղել են այդ բոլոր անմազ մանկական ոտքերը: Լսի՛ր, դու ուզում ես, չէ՞, որ ազգային պարտքը նվազի: Հայրենասե՞ր չես: Ա՜յ, ոգի եմ ասել: Ա՜յ, աղջիկ եմ ասել:

Նա բնական պաշար է` բարեբախտաբար վերականգնվող, որովհետև այսպիսի բաները այնքան արագ են մաշվում: Հիմա էլ առաջվա պես չեն սարքում: Անորակ բաներ են:

– 6 – 

Մեկին գումարած մեկ անում է մի ուրիշ մեկ: Կնոջ համար հաճույքը պարտադիր պայման չէ: Զույգերի կապն ավելի ամուր է սագերի դեպքում: Մենք չենք խոսում սիրո մասին, մենք խոսում ենք կենսաբանության մասին: Աղջիկս, բոլորս էլ այդպես ենք այստեղ հասել:

Խխունջներն ուրիշ ձև են դա անում: Նրանք հերմաֆրոդիտ են ու գործին լծվում են երեքով:


– 7 – 

Յուրաքանչյուր կնոջ մարմին պարունակում է կնոջ ուղեղ: Հարմար է: Գործը առաջ է տանում: Քորոցներով ծակծկիր այն ու հրաշալի արդյունքի կհասնես: Հանրաճանաչ հին երգեր: Կարճ միացումներ: Վատ երազներ:

Ինչևէ, այս ուղեղներից յուրաքանչյուրն ունի երկու կես: Դրանք իրար միացված են հաստ լարով. նեյրոնային ուղիները մի տեղից մյուսն են թռչում, էլեկտրական տեղեկատվության բոցկլտոցները ետուառաջ են սորում: Լուսային ալիքների պես: Զրույցի պես: Որտեղի՞ց կինը գիտի այդ ամենը: Նա լսում է: Նա ականջ է դնում:

Հերթը հասավ տղամարդու ուղեղին, պատկերն այլ է: Ընդամենը բարակ մի կապ: Տարածությունն` այստեղ, ժամանակն` այնտեղ, երաժտությունն ու թվաբանությունը կողպված են իրենց դարակներում: Աջ կիսագունդը չգիտի` ինչ է անում ձախը: Չնայած նշան բռնելու ժամանակ ձգանը քաշելիս թիրախին զարկելու համար լավ է: Ո՞րն է թիրախը: Ո՞վ է թիրախը: Ո՞ւմ է պետք: Կարևորը դիպուկ հարվածելն է: Սա էլ ձեզ տղամարդու ուղեղը: Առարկայական:

Ահա, թե ինչու են տղամարդիկ այդքան տխուր, ինչու են իրենց այդքան միայնակ զգում, ինչու են իրենց համարում ափ նետված որբուկներ, առանց պարտականությունների ու պատասխանատվության, ունայնության անդունդում:

– Ի՞նչ ունայնություն , – հարցնում է կինը, – ի՞նչի մասին ես խոսում:
–  Տիեզերքի ունայնությունը, – պատասխանում է տղամարդը:
Ու կինը ասում է.
– Օ՜, – ու դուրս է նայում պատուհանից՝ փորձելով մտնել նրա դրության մեջ, բայց անօգուտ, չափից դուրս շատ բան է տեղի ունենում, տերևների խշխշոցը չափից դուրս բարձր է, չափից դուրս շատ ձայներ են հնչում, ուստի կինն ասում է.
– Կուզե՞ս պանրով սենդվիչ, մի կտոր տո՞րթ, թե՞յ:
Իսկ տղամարդը կրճտացնում է ատամները, որովհետև կինը չի հասկանում իրեն, ու  գնում է թափառելու ոչ թե պարզապես միայնակ, այլ Միայնակ` մոլորված խավարի մեծ, մոլորված իր գանգատուփի  մեջ` փնտրելով իր երկրորդ կեսին, իր երկվորյակին, ով կարող էր լրացնել նրան:

Հետո գլխի է ընկնում. նա կորցրել է Կնոջ մարմինը: Նայի՛ր, այն փայլփլում է մթության մեջ, հեռու առջևում, ամբողջության տեսիլք է, հասունության, ինչպես հսկա մի սեխ, ինչպես մի խնձոր, ինչպես սեքսի մասին վատ վեպի մեջ կուրծք ցույց տվող մի մետաֆոր, այն փայլում է փուչիկի պես, մառախլապատ կեսօրի նման, ջրակալած լուսնի, շողալով լույսի իր կճեպի մեջ:

Բռնիր նրան: Թաքցրու դդումի մեջ, բարձր աշտարակում, բնակարանային համալիրում, դահլիճում, տանը, սենյակում: Արագ, թոկը գցիր վիզը, կողպիր, շղթայիր, մի քիչ ցավ պատճառիր, որպեսզի այն երբեք այլևս չհեռանա քեզնից:

Անգլերենից թարգմանեցին Արմինե Դանիելյանը, Գոհար Ավագյանը

No Comments

Post A Comment