31 Dec Նոր Տարի-2023 | Բանաստեղծությունների ընտրանի
Նոր Տարի-2023 | Բանաստեղծությունների ընտրանի
Եղիշե Չարենց | Նոր տարվա համար
Ես նոր Տարի եմ մտնում,- բայց նոր ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում…
…Մի հսկա անիվ,
Անկախ կամքից իմ ու քո, կամքից, Ղեկավա՜ր,
Շուռ է գալիս ու դառնում – հավիտյան ու հար…
Ու դառնալու է անվերջ… մինչև չմնա
Ո՜չ մի ձգտում, ո՜չ մի կամք աշխարհի վրա…
Օ, Նիրվանա տևական, քե՜զ եմ անրջում,-
Իմ փոթորկոտ, իմ հախուռն օրերի վերջում…
Արմեն Շեկոյան | Տարեմուտի խոհեր
Չարը էլի չըպատժվեց:
Չըհաղթեց բարին:
Հորիզոնում մենք ենք, մեկ էլ`
մեր գալիք տարին:
Գալիք տարում ես կըփորձեմ
ձեզ էլի հարգել:
Գալիք տարում ես կըփորձեմ
ծխելը թարգել:
Չեմ խըռխըռա: Էլ ձեր առաջ
հազըս չի բռնի:
Էս ո՞ր թիվն ա, որ պոետը
թոքախտից մեռնի:
Վահագն Դավթյան | Խոսք Նոր տարուն
Ես ի՞նչ եմ ուզում, որ բերես դու ինձ…
Ոչինչ… Ա՜խ, միայն ոչինչ չտանես,
Միայն չխլես,
Ու քո անզիջում հողմերին չտաս
Այս սերը –
Իր մեջ առաջին սիրո
Կապույտն ունեցող
Ու լույսն ունեցող
Այս սերը,
Նրա հրաշքն անքնին
Եվ անգամ նրա տառապանքն անքուն.
Չտանես,
Քո խենթ հողմերին չտաս,
Ու ես ամեն ինչ կունենամ կյանքում:
Զահրատ | Կաղանդի ծառ մը
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը – հետո զարդեր ծառին վրա
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
– Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավե – ոչ ծառ ոչ ալ զարդ –
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե
Բարի տարի ձեզ և բարի պատրանք
Հովհաննես Գրիգորյան | Թղթե Նոր տարի
Եվ երբ անցնում էի փողոցով,
հիշեցի զարմանալիորեն պարզ
Նոր տարվա վաղուց անցած մի գիշեր:
Սա բոլորովին էլ սովորական պատմություն չէ
և բավականին դժվար է վերակենդանացնելը,
բայց այս անգամ, չգիտես ինչու, չափազանց հեշտ ստացվեց.
պայծառ վառվեցին հսկայական տան բոլոր լույսերը,
և պատերը դարձան թափանցիկ,
ահա հայրս գալիս է՝ հսկայական եղևնին քարշ տալով
(ես մտնում եմ մի անկյուն, որպեսզի ինձ չնկատի ,
թե չէ զարմացած կհարցնի, թե ինչու եմ այսպես ծերացել)
ահա նա մտնում է բակի դռնով
(ես բարձրանում եմ ոտքիս մատներին
և լուսամուտից նայում եմ ներս),
քույրերս սոսկալի ուրախացած թռչկոտում են,
ես էլ եմ թռչկոտում՝ մի փոքրիկ, շատ փոքրիկ տղա,
մյուս սենյակից դուրս է գալիս մայրս, նա վերցնում է
դեռևս պատերազմից շատ առաջ գնած հորս վերարկուն
և գլխարկը, որն արդեն
ետպատերազմյան ծագում ուներ,
և հետո ինչ-որ բաներ է ասում, որոնք վաղուց մոռացել եմ:
Սեղանի վրա օղու շշեր էին՝ ջրով լցված
և լիմոնադի շշեր՝ ջրով լցված,
շշերը դատարկված էին պատերազմից առաջ
և միայն ջուրը ետպատերազմյան ծագում ուներ:
Հետո մենք եղևնին ամրացնում ենք հատակին,
Իսկ ես քարշ եմ տալիս խաղալիքների արկղը
և պետք է, որ սոսկալի աղմուկ լինի
(ականջս մոտեցնում եմ լուսամուտի ապակուն,
բայց ոչ մի ձայն չի հասնում ինձ):
Մայրս բարկանում է քույրերիս վրա,
իսկ հայրս ինչ-որ բաներ է որոնում գրպաններում,
հետո ես բարձրանում եմ աթոռին,
եղևնու ճյուղերին շարում խաղալիքները.
թղթե շոկոլադներ, թղթե խնձորներ, թղթե մանդարիններ,
թղթե կոնֆետներ և մի ձմեռ պապիկ՝ շքեղ ու հրաշալի,
որը գնված էր պատերազմից առաջ,
իսկ մնացյալ թուղթը ետպատերազմյան ծագում ուներ:
(Քիչ հետո ես պիտի ընկնեմ աթոռից,
ես դա շատ լավ եմ հիշում՝
ճակատիս սպին մինչև հիմա կա):
Եվ ահա կռանում եմ խաղալիք վերցնելու,
և ահա քույրերս ճչում են վախից
և մայրս վրա է վազում իմ լացի ձայնից
և հայրս, որ կարկամած նայում է իր վիրավոր ձեռքին,
վիրավոր ձեռքին,
որով չկարողացավ ինձ պահել, երբ ընկնում էի,
վիրավոր ձեռքին, որը դեռ նվում ու ցավում է վիրակապերի մեջ,
վիրակապերը՝ նվերը միակ, որ հայրս բերել է պատերազմի դաշտից
և հիմա փաթաթում էին ճակատիս, որ արյունը դադարի…
Եվ հետո հանկարծ լույսերը հանգում են,
և հսկայական տունը թաղվում է լռության մեջ…
Հետո ես շարունակեցի քայլել փողոցով,
շփելով ճակատիս սպին, որը խճճվել է կնճիռների մեջ,
զարմանալիորեն պարզ հասկանալով,
որ
ուր որ է բարձրաձայն կհեկեկամ:
Մացուո Բասյո
Այս միջանցիկ աշխարհի միջով
ճանապարհորդելու ընթացքում
Նոր տարին թվում է տուն մաքրելու պես մի բան:
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
Մացուո Բասյո
Նոր տարվա օրով
ամեն մի միտք մենակ է
ձմեռվա իջնող երեկոյի նման:
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
Նարինե Ավետյան
Տարին լքում է քաղաքը:
Տարին գնում է անդարձ:
Քաղաքը տխուր երգ է կրկնում ծառի ականջին
Ու անմնացորդ տրվել է ծառի մերկ արմատներին:
Ծառը շնչում է բաժանման ցավը:
Քաղաքը մրսում է վաղուց:
Վաղը դիմակահանդես է:
Հրաժեշտից առաջ իմ ո՞ր դիմակով հայտնվեմ այնտեղ
Եվ ինչպես վարվեմ Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ…
Չէ՞ որ
Տարին լքում է քաղաքը:
Անվերադարձ լքում է մեզ:
Քաղաքը մրսում է վաղուց:
Եվ գուցե այսօր ես ընտրեմ դիմակ
Եկող տարվա համար…
Մարամ ալ-Մասրի
Սովորաբար,
տոները
մասսայական կոտորածներ են
հնդկահավի, ճտի, սագի, սաղմոն ձկան
ու գլխին ջարդվող շամպայնի շշերի…
Սովորաբար, տոները
պատրաստի հագուստներ են
ուրախության,
նվերների,
գունավոր ստվարաթղթե փաթեթների
ու երազանքների…
Այս տարի
տոներն իրենց
տարեկան ամփոփման ժամանակ
հայտարարեցին նաև,
որ վաճառքի ծավալներում
մեծ անկում է
գրանցվել…
Արաբերենից թարգմանեց Էդուարդ Հարենցը
Իսիկավա Թաքուբոքու
Տարին վազում է տարվա ետևից:
Քեզանից հեռու
Ամեն տարվա հետ
Ավելի ուժգին
Ես սիրում եմ քեզ:
Ռուսերենից թարգմանեց Այդին Մորիկյանը
Նիզար Կաբբանի
Իսկականից սիրում եմ քեզ
Ու չեմ թողնի քեզ միայնակ դեկտեմբերի 31-ին,
Կտանեմ քեզ ձեռքերիս վրա…
Կգամ քեզ հետ չորս եղանակների միջով.
Ձմռանը գլխիդ կարմիր, բրդյա գլխարկ կդնեմ,
Որ չմրսես,
Աշնանը քեզ մի անձրևանոց կտամ, իմ մաշկը,
Որ չթրջվես,
Իսկ գարնանը
Քեզ կթողնեմ քնես թարմ խոտերի վրա
Եվ կնախաճաշես
Ծղրիդների ու թռչունների հետ,
Իսկ ամռանը
Քեզ համար կգնեմ որսի փոքրիկ ցանց՝
Խխունջներ, ծովի թռչուններ
Ու անհայտ հասցեով ձկներ որսալու համար…
Արաբերենից թարգմանեց Ռուզաննա Մանուկյանը
Քոբայաշի Իսսա
Նոր տարվա առավոտյան
ամեն ինչ ծաղկում է,
ու ես ինձ զգում եմ միջահասակ մարդու պես:
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
Իսիկավա Թաքուբոքու
Նոր տարին անցավ:
Կյանքս գնում է
Իր սովորական
Թախծոտ
Ճամփեքով:
Ռուսերենից թարգմանեց Այդին Մորիկյանը
Յոսա Բասըն
Նոր տարվա առաջին բանաստեղծությունը գրվեց,
և հիմա դու բավարարված ես, ինչպես երբեք,
հայկուի բանաստեղծ:
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
Մարինե Պետրոսյան | Նյու Յորքը տեսնելուց առաջ
նրանց համար
ովքեր
տուն չունեն
նրանց համար
ովքեր
տուն ունեն
բայց հոգնել են արդեն
դրանից
և ուզում են
տուն չունենալ
նրանց համար
ովքեր
կորցնելու
ոչինչ չունեն
արդեն
կամ էլ չեն ունեցել
երբևէ
նաև նրանց համար
ովքեր
էնքան շատ բան ունեն
կորցնելու
որ հոգնել են արդեն
վախենալուց
ես ուզում էի կառուցել
քաղաք
բոլորովին նոր
ու տարբեր
գոյություն ունեցած բոլոր
քաղաքներից
բայց չեմ հասցնի
երևի
դրա համար էլ
էսօր
նոր տարվա
նախօրեի
էս առավոտը
նստեցի ու գրեցի
էս
բանաստեղծությունը
Յոսա Բասըն
Թող գնամ քնեմ.
Նոր տարին ընդամենը պատճառ է,
որ վաղն էլ լինի:
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
No Comments