Հալինա Պոշվիատովսկա | Halina Poświatowska

Հալինա Պոշվիատովսկա | 1935-1967թթ., Լեհաստան

 

Աստված իմ գթա ինձ
ինչու չստեղծեցիր ինձ նմանությամբ
կոշտ քարերի

Ես լի եմ գաղտնիքներով
ջուրը վերածում եմ ծարավի գինու
և գինին բոցավառվող արյան 

Աստված իմ ցավի
լցրու կերպասե շնչով
սրտիս բույնը դատարկ

թեթևորեն, որ չվնասես թևերս
իմ մեջ մի թռչուն փչիր
արծաթե քնքշալի ձայնով

ես դեռ չեմ հիշատակել սիրո մասին
սեր –
միակը,
որ վեր է ժամանակից
հարատև
ու եթե կա, ապա՝ հավերժ
եթե չկա
օվկիանոսների ջրի ժամացույցները
ստեղծում են
ավազահատիկներ
լուսինն անընդհատ փոխում է դեմքն իր ոսկե
հսկայական քամին փչում է խավար աշխարհի վրայով

չկա ողորմություն
չկա փրկություն
չկանք մենք
չկանք
չկանք

 

Ես սիրում եմ կարոտել
բարձրանալ բազրիքներով հնչյունի ու գույնի
բաց բերանով որսալով
բույրը սառնամանիքի

սիրում եմ մենությունն իմ
կախված ավելի բարձր
քան կամուրջը
ձեռքերով երկինքը գրկած

սերն իմ
ոտաբոբիկ քայլող
ձյան վրայով


Խտվտուն, սիրուն ա
շխարհ

անզորությունը ներկել է աշխարհը
լուսանկարի համար
ձյունը բարակշերտ նստել է ծիլերին հովտաշուշանի
ծառերը ծուռտիկ թարթիչներ ունեն
լիալուսնով երիզված շրջան
– աշխարհն ինչ խտվտուն է –
փողոցում
երկար ստվերը լապտերի
խճճվել է ցանկապատի փայտերի մեջ

երկարատև լռող դարպասների մոտ
ի հեճուկս ճռճռացող քայլերի
ծաղկում են համբույրները
լսում ես – զնգում են
նիրհող գլխիկների պես հովտաշուշանների

– ինչ սիրուն է աշխարհը 

փակ պատուհաններից
այն կողմ

դու օդ ես
որ ծառերն է շոյում
լազուրե ձեռքերով
դու թև ես թռչնի
որ չի դիպչում տերևներին
հոսում է

արևամուտի արև ես
լի արշալույսներով
հեքիաթ հյուսված բառերից որ պատմում են
հառաչանքով
թե ով ես դու –

ինձ համար –  քաղցրահամ ջուր՝ 
դուրս ցայտող կիզիչ անապատում
սոճի, որ ստվեր է ընծայում
դողդոջուն կաղամախի, որ ապրումակցում է

մրսածների համար – արև
մեռնողների համար – աստված

դու առկայծում ես ամեն աստղի մեջ՝

անունավոր՝ սեր

 

Լեհերենից թարգմանեց Տաթև Խաչատրյանը

No Comments

Post A Comment