05 Oct Վուդի Ալեն | Woody Allen
Վուդի Ալեն | ծնվ. 1935թ., ԱՄՆ
Պոռնիկը Մենսայից
Մասնավոր խուզարկու լինելու համար կարևոր է սովորել վստահել բնազդներիդ: Ահա թե ինչու, երբ Ուորդ Բաբոք անունով կարագի դողդոջուն կոլոնձը մտավ իմ գրասենյակն ու բացեց խաղաթղթերը, ես չպետք է անտեսեի սարսուռը, որ ծակեց ողնաշարս:
– Կայզե՞ր, – ասաց նա, – Կայզեր Լյուպովի՞ց:
– Արտոնագրիս վրա այդպես է գրված, – խոստովանեցի ես:
– Դուք պետք է ինձ օգնեք: Ուզում են ինձնից գումար շորթել: Խնդրո՜ւմ եմ:
Նա ցնցվում էր ռումբայի խմբի մեներգչի պես: Ես սեղանի վրայով հրեցի բաժակն ու վիսկիի շիշը, որ ձեռքիս տակ էի պահում ոչ բժշկական նպատակներով:
– Լավ կլինի՝ հանգստանաք ու խոսեք:
– Դուք… Դուք չե՞ք պատմի իմ կնոջը:
– Անկեղծ եղեք ինձ հետ, Ուորդ: Ես ոչինչ չեմ կարող խոստանալ:
Նա փորձեց լցնել խմիչքը, բայց ապակու շխկշխկոցը կարելի էր լսել փողոցի մյուս ծայրից, ու հեղուկի մեծ մասը թափվեց նրա կոշիկներին:
– Ես աշխատող մարդ եմ, – ասաց նա, – մեխանիկայի վարպետ: Խաղալիք բզզոցներ եմ սարքում ու նորոգում: Դե, գիտեք, այն փոքրիկ ծիծաղելի սարքերը, որ միմյանց ձեռք սեղմելիս հարվածում են հոսանքով:
– Ե՞վ:
– Ձեր պաշտոնյաներից շատերը սիրում են դրանք: Հատկապես Ուոլ Սթրիթում աշխատողները:
– Բուն թեմային անցեք:
– Ես հաճախ եմ մեկնում գործուղման: Հասկանում եք իրավիճակը՝ միայնակ ես քեզ զգում: Օ՜, դուք ինձ չհասկացաք: Տեսեք, Կայզեր, իրականում ես ինտելեկտուալ եմ: Իհարկե, տղամարդը կարող է շփվել ցանկացած տիպի սիրունիկների հետ: Բայց իսկապես խելացի կանանց այնքան էլ հեշտ չի գտնել կարճ ժամանակում:
– Շարունակեք:
– Դե, ես լսել էի այս աղջկա մասին: Տասնութ տարեկան: Յասարի ուսանող: Համապատասխան գնի դիմաց նա այլցելում է Ձեզ ու քննարկում ցանկացած թեմա՝ Պրուստ, Յեյթս, մարդաբանություն: Մտքերի փոխանակում: Հասկանո՞ւմ եք՝ ինչ եմ ուզում ասել:
– Այնքան էլ չէ:
– Նկատի ունեմ՝ իմ կինը հրաշալի է, ինձ ճիշտ հասկացեք: Բայց ինձ հետ նա Փաունդին չի քննարկի: Կամ Էլիոթին: Ես դա չգիտեի, երբ ամուսնանում էի կնոջս հետ: Հասկանում եք, Կայզե՛ր, ինձ հարկավոր է մի կին, որ կոգևորի միտքս: Եվ պատրաստ եմ վճարել դրա համար: Ես սեռական հարաբերություններ չեմ ուզում. ինձ պետք է արագ ինտելեկտուալ շփում, իսկ հետո ուզում եմ, որ աղջիկը հեռանա: Աստված ի՛մ, Կայզեր, ես երջանիկ ամուսնացած մարդ եմ:
– Ինչքա՞ն ժամանակ է սա շարունակվում:
– Վեց ամիս: Ամեն անգամ, երբ ցանկությունից խելագարվում եմ, ես զանգում եմ Ֆլոսիին: Նա աղջիկների տիկինն է, որ մագիստրոսի կոչում ունի համեմատական գրականությունից: Տեսեք, նա ինձ համար ինտելեկտուալ մեկին է ուղարկում:
Այսպիսով, Ուորդը այն տղամարդկանցից էր, որ թուլություն ուներ իսկապես խելացի կանանց հանդեպ: Ես խղճում էի հարիֆին: Ենթադրում էի, որ շատ հանաքչիներ են հայտնվել այս իրավիճակում, երբ փափագում ես մի քիչ ինտելեկտուալ զրույց վարել հակառակ սեռի հետ, բայց քթիցդ բերում են:
– Հիմա նա սպառնում է ամեն ինչ պատմել կնոջս,- ասաց նա:
-Ո՞վ:
– Ֆլոսին: Նրանք լսող սարքեր էին տեղադրել մոթելի սենյակում: Ձայնագրություններ ունեն, որտեղ ես քննարկում եմ « Մեռյալ երկիրը» և «Ռադիկալ կամքի ոճը» ու իսկապես խորանում եմ որոշ հարցերի մեջ: Նրանք ուզում են տասը հազար կամ ամեն ինչ կպատմեն Կարլային: Կայզե՛ր, Դուք պետք է ինձ օգնեք: Կարլան կմեռնի, եթե իմանա, որ այդ հատվածում ինձ չի գրգռում:
Թեթևաբարո աղջիկների հին ու բարի շորթման ձևն էր: Ասում էին, որ գլխամասում տղաները կրթված կանանց առնչվող ինչ-որ գործ էին հետախուզում, բայց դեռ ոչ մի առաջընթաց չէին գրանցել:
– Ինձ պետք է, որ Ֆլոսիին զանգահարես:
– Ի՞նչ:
– Ես վերցնում եմ Ձեր գործը, Ուորդ: Բայց իմ ծառայություններն օրեկան արժեն հիսուն դոլար՝ գումարած ծախսերս: Ստիպված կլինեք շատ բզզոցներ վերանորոգել:
– Համոզված եմ՝ տասը հազարի չի հասնի,- ասաց նա ժպտալով, վերցրեց լսափողն ու հավաքեց համարը: Ես ձեռքից խլեցի հեռախոսն ու աչքով արեցի: Ուորդը սկսում էր ինձ դուր գալ:
Վայրկյաններ անց մի մետքասե ձայն պատասխանեց զանգին, ու ես հայտնեցի նրան մտքիս եղածը:
– Ինչպես հասկանում եմ՝ Դուք կարող եք օգնել ինձ, որ մի ժամ որակյալ զրույց վարեմ, – ասացի ես:
– Անշուշտ, քաղցրիկս: Մտքովդ ի՞նչ է անցնում:
– Կուզենայի Մելվիլին քննարկել:
– «Մոբի Դիքը՞», թե՞ կարճ պատմվածքները:
– Ի՞նչ տարբերություն:
– Ընդամենը գինը: Սիմվոլիզմն ավելի թանկ է:
– Ինչքա՞ն կնստի վրաս:
– Հիսուն, գուցե «Մոբի Դիքի» համար հարյուր: Կցանկանա՞ս համեմատական վերլուծություն՝ Մելվիլ և Հոթորն: Հարյուրի մեջ կարող ենք տեղավորվել:
– Փողը խնդիր չէ,- պատասխանեցի ես ու հայտնեցի Պլազայի սենյակի համարը:
– Շիկահե՞ր ես ուզում, թե՞ սևահեր:
– Զարմացրեք ինձ, – ասացի ես ու կախեցի լսափողը:
«Մորարք Քոլեջ Աութլայն» գրական շարքը թերթելով՝ ես սափրվեցի ու սև սուրճ պատրաստեցի: Մի ժամ էլ չէր անցել, երբ դուռը թակեցին: Բացեցի. երիտասարդ կարմրահեր մի աղջիկ էր, որ հիշեցնում էր տաբատի մեջ խցկված վանիլային պաղպաղակի երկու մեծ գնդի:
-Ողջույն, ես Շերին եմ:
Նրանք իսկապես գիտեն՝ ինչպես բավարարել երևակայությունդ: Երկար ուղիղ մազեր, կաշվե պայուսակ, արծաթե ականջօղեր, առանց շպարի:
– Զարմանում եմ, որ այսպես հագնված քեզ թույլ են տվել մտնել հյուրանոց, – ասացի ես, – տխմար դռնապանը սովորաբար արագ նշմարում է ամեն մի ինտելեկտուալի:
– Հնգանոցը կմեղմի նրա զայրույթը:
– Սկսե՞նք, – ասացի ես՝ նշանացի ցույց տալով, որ նստի բազմոցին:
Նա վառեց ծխախոտն ու միանգամից գործի անցավ:
– Կարծում եմ՝ կարող ենք նախ քննարկել «Բիլի Բադը», որտեղ Մելվիլը փորձում է արդարացնել Աստծո վերաբերմունքը մարդուն, n’est-ce pas?:
– Հետաքրքիր է, չնայած հակասում է միլթոնյան շեշտադրմանը, – ես խարդախում էի. ուզում էի տեսնել՝ կխաբնվի:
– Ոչ: «Կորուսյալ դրախտի» մեջ բացակայում է պեսիմիզի ենթակառուցվածքը:
Նա ընկավ թակարդը:
– Այո, այո: Աստված իմ, ճիշտ ես, – շշնջացի ես:
– Կարծում եմ՝ Մելվիլը վերասահմանեց անմեղության արժեքները միամիտ, բայց միաժամանակ նրբաոճ մոտեցմամբ. համաձա՞յն չես:
Ես թույլ տվեցի, որ շարունակեր: Հազիվ 19 տարեկան լիներ, բայց արդեն կեղծ ինտելեկտուալի հղկված հմտություններ էր ձեռք բերել: Նա առանց ճիգ գործադրելու մեկը մյուսի ետևից տարբեր տեսակետներ էր բարձրաձայնում, բայց բոլորը մեքենայաբար էր անում: Ամեն անգամ, երբ ես իմ կարծիքն էի հայտնում, նրա արձագանքը շինծու էր.
– Օհ, այո, Կայզե՛ր: Այո՛, փոքրիկս, ի՜նչ խորն ես: Քրիստոնեության պլատոնիկ մեկնությունը՝ ինչո՞ւ մինչ այժմ չէի նկատել :
Մենք զրուցեցինք մոտ մեկ ժամ, իսկ հետո Շերին ասաց, որ պետք է գնա: Վեր կացավ, ու ես նրան հանձնեցի հարյուր դոլարանոցը:
– Շնորհակալ եմ, քաղցրիկս:
– Սրանից էլի շատ կա:
– Ի՞նչ ես փորձում ակնարկել:
Ես արթնացրել էի նրան հետաքրքրասիրությունը: Շերին նստեց:
– Ենթադրենք՝ ես խնջույք կուզեի կազմակերպել,- ասացի ես:
– Օրինակ ի՞նչ տիպի խնջույք:
– Ենթադրենք՝ ես կուզեի, որ երկու աղջիկ ինձ Նոամ Չոմսկի բացատրեին :
– Օհո՜:
– Եթե դեմ ես, մոռացիր…
– Պետք է խոսել Ֆլոսիի հետ, – ասաց Շերին, – բայց վրադ թանկ կնստի:
Այ հիմա սանձերը ձգելու ժամանակն էր: Ես ցուցադրաբար մեկնեցի մասնավոր խուզարկուի իմ կրծքանշանն ու հայտնեցի, որ սա ոստիկանական օպերացիա է:
– Ի՛նչ:
– Ես ոստիկան եմ, անուշիկս, իսկ փողով Մելվիլին քննարկելը՝ 802 հոդվածը: Նստելու ես:
– Ճիճո՜ւ:
– Ավելի լավ է՝ խոստովանես, փոքրիկ: Իհարկե, եթե չես ուզում պատմությունդ Ալֆրեդ Կազինի գրասենյակում պատմել, ու չեմ կարծում՝ նա շատ երջանիկ կլինի լսել այն:
Շերին սկսեց լաց լինել:
– Մի՛ մատնիր ինձ, Կայզեր, – ասաց նա: – Ինձ փող է հարկավոր, որ մագիստրատուրան ավարտեմ: Կրթաթոշակի իմ դիմումը մերժել են: Երկու անգամ: Օհ, Աստված իմ:
Ամեն ինչ ջրի երես ելավ՝ ամբողջ պատմությունը: Կենտրոնական Այգու արևմտյան հատվածի բարձրատոհմիկ դաստիարակությունը, սոցիալիստական ամառային ճամբարները, Բրենդայս համալսարանը: Նա հենց այն աղջիկներից էր, ում կարող եք տեսնել Էլգին կամ Թալիա թատրոնների հերթերում սպասելիս կամ Կանտի գրքերի լուսանցքում «Այո, շատ ճիշտ է» գրելիս: Պարզապես ինչ-որ պահի շեղվել էր ճանապարհից:
– Ինձ փող էր հարկավոր: Ընկերուհիներիցս մեկն ասաց, որ ամուսնացած մի տղամարդու գիտի, ում կինն այնքան էլ զարգացած չէ: Տղամարդը տարված էր Բլեյքով: Բայց կինն անտարբեր էր: Ես անշուշտ համաձայնեցի. գումարի դիմաց ես կխոսեի նրա հետ Բլեյքի մասին: Սկզբում շատ լարված էի: Շատ էի կեղծում: Բայց նրան չէր հետաքրքրում: Ընկերուհիս ասաց, որ ուրիշներն էլ կան: Օհ, ես արդեն ձերբակալվել եմ նախկինում: Ինձ բռնեցին կայանած մեքենայի մեջ «Քոմենթրի» ամսագիրը կարդալիս, և մի անգամ էլ կանգնեցրին ու խուզարկեցին Թենգլվուդ ֆիլհարմոնիկ դահլիճում: Եվս մեկ դեպք, ու հարցերս լուծված են:
– Այդ դեպքում տար ինձ Ֆլոսիի մոտ:
Շերին կծեց շուրթն ու հետո ասաց.
– Հանթեր քոլեջի գրախանութն իրականում թաքստոց է:
– Այո՞:
– Ինչպես այն խաղադրույքային որջերը, որտեղ առաջնամասում վարսավիրանոց է սարքած:
Ես արագ զանգեցի գլխամաս ու հետո ասացի Շերիին.
– Լավ, անուշս: Դու ազատ ես: Բայց քաղաքից չհեռանաս:
Նա երախտապարտ հայացքով թեքեց դեմքն իմ կողմ:
– Ես կարող եմ քեզ համար ճարել Դուայթ Մաքդոնալդի ընթերցումների լուսանկարները, – ասաց նա:
– Մի ուրիշ անգամ:
Մտա Հանթեր քոլեջի գրախանութ: Զգայուն աչքերով երիտասարդ մի վաճառող մոտեցավ ինձ:
– Ի՞նչով կարող եմ ձեզ օգնել, – հարցրեց նա:
– Ես փնտրում եմ «Իմ գովազդի» հատուկ հրատարակությունը: Ինչպես հասկանում եմ՝ հեղինակը մի քանի հազար ոսկեթերթ օրինակ է տպագրել իր ընկերների համար:
– Ես պետք է ստուգեմ, – ասաց նա, – մենք կապի մեջ ենք Մեյլերի հրատարակչության հետ:
Ես սաստեցի նրան հայացքով:
– Ինձ Շերին է ուղարկել, – ասացի ես:
– Օ՜հ, այդ դեպքում, անցեք առաջ, – պատասխանեց վաճառողը:
Նա ինչ-որ կոճակ սեղմեց: Գրքապատ մի դուռ բացվեց, ու ես վախվորած գառնուկի պես քայլեցի դեպի Ֆլոսիի հաճույքների դղյակը:
Կարմիր թավշանախշ պաստառներն ու վիկտորիական դեկորը թելադրում էին միջավայրի տրամադրությունը: Սևշրջանակ ակնոցներով գունատ, նյարդային աղջիկները մեկնել էին բազմոցներին ու սադրիչ կերպով թերթում էին «Փենգուին Քլեսիքսի» գրքերը: Լայն ժպիտով մի շիկահեր ինձ աչքով արեց.
– Կո՞ւզես Ուոլաս Ստիվենս:
Բայց սա պարզապես ինտելեկտուալ փորձառություն չէր. այստեղ զգացմունքերի մանրավաճառքով էլ էին զբաղվում: Հիսուն դոլարի դիմաց, ինչպես տեղեկացա, դու կարող էիր «առնչվել առանց մտերմանալու»: Հարյուրով աղջիկը թույլ կտար քեզ լսել Բարտոկի իր ձայներիզները, կճաշեր քեզ հետ, իսկ հետո դու կարող էիր դիտել, թե ինչպես էր նա խուճապային ցնցումներ ապրում: Հարյուր հիսունով հնարավոր էր ռադիոհաղորդումներ լսել երկվորյակների հետ: Երեք հարյուրի դիմաց դու ստանում էիր ամբողջ փաթեթը. նրբակազմ սևահեր հրեան կձևացներ, թե վերցնում է քեզ Ժամանակակից արվեստի թանգարանից, թույլ կտար կարդալ նրա մագիստրոսական թեզը, Էլեյնս բարում ճչալով կվիճեր քեզ հետ Ֆրեյդի՝ կանանց մասին պատկերացումների շուրջ, և հետո կկեղծեր ինքնասպասնության քո նախընտրած տարատեսակը: Հրաշալի երեկո որոշ տղամարդկանց համար: Հիանալի ռեկետ: Նյու Յորք՝ հոյակապ քաղաք:
– Դուրդ գալի՞ս է տեսարանը, – մեջքիս ետևում մի ձայն լսեցի:
Ես թեքվեցի ու հանկարծ դեմ առ դեմ հայտնվեցի ատրճանակի փողի հետ: Իմ ստամոքսն ամուր է, բայց այս անգամ աղիներս գալարվեցին: Պարզ էր՝ Ֆլոսին էր: Ձայնը ճանաչեցի, բայց Ֆլոսին տղամարդ էր: Նրա դեմքը ծածկված էր դիմակով:
– Երբեք չես հավատա, – ասաց նա, – բայց ես նույնիսկ քոլեջ չեմ ավարտել: Ինձ դուրս շպրտեցին ցածր գնահատակնների համար:
– Դրա՞ համար ես դիմակ կրում:
– Ես բարդ ծրագիր էի մշակել, որպեսզի ձեռքիս տակ առնեի Նյու Յորք Ռիվյու օֆ Բուքսը, բայց դա նշանակում էր, որ պետք է Լայոնել Թրիլինգի տեղը գրավեի: Մեկնեցի Մեքսիկա՝ վիրահատության: Խուարեզում մի բժիշկ կա, որ գումարի դիմաց մարդկանց օժտում է Թրիլինգի դիմագծերով: Ինչ-որ բան սխալ գնաց: Արդյուքնում ես ունեցա Օդենի դեմքն ու Մերի Մքքարթիի ձայնը: Այդ պահից ի վեր ես սկսեցի աշխատել օրենքի հակառակ կողմում:
Արագ, նախքան նա կհասցներ սեղմել ձգանը, ես գործի անցա: Առաջ թռչելով՝ արմունկով կտրուկ հարվածեցի նրա ծնոտին ու խլեցի ատրճանակը՝ վայր գցելով Ֆլոսիին: Մի տոննա աղյուսի պես նա գետնին փռվեց: Երբ ոստիկանությունը ժամանեց, Ֆլոսին դեռ նվնվում էր:
– Լավ աշխատեցիր, Կայզե՛ր, – ասաց սերժանտ Հոլմսը: – Երբ մենք մեր հարցերը պարզենք, սրա հետ ՀԴԲ-ն է ուզում զրուցել: Ինչ-որ փոքրիկ հարց կա՝ կապված խաղամոլների ու Դանթեի «Դժոխքի» ծանոթագրված օրինակի հետ: Տարե՛ք սրան, տղաներ:
Ավելի ուշ այդ գիշեր ես այցելեցի իմ հին ծանոթներից մեկին՝ Գլորիային: Նա շիկահեր էր: Գերազանցիկ՝ կում լաուդով էր ավարտել համալսարանը: Տարբերությունն այն էր, որ ֆիզիկական կրթության մասնագետ էր: Հաճելի էր:
Անգլերենից թարգմանեց Արմինե Դանիելյանը
No Comments