25 Sep Չիմամանդա Նգոզի Ադիչի | Բոլորս պետք է ֆեմինիստ լինենք
Չիմամանդա Նգոզի Ադիչի | Chimamanda Ngozi Adichie
ծնվ. 1977թ., Նիգերիա
Բոլորս պետք է ֆեմինիստ լինենք
էսսե
անգլերենից թարգմանեց Աննա Գրիգորյանը
Կանանց ռեսուրսային կենտրոն
Երևան, 2019թ.
[հատվածներ գրքից]
Նիգերիայում գրքի շնորհանդեսի միջոցառմանը մի լրագրող՝ հաճելի, բարյացկամ մի տղամարդ, ասաց, որ ուզում է ինձ խորհուրդ տալ։ Ասաց, որ մարդիկ ասում են՝ վեպս ֆեմինիստական է, և իր խորհուրդն էր, որ երբեք ինքս ինձ ֆեմինիստ չանվանեմ, քանի որ ֆեմինիստները կանայք են, որոնք դժբախտ են, որովհետև չեն կարողանում ամուսին գտնել։
Նիգերիացի մի կին դասախոս ինձ ասաց, որ ֆեմինիզմը մեր մշակույթը չէ: Որ ֆեմինիզմը ոչ աֆրիկյան է, ու ես ինքս ինձ ֆեմինիստ էի անվանում, որովհետև ազդվել էի արևմտյան գրքերից (ինչն, իհարկե, ինձ ծիծաղացրեց, քանի որ երիտասարդ տարիքում իմ կարդացած գրքերը հիմնականում ոչ ֆեմինիստական էին):
Ինչ-որ պահից սկսած ես դարձա «երջանիկ աֆրիկացի ֆեմինիստ», որը չի ատում տղամարդկանց և սիրում է շրթնափայլ քսել ու բարձրակրունկներ հագնել ինքն իր ու ոչ թե տղամարդկանց համար։
Մեծ մասամբ կատակով էր ասվում, բայց ակնհայտ էր որքան բացասական էր «ֆեմինիստ» բառի հանդեպ վերաբերմունքը. ատում ես տղամարդկանց, ատում ես կրծկալները, ատում ես աֆրիկյան մշակույթը, կարծում ես, որ միշտ կինը պետք է ղեկավարի, չես շպարվում, ոտքերդ չես սափրում, միշտ բարկացած ես, հումորի զգացում չունես, դեզոդորանտ էլ չես օգտագործում։
Կանայք ու տղամարդիկ տարբեր են։ Մենք տարբեր հորմոնների ունենք, տարբեր սեռական օրգաններ և կենսաբանական տարբեր կարողություններ. կանայք կարող են երեխա ունենալ, տղամարդիկ՝ չեն կարող։ Տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակն ավելի բարձր է և, առհասարակ, ֆիզիկապես ավելի ուժեղ են, քան կանայք։ Աշխարհում կանանց թիվը մի փոքր գերազանցում է տղամարդկանց թվին (մոլորակի բնակչության 52%ը կանայք են), սակայն իշխանության և հեղինակություն վայելող պաշտոններում մեծամասամբ տղամարդիկ են։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր քենիացի կին ակտիվիստ Վանգարի Մաթային դիպուկ է ասել. «Որքան բարձրանում ես, այնքան կանայք քչանում են»։
ԱՄՆ-ում կինն ու տղամարդը կատարում են նույն աշխատանքը, ունենալով նույն որակավորումը, բայց տղամարդը ավելի բարձր է վարձատրվում, որովհետև տղամարդ է:
Մենք զարգացել ենք, բայց սեռի մասին մեր պատկերացումները՝ ոչ այնքան:
Ես զայրացած եմ: Բոլորս պետք է զայրացած լինենք: Զայրույթը դրական փոփոխություն բերելու հին պատմություն ունի:
Մենք չափից շատ ժամանակ ենք վատնում՝ աղջիկներին սովորեցնելով անհանգստանալ, թե տղաներն իրենից մասին ինչ են մտածում: Սակայն երբեք՝ ոչ հակառակը: Մենք տղաներին չենք սովորեցնում լինել դուրեկան: Մենք չափից շատ ժամանակ ենք ծախսում՝ աղջիկներին ասելով, որ նրանք չպետք է լինեն բարկացկոտ կամ ագրեսիվ կամ կոպիտ, ինչն արդեն իսկ բավականին վատ է, իսկ հետո շրջվում ու գովաբանում կամ արդարացնում ենք տղամարդկանց այդ նույն բաների համար:
Աշխարհով մեկ այնքան հոդվածներ ու գրքեր կան, որ կանանց թելադրում են, թե ինչ անել, ինչպիսին լինել ու չլինել տղամարդկանց գոհացնելու համար: Սակայն անհամեմատ ավելի քիչ են տղամարդկանց համար նախատեսված կանանց գոհացնելու մասին ուղեցույցները:
Ամուսնության կործանում կամ ընդհանրապես չամուսնանալու և միայնակ մնալու հավանականություն. Սրանք սպառնալիքներ են, որոնք մեր հասարակությունն օգտագործում է ավելի շատ կանանց, քան տղամարդկանց դեմ:
Մենք տղաներին սովորեցնում ենք վախենալ վախից, թուլությունից ու խոցելիությունից: Նրանց սովորեցնում ենք թաքցնել իրենց իրական «ես»-ը, քանի որ նրանք, ինչպես նիգերիացիներն են ասում, պետք է լինեն «տղամարդ տղա»:
Ամենավատ բանը, որ անում ենք տղամարդկանց հետ, նրանց պարտադրելն է խաղալ «տղամարդ տղայի» դերը՝ թողնելով նրանց շատ փխրուն էգոների հետ: Որքան տղամարդն ավելի պարտադրված է զգում «տղամարդ» լինել, այնքան ավելի թույլ է լինում նրա էգոն:
Մենք աղջիկներին սովորեցնում ենք հետ քաշվել, իրենք իրենց փոքրացնել:
Աղջիկներին ասում ենք՝ կարող ես ձգտում ունենալ, բայց ոչ շատ մեծ: Պետք է ձգտես դառնալ հաջողակ, բայց ոչ շատ հաջողակ, հակառակ դեպքում սպառնալիք կդառնաս տղամարդու համար: Եթե տղամարդու հետ հարաբերություններում դու ես հաց վաստակողը, ձևացրու, թե դու չես, հատկապես հանրայնորեն, հակառակ դեպքում արականությունից նրան կզրկես:
Նիգերիացի մի կնոջ գիտեմ, որ գիտաժողովների գնալիս ամուսնական մատանի է կրում, որովհետև ուզում է, որ իր կոլեգաները, ինչպես ինքն է ասում, հարգեն իրեն:
Մեր հասարակությունը սովորեցնում է կնոջ՝ որոշակի տարիքում ամուսնացած չլինելու փաստը դիտարկել որպես անձնական լուրջ ձախողում:
Մինչդեռ որոշակի տարիքի չամուսնացած տղամարդն ուղղակի դեռ չի կատարել իր ընտրությունը:
Ամուսնության լեզուն հաճախ ոչ թե հարաբերության, այլ սեփականատիրության լեզու է:
Երբ կանայք ասում են՝ ընտանիքիս խաղաղության համար արեցի, մեծամասամբ նշանակում է աշխատանքից, կարիերայի նպատակներից կամ երազանքներից հրաժարում:
Մենք կանանց սովորեցնում ենք,, որ հարաբերությունների մեջ կինը պետք է զիջումների գնա:
Մենք աղջիկներին մեծացնում ենք այնպես, որ մեկը մյուսի մեջ մրցակից տեսնի, բայց ոչ թե աշխատանքի կամ ձեռքբերումների համատեքստում (ինչն, իմ կարծիքով, կարող է դրական արդյունքի հանգեցնել), այլ տղամարդկանց ուշադրությունն արժանանալու համար:
Մենք աղջիկներին սովորեցնում ենք, որ նրանք չեն կարող տղաների պես սեռական կյանք ունենալ, ոստիկանի պես հսկում ենք: Գովում ենք իրենց կուսության համար, մինչդեռ տղաներին այդ նույն կուսության համար չենք գովում (ու ես չեմ հասկանում, թե ինչպես է դա աշխատում, քանի որ կուսությունից զրկվելը մի գործընթաց է, որում ներգրավված են տարբեր սեռի երկու ներկայացուցիչ):
Նիգերիայի համալսարաններից մեկում երիտասարդ մի կին խմբակային բռնաբարության էր ենթարկվել, և նիգերիացի շատ երիտաարդների (թե՛ կին, թե՛ տղամարդ) արձագանքը մոտավորապես այսպիսինն էր՝ այո, բռնաբարությունը սխալ բան է, բայց ի՞նչ էր անում աղջիկը չորս տղայի հետ մի սենյակում:
Մենք աղջիկներին սովորեցնում ենք ամոթի զգացում ունենալ: Ոտքերդ փակի՛ր: Մարմինդ ծածկի՛ր: Նրանց ստիպում ենք զգալ, որ կին ծնվելով նրանք արդեն իսկ ինչ-որ բանում մեղավոր են: Եվ աղջիկները մեծանում են ու դառնում այնպիսի կանայք, որոնք չեն կարողանում բարձրաձանել իրենց ցանկության մասին:
Արդյո՞ք կանայք խոհարարության հատուկ գենով են ծնվում, թե՞ տարիների ընթացքում հասարակությունը նրանց մեջ մտցրել է խոհարարությունը՝ որպես կնոջ գործ տեսնել:
Երբ առաջին անգամ մագիստրոսական ծրագրում պետք է գրավոր խոսք դասավանդեի, շատ անհանգիստ էի: Բայց ոչ դասավանդման նյութի հետ կապված, քանի որ շատ լավ էի պատրաստված և դասավանդելու էի այն, ինչ սիրում էի: Փոխարենը ես անհանգիստ էի հագուստիս համար: Ուզում էի՝ ինձ լուրջ վերաբերվեին: Գիտեի՝ քանի որ կին էի, պետք է ապացուցեի իմ արժեքը:
Մեզնից շատերը կարծում են, որ կանացի տեսքն անլրջության նշան է:
Որոշել եմ կանացիությանս համար այլևս ներողություն չխնդրել:
Արական հայացքը՝ որպես կյանքիս ընտրությունները ձևավորող երևույթ, դարձել է անէական:
Որոշ մարդիկ հաճախ առաջ են քաշում էվոլյուցիոն կենսաբանության և մարդանման կապիկների օրինակը, թե ինչպես է էգ կապիկը գլուխ խոնարհում արուի առաջ և այդ տեսակ բաներ: Բայց մենք կապիկ չենք: Կապիկները նաև ծառերի վրա են ապրում ու անձրևաորդեր ուտում: Մենք՝ ոչ:
Մի անգամ, երբ խոսում էի սեռի մասին, մի տղամարդ ասաց. «Ինչո՞ւ ես «ես»-դ սահմանում որպես կնոջ «ես»: Ինչո՞ւ ոչ որպես մարդ արարածի»: Այս տիպի հարցադրումն անձի կոնկրետ փորձառությունը լռեցնելու ձև է: Իհարկե, ես մարդ արարած եմ, բայց կան բաներ, որ միայն ինձ հետ են պատահում իմ կին լինելու պատճառով:
Արմինե
Posted at 17:09h, 19 JulyԲարև Ձեզ այս գրքից ո՞րտեղից ճարել: