Մայր իմ անուշ ու անգին| բանաստեղծությունների ընտրանի

լուսանկարում՝ բանաստեղծ Անահիտ Հայրապետյանի դուստրը՝ Կատարինեն, 2013թ.

Մայր իմ անուշ ու անգին | բանաստեղծությունների ընտրանի


Նայիրա Վահիդ

երկիր

առաջին տեղը, որ եղել եմ,
առաջին երկիրն, ուր ապրել եմ
ամենասկզբում,
մայրս է:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը


Վարսան Շայըր 

*
Մայրս ասում էր՝ կնոջ մեջ կողպված դռներ կան
սիրո խոհանոցի,
լացի ննջարանի,
հուսահատության լոգասենյակի:
Երբեմն գալիս են բանալի ունեցող տղամարդիկ,
մեկ-մեկ էլ գալիս են նրանք,
ում ձեռքին բանալու փոխարեն մուրճ է:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը


Սյուզըն Գրիֆին

Երեք բանաստեղծություն կնոջը

1.
Սա բանաստեղծություն է՝ նվիրված լվացք անող կնոջը:
Սա բանաստեղծություն է՝ նվիրված լվացք անող կնոջը:
Եվ այն պիտի կրկնվի,
Եվ այն պիտի կրկնվի,
կրկին ու կրկին,
կրկին ու կրկին,
որովհետև կինը լվացք անելիս
որովհետև կինը լվացք անելիս
դժվար է լսում
դժվար է լսում

2.
Եվ սա էլ մի ուրիշ բանաստեղծություն է՝ էլի նվիրված կնոջ,
որ հատակն է մաքրում
և բացարձակապես չի լսում ոչինչ:
Մի րոպե լռությամբ
հարգենք այս կնոջը, որ հատակն է մաքրում:

3.
Եվ մի բանաստեղծություն էլ
կնոջ համար, որ տանն է
երեխաների հետ:
Գիշերով նրան չեք տեսնի:
Կանգնեք դատարկ սենյակում ու պատկերացրեք նրան՝
կնոջը՝ երեխաների հետ,
որովետև նա չի կարող լինել այստեղ՝ խոսելու
իր մասին
և  լսելու
թե դու ինչ ես կարծում
իր մասին:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը


Անահիտ Հայրապետյան

*
Աստված իմ

Ինչպիսի շքեղություն անընդհատ լույս աշխարհ բերել նոր ծառեր
Ինչ շքեղություն հանդիպել թափթփված ստվերների հետ
Որում ննջած գեղեցկությունը մի պահ ապրելու հույս է արթնացնում
Գայթակղելով խլում զգոնությունս
Բայց այլևս երեկ չի լինի
Բայց այլևս երեկը չի գա
բայց այլևս այլևս բայց

Ու չնայած ճերմակել եմ
բանաստեղծություն գրելու անզոր ճիգեր եմ գործադրում
Մտքում հանգեր տնգտնգացնելով հավաքում սեղանը
Հանգեր չխկչխկացնելով
Ափսեները լվալու դնում
Հանգեր փլխկացնելով
Երակներիս կապույտն եմ ստուգում

և ինչ հեշտությամբ է ամեն անգամ ֆղաու Բոցերը երակ մտնում
Դու դա երբեք չես հասկանա
Կարմիրը լցնում է տարայի մեջ
Հետո ես շոկոլադ եմ ուտում

Ամեն ինչ անցյալում մնաց
Ամեն ինչ այլ կերպ գնաց

Դու էլի աստիճաններին ինձ ձեռ ես մեկնում
Կարծում ես բռնելու եմ
Նախկին հիմարը գնացել է
Էն ով կանգնած է քո դիմաց ամենևին նախկին ծիտը չէ
Ճերմակած մազերով
Ծռմռված մարմնով
Ծառեր ջրելով
Երեխաներ ունենալով

Ֆորուղ Ֆարոխզադ

Սիրտս ցավում է պարտեզի համար

Ոչ ոք չի մտածում ծաղիկների մասին,
Ոչ ոք չի մտածում ձկների մասին,
Ոչ ոք չի ուզում հավատալ,
Որ պարտեզի սիրտը այտուցվել է արևի ներքո,
Որ կամաց-կամաց պարտեզի հիշողությունը
Դատարկվում է կանաչ հուշերից:
Եվ պարտեզի զգայությունը
Ասես տարորոշ ինչ- որ մի բան է,
Որ փտել է պարտեզի միայնության մեջ:
մեր տան բակը միայնակ է:
Մեր տան բակը
Հորանջում է
Ինչ-որ անծանոթ մի ամպի
Անձրևելու սպասումից:
Եվ դատարկ է մեր տան ավազանը:
Փոքրիկ, անփորձ աստղերը
Ծառերի բարձունքից ընկնում են հողին,
Եվ ձկների տան գունաթափ լուսամուտներից
Գիշերները հազի ձայն է լսվում:
Մեր տան բակը միայնակ է:

Հայրիկն ասում է.
«Ինձանից անցել է,
Ես իմ բեռը տարել եմ
Եվ իմ գործը արել եմ»:
Եվ իր սենյակում
Առավոտից իրիկուն
Կամ «Շահնամե» է կարդում,
Կամ «Նասեխոլթվարիխ»:
Հայրիկն ասում է մայրիկին.
«Թող անիծվեն հավք ու ձուկ,
Երբ որ ես մեռնեմ՝ գրողի ծոցը,
Պարտեզ կլինի կամ թե չի լինի,
Ինձ բավական է կենսաթոշակն իմ»:
Մայրիկի ողջ կյանքը
Դժոխքի սարսափազդու շեմին փռված
Աղոթագորգ է:

Մայրիկը շարունակ
Ամեն ինչի խորքում
Մեղսանքի ոտնահետքն է փնտրում,
Եվ կարծում է, թե ինչ-որ մի բույսի անեծք
Ապականել է պարտեզը:

Մայրիկը ողջ օրը աղոթք է կարդում:
Մայրիկը բնածին ու պարզ մեղանչող է,
Եվ փչում է բոլոր ծաղիկների վրա,
Եվ փչում է բոլոր ձկների վրա,
Եվ փչում է ինքն իր վրա:
Մայրիկը սպասում է Հարության օրվան,
Եվ այն ներման, որին կարժանանա…

Եղբայրս պարտեզը անվանում է գերեզմանոց:
Եղբայրս ծիծաղում է խոտերի խռովության վրա:
Եվ համարակալում է ձկների դիերը,
Որոնք հիվանդոտ ջրի մաշկի տակ
Վերածվում են հիվանդոտ մասնիկների:
Եղբայրս մոլեռանդորեն սիրում է
Փիլիսոփայությունը:
Եղբայրս պարտեզի բուժումը
Տեսնում է պարտեզի կործանման մեջ:
Նա հարբում է
Եվ բռունցքով հարվածում
Դռներին ու պատերին:
Եվ աշխատում է ասել, որ ինքն
Անչափ հուսախաբ, հոգնած ու տրտում է:
Նա իր հուսահատությունը
Անձնագրի, օրացույցի, թաշկինակի, հրահանի և գրչի հետ
Փողոց ու շուկա է տանում,
Եւ հուսահատությունը այնքան չնչին է,
Որ ամեն գիշեր կորում է
Գինետան ժխորում:

Եվ քույրս, որ ծաղիկների մտերիմն էր,
Իր սրտի պարզ խոսքերը,
Երբ մայրիկը ծեծում էր նրան,
Տանում էր
Ծաղիկների քնքուշ ու լուռ հավաքույթին:
Եվ մերթ ընդ մերթ ձկների ընտանիքներին
Հրավիրում էր արևի ու քաղցրավենիքի…
Նրա տունը քաղաքի մյուս ծայրում է:
Նա իր արհեստական տանը՝
Կարմիր, արհեստական ձկներով,
Եվ արհեստական ամուսնու հովանու ներքո,
Եվ արհեստական խնձորենիների ճյուղերի ներքո,
Արհեստական երգեր է երգում
Ու բնական երեխաներ շինում:
Նա,
Երբ այցելում է մեզ,
Եվ շրջազգեստի քղանցքերը
Աղտոտում է պարտեզի սնանկությամբ,
Օծանելիքով բաղնիք է անում:
Նա, երբ այցելում է մեզ,
Հղի է:

Մեր տան բակը միայնակ է,
Մեր տան բակը միայնակ է:
Ամբողջ օրը դռան ետևից
Պայթյունի ու փշրվելու ձայներ են լսվում:
Մեր բոլոր հարևաններն իրենց պարտեզում
Ծաղկի փոխարեն
Գնդացիր ու ռումբ են ցանում:
Մեր բոլոր հարևաններն
Իրենց հախճապատ ավազաններին
Կափարիչ են դնում,
Եվ հախճապատ ավազաններն
Անկամորեն
Վերածվել են վառոդի գաղտնի պահեստների:
Եվ մեր փողոցի երեխաները,
Իրենց դպրոցական պայուսակները լցրել են
Փոքրիկ ռումբերով:
Մեր տան բակը մոլորվել է:

Ես վախենում եմ
Սիրտը կորցրած ժամանակից:
Անպետքությանը մատնված
Այսքան ձեռքերի պատկերացումից:
Ես վախենում եմ,
Օտարացմանը մատնված
Այսքան դեմքերի երևակայությունից:
Ես միայնակ եմ`
Երկրաչափության դասը խենթորեն սիրող
Աշակերտի պես:
Ես մտածում եմ,
Որ հնարավոր է
Պարտեզը հիվանդանոց տեղափոխել:
Ես մտածում եմ…
Ես մտածում եմ…
Ես մտածում եմ…
Եվ պարտեզի սիրտը այտուցվել է արևի ներքո,
Եվ կամաց-կամաց պարտեզի հիշողությունը
Դատարկվում է կանաչ հուշերից:

Պարսկերենից թարգմանեց էդուարդ Հախվերդյանը


Նարինե Ավետյան

1 օգոստոսի, 97

…Ու հիմա, որ ամառ է ու օգոստոս
ու հիմա, երբ Քաղաքը շնչահեղձ է տոթից,
ու հիմա, երբ ավարտվում է ինչ-որ բան
ու ինքս էլ ավարտվում եմ դանդաղ
քո տխուր հավատը
այս տխուր օրերի մեջ
տխուր է, մամա…
Եվ հիմա, երբ ամառ է ու օգոստոս
և հիմա, երբ Քաղաքը ծիծաղում է լկտի
և հիմա, երբ Պարտությունը անխուսափ է
և խելագար է օրը, երբ մատներս պարտվումեն գրչին
և Պարտությունը, որ ինքս եմ որոշել, ելք է անիմա
ու, մամա, խաբված այս օրերի մեջ, խաբված,
որ պակաս զգամ խաբվածը,
տուր ինձ քո տխուր հավատը, մամա,
ինչքան էլ որ այս տխուր օրերի մեջ
տխուր լինի հավատդ, մամա…
Որ հետո, երբ ամառ կլինի, օգոստոս
որ հետո, երբ Քաղաքն էլ կվարժվի
Պարտությանը
որ հետո, երբ Պոռնիկն էլ կհոգնի ու մայրը
կհավատա նրան ու կների Քաղաքն էլ,
ու կմոռացվի ամեն ինչ
որ հետո, երբ օրը խելքի գա ու ինքն էլ
երբ ավելորդ կլինի խոսքուզրույցը և ապրելը՝ հեշտ,
մամա, թող ավելորդ լինի հավատդ ու
դեղին…
մամա,
այսօր,
վաղուց,
հոգնել եմ
վաղուց
անխնա
հորինված
կապույտից…


Մարինե Պետրոսյան

Մամաս չուրախացավ

ես պուճուր աղջիկ էի
մազերս երկար էին
արև էր
ամառ էր
Արաբկիրի մեր փողոցում
թութը հասել էր
բարձրացա ծառը
որ թութ ուտեմ
ու հանկարծ ծառի վրայից
փողոցի ծայրին
տեսա մամայիս
աշխատանքից
տուն էր գալիս
մա-մա — գոռացի —
տես
թութը հասել ա
բայց մամաս
չուրախացավ
մամաս լուռ ու երկար
եկավ եկավ
ու հանկարծ ներքևից
ցածր ձայնով
ասեց —
Մարինե
իջացրու ինձ էս ծառից

No Comments

Post A Comment