Ահմադ Շամլու | 1925-2000թթ. Իրան
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՐ
արցունքը գաղտնիք է
ժպիտը գաղտնիք է
սերը գաղտնիք է
այն գիշերվա արցունքը ժպիտն էր սիրուս
Հեքիաթ չեմ որ պատմես
մեղեդի որ երգես
շշուկ որ լսես
մի բան որ տեսնես
իմանաս
ես միասնական ցավն եմ
ճչա ինձ
ծառն անտառի հետ է խոսում
խոտը դաշտի
աստղը տիեզերքի
և ես քեզ հետ եմ խոսում
անունդ ինձ ասա
ձեռքդ ինձ տուր
խոսքդ ինձ ասա
սիրտդ ինձ տուր
ես ըմբռնել եմ քո արմատները
քո շուրթերով զրուցել եմ բոլոր շուրթերի հետ
ու ձեռքերդ ճանաչում են իմ ձեռքերը
լուսավոր մենության մեջ արտասվել եմ քեզ հետ
ողջերի համար
և խավար գերեզմանատնում քեզ հետ երգել եմ
ամենագեղեցիկ երգերը
որովհետև այս տարվա մեռելները
ամենասիրահարված ողջերն են եղել
ձեռքդ ինձ տուր
ձեռքերդ ճանաչում են ինձ
քեզ հետ եմ խոսում ում ուշ եմ գտել
ինչպես ամպը փոթորկի
ինչպես խոտը դաշտի
ինչպես անձրևը ծովի
ինչպես թռչունը գարնան
ինչպես ծառն է խոսում անտառի հետ
որովհետև ես
ըմբռնել եմ քո արմատները
որովհետև իմ ձայնը
ծանոթ է քո ձայնին
ԽԱՎԱՐ ԵՐԳԸ
լուսաբացի արճճային ֆոնին
հեծյալը
լուռ կանգնած է
և ձիու երկար բաշը
ծածանվում է քամուց
աստված իմ…
հեծյալները չպետք է կանգնած լինեն
երբ
պատահարն է ազդարարվում
այրված ցանկապատի կողքին
աղջիկը
լուռ կանգնած է
և բարակ շրջազգեստը
ծածանվում է քամուց
աստված իմ…
աղջիկները չպիտի լուռ մնան
երբ տղաները
հուսահատ ու հոգնած
ծերանում են…
*
մի փոքր վատություն քո էության մեջ
մի փոքր վատություն իմ էության մեջ
մի փոքր վատություն մեր էության մեջ
և հավիտենական անեծքն է իջնում մեր գլխին…
անկյունում հոսող փոքրիկ մի վտակ
թեպետ դա սիրո առանձնարան էլ լինի
քաղաքին բավարար է
ճահիճում չտնավորվելու համար…
ՁՈւԿԸ
ես մտածում եմ
սիրտս երբեք չի եղել
այսպես
կարմիր ու տաք
զգում եմ
այս մահածին գիշերվա
ամենամութ պահերին
արևի հազարավոր աղբյուրներ են բխում
սրտումս
անկասկած
զգում եմ վհատության այս աղուտի
ամեն մի անկյունում
հազարավոր զվարթ անտառներ են
ծլում հողից
հանկարծ
ով դու կորած վստահություն
ով խուսափող ձուկ
Իրար մեջ արտացոլված հայելիների ճահճում
ես պարզ մի լճակ եմ
հիմա սիրո կախարդանքից
հայելիների ճահճուտներից մի ելք գտիր դեպ ինձ
ես մտածում եմ
երբեք չի եղել իմ ձեռքը
այսպես մեծ ու ուրախ
զգում եմ աչքերիս մեջ
մի երգի անխավար արևն է խոր շնչում
կարմրագույն արցունքի ջրվեժի փոխարեն
զգում եմ
իմ ամեն մի երակում
սրտիս զարկերի հանգույն
հիմա
մի-մի քարավանի արթնության
զանգակներ են զնգում
մի գիշեր
դռնից ներս մտավ նա
մերկ
նման ջրի ոգուն
կրծքում երկու ձուկ
ձեռքին հայելի
թաց վարսերը մամռաբույր
մամուռի պես խռիվ
ես վհատության շեմից գոռացի
ով գտած վստահություն
ես քեզ ձեռքիցս բաց չեմ թողնելու…
*
Մեր կողմերում գիշեր չկա
ձայնը չի հաշտվում լռության հետ
բառերն են սպասումի մեջ
ես քեզ հետ մենակ չեմ
ոչ-ոք ոչ-ոքի հետ մենակ չէ
գիշերը աստղերից ավելի մենակ է…
մեր կողմերում գիշեր չկա
պատրույգների կողքին լուցկիներն են անհամբեր
փողոցի ցասումը բռունցքիդ մեջ է
շուրթերիդ վառ երգն է հղկվում
Ես սիրում եմ քեզ
և գիշերը սարսափում է իր խավարից
Պարսկերենից թարգմանեց Ռազմիկ Ամիրխանյանը
Գայանե
Posted at 20:02h, 01 OctoberՇատ գեղեցիկ բանաստեղծություններ են, շնորհակալություն բանաստեղծին, թարգմանչին և բլոգերին:
հասմիկ սիմոնյան
Posted at 07:54h, 02 Octoberառաջին երկուսին ես էլ եմ շնորհակալ:)