Հասմիկ Սիմոնյան , Արմինե Դանիելյան
50 կանայք, որ փոխեցին աշխարհը
Գրքում ներկայացվում են տարբեր մասնագիտություններ ունեցող հիսուն կանանց զարմանալի պատմությունները: Այս կանայք նոր հերոսների մոդելներ են, որոնք կարող են վառ օրինակ ծառայել, թե ինչպես հաղթահարել պատնեշները, երազել ու չվախենալ նոր հարցադրումներ անելուց, մտածել կարծրատիպերից ու արգելքներից այնկողմ:
Նախատեսված է դպրոցահասակ և բարձր տարիքի ընթերցողների համար:
տեքստ հարթակ
2019թ.
Առաջաբան
Ի՞նչ են ուզում դառնալ երեխաները, երբ մեծանան: Ո՞ր մասնագիտություններն են առավել տարածված: Արդյո՞ք աղջիկներն ու տղաները կարող են նույն երազանքն ունենալ, չէ՞ որ շատ հեռու չեն այն ժամանակները, երբ, օրինակ, աղջիկն իրավունք չուներ դառնալու բժիշկ կամ գիտնական, ուսումնասիրելու հրաբուխները կամ շենքեր նախագծելու: Ու՞մ շնորհիվ են այսօր կանայք ձայնի իրավունք ստացել, անարգել տաբատ կրում, մասնակցում սպորտային մրցումների, ասես հենց այդպես է միշտ եղել:
Շուրջ երկու տարի տևական աշխատելով՝ մենք ինքներս էլ բացահայտեցինք նոր անուններ մեզ համար: Զարմանալի էր հատկապես, երբ հայ կանանց էինք գտնում: Չէ՞ որ մեզանում ոչ մի գիտնական կնոջ անուն հանրայնորեն չի շրջանառվում, ոչ մի հայ կնոջ արձան չկա, ոչ մի փողոց չկա, որ ականավոր հայ կնոջ անունով է անվանակոչված: Մինչդեռ աշխարհում առաջին կին դեսպանը մի քաջ հայուհի էր՝ Դիանա Աբգարը, Իրանում քանդակագործության մայրը Լիլիթ Տերյանն էր, Մեքսիկայում աստղագիտության առաջընթացը մեծապես կապվում է Փարիզ Փիշմիշ-Սուքիասյանի անվան հետ և այլն, և այլն: Մենք հասկացանք, թե ո՛րն է մեր հաջորդ գիրքը լինելու: Հայ կանայք, որ փոխել են աշխարհը:
No Comments