Սեն-Ժոն Պերս | Saint-John Perse

 

 

Սեն-Ժոն Պերս  | 1887-1975թթ., Ֆրանսիա

 

Նեղ են նավերը

Սիրեկաններ,  օ՜, տարաժամ եկվորներ մարմարի ու բրոնզի արանքում,
իրիկնային առաջին կրակների տարածման մեջ,

Սիրեկաններ, դուք, որ լռում էիք օտարոտի ամբոխի ընդերքում,
Դուք ևս կվկայակոչեք այս երեկո ի պատիվ Ծովի:


…Նեղ են նավերը, նեղ՝ մահիճը մեր:
Անսահման է ջրերի տարածքը, ավելի անհուն կայսրությունը մեր
Փակ սենյակներում տենչանքի:

Մուտք գործիր, Ամառ, որ ծովից է գալիս:
Ծովին միայն մենք կասենք,
Թե ինչ օտարականներ էինք մենք Քաղաքի տոներին, ու թե որ լուսատուն, բարձրացնելով ստորջրյա տոներ,
Հայտնվեց մի երեկո մեր մահճի վրա՝ բույրը զգալու աստվածային մահճի:

Զուր է մերձակա հողը գծում իր սահմանը:
Նույն ալիքը աշխարհից, նույն ալիքը Տրոյայից ի վեր
Թավալվում է իր կոնքը մինչև մեզ: Ամբողջ լայնքով, մեզանից հեռու ինչ-որ ժամանակ արձանագրվեց այդ շունչը…
Իսկ աղմուկը մի երեկո ահագնացավ սենյակներում, մահը՝ ինքը, խեցիների ձայնով չէր կարող այնտեղ լսելի լինել:

Սիրե՛ք, օ՜, զույգեր, նավերը. սիրե՛ք և  բաց ծովը սենյակներում:

Ցամաքը մի երեկո կողբա իր աստվածներին, և այրամարդը շեկ գազան կորսա, քաղաքները կծերանան, ու կանայք կանրջեն…
Թող միշտ լինի իմ դռանը
Արշալույսն այդ ծով կոչեցյալ – թևերի ընտրախավ ու զենքեր բարձրացված, սերն ու ծովը նույն անկողնուց, սերն ու ծովը նույն անկողնում –
և նորից այս երկխոսությունը սենյակներում:


Անձրևելու է լուսաբացից առաջ: Գիշերը պատռում է իր պատանքը: Կտցահար ավազներին գրվածը ոչ ոք չի վերծանի: Շեմաքարը ծածկվում է տմույն ու ճյուղառատ գուշակություններով: Սկիհներում արթնանում են աստվածարյալ կենդանիները: Գործի են դրված աստեղային բախտացույցները: Ծովը՝ միաբան, գործը՝ շահեկան: Եվ ծովի գոլորշիները պաշարում են գլանատակառների դռները, իսկ ծովավազին կապված հին ֆարմասոնություններում տարածվում են աստվածային վարակի ախտանիշները: Այծերը լինում են բարձր ու ճերմակ, ծռմռված ապառաժները: Անցել է իմ ցավը գաղթական: Եվ սիրում եմ ես, և դու այստեղ ես: Չկա ավելի մեծ ապահովություն, քան սիրո նավում:

… Ահա՛ և ծովասյուքը անձրևից առաջ: Լսիր, ինչպես են ընկնում տանիքին արմավենու փոքրիկ կաղինները: Մենք դրանք կհավաքենք մեր ջրվաններում օրը զարդարելու համար, և քեզ ցույց կտամ նրանց՝ եղջերյա կամ փղոսկրե մաշիկներով, եղունգներով, թեփուկներով ընդելուզված, նրանք հնդիկների նման փաթթոցներ ունեն գլխներին… Ծովասյուքը ծովախոտերի վրա է: Արմավագինին՝ արմավների մեջ: Իսկ այս աղմուկը անձրևն է… Ո՛չ, արմավենիների հրացանակալներում շարժվող զենքերի շառաչն է: Ուրիշ էլ ի՞նչ գերեվարված ոգի է հանկարծ թևաբախում եղեգնածածկ ծղոտե մեր օթոցներում. Ասում են, դրանք նման են Ասիո բարձր ջոնկաների առագաստներին:

…Անձրևում է դարատափերի ու ակոսավոր տանիքների վրա. Ուրեմն կղմինդրները եղջերվագույն են, մշկընկույզի գույնն ունեն, թմբուկ ու ծնծղա արարող հնչեղ քարերի գույնը: Կարասը քողտիկի տակ է, ու նրա կոնքը երջանիկ է: Ծովային տարափը սալահատակին է, շեմաքարին, դրսում շարած գուշերի մեջ, նուբիուհիներին ձեռնափերում ջնարակված կճուճներում: Այնտեղ Սիրուհին կմաքրվի սիրուհու իր գիշերից, կլվանա իր կոնքերը, հետո՝ վիզն ու դեմքը, ազդրերը կլվանա մինչև աճուկներն ու աճուկածալը: Այնտեղ կլվացվի նաև աստղը՝ վերջինը հայտնված և ուշ հեռացած:

…Անձրևեց, լուսացել է: Լուսինը՝ պաղլեղագույն: Արևածագին երկինքը դառնում է մրտիմագույն: Բարի գալուստ ամեն շնորհին: Ծովի վրա Ամառվա արևգալը մերկ սիրուհու առաջին քայլն է՝ իր ճմրթված սպիտակեղենից դուրս: Ծովից սերված ու կանանցից, կանացի այս մարմինը՝ ծնված կնոջից… Եվ նա, ով գիշերվա համար էր պահել իր ծովածին մարգարիտները, դեռ մերձակից է դառնալու մարջանի դարին… Իսկ գուցե անձրև չի՞ եղել, օ՜, անձրև, այնքա՜ն հուշիկ էր քո գալը… Եվ ո՞վ կկասկածեր, եթե ավազներին չլիներ ավարտը՝ ջահել մայրերի կողերին մնացած նուրբ կապտուկների նման նշաններով ուրվագծված:


Ֆրանսերենից թարգմանեց Աննա Հակոբյանը

No Comments

Post A Comment