28 Aug Ֆրանց Կաֆկա | հետաքրքիր փաստեր
Ֆրանց Կաֆկա | 1883-1924թթ., Ավստրիա
հետաքրքիր փաստեր գրողի կյանքից
ա. Oդենն անվանում էր նրան «20-րդ դարի Դանթե», իսկ ըստ ժամանակակիցների նկարագրի՝ 20-րդ դարի Դանթեն մշտապես զբաղվում էր սպորտով և հետևում մարմնի բարեկազմությանը: Կաֆկան նաև հրաշալի թիավարում էր:
բ. Սարսափում էր մկներից:
գ. Վեց երեխաներից ամենամեծն էր: Փոքր տարիքից գրում էր պատմություններ, իսկ ընտանեկան հավաքույթների ժամանակ նրա գրած պիեսները խաղում էին ինքն ու քույրերը:
դ. Ամենասիրելի գրողը Ֆլոբերն էր:
ե. Մշտապես լարված էին հարաբերությունները հոր հետ: Մոտ հարյուր էջանոց մի նամակ է գրում հորը, ուր կռիվ է տալիս հոր բռնակալական և իշխող հայացքների դեմ: Չնայած այս ամենին՝ մինչ 31 տարեկանը ապրում է հոր հետ մի տանիքի տակ:
զ. Կաֆկան բուսակեր էր, նաև սիրում էր բույսեր աճեցնել, զբաղվում էր այգեգործությամբ: Մսից հրաժարվել էր էթիկական սկզբունքների և հատուկ սննդակարգի պատճառով: Մի անգամ, նայելով ակվարիումի մեջ ապրող ձկանը, ասում է. «Այժմ ես կարող եմ քեզ նայել հանգիստ խղճով, որովհետև էլ չեմ ուտելու»:
է. Իրավաբանական գիտությունների դոկտոր էր, կոչումը ստացել էր 1906թ.:
ը. Կաֆկան սիրում էր հաճախել նուդիստական լողափեր, ուր մշտապես հրաժարվում էր լողազգեստը հանել և հայտնի էր որպես «լողազգեստով մարդը»:
թ. Ցերեկվա ժամը երկուսից հետո չէր աշխատում: Քանի որ գրելու համար ևս ժամանակ էր պետք, նա գիտակցաբար ընտրել էր այնպիսի աշխատանք (աշխատում էր ապահովագրական ընկերությունում), որ ազատ ժամանակն ավելի շատ լինի:
ժ. Երբ արդեն հիվանդ էր թոքախտով ու զգում էր մոտալուտ մահը, խնդրում է մտերիմ ընկերոջը՝ Մաքս Բրոդին, վառել իր բոլոր ձեռագրերը: Իհարկե, Մաքս Բրոդն ընկերոջ խնդրանքը չի կատարում:
ի. Երբեք չի ամուսնացել, բայց նշանվել է երեք անգամ, որից երկուսը նույն կնոջ՝ Ֆելիս Բաուերի հետ:
No Comments