Կարեն Անտաշյան

Կարեն Անտաշյան | ծնվ. 1983թ., Հայաստան

 

ՔՈ ՄԻՋԵՎ

Օրեցօր, օրըստօրե, օրնիբուն
փրկության ուղենիշ է դառնում Քո լույսի առավոտը:
Այն բոլոր նյարդիկները,
որ գիշերները ոռնալու չափ ցավոտ են,
միայն քո առավոտն է 50 գրամ սիրով բժշկում,
Տե՛ր…

Ինձ էշի տեղ դրած`
Քո արարած գիշերից փախչում եմ Քո արարած առավոտը,
ես Քեզնից փախչում եմ Քեզ մոտ
ու Քեզ օրհնելով քֆրտում եմ Քեզ:

Արյունդ, որ Սերն է, ես խմեցի ցմրուր,
ագահորեն,
մի շնչում
ու թվաց ինձ մի պահ,
որ ես դարձել եմ ԴՈՒ.
էս ինչ լավ է հնչում.

«ԵՍ ԴԱՐՁԵԼ ԵՄ ԴՈ՛Ւ»,
և ե´ս եմ Սերը… գոյական:

Հիմա խումհարի մեղսավոր ծանրության տակ
տնքում է անսեր մնացած արյանս ամեն մի կաթիլը,
ու ինչպես երկնքից ամեն դեպքում ընկնող ձյան փաթիլը,
ձևացնում եմ… պարում եմ… անկումս
Քո գիրկը:

ՄԻ´ԼԱ

Բառը,
որ պետք է ցավել գրելուց առաջ,
բառը,
որ պետք է մեռնել ծնելուց առաջ –
ամենաչապրվող, չլուծվող
բառը…

Արտասվի՛ր
ներսումդ դողացող
հիվանդ ջուրը,
արտասվի՛ր`
դոնդողե ցրտում գիշերվա:

Կշեռքի համաստեղության վագինալ ելակետից
ազատագրման վերջին ճիգը –
կիթ, կիթ, կիթ…
ոսկեջուր հրեշտակների պարսը հագիդ,
Պետերբուրգ:

Նախագծով քո հեքիաթում
ամեն դուռ իր առջև երջանիկ շուն պիտի ունենա,
բայց չունի:
Նախագծով քո հեքիաթում
բարի թզուկներն այնքան դանդաղ ու աննկատ պիտի ծերանան,
որ նայեն իրար ու հանկարծ ծիծաղից չսատկեն:

Չսառչող – չտաքացնող 
անմահության ֆերմենտը –
կիթ-կիթ-կիթ…
Արտասվի՛ր
մեռելի ջրատար համակարգը`
հոգիդ,
որ չի գալիս ծովից ու չի գնում ծովում ննջելու:

Լռում է:

…այս գիշեր ես այնքան մենակ եմ Պետերբուրգում,
որ ինձ կարելի է որդեգրել կոպեկներով,
տանել տուն,
տաքացնել,
դնել ծաղկամանի մեջ,
ջրել –

կծաղկեմ, կբուրեմ, կպտղեմ
(ու… կթռնեմ տուն):

————————————– 

Գրկում եմ քեզ ամուր-ամուր, ուզում եմ, որ գտնես նրան, ով կտաքացնի քեզ այս անվերջանալի ձմռանը, որում մենք բոլորս ապրում ենք, շարունակվես արևագույն և ներես ինձ, մի օր ներես ինձ, որ եղել եմ:

 

No Comments

Post A Comment