Հին եգիպտական պոեզիա

 

Հին եգիպտական պոեզիա


ԱՍՈՒՄ Է ԱՂՋԻԿԸ 

Քո սերը սուզվեց մարմնիս ու արյանս մեջ,
խառնվեց նրանց հետ, ինչպես գինին ջրի,
ինչպես թուրինջը քաղցր համեմունքի,
կամ ինչպես կաթը ոսկեգույն մեղրի հետ:

Օ՜, ե՛կ քրոջդ մոտ,
ինչպես թռչող ձին` դեպի մրցադաշտ,
ինչպես ցուլը` դեպի
մսուրը վազող:

Քո սերը պարգև է երկնային,
ծղոտը հրդեհող կրակ,
թռիչքի պահին որս բռնող արծիվ:


ԱՍՈՒՄ Է ՏՂԱՆ 

Ես շփոթվում եմ ջրի հմայքից,
կարծես իմ քրոջ շուրթերը լինեն
չբացված լոտոս, կրծքերը` նարինջ,
ուժ չունեմ նրա գրկից հեռանալու:

Այս հարթ ճակատն է ինձ գերի պահել,
Ինչպես մի թակարդ` նոճուց պատրաստած,
իսկ նրա խայծը գանգուրն էր փարթամ,
ես ծուղակն ընկա, ինչպես վայրի բադ:


ԱՍՈՒՄ Է ԱՂՋԻԿԸ 

Կպառկեմ անկողնում
և հիվանդ կձևանամ
հարևանները կայցելեն ինձ,
կգա նրանց հետ և իմ սիրելին,
նա բուժակներին կնայի քմծիծաղով
և հիվանդությանս դեղը կիմանա:


ԱՍՈՒՄ Է ՏՂԱՆ

Ահա քրոջս տունը քաղաքի ծայրամասում,
կրնկի վրա բաց է դուռը երկփեղկանի,
սողնակը ետ է քաշված,
սաստիկ բարկացած է սիրելիս:

Երանի ես լինեի դռնապահը նրա,
նրանց կհանեի համբերությունից,
որ հաճախ լսեի նրա ձայնը վճիտ,
դողայի նրա առջև, ինչպես երեխա:

ԳԵՏԻ ՄՈՏ

1
Այն մյուս ափին է քույրը:
Փակելով ճանապարհը սիրո`
անցնում է գետը մեր միջև:
Կոկորդիլոսն է պառկած այնտեղ:

Հոսանքը կտրելով անցնում եմ
բարձր ալիքների վրայով,
լցված է սիրտս խիզախությամբ,
իսկ ջուրը ցամաք է թվում:

Սերն ուժեղացնում է ինձ,
ինչպես աղջկա երգած
խոսքը կախարդական` ջրից պահպանող:
Տեսնում եմ մոտենալը նրա և ձեռքերս եմ պարզում:

Սիրտս պաղում է, կարծես
երաշխիքն է հավերժության:
Մոտեցիր, իմ թագուհի,
մի՛ դանդաղիր ինձանից հեռու:

2
Երբ իմ համբույրից
դանդաղ բացվում են
նրա շուրթերը,
հարբում եմ առանց գինու:

3
Լինեի սևամորթ ստրկուհի,
ոտքեր լվացող,
կարող էի ազատ
քո մաշկով հրճվել:

Լինեի լվացք անող
մեն-մենակ մի ամսով,
քո հագուստները լվանայի
բալզամից ու զմուռսից հոտավետ:

Կնքված մատանի լինեի քո մատին,
դու ինձ կպահեիր զգույշ
իբրև մի խաղալիք,
նրանցից, որոնք կյանքն են զարդարում:


ԱՍՈՒՄ Է ԱՂՋԻԿԸ  

Սիրտս չորս անգամ արագ է խփում,
երբ մտածում եմ սիրո մասին,
չի թողնում քայլեմ բոլորի պես,
և իր պարանն է ձգում շտապով:

Դու պիտի զգեստ չհագնես,
դու պիտի հովհար չվերցնես,
դու պիտի աչքերդ չքսես
և չշփվես յուղով անուշահոտ:

Սիրեցյալի մասին եմ մտածում – սիրտս ասում էինձ
«Մի՛ հապաղիր, հասի՛ր ցանկալի նպատակիդ»:
Ինչ թեթևամիտ ես, իմ սիրտ,
հանգստացի՛ր, մի՛ տանջիր ինձ քո ցնորքով:

Սիրելիս ինքը կգա,
կվառվեն հայացքներն ամեն ինչ տեսնող:
Մի՛ թող, որ մարդիկ ինձ դատապարտեն –
«Այս կինը սիրուց կորցրել է իրեն»:

Երբ մտածում եմ սիրեցյալիս մասին,
համբերատար եղիր, իմ սիրտ,
խփի՛ր չորս անգամ ավելի դանդաղ:


ԱՍՈՒՄ Է ՏՂԱՆ 

1
Ինչ արեց ինձ հետ Քույրս,
պե՞տք է այդ մասին լռեմ:
Նա ինձ մենակ թողեց իր տան դռների մոտ,
իսկ ինքը ներս մտավ:
Նա ինձ չասաց. «ներս մտիր, սքանչելի»:
Այս գիշեր նա խուլ էր:

2
Ես գիշերն անցնում էի նրա տան կողքով:
Ես դուռը բախեցի, բայց չբացեցին –
գեղեցիկ գիշեր մեր դռնապահների համար:
Սողնա՛կ, ես ուզում եմ քեզ բացել:

Դո՛ւռ, իմ ճակատագիրն ես դու,
դու իմ ոգին ես բարի:
Այնտեղ, ներսում քեզ համար մի եզ կմոթեն`
զոհաբերելով քո հզորությանը, օ՜, դո՛ւռ:

Քեզ համար, դուռ, կմորթեն երկարեղջյուր մի եզ,
քեզ համար կարճեղջյուր եղ կմորթեն, կողպե՛ք:
Յուղոտ բադը ձեզ, ամրակնե՛ր,
յուղը քեզ, բանալի՛:

Ամենահամեղ կտորները եզի –
օգնականներին հյուսնի,
որպեսզի սողնակը եղեգնից պատրաստեն,
իսկ դուռը` ծղոտից:

Թող գա Եղբայրը, երբ կցանկանա,
նա դուռը բաց կգտնի` ծածկված լավագույն գործվածքներով
և այդ անկողնում մեջ` գեղեցիկ մի աղջիկ:

Եվ կասի աղջիկն ինձ.
«Տունը պատկանում է քաղաքի ղեկավարին»:


Ռուսերենից թարգմանեց Հենրիկ Էդոյանը

No Comments

Post A Comment