Ռոբերտ Մոնթգոմերի | Robert Montgomery

Ռոբերտ Մոնթգոմերի | ծնվ. 1972թ., Շոտլանդիա

Նա գիշերը  թաքուն գովազդային մեծ պաստառների վրա կպցնում է իր բանաստեղծությունները: «Երկու-երեք ժամ ենք տրամադրում, – պատմում է նա, –  երկարաձգելու դեպքում հաստատ խնդիրներ կծագեն, ամեն դեպքում ոստիկաններից պետք է զգուշանալ…»:

Էդինբուրգի արվեստի քոլեջն ավարտած Ռոբերտն ասում է, որ դա, այնուամենայնիվ, փողոցի արվեստ չի, չնայած համագործակցում է արևելյան լոնդոնցի գրաֆիտիստ Քրայեի հետ, որը հայտնի դասական գրաֆիտի անողներից է:

Բոլորն էլ հոգնել են գովազդից, պոեզիայի ժամանակն է, պետք է թարմանալ` վստահեցնում է Մոնթգոմերին հարցազրույցներից մեկում ու պատմում, որ մարդիկ շատ լավ են դրան վերաբերվում, պատահել է, որ փողոցում իրեն գրկել են ու փաթաթվել, ինչը շատ հուզիչ է…

«Ոստիկանների հետ խնդիրներ ունեցե՞լ եք» հարցին, պատասխանում է.
– Մենք բանվորական արտահագուստներ չենք հագնում, գուցե դրա համար էլ ոստիկանները անցնում են մեր կողքով, բայց չեն մոտենում: Առայժմ ոչ մի խնդիր չի եղել:

«Մի տարի առաջ մենք որոշեցինք երեսապատել Կամերոնի քարոզարշավի պաստառները: Իսկապես հիմար պաստառներ էին, բայց վտանգավոր էր, որովհետև աշխատանքը ձգձգվեց, իսկ մենք շատ մոտ էինք քաղաքապետարանին: Շատ անցորդներ էին անցնում, ու մեծ մասը հավանություն էր տալիս մեր արածին, գոտեպնդվեցինք ու շարունակեցինք մեր գործը»:

«Անշուշտ հաճելի է ցուցադրվելը գեղեցիկ սրահներում, վաճառել գործեր և գումար աշխատել, բայց այս ճանապարհով իմ աշխատանքները հասնում են հասարակ մարդուն, ով ինձ համար ֆունդամենտալ նշանակություն ունի: Փողոցի մարդիկ շատ ավելի խելացի են, քան հասարակության` նրանց տված նշանակությունը, և չեն տառապում կոնցեպտուալ արտ-ֆոբիայով»:

«Մենք այնպես ենք աշխատում, որ վիզուալ առումով շատ պարզ լինի. սև ֆոն, գովազդային վահանակի վրա, սպիտակ տեքստ: Սա չի կարելի դասակարգել իբրև գրաֆիտի արվեստ, կարդացվում է արագ ու հեշտ: Ոճի առումով աչքի չի ընկնում, և ամեն դեպքում հասկանալի է, որ սա հաստատ գովազդ չէ»:

«Ես չեմ ուզում, որ բառերը կոլեկտիվ անգիտակցության կոչեր արտահայտեն»:

Ռոբերտ Մոնթգոմերին սիտուացիոնիստների (situationist) գաղափարների հետևորդ է: Սիտուացիոնիստները 20-րդ դարի եվրոպական հեղափոխական խումբ են, որոնք հանրային տարածքում արվեստի հետ կապված ինստալացիաներ են անում` գրավելու համար մարդկանց ուշադրությունը, տալու հարցեր և կիսելու իրենց գաղափարները: Հիմնական ազդեցությունը Գի Դեբորից է կրել, ով առաջարկում էր համակցել կապիտալիզմը զանգվածային լրատվամիջոցների հետ, ինչի արդյունքում կեղծ պատկերները կգերակշռեին, և այդ թատերականացումը դիտելու հնարավորություն կլիներ` մարդկանց կտրելով  իրականությունից: Ի վերջո, 1994թ. Ֆրանսիայի ոչ մեծ գլուղերից մեկում` Օվեռնում, Դեբորը կրակեց իր սրտին:

Իսկ թե ինչով էին Դեբորի պոստ-մարքսիստական այս մտքերը տարբերվում ուրիշներից, Մոնթգոմերին ասում է` բանն այն է, որ կապիտալիզմը ազդում է մեզ վրա մեր ներսից, կյանքի ներքին ոլորտի վրա է ազդում, մեր սրտերի ու գիտակցության, մինչև անգամ կարմային է հասնում: Ես կարծում եմ, որ այդ հարցերը երբեք այդքան ակտուալ չեն եղել, քան այս պատմական պահին, երբ անվիճելիորեն պարզ է, որ կապիտալիզմը` այսօրվա ծայրահեղ ձևաչափով ոչ միայն անբարոյական է, այլև տեխնիկապես թերի:

Մոնթգոմերին շատ հաճախ համադրում է պոեզիան ու քաղաքական տեքստը: Ասում է, որ հասարակությունը կտրված է իրական կյանքից, շրջապատող դետալներն են աշխատում միայն, որ ծախեն իրենց ապրանքները մեզ վրա ու պարանոյայի մեջ գցեն:

«Երբ 1968թ. մայիսին սիտուացիոնիստները ապստամբեցին` Սորբոնի լսարանի պատերին բանաստեղծություններ գրելով, նրանք հասկացան, որ բանաստեղծությունն է իրական միջոցը քաղաքական հեղաշրջման, ինչը, կարծում եմ, շատ հետաքրքիր է»:

 Մոնթգոմերիի փոքրաթիվ աշխատանքները վաճառվել են ցուցասրահներում, իսկ գովազդային վահանակներից ոչ մեկը չի գնվել, միայն ծախս է պահանջվել առանց փոխհատուցման: Բայց այս դեպքում գումարը առաջնային խնդիր չի, հեղինակի միակ և նպատակաուղղված ցանկությունն է արենդայի համար փող ճարել ու գովազդային վահանակները սարքել:

No Comments

Post A Comment