Բորիս Վիանը երկրորդ կնոջ՝ պարուհի Ուրսուլա Կյուբլերի հետ: Ամուսնացան 1954թ.: Սիրավեպը սկսվեց 1951թ., երբ հարաբերություններն առաջին կնոջ՝ Միշելի հետ աստիճանաբար քայքայվում էին… վերջինիս և զույգի ընդհանուր բարեկամ Ժան Պոլ Սարտրի հետ ունեցած սիրավեպի պատճառով:
Բորիս Վիան | 1920-1959թթ., Ֆրանսիա
*
Ես կմեռնեմ ողնաշարի քաղցկեղից
Դա կլինի մի ահավոր իրիկուն
Պայծառ ու տոթ, բուրումնալից, հեշտագին
Ես կմեռնեմ փտախտից
Դեռ քիչ հայտնի բջիջներից մի քանի
Ես կմեռնեմ սրունքներս պոկոտված
Հսկա անցքով խուժած հսկա առնետից
Ես կմեռնեմ վիրահատված հարյուր տակ
Լուրթ երկինքը կընկնի հավետ ինձ վրա`
Սիրտս է կտրում դա ապակու պես ծանր.
Ես կմեռնեմ ականջներս պատռված
Ձայնի մի մեծ պայթյունից
կմեռնեմ խուլ վերքերից
Հասցված ինձ ժամը մեկին գիշերվա
Անհուսալի դահիճներից այն ճաղատ
Կմեռնեմ ես աննկատ
Իմ մեռնելուն. կմեռնեմ
Ինձ կթաղեն ավերակների տակ չոր
Հազար մետր կոշտ քաթանով պատանված
Ես կմեռնեմ խեղդված անպետք յուղի մեջ`
Կոխկրտված նախ անասուններից անորոշ
Եվ, հետո ճիշտ, անասուններից որոշյալ
Կմեռնեմ մերկ կամ քաթանի մեջ կարմիր
Կամ ածելու շեղբերով լի պարկի մեջ
Ես կմեռնեմ, գուցե, առանց ներկելու
Եղունգներն իմ ոտքերի
Ափերս լի արցունքով
Ափերս լի արցունքով
Կմեռնեմ, երբ ականջիս
Կփսփսան չար խոսքեր
Ես կմեռնեմ, կգոցեն
Զույգ կոպերս արևի տակ հրաբորբ
Կմեռնեմ ես` կողքիս տանջված երեխեք
Մարդիկ` գունատ ու շվար
Կմեռնեմ, դեռ կենդանի
Ժանտ որդերին կեր դարձած, ես կմեռնեմ
Մի ջրվեժի տակ գամված
Ես կմեռնեմ այրված տխուր հրդեհում
Ես կմեռնեմ մարմանդ, շատ,
Անկիրք, բայց մեծ հետաքրքրությամբ
Եվ երբ ամեն ինչ կլինի վերջացած
Ես կմեռնեմ:
ՎԵՐՋԻՆ ՎԱԼՍԸ
Լրագիր վերջին
Վերջին կես-լուսին
Առավոտ չնչին
Անցորդներ սին
Եվ սա է լուծումն անհայտի
Վերջին արեգակ
Վերջին հաղթաթուղթ
Վերջին սրճարան
Վերջին սու
Մնանք բարով, գնում եմ հեռու:
Վերջին հյուրանոց
Դու վերջին իմ սեր
Վերջին համբույրներ
Վերջին օր
Իմ սիրելիներ մնացեք բարով
Վերջին խղճի խայթ
Վերջին կեղծություն
Վերջին անգին զարդ
Վերջին իրիկուն
Առանց ցտեսության եմ հեռանում:
Վերջին վալս չկա հաջորդ օր
Չունի այլևս սիրտս անձկություն
Վերջին վալս հասմիկի հոտով
Վերջին վալս են ափերը Սենայի
Ձեզ մի թեթև
Վերջին բարի գիշեր
Վերջին հույս
Վերջին ամեն ինչ
Ննջեք, խաղաղ է գիշերն այնքան
Վերջին մայթ
Վերջին ծխուկ
Վերջին հայացք
Վերջին ոստյուն
Ուրիշ ոչինչ, քան մի մեծ կլորակ ջրում…
Ֆրանսերենից թարգմանեց Սլավիկ Չիլոյանը
No Comments