Պաբլո Ներուդա | 1904-1973թթ., Չիլի
ՄԻ ԳՆԱ ԱՅԴՔԱՆ ՀԵՌՈՒ
Մի գնա այդքան հեռու, թեկուզ մի օրով, մի գնա
Չգիտեմ ինչպես ասել` օրը ձգվելու է երկար,
ես սպասելու եմ քեզ դատարկ կայարանում
ու ճամփելու եմ քնատ ինչ-որ տեղ հեռացող բոլոր գնացքներին:
Չլքես ինձ, թեկուզ մի ժամով, չլքես,
Թե չէ, գիտես, ցավի փոքրիկ կաթիլները վազքի մրցման կելնեն,
Ծուխը կշրջի ամենուր, կգտնի ինձ տանը,
Դանդաղ կսողոսկի իմ մեջ ու կխեղդի սիրտս` գլուխը լրիվ կորցրած:
Կհալվի՞ նորից քո ուրվագիծը ծովափին,
Կթրթռա՞ն կոպերդ դատարկ տարածության մեջ…
Մի լքիր ինձ, սեր իմ, թեկուզ մի վայրկյան…
Որովհետև այն պահին, երբ հեռանաս ինձնից,
Ես խելագարի նման թափառելու եմ երկրագնդով մեկ ու գոռալու եմ`
Կգա՞ս հետ, հետ կգա՞ս, թե կթողնես ինձ այստեղ` մեռնելու այսքան մենակ:
ՄԻՇՏ
Ես չեմ խանդում նրանց,
Ովքեր ինձանից առաջ են եկել:
Դու արի
Տղամարդու հետ՝ թիակներիդ միջից:
Հարյուրների հետ արի` մազերիդ միջից,
և հազարների` կրծքերիդ ու ոտքերիդ արանքից:
Գետի նման արի`
Ափեափ լեցուն ջրախեղ մարմիններով տղերքի,
Որ գահավիժեցին վայրի ծովի մեջ`
Ժամանակի`
Ալեբախվող հավերժորեն ու կատաղած:
Բեր նրանց այնտեղ,
ուր ես կանգնել ու սպասում էի քեզ,
միևնույն է, մենք կլինենք մենակ,
միևնույն է, մենք կլինեն ես ու դու,
Մենակ`
այս երկրի վրա`
Մեր կյանքը սկսելու համար:
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը
No Comments