Արփի Ոսկանյան | Չի վաճառվում

Արփի Ոսկանյան
ծնվ 1978թ., Հայաստան

Չի վաճառվում
պատմվածքներ

«Անտարես» հրատարակչություն
Երևան, 2016թ.


ԵՐԵՔ ՆԿԱՐ

Կինը քամու տակ

    Դատարկ տարածության մեջ՝ այնտեղ, ուր հնձած դաշտերի դեղինը խառնվում է երկնքի կապույտին, հորիզոնի կանաչ պարանին իր ճեփ-ճերմակ լվացքն էր փռում կինը: Քամին խաղում էր նրա անփութորեն թափվող մազափնջերի և դեմքը շրջանակած գանգուրների հետ, որոնց արանքից թափանցում էր երկնքի կապույտը: Քամին մտնում էր նրա փեշի տակ՝ հաղթ, իրարից հեռու դրված ոտքերի արանքը: Քամին աղմուկով զարկվում էր ճեփ-ճերմակ լվացքին՝ ծածանելով այն, քաշելով, պոկելով, տարածելով այն դեղին դաշտերի երկայնքով: Կինը ուղղում էր մազերը անփույթ շարժումով և իր ճեփ-ճերմակ լվացքը փռում կապույտ երկնքի ու դեղին դաշտերի վրա:

    Ամենուր փռված, երնքի երկայնքով տարածված, աղմուկով ծածանվող լվացքի արանքներով շրջում էր տղամարդու հոտը՝ սուլելով ու հորանջելով, ալարկոտ մռթմռթալով, լցնելով դատարկ տարածությունը արևի ու հնձած դաշտերի հոտով, ռադիոընդունիչի խշշոցով, շների հաչով, գնդակի ու պարանի համար կռվող երեխաների աղաղակներով… Կինը մարմնով էր զգում նրա հպումները լվացքի ճերմակին: Կինը ձեռքը մեկնում էր դեպի զամբյուղը, կինը կռանում էր, կինը ուղղում էր մազերը անփույթ շարժումով: Կինը ամբարում էր տղամարդու հոտը իր ռունգերում:
    Քամին խլում էր կնոջ ռունգերից տղամարդու հոտը, քշում, տարածում, խառնում այն հնձած դաշտերի ու արևի հոտին: Ճերմակ երկնքի ու ճերմակ դաշտերի արանքում սեղմված՝ տղամարդու հոտը կծկվում-մոլորվում-չէր գտնում մազերն անփութորեն հավաքած, հաղթ ոտքերով կնոջ ռունգերը: Կինը, տագնապած ռունգերը լայնացրած, հոտոտում էր դատարկ տարածությունը: Կինը մարմնով էր զգում: Կինը իր ճեփ-ճերմակ մարմինը փռում էր դեղին դաշտերի ու կապույտ երկնքի վրա:
    Ամենուր փռված, կատաղի ծածանվող ճեփ-ճերմակ ալեկոծության մեջ տղամարդու հոտը թպրտում էր վախեցած ու անպաշտպան: Հաղթ, իրարից հեռու դրած ոտքերով խրված դաշտերի դեղինի մեջ, երկնքի կապույտին կանգնած, մազերի ցանցկեն պսակով շրջանակված անուրախ-անտխուր դեմքով, կինը նման էր դեղին դաշտերով փախչող խատուտիկի:
 
Հնձվորը
 
Հորիզոնի՝ քանոնով երկու մասի բաժանված դատարկ տարածության մեջ, դեղին դաշտերի ամենակենտրոնում, հասկերի մեղմիկ ծփանքի միջից վեր էր ծոյանում տղամարդու բրոնզաձույլ մարմինը: Երկնքի անշարժ կապույտի մեջ մխրճված՝ նա նայում էր հորիզոնին, որտեղ ավերլոկով իրար էին կարված դեղին ու կապույտ մահուդից ձևած երկինքն ու դաշտերը: Կատարյալ կլոր, կարկինով գծված ու թերթավոր ոսկով լցոնված, անշող արևի ապլիկացիան կապույտի վրա հին, խլացած փայլով մետաղադրամ էր հիշեցնում:
    Տղամարդը կանգնած էր գերանդին ձեռքին՝ աներեր ու անհաղորդ դաշտերի դեղին, ոտքերը համբուրող ծփանքին: Նա ուզում էր հասնել հորիզոնին, ճղել, ճեղքել, խցկվել կապույտի ու դեղինի արանքը: Նա ուզում էր գույների անսպառ բազմազանություն բացել: Օձերը խլրտում էին նրա մետաղյա մաշկի տակ, և գերանդին լողում էր դեղին ալիքների մեջ: Նրա շնչառությունը կտրում էր լռությունը, ինչպես գերանդու շեղբը՝ երկնասլաց ամեն բան: Հասկերը հնազանդ պառկում էին, մեկնվում էին վայրի ծաղիկները, տապալվում թփերն ու մատղաշ ծառերը: Հողի խոնավ պաղությունը վայելող միջատները ճխլվում էին նրա ներբանների տակ, թաղվում հողի մեջ: Վայրի գազաններն ու ընտանի կենդանիները լեղապատառ, արնաշաղախ, սողեսող փախչում էին հասկերի խոնարհվող խրձերի միջից: Տղամարդը հնձում էր գնալով ավելի ու ավելի կատաղի: Նրա ճակատից քրտինքի կաթիլները գլորվում էին, ընկնում էին հողի մեջ, և այդ կաթիլներից հողը չորանում էր, ճաքճքում, հողը գոռում էր աղիողորմ: Անհաղորդ և անհողդողդ՝ տղամարդը քայլում էր դեպի հորիզոնը՝ դատարկ տարածությունը լցնելով կաղկանձով, վայնասունով, ծղրտոցով, ատամների կրճտոցով:
    Հորիզոնը քայլում էր տղամարդու հետ և հեռանում նրանից ճիշտ այնքան, որքան նա մոտենում էր: Տղամարդը շարունակում էր հնձել դեղին դաշտերի ամենակենտրոնում, ասես տեղից այդպես էլ չէր շարժվել: Դեղինի ու կապույտի ներդաշնակ հակադրությունը ցավեցնում էր նրա աչքերը, նա կկոցում էր դրանք, փակում և շարունակում հնձել՝ գնալով ավելի ու ավելի կատաղի։ Նրան թվում էր՝ գերանդին աճում է իր մարմնի միջից, ինչպես ոտքն ու ձեռքը։ Նրան թվում էր՝ ինքն է գերանդին, և ինքը գերանդի է՝ նավաբեկությունից հետո դեղին ալիքների կամքին հանձնված։
    Երբեմն երկնքի կապույտի վրայով ամպեր էին լողում։ Տղամարդը նայում էր նրանց պապակ աչքերով, աղերսագին, հույսով, որ կկուտակվեն, կգոռգոռան, ու հեղեղը կթափվի իր չորացած բերանի մեջ, իր ներսում խլրտացող օձերի և մաշկի հալվող մետաղի վրա, կթափվի շեշտակի դաղող հասկերի ու ներբաններն այրող, ճաքճքած հողի վրա։ Բայց ամպերը չէին կուտակվում, չէին գոռգոռում, չէին անձրևում, թռչում էին  փողփողալով ու ծածանվելով։ Դրանք ամպեր չէին, այլ ինչ-որ մեկի ճեփ-ճերմակ լվացքն էր, որ քամին քշում էր հորիզոնից հորիզոն։
    Դեղին դաշտերի ամենակենտրոնում, հասկերի ահագնացող ալիքների միջից խոյանում էր տղամարդու բրոնզաձույլ մարմինը, մխրճվում երկնքի անշարժ կապույտի մեջ։ Նա հավատում էր, որ կհասնի հորիզոնին, եթե կարողանա նրանից առաջ անցնել, և հնձում էր անդադար, գնալով ավելի ու ավելի կատաղի. թվում էր՝ կանգնած է ու անշարժ հայացքով նայում է հորիզոնին։ Միայն արևի մետաղադրամն էր փոխում դիրքը երկնակամարում։ Կատարյալ կլոր, կարկինով գծված և թերթավոր ոսկով լցոնված սկավառակի ֆոնին տղամարդու բրոնզաձույլ պրոֆիլը նման էր հին մետաղադրամի վրա արված, մաշված դրվագանախշի։
 
 
Աղջիկը և մահը
 
    Ալիքները լիզում էին ափը՝ թաց հետք թողնելով դեղին ավազի վրա, որ կարդիոգրամա էր հիշեցնում։ Աղջիկը, ոտնաթաթերը ալիքների համբույրներին պարզած, նայում էր կապույտի անվերջությանը։ Որտե՞ղ էր ավարտվում երկինքը և սկսվում ծովը, ո՞րն էր դրանցից ծովը, և ո՞րը՝ երկինքը։
    Հեռվում՝ ոսկեգույն շողերի մեջ, ճեփ֊ճերմակ առագաստներ էին լողում։ Աղջիկը նայում էր դրանց ու լսում ձկնորս ճայերի զվարթ ճիչերը։  Աղջիկը գիտեր, որ ծովի միայն մակերեսն է կապույտ, լուսավոր ու հիասքանչ, խորքերում՝ իրար վրա դարսված ալիքների ծանրության տակ, ուր բաբախում է ծովի սիրտը, մութ է ու ցուրտ, ինչպես մահվան գրկում։ Լույսը դժվար է թափանցում այնտեղ, բույսերն ու կենդանիները  դարանակալում են, խաբում, հիմարացնում, ծամում իրար։ Ծովի հոտը ծովի խորքում ապրող հեռավոր նախնիների բնազդներն էր արթնացնում։ Ավազահատիկները ծակծկում էին և խրվում մաշկի մեջ։ Աղջկա գլուխը պտտվում էր անսահման կապույտից։
    Նա ցանկացավ ձեռքը ազդրերի արանքը տանել և զարմանքով հայտնաբերեց, որ ձեռքն ամոթույքի վրա է։ Բայց իր ձեռքը չէր, ուրիշինն էր, ուրիշի ձեռքերն էին հետևից գրկել նրան այդպես ամուր՝ այնպես ամուր, որ դարձել էին սեփականը։ Աղջիկը նստած էր տղային հենված և ողնաշարով զգում էր նրա փորի մկանների թրթիռը, որ նաև իր մկանների թրթիռն էր։ Տղան սեղմում էր նրան իր գրկում, և աղջիկը քիչ֊քիչ ներծծվում էր նրա մարմնի մեջ՝ վայելելով ուրիշի մեջ տարրալուծվելու, վերանալու, անէանալու կորսված երջանկությունը։
    Ծովը լիզում էր դեղին ափը, ասես այն վիրավոր լիներ։ Հեռվում՝ ոսկեգույն շողերի մեջ ,պարում էին ճեփ֊ճերմակ առագաստները։ Քամին քշում էր դրանք, աղմուկով ծածանում, տարածում  համատարած կապույտի երկայնքով. ինչ֊որ մեկի ճեփ-ճերմակ լվացքն էր երամ կազմած չվում։ Ծակծկող, մաշկի մեջ խրվող հասկերի վրա պառկած՝ աղջիկը նայում էր երկնքում սավառնող ճերմակ առագաստներին ու լսում ձկնորս ճայերի զվարթ ճիչերը։ Բայց ճայերը չէին երևում, և դրանք ճայերի ճիչեր չէին, ծովի ալիքները չէ, որ համբուրում էին աղջկա ոտնաթաթերը. թարմ մսի հոտ առած գիշատիչներն էին լիզում ծորացող արյունը և ճերմակ, առողջ ատամներով պոկոտում  հյուսվածքները։ Այդ հողի ձեռքերն էին գրկել նրան ու քիչ-քիչ ներծծում էին՝ զգուշորեն, քնքշաբար, սիրով։ Աղջիկը չգիտեր՝ ցավից, թե հաճույքից է գոռում։
    Երկինքի կապույտը լիզում էր դեղին դաշտերը, ասես դրանք վիրավոր լինեին։ Աղջիկը նայում էր երկնքին ու մտածում, որ կապույտ, լուսավոր ու հիասքանչ է միայն նրա մակերեսը, խորքերում՝ այնտեղ, ուր բաբախում է տիեզերքի սիրտը, մութ է ու ցուրտ, ինչպես մահվան գրկում։ Հողի հոգատար ջերմությունը, իր հյուսվածքների հյութեղ ճպճպոցը արնաշաղախ բերաններում, շարժվելու անկարողությունը և ցավը, անտանելի ու սքանչելի ցավը հեռավոր նախնիների մոռացված բնազդներն էին արթնացնում։ Եվ կորսված երջանկությունը՝ ուրիշների մեջ տարրալուծվելու, վերանալու, անէանալու…
    Հորիզոնի գիծը նման էր կարդիոգրամայի, սակայն՝ այլևս չբաբախող սրտի։ 
 
 
No Comments

Post A Comment