Պոլ Էլյուար | 1895-1952թթ., Ֆրանսիա
ՇԱԲԱԹ
1
Գետի ալիքները
Աճը երկնքի
Թևի ու տերևի քամին
Հայացքը խոսքի
Եվ փաստը որ քեզ սիրում եմ
Ամեն ինչ շարժման մեջ է:
2
Լավ լուրերը
Սկսվում են այս առավոտ
Դու երազում էիր իմ մասին:
3
Մեր միայնակ սերն եմ ցանկանում միահյուսել
Աշխարհի առավել խիտ բնակեցված վայրերում
Որը կարող է տեղ թողնել
Նրանց, ովքեր սիրում են ինչպես մենք
Նրանք բազմաթիվ են և չափազանց քիչ:
4
Ես այն կրում եմ սրտիս և մարմնիս եմ այն կրում
Բայց ցավ չեմ պատճառում նրան ում պաշտում եմ:
5
Մենք զույգեր էինք և ապրում էինք
Արևային սիրո օրը
Մեր արևը մենք գուրգուրում էինք միասին
Ամբողջ մի կյանք էր մեզ տեսանելի
Երբ գիշերը եկավ մնացինք առանց ստվերների
Հղկելով մեր համատեղ արյան ոսկին
Մենք զույգեր էինք միակ գանձի սրտում
Որի լույսը երբեք չի քնում:
6
Մշուշը խառնում է իր լույսը
Մթությունների կանաչին
Ինչպես դու քո տաք տետրն ես խառնում
Տենչանքներին իմ կրքոտ:
7
Դու ծածկվում պայծառակերպվում ես
Դու քնեցնում ես և արթնացնում ես
Վստահելի եղանակների ընթացքում
Տուն ես կառուցում
Եվ քո սիրտը հասունացնում է այն
Հանց անկողին հանց պտուղը
Եվ քո մարմինը թաքնվում
Եվ երազները քո հարատևում են անդ
Դա տունն է նուրբ օրերի
Եվ համբույրները գիշերային:
ՓՅՈՒՆԻԿ
*
Ես վերջինն եմ քո ճանապարհին
Վերջին գարունը վերջին ձյունը
Վերջին ճակատամարտը հանուն չմեռնելու
Եվ ահա ավելի ցածր ու ավելի բարձր ենք ինչպես երբևէ:
*
Ամեն ինչ կա մեր խարույկի մեջ
Չինարի կոներ խաղողի վազեր
Եվ անգամ ծաղիկներ ջրից էլ ուժեղ
Ցեխ ու եղյամ:
*
Կրակը մեր ոտքերի տակ կրակը մեզ թագ
Մեր ոտքերի հետ բզեզները թռչունները մարդիկ
Պատրաստվում են թռչել
Իսկ թռածները վայր են իջնելու:
*
Երկինքը պարզ է երկիրը մռայլ
Բայց երկինք է հեռանում ծուխը
Իր բոլոր կրակներն է կորցրել երկինքը
Կրակը երկրին է մնացել:
*
Կրակը սրտի ամպն է
Եվ այդ ամենը արյան շիվերն են
Այն երգում է մեր արիան
Այն մեր ձմռան քրտինքն է վատնում:
*
Գիշերերգ և սարսափի մեջ այրվեց թախիծը
Փոշին ծաղկեց ուրախության և գեղեցկության մեջ
Մենք միշտ թիկունք են դարձնում արևմուտքին
Ամեն ինչ արևածագի գույն ունի:
Ֆրանսերենից թարգմանեց Թոնդրակը
No Comments