Վարուժան Վարդանյան

Վարուժան Վարդանյան | 1948-2010թթ., Հայաստան

*
Որքան երերուն է քո ստվերը
ճակատագրի ցուցամատի առաջ:
Որքան հիշաչար է արյունը:
Որքան կորուստներ է պահանջում չփակվող վերքը:
Որքան քնքշանք ունի իր մեջ սիրո կոտրված սրունքը:
Որքան ուժգին են փչում դժբախտության հողմերը:
Որքան վարագույրներով է վարագուրված հույսը:
Որքան լռություն կա թաքնված արցունքներից առաջ:

Որքան մահ կա գաղթակղության մեջ:
Որքան նախանձ ունի թռիչքն անկման հանդեպ:
Որքան մեծ է կործանումի զարմանքը:
Որքան հեշտ է հայելիներ գտնել կերապարանափոխվելու համար:
Որքան անկա է այգաբացի առաջին թռչունը:
Որքան սրտմաշուկ է մթնող հորիզոնի ձայնը:
Որքան միայնակ է տափաստանով սլացող գնացքը:
Որքան հուսահատ է լուսնի դեմքին ճախրող ինքնաթիռը,
որ կործանված է դատապարտված :
Որքան անմոռանալի է հետ նայող հայացքը,
ինքնախաբեությունը տրված մի հրեշտակի,
որի ջերմությունը բարձր է:


ԴՈՒ

Դու արթնացրիր ինձ
մոռացումի աղբակույտերի միջից,
և նորից ես ցանկացա ունենալ իմ արևը,
իմ երկինքը և իմ մայրամուտը:

Դու իմ հոգում ջարդված նավերի կայմեր դրեցիր,
Դու ինձ ձգեցիր դեպի խելակորույս ծիածանը:
Դու կորստյան վիհերի վրայով
ինձ մատնեցիր հավիտենական տանջանքների:
Դու ինքնամոռաց մոռացությանը տրվեցիր
և թմբուկների վրա արբեցուցիչ հարվածեցիր:
Դու անդորրը պղծեցիր և սև դիմակ կախեցիր իմ դռանը,
ու ես թռչելով իրիկվա զովի հետ,
ու ես ճռնչալով, ինչպես հնամաշ դուռը,
բացվեցի քո առաջ,
ընդունելով քեզ իմ պաղ սենյակը,
ջերմությունից սառած իմ տունը,
իմ կյանքի մթին արահետը,
իմ քրքրված ժապավենը,
իմ սրտամաշ ժպիտը,
իմ աղքատ թագավորությունը,
իմ անտիպ այցետոմսը,
իմ անորոշությունը,
կուրորեն,
կուրորեն,
կուրորեն,
ինչպես միշտ եղել էր,
ինչպես եղավ այս անգամ:


ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ես ծնվել եմ 48-ի արանքում,
տնակ ապարանքում,
ուր ստվերներ կային:
Գյուղ, ուր սևանում է ղողնոշը,
ու խոր ձորերի մեջ ապրում է քարադոդոշը:
Մայրս ինձ տվեց Վարուժան անունս,
հայրս ազգանունս` Վարդանյան,
հայրս ինձ խելք տվեց,
մայրս` խենթություն,
հայրս ինձ տվեց գեղեցիկ ատամներ,
մայրս` ատամնացավ:
Ու երկուսով` բարձր հասակս,
կարծր մարմինս:
Այդպես ապրեցի ես,
ու ապրեցի բարի,
հետաքրքիր այնպես,
ուղիղ 18 տարի,
մինչև որ հասա ձեզ:


ԵՍ ԼԱՎ ՏՂԱ ԵՄ

ես լավ տղա եմ և ընդամենը տասնութ տարեկան,
ու շատ եմ նման ես ծիծեռնակի,
այսքան երգելու իմ հատկությունով:
Ուրիշները թող շատ համեստ լինեն,
եթե ուզում են:
Իսկ եթե ասեն, որ իրենք լացն են,
ես կհավատան և կուրախանամ:
Ես միշտ ասում եմ, որ շատ լավն եմ ես:
Ուրիշներն էլ են հենց այդպես ասում.
տոմսավաճառը, բանաստեղծ մարդիկ,
և անցորդները իրենց ժպիտով,
զգում են ինչքան սիրում եմ իրենց
և ուրախանում,
տասնութ տարեկան այս խենթ պատանին:


*

…Ես ունեմ իսկական, իսկական, իսկական ընկերներ,
ես ունեմ իսկական, իսկական, իսկական դժբախտություն,
ես ունեմ իսկական, իսկական, իսկական պայքար,
ես ունեմ իսկական, իսկական, իսկական հաղթանակներ,
ես ունեմ իսկական, իսկական, իսկական պարտություն,
ես ունեմ իսկական, իսկական վախճան,
ես ունեմ իսկական, իսկական ծիծաղ…


*

Ու չնայած ես դեռ չեմ ստեղծել ոչինչ,
իմ բնակարանը, բանկում հաշիվ կամ դիրք,
բայց հավատացնում եմ ձեզ ընկճված չեմ,
որովհետև ունեմ առատ մազեր ու
հազվագյուտ մի քիթ:
Համոզված եմ, որ կփոխեր ինձ հետ իր ճաղատն իմաստուն
շատ հարգարժան մեկը տալով հարստություն:
Լավ կլիներ անշուշտ, եթե աստված ինձ տար
մի քիչ դրամ ու հետն էլ մի քիչ բախտ:
Սակայն առանց դրանց էլ շատ չեմ տրտնջում…
Համոզված եմ, որ մի կնոջ տիրանալու համար
շատ հարգարժան մեկը, ինչ ուզեի կտար,
որ իմ քիթն ունենար…
Այսպես ուրեմն ունեմ մի քիթ,
որ միշտ բարձր եմ ցցում, առատ մազեր,
ջահել եմ դեռ
ու շատ չեմ տրտնջում…


*

Եթե աչքերն իմ
նայեին քեզ գիշերով անխռով,
երբ ննջում ես հանգիստ
խռռոցի տակ պապիկիդ,
որը մեկ է ինձ համար,
մորդ կողքին`
որին տանել չեմ կարող,
եղբորդ հետ նույն տանը,
որն հիմար է իսկական…
եթե աչքերն իմ
նայեին քո գիշերային հագուստին,
շնիկային մազերիդ,
պարանոցիս, այտերիդ,
և այդ պահին աչքերս
թող դառնային շրթունքներ,
հետո մատներ դառնային
և գրկեին քեզ կամաց,
խռռոցիդ տակ պապիկիդ,
մորդ կողքին`
որին տանել չեմ կարող
և եղբորդ հետ նույն տանը,
որ հիմար է իսկական:


*

Ես լսում եմ սուտ մարդկանց,
որոնք բառ են որոնում
որևէ բան ասելիս,
կամ էլ մարդկանց իմաստուն,
որոնք  բառեր շատ գիտեն,
բայց հարկավոր ոչ մի բառ:
Արվեստագետ, կեղծ մարդկանց,
որոնք խենթ են ձևանում
և արվեստ են դեմ անում,
որ ճաշակես սուրճի հետ,
ձանձրալի են քանզի շատ
բոլորն իրենց խոսքերով,
ձանձրալի են և տկար
միայն խոսքերն քո հիմար,
այդ է միայն ինձ համար:


 *

Բոլոր կանանց մարմինների վրայով
ես սողում եմ դեպի քեզ, սեր իմ:
Բոլոր կանանց հայացքների վրայով դեղին
ես սողում եմ դեպի քեզ, սեր իմ:
Կյանքի հարբած փսխուքի վրայով
ես սողում եմ դեպի քեզ, իմ սեր:
Եվ մտքերի վրայով չար ու բարի
ես սողում եմ դեպի քեզ
արդեն հազար տարի
Իմ սեր:
Ես սողում եմ դեպի քեզ,
դեպ քո ոսկեգույն ափը:


*

100 հազար տարին քիչ է
որ մենք կարողանանք
ընդմիշտ ներել իրար
չփախչել անընդհատ
և սիրել անանձնական:


*

Ես նայեցի նրան
նա այնպես տգեղ էր
մի շատ տգեղ աղջիկ…
և մի ուրիշը
ծիծաղեց նրա վրա:


ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ԻՆՁ

Դարչնագույն այգին այս
մանրուքների մեջ նստած
նստած կեղտոտ սենյակում
լուսամուտների կեղտոտ լույսի մեջ
հիշողությունների ցելոֆանով պատված աղբում
հիշողություններ
որոնք արթնացել են
վաղորդյան ցրտի մեջ
կեղտոտ ու թաց պատշգամբի տակ:
Թույլ տուր ինձ
այլևս երբեք չհիշել
քո գունաթափ աչքերը
քո հնաոճ սերը
մի կերպ սարքած ժպիտդ
դեղին, անբուժելի տխրությունդ
և մեր սիրո անիմաստ գոյությունը:
Սեր
որն ընկած է սառած հիշողությունների մեջ
կեղտոտ ու թաց պատշգամբի տակ:


ԳԱՐՈՒՆԸ N7 ՓՈՂՈՑՈՒՄ

Գարնանը
բոլոր սատկած կատուներն արթնացան
և ճամփեզրին
նրանք ապրում էին
երկրորդ անգամ
ու հալածում մարդկանց:


ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

Եկ ինձ հետ կամ ես քեզ կտանեմ
ականջներիցդ բռնած,
ցույց կտամ մի կնոջ փոր,
խեցու նման ճերմակ,
եկ ինձ հետ վերջապես,
ափսոսա ականջներիդ,
ափսոսա ճերմակ փորը,
ափսոսա կորած օրդ,
անցած ականջի ցավերում:


ՀՈՒԴԱ

1.
Ահա երեսուն արծաթն ափիս մեջ է
և վերադարձի ոչ մի ուղի չկա
դեռ մորս արգանդում
կամ գուցե դեռ չհղացած
աստվածները դրել էին վրաս
պարտականությունն այս

2.
Շիկացած ածուխների նման
Նրանք այրում են ձեռքերս
նրանք ամայացրել են երկիրը
տարօրինակ լռություն է
և այդ լռության մեջ
այն միայնակ ու չոր ծառն է հոգեհանգիստ երգում

3.
Ինչ որ մեկը պետք է վերցներ այս փողերը
ինչ որ մեկը պետք է անիծվեր մարդկությունից
ինչ որ մեկը պետք է գամվեր անարգանքի սյունին
ինչ որ մեկի միջոցով մարդիկ պետք է ազատվեն
իրենց էությունից
ինչ որ մեկը պետք է փրկեր աշխարհը
ինչ որ մեկը պետք է համարվեր ամենավատը
ինչ որ մեկը հարկավոր էր մարդկանց
կրելու իր վրա մարդկության ամոթը

4.
Այժմ տեսնում եմ դեմքն այն
որ պետք է համբուրեմ
այնքան անիրական է այն և այնքան ճերմակ
իմ շրթունքների այրոցից
այն մի տեղ կսպիանա
անջնջելի սպի:
Նայեցեք բոլորի դեմքերին, ով սպի ունի`
նա է, ով ոչ` ես…

5.
Ահա այս արծաթադրամները
բայց վկա է աստված
որ չեմ համրել դրանք
օ, կույր մոլորություն
միթե արեց այդ
այս փողերի համար
միթե Հիսուսն ինքն ինձ չստիպեց
տանել դեպի կառափնարան:

6.
Ինչիս էր պետք այդ խղճուկ փողերը
միթե չգիտեր ես
որ վերցրի նրանց հետ
իմ վախճանը և վրաս դրված նզովքը
անվախճան
միթե չգիտեի ես, որ այդ փողերը չեն
կարող հաց դառնալ և կշտացնել
չեն կարող հագուստ դառնալ և տաքացնել

7.
Սակայն Հիսուսն այնքան անհողդողդ է
նրան պետք էր այս մեծ ներկայացումը
և ես պետք է գնամ
ես գնում եմ համբուրելու:


*

Պոետիկ դինոզավրը
իր թևքը թաթախեց թանաքում,
երկինքը պատվեց
թանաքոտ փետուրներով
և պոետը
որ ուզեց բանաստեղծություն գրել
հանկարծ կուլ տվեց նրան
և դարձավ
100352 կիլոգրամ
ու օձիքն արձակելով մտածեց
(թանաքոտ շուրթերով)
-Ես ինձ զգում եմ ինչպես տանը:


ՀԵՔԻԱԹ

Մի երեկո ես տեսա
մեր փողոցով երկու վիշապ
տանում էին շղթայակապ
գեղեցկուհի մի աղջկա
այդ հրեշներից աննկատ
աղջիկն այնպես ինձ նայեց
սիրտս ու միտքս խռնվեցին
շունչս մարեց
և պարզ դարձավ
որ մի աղջիկ (գեղեցկուհի)
քարշ էր տալիս շղթայակապ
երկու խղճուկ վիշապների
և ինձ նրանց ետևից:


ՊԻԳՄԱԼԻՈՆ

Նա փչացրեց շատ մարմար ու գիպս
խմեց սուրճի հազարավոր բաժակներ
խժռեց ծխախոտի պլանտացիաներ
և մի օր, երբ հոգնած ու հուսահատ էր
կինոյի մի ժուռնալում
տեսավ կի հոգու տիրուհուն
ու գեչեց կենդանացի’ր, շնչի’ր
և կինն այդ չնայած առասպելի
առաջացրած արգելքներին
ժպտաց և ծխախոտ խնդրեց
և հետո, երբ մի քիչ գինովցավ
նվաղուն հանձնվեց իր ստեղծողին:
Այդպես որոշ ժամանակ նրանք միասին խժռեցին
սուրճի և ծխախոտի պլանտացիաներ
մինչև որ մեր բարեկամը տկարացավ
ու զայրացած այրեց
կինոյի բոլոր ժուռնալները
և բոլոր կինոաստղերի
հետ կապված հիշողությունները
և հոգոց հանելով
շարունակեց իր տառապալից գործը:


*

Թշվառության ծերացած կապիկը
մագլցել է մինչև կոկորդս,
նրա ճաղատ գլուխը
փայլում է արևի տակ:
Երբ նայում եմ նրա դեմքին,
առնվազն հինգ բանաստեղծություն
մեռնում է իմ հոգու մեջ,
որտեղ լողում են ստոր տանտերերիս
դիակները:


ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՇՔԵՐԹ

Գարունը խոնավ դիակներ նետեց մայթերին,
բոլոր խաչմերուկներում թափառական մարգարեներ
հայտնվեցին ճերմակ դեմքերով
և հողմաղացների նման
սկսեցին թափահարել թևքերը,
հայտնվեցին կանայք
գրկած քրքջացող կատուներ,
հայտնվեցին կեղծամ դրած նժույգներ
ոսկյա ձեռնափայտով,
հայտնվեցին արևածաղիկ ծախող երգեհոնահարներ,
հայտնվեցին ժանյակավոր օձիքներով տխուր սատանաներ,
որոնք ֆոսֆորե ծաղիկներ են ընծայում աղջնակներին,
և ես լաց եղա երջանկությունից
ծաղիկներով լեցուն
մի զամբյուղի մեջ:


*

Դու լավ մարդ ես, շուն,
բարի իրիկուն,
միշտ տեսնում եմ քեզ այս աղբանոցում:
(երկաթգծերի կողքին, ծխի մեջ դու կես ես փնտրում,
դու ճերմակ ես, չես ստացել ոչ մի ժառանգություն, և այժմ
մշուշի մեջ
դու նայում ես ինձ…)
Մի քիչ խեղճոտ ես, ինձ նման մի քիչ,
դու լավ մարդ ես, շուն,
բարի իրիկուն:


ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրացանների ետևում մարդիկ են կանգնած:
Նրանք սիրում են իրենց կանանց ու երեխաներին,
Նրանք ժպտում են և ծիծաղում նույնիսկ,
երբեմն լաց են լինում,
հրացանների ետևում մարդիկ են կանգնած` դահիճները…

 

No Comments

Post A Comment