25 Jan Դուգլաս Դուն | Douglas Dunn
Դուգլաս Դուն | ծնվ. 1942թ., Շոտլանդիա
ՍԻՐԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Ես ապրում եմ քո մեջ, իմ մեջ ապրում ես դու.
Մենք երկու պարտեզներ ենք, որ այցելում են իրար:
Երբեմն ես չեմ կարողանում գտնել քեզ այնտեղ:
Միայն ճոճանակի ճռինչն է հուշում, որ դու հենց նոր ես հեռացել,
Կամ քո սիրելի գիրքը` արևի ժամացույցի կողքին:
ՁՈՆ ՈՏՔԵՐԻ ՍԻՐԱՀԱՐԻՆ
Նրանք իմ պարուհիներն են, իմ վատնած կյանքերը,
Երգչախմբի աղջիկները, որոնք ապագա չունեն,
Որոնց չեն ուղարկում ծաղկի ձևավորում սովորելու կամ պարարվեստի դպրոց
Իրենց հարուստ և վավաշոտ երկրպագուները, նրանք ավելի հաճախ ամուսնանում են
Ինչ-որ նայիվ Ջոյի հետ Սվինդոնից կամ Գուլից,
Հիսուն տարեկանում տոնական օրերին նրանք գտնում են իրենց
էժանագին պանդոկների հարևանությամբ` կոպիտ ու նեխած,
Տգեղ ոտքերով, և մինչև իսկ տաքսու փող չունեն:
ՔՆԵԼԻՍ
Ազատ ենք, ինչպես հաճախակի անձրևները,
Եվ մեր ոտնահետքերը բարձրանում են իրենց ամենախորը նշաններից
Այնքան ժամանակ, քանի դեռ երկրագունդը հանդարտ է մեզնով կրկին:
Mandus Senescit, – ասում է իմ քահանան:
Լուսնի լույսի ներքո աշխարհը դառնում է ծեր:
Եվ ավելին, աշխարհը միշտ էր ծեր:
Սեր, ո՞վ է տաք:
Մինչևիսկ այս ժամին, մոտոցիկլետները
Ուժգին որոտում են իրենց մոլեգնության մեջ,
Գիշերային տաքսիները հավաքվել են հեռախոսախցերի մոտ,
Շնչեղ շոգեքարշները հեռանում են ժամանակից
Մայիսի ծաղկուն գիշերվա մեջ:
Գիշերը հնազանդեցնում է ուղղահայացները,
Եվ թողնում է աշխարհը հարթ, նրա լողացող լույսերը
Բաբախելով` կողոպտիչների հուզված սրտեր են հիշեցնում:
Մի օր մի աղջկա ասացի. «Դժոխքը ծանր է:
Մոռացիր ինձ: Դա հեշտ է»: Վատ չստացվեց:
Բայց ձանձրանալը լի է նման անակնկալներով:
Եվ հիմա մենք թևածում ենք, ոչ շատ բան նշանակելով,
Եվ միայն հիմա իմ և քո համար`
Գունատ սքանչացումներ սենյակների մեջ,
Երբ ընդամենը մի հայացքով կարող ենք կարդալ մեր մտքերը,
Կամ մեր մատներով շրջել լուսինը
Այս հուզված Մայիսի` նրա մյուս կողմը տեսնելու համար:
Խնձորի կղզին` մեր մարմնական ճշմարտությունը,
Շրշալով դուրս եկավ իր շիթից
Ֆիզիկական այգիների միջով և դանդաղեցրեց ալիքների հոսքը:
ՏԱՐՎԱ ԿԵՍՕՐԸ
Երբ ազատ ժամանակի պահը խորանում է,
Ինձ թվում է` ես սուզվում եմ դանդաղ, ինչպես արմատ,
Իմ տարածքի բուսական տերության մեջ:
Սա իմ ժամանակն է` ինձ պատկանող, փարթամ,
Ազատությունը ազատ անկման աշխատավարձային ուղիներից,
Ներխուժումներից, անսահման ձանձրույթից:
Սա իմ ազատագրումն է, ծառերի և խոտերի հարևանությամբ,
Երբ լռությունը մտքի անկատար հումքն է,
Եվ գաղափարը վերափոխվում և անարգել թափառում է
Իր տարածության մեջ ցանկություններից և փոխակերպումներից դուրս:
Երեք ժամ առանց պատմության կամ ծարավի`
Ժամանակն իմ սեփական, չգնված և մտերիմ
Հանրապետությունն էզով քամիների և կապույտ ծովի:
Երեք ժամ ես կլինեմ իմ իսկ ուսուցիչը
Ափամերձ թփուտների դպրոցում կանաչ կահավորանքի հարևանությամբ:
Երևակայական գրքեր են թռչում իմ ձեռքերի մեջ
Ծառ գրադարաններից: Դրանք այն ամենն են, ինչ ինձ պետք է:
Թռչունների դայլայլը սևեռուն լռությունն է`
Վերափոխված փարթամ սաղարթների մեջ, և ես հանգիստ եմ,
Շատ հանգիստ, փիլիսոփայական լույսի ներքո:
Ես համակ լսոություն եմ իմ ափամերձ թռչնանոցում:
Շնչառությունս միտված է ճշմարտության և շշնջում է
Ներքին անտեսանելիություններից և սրբությունից:
Առաքինության փոքրիկ թռչուններն ապրում են միշտ
Իրենց բնազդային հարմարավետություններում: Ես ազատվում եմ
Փոքրիկ բանաստեղծության ախորժակներից և բաց եմ այն ամենի առաջ,
Ինչ այցելում է ինձ: ես համակ տեսողություն եմ,
Երբ լույսը շարժվում է ջրի վրայով, և տերևները դողում են:
Ես շատ հանգիստ եմ, թաքստոցից կրակող,
Ում տեսադաշտում պայծառ հավերժությունն է
Ինձ ժպտում, և իմ մաշկւ կենդանի է
Հազարավոր քնքուշ հպումների առջև, ժամանակի
Թեթև համբույրների առջև, մտքերի համբույրների,
Հպումները գալիս են ամաչկոտ թաքստոցներից
Եվ վերստին վերադառնում հեռավոր
Նահանջներից իրենց, որտեղից եկել են և որտեղ բնակվում են:
Կատարելության հասցնելով իմ կեսօրը` ես զգայուն եմ
Արխիվային բույրերի հանդեպ, որ թռչում են դեպի ինձ
Անբացատրելի աշխարհի հեռուներից:
Սա իմ ժամանակն է: Ես այն դարձնում եմ իրական:
Ես ազատվում եմ ինձնից: Սա իմ ժամանակն է:
Ես ազատ եմ` անելու այն, ինչ ուզում եմ
Այս ժամերին: Եվ ես ընտրել եմ այս
Ազատությունը, որը անհետացում է
Շնչառության եզրին, վայրկենական
Կորուստ պարտավորվածության, թշվառ
Պատահականության, կյանքի անպատվություններից
Դեպի իմ ազատությունը խույս տվող,
Որը վեր է բոլոր մյուսներից, որը ես եմ:
Ես ազատ եմ անել այն, ինչ ուզում եմ:
Ես սուզվում եմ դանդաղորեն, ինչպես արմատ, կյանքի անվան մեջ,
Եվ անվան մեջ այն ամենի, ինչ ես անում եմ:
Սրանք 1993-ի իմ ժամերն են:
Ականջներ, քիթ, մաշկ և համ, ամեն ինչ անհետացել է:
Մի փոքր ժամանակ ես կլինեմ ոչինչ և կլինեմ լավը:
Հետո կվերադառնա մյուս ժամանակը և պատմությունը:
Ես վեր կկենամ և կթողնեմ իմ թաքստոցը,
Իմ բնազդային, դաշտավայրի չափ հանրապետությունը:
Ես կգնամ տուն և կլինեմ այն մյուս մարդը:
Ես կգնամ իմ գրասենյակը: Ես կապրեմ
Եվս մի տարի` կարոտելով իմ ժամերին
Լիակատար արևի ու աղի կեսօրվա մեջ:
Իմ դատարկ կոշիկները կողքիս կասեն ինձ.
«Ե՞րբ ենք մենք քեզ հետ տանելու: Ինչո՞ւ համբերել:
Դու շատ ավելին ունես, այնքան ավելին ունես կորցնելու»:
Անգլերենից թարգմանեց Լուսինե Հարոյանը
No Comments