Էդուարդ Հարենց

 

Էդուարդ Հարենց | ծնվ. 1981թ., Հայաստան

 

*
Կյանքն ապրում է ինձ
իմ բոլոր
մանրամասներով,
իսկ ես պտտվում եմ նրա շուրջը,
ինչպես գույնը` օտար վրձնի:
Կտավներս ծակ են
ինչպես ճապոնական մետաղադրամ,
որի միջով միշտ դեպի դուրս` հերթով
ինձնից փրկվում են բոլոր սերերս` հեռացող զրնգոցներով
իմ հրաշալիորեն կորստյան մասին…
Ու ծափահարություններս ավելի 
ծանր են կշռում ինձնից:
Ուստի ես հավաքել եմ դրանք
ափիս մեջ`
որպես ճմրթված թղթադրամներ,
և պահում եմ
վերջին`մահվան համար`
կարկատելու նրա դիմակները,
որոնք կծակվեն մի օր,
ինչպես կտավներն իմ,
ու ես դուրս կզրնգամ հավետ,
ու կյանքը կշարունակի ապրել ինձ`
իմ բոլոր մանրամասներով…

Նարցիսի ֆոտոսինթեզը` լակմուսի ֆոնին

Քնելուց առաջ
հրեշտակները
Նարեկացի են կարդում Աստծո համար:

Լեթարգիական արթնություն…

*
Մինչ ես մտածում եմ ծառս,
սերս պաս է պահում:
Բանաստեղծությանս մեջ թռչուններ են կանաչ…


Հրաչյա Սարիբեկյան

իսկ դու կուզենայի՞ր
Դոստոևսկու հետ մենա՛կ լինեիր
դժոխքում…


*
Վան Գոգն ազատվեց իր ականջից,
որովհետև այն իրեն պետք չէր.
նա արդեն լսել էր Հանճարը:

Ալ-Մա’արրին իրականում տեսնում էր այնքան,
որ այլևս
աչքերն այնքան էլ կարևոր չէին:

Չարենցը գերեզման չունեցավ,
քանզի
նա դեռ չի´ էլ մեռել:

Ես մարդկանց ձախո´վ եմ բարևում,
որովհետև
աջով արդեն բարևել եմ Աստծուն… 


*
Այդ կարմիր օրը
Մուսայիս դեռ հեթանոս տատերը
Դռնփակ գաղտնի քվեարկությամբ
Որոշել էին,
Որ ինն ամիս անց
Բակունցյան միրհավների երգի ներքո
պիտի լույս տեսնի
Բանաստե´ղծը իրենց թոռան:
Եվ որովհետև աստվածավախ էին,
Ուստի որոշեցին`
Դրախտի ծառերից
Ոչ մի ֆիզիկոսի գլխին կաթուկ տված
Վերջին խնձորը-
Խնամքով թաքցնել մորս փեշի տակ…

Ութսունմեկի օգոստոսին-
Հայրս թթի օղի էր քաշում…

 

No Comments

Post A Comment