Թոնդրակ | ծնվ. 1977թ., Հայաստան
*
Մետաղադրամ
220 վոլտ զնգոցով…
Մի բաժակ «Նոյ» ու «Ջերմուկ»…
Խմել ու չգիտակցել
որ մի բաժակ ջուրն իսկ բավական է
քաղաքականությանը մասնակցելու համար…
Խմել ու ամբողջանալ
այլոց կանանց հետ
և զավակների տեսքով
ուրիշ հայրերի…
*
Բոլոր բառերի թիկունքում էլ
ինչ-որ մեկը կա,
սակայն քո անունը կօգնի,
որ անցնես հայելուց անդին…
Իսկ ջրերի վրայով
թող մեկ ուրիշը քայլի…
*
Գովազդափոշի հավաքող մեղուներ…
Հագուստներ, որ մարմիններ են
պատվիրում…
Տես, թե Երկինքն ինչպես է
գունաթափվում աչքերիդ մեջ…
*
Սրտիս մեջ
մլավող կատվահետքեր են…
Կոկորդիս մեջ
ձկնափշերի պես խրված բաղաձայններ…
Մի կին
սանրվում է աչքերիս մեջ…
*
Մենությունը,
որ բուն է դրել հայելու մեջ,
սարդոստայններ է լույսից հյուսել
ու բառեր է որոնում…
Մի հայացք
քեզ է փնտրում…
*
Ոչինչ չի մնացել ասելու,
որն ինձ պահի ոտքի վրա,
ոչինչ չի մնացել,
բացի
իմ ձայնից,
իմ չարտասանված բառից,
որ թպրտում է
քո շրթունքներին…
«Արձանագրություններ Կաքավաբերդի պարիսպներին» շարքից
4.
Եվ քնելուց առաջ
քո մեջ արթնացող վայրենուն
չմոռանաս օրորել
աղմկող քաղաքի հեքիաթով…
5.
Ամուսնանալ Պանդորայի հետ և լուսանկարվել
ժամանակի ու դրա բացակայության միջև…
No Comments