01 Nov Վիոլետ Գրիգորյան
Վիոլետ Գրիգորյան | ծնվ. 1962թ., Իրան
ԳԱՐՈՒՆ
Այս կապույտ գմբեթի ներքո,
այս չալպուտուրիկ, խլվլան աշխարհում,
երբ արևի ճառագայթները շրխկալով թափվում են վրաս,
և գույնզգույն փուչիկներ կան ձեռքիս,
երբ շրխկում են վզիցս առկախ ուլունքներն ապակե,
և զրնգուն ականջօղեր կան ականջներիս,
երբ փռփռում է մազերիս կապված կարմիր ժապավենը,
և պլպլան մատանի կա մատնեմատիս,
երբ եռամսյակի բաժին լացս ամսագլխին լացել-պրծել եմ,
և աչքերս համարյա կապույտ են,
երբ բերանիցս մարգարիտներ են թափվում խոսելիս,
և ոտնահետքերիցս բուսնում են ծաղիկներ,
երբ հանդիպող բոլոր աղջիկները 17 տարեկան են,
և բոլոր տղաները` թագավորի երրորդ լավագույն
որդին,
երբ պոտենցիալ արքայադուստր է կռկռացող ամեն մի գորտ,
և ինչ մազ էլ վառես, կհայտնվի նա,
որին փնտրել ես ողջ կյանքում,
երբ ափդ թե քսես այս աղբարկղին,
կհայտնվի կամակատար ջինը,
իսկ թե ավտոբուսդ ուշանա,
հրեղեն նժույգի կվերածվի աղբարկղը պեղող առնետը,
երբ ես սատանայից տարբերվում եմ միայն նրանով,
որ հրեշտակ եմ,
և հրեշտակից էլ տարբերվում եմ նրանով, որ հրեշտակապետ եմ,
այսքանից հետո ինչ է մնում ինձ անել,
եթե ոչ` տռճիկ տալ ու երգել հանկարծակի անձրևի տակ,
ինչպես դեռահաս մի քուռակ,
քանի դեռ պոտենցիալ արքայադուստր է ամեն մի գորտ,
քանի դեռ բոլոր աղջիկները 17 տարեկան են,
քանի դեռ բերանիցս մարգարիտներ են թափվում,
քանի դեռ աչքերս կապույտ են,
քանի դեռ առջևում երկու չորային անարցունք ամիս կա,
քանի դեռ պլպլում է մատանիս,
քանի դեռ զրնգում են ականջօղերս,
քանի դեռ շրխկում են ուլունքներս,
քանի դեռ չեն պայթել ձեռքիս փուչիկները գույնզգույն,
քանի դեռ շրխկում են արևի ճառագայթները,
և քանի դեռ այս կապույտ գմբեթի ներքո,
այս չալպուտուրիկ աշխարհում
խլվլում եմ ես, ինչպես շարքային մի քուռակ
կամ հրեշտակապետ:
*
Մայրիկ, այդպես չռված աչքերով մի նայիր,
ուսերիս վրա տարուբերվող այս ճերմակ բաները
թևեր են, այո՛,
բայց դու մի՛ վախենա,
ես ցավ եմ զգում,
բաց թող ոտքերս,
որ կարողանամ թռչել:
Հայրի՛կ, ականջիս այս օղը
քո Խոսքն է, այո՛,
բայց քո տունը նեղ է վրաս,
ինձ մի՛ ափսոսա,
քո հարկից վերև
կապույտ տանիք կա իմ գլխի վրա:
Բաց թող մայրիկի ոտքերը,
որ նա կարողանա թռչել:
Եղբայրիկ, ամենահամեղ պատառները
և իմ կարծիքը երկնքի մասին
ես միշտ կիսել եմ քեզ հետ,
բայց այս թևերը չեմ կարող կիսել,
բաց թող հայրիկի ոտքերը,
որ նա բաց թողնի մայրիկի ոտքերը,
որ նա բաց թողնի իմ ոտքերը,
որ կարողանամ թռչել:
Ընկերներ իմ, ինձ մի սպասեք,
սուրճը դրեք կրակին և ուրիշին գտեք`
համալրելու ձեր բլոտի խումբը:
Ինձ մի՛ կարոտեք և մի՛ բամբասեք,
ես մոտերքում եմ
(Վարդուհի, իջի՛ր խաչի յոթնոցը),
բայց հիշեք անունս` գինի խմելիս:
Դե, բաց թողեք եղբորս ոտքերը,
որ նա բաց թողնի հորս ոտքերը,
որ նա բաց թողնի մորս ոտքերը,
որ նա բաց թողնի իմ ոտքերը,
որ կարողանամ թռչել:
Տղաներ, որ չհասցրի ձեզ համբուրել,
ավտոբուսներ և գնացքներ, որ չհասցրի ձեզ նստել,
սիրուն շորեր և ականջօղեր, որ չհասցրի ձեզ մաշել,
կովեր, խոզեր և հավեր, որ չհասցրի ձեզ ուտել,
բանաստեղծություններ, որ չհասցրի ձեզ գրել,
գինի, որ չհասցրի քեզնով հարբել,
երեխաներ, որ չհասցրի ձեզ ծնել,
ծաղիկներ, քամի և ջուր,
լեռներ ու հարթավայրեր,
շոգ կեսօրներ և երկար գիշերներ,
փետրավոր ամպեր և նույնքան փետրավոր թռչուններ,
տեսարան մի սարքեք, անտեր չեք մնա,
դե՛ բաց թողեք ոտքերս,
հո չեմ կարող ես պոչիս կապած
երկինք բարձրանալ:
Եվ մխիթարվե՛ք,
գուցե ետ դառնամ օրերից մի օր`
խոշոր փաթիլներով, նախշուն պուտիկներով,
խոտի հասակով, քարի կեցվածքով,
թափանցիկորեն, որպես ապակի,
գլաքարերի հղկված ձևերով
կամ առանց ձևի-
դուք կճանաչեք:
ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ
Ինչ գեղեցիկ է քայլել փողոցով,
երբ վզիդ չկա էլ ոչ մի շղթա`
սիրային կամ վարչական:
Դիտել անձրևի մանրատառ գրությունը մայթերին
և դիտել, թե ինչ հետևողականորեն է քամին
թափված տերևներով ստորակետեր գծում ու ջնջում:
(Սրճարանում Վարդան Մկրտչյանը հանգցրեց
առաջին սիգարետը և վառեց երկրորդը):
Գնալ ոչ մի տեղ:
Ինչ գեղեցիկ է գնալ ոչ մի տեղ
Չհիշել ոչինչ:
Ինչ գեղեցիկ է չհիշել ոչինչ
և չհիշել,
որ երբևէ նվագել են քեզ վրա:
Երբեմն նվագել են:
(Սրճարանում Վարդան Մկրտչյանը հանգցրեց
երկրորդ սիգարետը և վառեց երրորդը):
Ապրել հենց այնպես, իմ միջի այլոց,
շնչել առանց ետին նպատակների,
ժպտալ հանդիպող բոլոր գեղեցիկ տղաներին առանց ենթատեքստի:
Ինչ գեղեցիկ է ապրել, շնչել, ժպտալ:
(Սրճարանում Վարդան Մկրտչյանը հանգցրեց
երրորդ սիգարետը և վառեց չորրորդը):
Ես այս ծառի երկվորյակ քույրն եմ:
Մենք ծնվել ենք միևնույն օրը
միևնույն երկինք-հարկի տակ,
նույն արևն ու ջուրն են սնուցել մեզ,
մեզ ուղեկցել է միևնույն կարոտը` սիրո և ջերմության,
և նույն քամին է մեզ հերթով
ամուսնության առաջարկ անում:
(Սրճարանում Վարդան Մկրտչյանը հանգցրեց
չորրորդ սիգարետը և վառեց հինգերորդը):
Ինձ հանդիպող բոլոր տղաներ,
որ երբևէ ժպտացել եմ ձեզ,
եթե Վարդան Մկրտչյանին
տեսենք <<Եթեր սրճարանում>>,
ասեք նրան. <<ԽՍՀՄ առողջապահության մինիստրությունը
զգուշացնում է`
ծխելը վնասակար է ձեր առողջության համար>>,
ասեք նրան` թող տուն գնա, էլ չեմ գալու,
ասեք նրան` չի նվագվի էլ ինձ վրա, ծառ եմ դարձել,
ասեք նրան` ամուսնացա անվերադարձ առաջին հանդիպած քամու հետ,
ասեք նրան` Վիոլետն ասաց. – մնաս բարով, մնաս բարով:
ԻՆՔՆԱԿՈՉԸ
– Եգիպտացորենի հատիկներ,
ես ձեզ կսովորեցնեմ ճանաչել ցավը
և ատամերս մխրճելով ձեր պիրկ կողերի մեջ`
կապսպրեմ չտնքալ:
– Ագռավներ,
ես յուրաքանչյուրիդ մի բարդի կտամ,
միայն թե չկռռաք պոետի գլխին` այլևս երբեք:
– Համապատասխան հայացքով ուղեկցվող
համապատասխան ժպիտներ կանացի,
եթե չեք կարող քմծիծաղ դառնալ,
ապա կփշրվեք բախվելով օդի ցինիկ կեղևին,
և ձեր մանրոնը կսնի
սենտիմենտալ արուների բորբոսնած երևակայությունը:
– Ցող, վարդաերազների գլխավոր դերակատար,
ես քեզ ավելի հարմար պաշտոն կառաջարկեմ,
իսկ վարդերը պոկոտելով բանաստեղծությունների միջից
պարտեզներին կվերադարձնեմ:
– Քամի,
քեզ լիազորում եմ մտրակել
տառապանքով լի սայլերին լծված բանաստեղծներին:
– Հայելի,
ծածկիր քո ավելորդ ճշմարտասիրությունը,
ես անգիր գիտեի դեմքս քեզանից էլ առաջ:
– Ածելի,
արյամբ սրբագործիր քո ամենօրյա ծիսամարտը
օսլայած գրասենյակայինների դեմքին:
– Լուցկու նիհարիկ հատիկներ, մխիթարվեք,
ձեր մեջ ուժն է պարփակված հրաբուխների:
– Բառ,
շալակիր հագեցած պահը (եթե կարող ես)
ու ճամփորդիր ճերմակ թղթերի համրության վրայով:
– Բանաստեղծություն,
ավարտվիր (եթե կարող ես):
No Comments