Հասմիկ Սիմոնյան


 

Հասմիկ Սիմոնյան | ծնվ. 1987թ., Հայաստան

 

Ամառ

Ես նորից արևածաղիկներ էի գնել ու վազում էի իմ տուն, սիրելիս,
ես նորից ծաղիկներ գնեցի հենց քո պատշգամբի տակից
ու աչքով արեցի կնոջդ, ով լվացք էր փռում:
Ձեռքիս մրգերի տոպրակն էր, 
ես դեղձ ու խաղող էի գնել…
Հիշո՞ւմ ես՝ կայարանում վանաձորյան ռոք խմբի երգն էր միացրած,
գնացքը չէր եկել. մենք նորից գնում էինք Թբիլիսին զավթելու,
մենք հարբած էինք ու երջանիկ ու համբուրվում էինք անվերջ
ու ծիծաղում մարդկանց շլմորած հայացքների ներքո:

Դու երգի բառերը չէիր լսում, իսկ ես սիրում էի նրանց վաղուց,
երբ երկուսս էլ սիրում էինք ուրիշներին,
երբ ծնկներս բաց էին ու քերծված,
իսկ դու, ո՞վ էիր դու, իմ թղթե կոկորդիլոս՝ ճահիճներիս անծանոթ իմ ասպետ…

…ես վստահ եմ հիմա՝ դու միշտ էլ ինձ ես սիրել, և սպասել ես, որ ծնվեմ, 
և սպասել ես, որ ժամանակը մեզ հասցնի իրար
բնականոն, ինչպես եղանակի փոփոխությունը,
և բնական էր, որ քեզ գտա ամուսնացած, սիրուհիների գրկում, 
դու ինձ՝ տղաների միջից, սիրեկանների ու ծեր մարդկանց,
մեռելների գրքերից և բանաստեղծության փոշիներով օծուն…
Սա կյանքն է, իմ սեր, որ հորդում է իմ միջից լայնահուն,
և ինձ պետք է քո ձեռքի մակույկը, 
որ շարունակվեմ ես ու ամառային այն օրը, երբ վազում էի տուն…

…անհասկանալի դեղին ու կարմրաթերթ արևածաղիկները ձեռքիս,
և մեղուն էլ՝ արևածաղկի ներսում,
և դու էլ իմ ներսում մեղվի պես սրտիս ծաղկափոշին թարթիչներիս քսող ու անուշաբզզոցով…

Ես բարձրանում էի փողոցով հևիհև
ու հիշում Նունեի՝ արևայրուքից թեժացած շքեղ կուրծքը, 
որ հաստատ դու էլ կսիրեիր,
և կանաչ աչքերը, օ՜, Նունեի մուգ կանաչ աչքերը, 
շուրթերի կնճիռներն ու ծեր բերանը, որ բարի լեզուներն ասում են` գիտի ինչպես անել ու երբ,
պոռնիկի մեկը, ասացի, արի պաչեմ, գնում եմ:

Ես վազում էի աստիճաններով, իմ սեր…
Տուն հասնելուց առաջ միշտ վախով եմ նայում կողպեքին, 
որտեղ բանալիներ մտցնելուց առաջ միշտ ինչ-որ նամակներ եմ գտնում
Ջեմմա տոտայից, եսիմ ինչ ձաձայից`
շտապ մուծել, վերջին օրն ա, վաղը կանջատվի ու էլ երբեք, երբեք չի միանա:

Վաղն էլ երբեք էս առավոտը չի լինի, իմ սեր:
Դու ինձ չես զանգի թաքուն, մինչ կինդ մանկապարտեզ կհասցնի տղայիկիդ,
մինչ գնումներ կանի, 
մինչ կտխրի ու կգա,
դու ինձ վաղը չես զանգի,
չես ասի` իմ մեծ սեր,
չես ասի` էլի զզվու՞մ ես ինձնից,
չես ասի բառեր, որոնք կմտնեն լեզվիս տակ, խուտուտ կտան անծանոթ մրգի համի պես,
չես ասի քնքշանուններ՝ շիթ առ շիթ մերկացող անզսպելի լացի պես,
չես ասի՝ սերս,
որովհետև սա է առավոտը,
սա է իմ տունը,
սա է իմ պատը,
թարմ գնած ծաղիկները,
և բոված արևածաղիկները պատի տակ` աններելի կանաչ գորգին,
իսկ սրանք իմ վերքերն են`
ուտելի բամբակի պես խցկված բժշկական տուփի մեջ,
սրանք իմ ոտքերն են, որ դողում են ցավից,
սրանք իմ ձեռքերն են,
նրանք այլևս գրել չգիտեն, փոխարենը սովորեցին մատուցել սուրճ, պատրաստել սուրճ, կլլել սուրճ,
լինել սուրճ, մնալ սուրճ, մաքրել սուրճ,
սրանք իմ ձեռքերն էին,
սրանք իմ կրծքերն են, 
ձեռք տուր սիրելիս, բարձրացրու աջ կուրծքս, հետո ձախը,
որոնիր սիրտս, լավ որոնիր,
ես գիտեմ, որ մանկուց փոքր թռչուններ ես սատկացրել, 
եղել ես դաժան, չար, հեռու, 
բայց հիմա, երբ մեծացել ես մի քիչ, 
որոնիր կրծքավանդակիս ճաղերում թաքնված սիրտս, 
որ չընտելացած թռչուն է մի,
որոնիր ու մի՛ սպանիր նրան,
գոնե այս առավոտ, իմ սեր,
երբ ես գնել եմ տարատեսակ իրեր
ու վազել եմ զարդարելու իմ տունը, որ քոնն է,
ու վազել եմ զարդարելու ինձ
ու վազել եմ զարդարելու ինձնից հասանելիքը:
Ու վազել եմ զարդարելու մեր սերը, 
Որ էլ չի լինի էսքան թունդ ու թեժ
երբեք
երբեք
երբեք

երբեք, 
որովհետև բանալին պտտվեց, մտա ներս
գտա ինձ
մարմինս՝ 
թաց սառած, 
հատակին,
մինչև ոսկորներս թրջված 
սառը ջրից խոսքերիդ,
և ժամկետն անց դեղահաբերը՝ իբրև ինքնապաշտպանական ակցիա, 
կլլած ու մարսած:
Եվ օրեր շարունակ դեղահաբերի ակցիան
վրանների մեջ նստած մարմնիս հրապարակում:

Եվ բերետավոր բժիշկների մսագործունեությունը
դիահերձարանում՝
քրքրող մարմինս՝ թաղված հաբերի մեջ ու չմարսված բառերի:
չմարսված՝ չգրված,
չմարսված՝ բառերդ կոկորդովս ներս խցկած:

 

No Comments

Post A Comment