Պաբլո Պիկասո | Pablo Picasso

Պաբլո Պիկասո | 1881-1973թթ., Իսպանիա


Բանաստեղծություն

գաղտնիքի պես
շշուկով բան մի ասա
փողոց լինելուց բացի լեցուն եղիր աստղերով
և բանտարկյալներն ուտում են աղավնիներին
և աղավնիներն ուտում են պանիրը
և պանիրն ուտում է բառերը
և բառերն ուտում են կամուրջները
և կամուրջներն ուտում են հայացքները
և հայացքներն ուտում են գավաթները, որ լի են համբույրներով
գավաթներ, ուր այնքան շատ է թուրմը Օրչատայի*,
որ ծածկում է թևերի տակ ամեն ինչ՝
թիթեռին, գիշերը
և անցյալ ամառը սրճարանում
Բարսելոնայի

*Օրչատա – իսպանական ավանդական խմիչք, որի պատրաստման համար օգտագործում են գետնանուշ, քնջութի սերմեր, բրինձ, գարի և մշկընկույզ

Հիսուսը անապատում

շուրթերը

կեղծ են ինչպես ծովափը
խոնավ
մարգարտահատիկը շուրթին
լղոզված
սևացած արցունքով

անկում

մի կողմում
(խոնավ տերևները գրքի մեջ չեն չորանա)

անկում

հիշողությունը մեռնում է
դանդաղ

մի ափսե պահպահում է ինձ մինչև ամեն դեմք
ասում է՝ ով եմ ես

լուսին

(և ամեն ինչի վերջում լուսին)

Ձկան ոսկորներ

սպիտակեցրած
10կիլովատտ
լուսնի
տակ
կանխատեսելով
երկրաչափությունն ու
օճառի հոտը
որ նույն վայրկյանին
կանգնում է բիսեքսուալության առաջ
մնալ անմարմին
և կամ առանց
արյան
թրթիռի

Գիշերային գնացք դեպի Հորթա

և կինն ուզում էր գլխին կապել
մի շարք տղայական պարտավորություններ
սիամական երկվորյակներ
տանգո
69

մինչ ես
ճանապարհորդում էի պատկերների միջով

մարմնի բնանկարների
բերանի թունելում
արագորեն, հիմա
և գնացքը լեզուն էր, ահա

և պատուհաններ բացված դեպի աշխարհը
որ անսխալական են

և էլի նույն հանգն է նույն ռիթմը կրկնությունը նույն
մենք հանդիպելու ենք
հանդիպելու ենք մենք
ինչ-որ տեղ նորից

ահա կապի վերջը

թիկունքի պես ամուր
հիշողության պես արագ
կորցնել և ապա
գտնել

և
միշտ և միշտ և միշտ
շոգեքարշը արյան
խփում է փշրում
արձակում ծխի ամպեր
և շիկնում գոլորշուց կարմրած
այտի պես գիշերվա

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

 

 

No Comments

Post A Comment