Վյաչեսլավ Կուպրիյանով | ծնվ. 1939թ., Ռուսաստան
*
Երբ բոլորը կորցնեն քեզ
և այլևս ոչ ոք քեզ չորոնի,
այդ ժամ դու կգտնվես
ու կիմանաս, ինչ պատասխան տաս`
ուր էիր կորել հարցին`
հավատացնում էր գարնան քամին:
Կասես, որ թաղվեցիր ոսկե տերևների տակ,
կասես, որ չվեցիր հավքերի հետ,
որ քեզ արծաթե ձուկը փախցրեց:
Չասես, որ շեղվեցիր ուղիղ ճանապարհից,
որ ոտքդ առավ շիկացած քարին,
երկար մնացիր պառկած ձյուններում,
սպասելով, որ ոսկորներդ կկպչեն:
Ասա` վերադարձար առաջին խոտի հետ,
ասա` թռչունները քեզ վար նետեցին,
ափ շպրտեցին ջրերը գարնան:
Երբ վերադառնաս չասես ոչ ոքի
որ քամին համոզում էր քեզ
չվերադառնալ:
Ռուսերենից թարգմանեց Յուրի Սահակյանը
No Comments