24 Nov Վարդգես Պետրոսյան
Վարդգես Պետրոսյան | 1932-1994թթ., Հայաստան
Տգեղ աղջիկներ չկան
– Հիմա արդեն հիշեցի, – ասացի ես, – դե մենք միասին մի անգամ ենք հանդիպել, այն էլ՝ հեռախոսով: Իսկ նամակը, իհարկե, չեմ մոռացել, թեպետ չորս տարի է անցել:
– Չորս ու կես, – ուղղեց աղջիկը, – երևի Ձեր կյանքում շատ բան է փոխվել:
– Հեռախոսի համա՞րը: Փոխվել է: – Հետո ինչ ասել: – Իսկ Ձեր կյանքո՞ւմ:
– Նույնն է, համարյա նույնը: Իսկ հեռախոսի համար հիմա էլ չունեմ:
Ուրիշ ի՞նչ կարելի է ասել: Ես փորձեցի վերհիշել աղջկա նամակը, որ նա գրել էր տարիներ առաջ: Տխուր, անսովոր մի պատմություն էր, սիրո պատմություն, այդքանը մտաբերեցի, բայց մեջս մանրամասներ չարթնացան: Իմ լռությունը երևի երկարեց:
– Չգիտեմ ինչու զանգահարեցի, – ասաց աղջիկը:
Երևի նեղսրտեց, որ ոչինչ չեմ հարցնում:
– Որտեղի՞ց եք զանգահարում, – ի վերջո ասացի:
– Ընկերուհիս տանը չէ, – մի պահ լռեց, – նոր գնաց կաթի: Ես էլ հանկարծ մտածեցի զանգահարել: Ձեր նոր հեռախոսը երեկ եմ պարզել:
– Չե՞ք ամուսնացել, – ինչ հիմար հարց:
Նա ծիծաղեց, ինձ թվաց՝ դառը ծիծաղ էր:
– Մի գիտնական էր ուզում: Քսան տարով մեծ է: – Ասաց:
– Եվ ի՞նչ…
– Շատ խելոք մարդ է:
– Դե, եթե խելոք է…
– Խելո՞ք… Այդ դեպքում ավելի լավ չի՞ ամուսնանալ, ասենք, հաշվիչ մեքենայի հետ կամ հանրային գրադարանի:
Ես ծիծաղեցի: Իսկ նա փոքր-ինչ լռելուց հետո ասաց.
– Ես դեռ սիրում եմ նրան:
– Ո՞ւմ,- հետո հանկարծ մտաբերեցի. իհարկե, նրա մասին է խոսքը: Բայց մի՞թե,- ո՞ւմ…
– Տեսնում եմ, որ նամակս մոռացել եք:
– Չէ, ինչ եք ասում, ես նույնիսկ պահում եմ ձեր նամակը, թղթերիս մեջ է:
Նա դարձյալ լռեց:
– Ես վերջերս ձեր պատմվածքներից մեկը կարդացի,- ի վերջո ասաց նա, մի տող հետաքրքիր թվաց: Հերոսներից մեկն ասում է, թե իր կարծիքով տգեղ աղջիկներ չկան: Դուք է՞լ նույն մտքին եք:
– Իհարկե,- ինչ լավ էր, որ նամակն, այնուամենայնիվ, արթնացավ իմ մեջ. այո, ինձ հետ խոսող աղջիկը գեղեցիկ չէ, նա ինքն էր գրել, հիշեցի, դա դառը և տխուր նամակ էր,- ես կարծում եմ…
– Այդ դեպքում, խնդրում եմ, գրեք այդ մասին:
– Չէ՞ որ գրել եմ, ինքներդ հիշեցիք:
– Չէ, միայն այդ մասին, վերնագիրն էլ այդպես դրեք, խնդրում եմ: Գտեք իմ նամակը, եթե չեք կորցրել, նորից կարդացեք: Ես էլի կզանգահարեմ:
Եվ դրեց խոսափողը:
Ես քրքրեցի թղթերս և նամակը գտա: Ահա այն բառացի.
«…Ես ուսանողուհի եմ, լրացել է քսանմեկս: Մի շաբաթ առաջ դիմակահանդես էինք կազմակերպել, սրճարանում: Հրավիրել էինք տարբեր տեղերից: Ամենքս դիմակներով էինք, նույնիսկ մեր կուրսեցիներին անհնար էր տարբերել: Շատ ուրախ էր: Ինձ պարի հրավիրեց մի երիտասարդ: Նա ևս դիմակով էր: Ասաց, որ մեր ինստիտուտից չէ: Հրավիրեց նաև երկրորդ պարին: Ինչ կարելի է խոսել պարի ժամանակ: Ես անունս և կուրսս չասացի: Ողջ երեկո նա ինձնից չհեռացավ: Միայն հինգ րոպեով դուրս եկավ և վերադարձավ մի փունջ ծաղիկ ձեռքին: Ոչ մի տղա դեռ ծաղիկ չէր նվիրել: Երևի ծիծաղելի խոստովանություն է: Երևի: Դե, տղաները ծաղիկ նվիրում են միայն գեղեցիկ աղջիկներին: Ես տեսա, որ նա հևում է, երևի վազել էր: Հետո մենք նորից պարեցինք: Նա ինձ սուրճ հյուրասիրեց, մի-մի բաժակ գինի խմեցինք: Կարմիր գինի էր: Գլուխս պտտվում էր երջանկությունից: Կծիծաղեք երևի: Ինչ լավ է, որ մարդիկ դիմակահանդես են հնարել. չէ՞ որ եթե նա ինձ առանց դիմակ տեսներ, հազիվ թե հրավիրեր պարի կամ ծաղիկ նվիրեր: Նրա դիմակը միայն աչքերն էր ծածկում, թխահեր էր: Խոսեցինք, հիմա չեմ կարող ասել ինչի մասին: Նա նորից հարցրեց անունս, ասաց, որ տուն կուղեկցի: Ես նրան ուրիշ անուն ասացի, հետո խաբեցի, թե քրոջս հետ եմ և շատ մոտիկ եմ ապրում: Հետո էլի խոսեցինք, նա շատ բան պատմեց իր մասին: Երկրաբան էր, այս տարի կավարտի: Պայմանավորվեցինք, որ կհանդիպենք հաջորդ օրը, երեկոյան: Իհարկե, առանց դիմակների, ծիծաղեց նա, իսկ ես տխրեցի: Պայմանավորվեցինք. Ես ասացի, որ կհագնեմ բաց կապույտ զգեստ և ձեռքիս հովանոց կլինի:
Ամբողջ օրը ես մտածում էի նրա մասին, առավոտյան նույնպես: Կարող եք թեթևամտություն համարել: Չեմ վիճի, բայց չէ՞ որ ասում են, որ կա նաև սեր՝ առաջին հայացքից: Մի խոսքով, երեկոյան ես գնացի պայմանավորված սրճարանը: Գնացի նույնիսկ կես ժամ շուտ, անհամբեր էի: Հագել էի բաց կապույտ շորս, բայց հովանոց չէի վերցրել: Նստեցի երրորդ սեղանին (ինչպես պայմանավորվել էին): Նա եկավ ճիշտ ժամին, հենց երևաց դռների մոտ, ճանաչեցի: Հայացքով նա որոնեց-գտավ երրորդ սեղանը, ուշադիր քննախույզ նայեց ինձ: Նա շատ գեղեցիկ աչքեր ուներ: Սեղանին չմոտեցավ, այսինքն՝ իմ սեղանին: Ուրիշ տեղ նստեց, անընդհատ մուտքին նայելով նստեց մի ժամի չափ: Մեկ-երկու անգամ նայեց ինձ, բայց շատ թեթև, մի ակնթարթ: Ես ամեն ինչ հասկացա, սիրտս նվաց ցավից: Հետո նա գնաց: Ուզեցի վեր կենալ, վազել նրա հետևից: Չկարողացա: Ճի՞շտ արեցի: Չգիտեմ, բայց ի՞նչ անեի: Ես հասկացա. նա ուրիշ դեմք էր որոնում, իսկ ես գեղեցիկ չէի: Ես չեմ հավատում գրքերին, այսպես կոչված հոգեկան սիրուն: Եթե աղջիկը գեղեցիկ չէ, ո՞ւմ է նա հարկավոր… Վերջ: Դրա համար էլ ուզում եմ հարցնել ձեզ. ո՞ւմ է պետք ձեր թերթի սկսած տաղտկալի խոսակցությունը սիրո, մտերմության մասին: Եթե գեղեցիկ լինեի, առանց ձեր խորհուրդների էլ կգտնեի նրան (ավելի ճիշտ՝ նա կգտներ ինձ), եթե գեղեցիկ չեմ, ինչո՞վ դուք պիտի օգնեք: Բայց տխուր եմ, մի շաբաթ է տեղ չեմ գտնում այս մեծ, անհասկանալի աշխարհում: Սիրում եմ նրան: Ինչո՞ւ, ո՞ր իրավունքով: Անիծում եմ ինձ, որ տգեղ եմ, ատելությամբ եմ նայում բոլոր գեղեցիկ աղջիկներին, նույնիսկ քրոջս, որին ամեն օր հազար տղա է զանգ տալիս: Ասացեք, ի՞նչ անեմ, և ինչո՞ւ են ծնողները տգեղ աղջիկներ լույս աշխարհ բերում…»:
Ահա և բոլորը:
Երկրորդ օրը նա ինձ կրկին զանգահարեց:
– Կարդացի՞ք:
– Կարդացի:
– Եվ ի՞նչ:
– Պատմեք ինձ շարունակությունը:
– Շարունակություն չի եղել:
– Կարծում եմ՝ եղել է, թե չէ՝ ինչո՞ւ զանգահարեցիք:
– Դե ես ասացի, ձեր պատմվածքը…
– Միայն դա չէ: Միայն դա չէ: Երևի նորի՞ց եք հանդիպել:
Մի քանի վայրկյան աղջիկը լուռ էր, հետո ասաց.
– Հանդիպել եմ:
– Որտե՞ղ, ինչպե՞ս…
– Մի տարի առաջ ես ավարտեցի: Աշխատանքի նշանակեցին Սևանի ափին: Ո՞ր գյուղում, կարևոր չէ: Երևի գիտեք, որ կողմերում ոսկի են հայտնաբերել: Մի օր մեր ուսմասվարն ասաց, որ մի քանի երկրաբանի հրավիրել է դպրոց, որ երեխաներին պատմեն ոսկու մասին: Եկան: Եվ հանկարծ տեսնեմ՝ նա էլ: Ես չէի կարող սխալվել: Հետո, զրույցի ժամանակ հարցրի՝ երբ է ավարտել, հարցրի անունը: Նա էր:
– Հասկանում եմ,- չգիտես ինչու ասացի ես:
– Ահա և շարունակությունը, այսինքն՝ վերջը,- ասաց նա ու լռեց:
Ես ինչ կարող էի ասել: Ոչինչ: Մխիթարության կարիք չէ, որ նա ուներ: Եվ հետո՝ րոպե է լինում, որ մարդ մոռանում է անգամ ամենաառօրյա բառը, խոսքը, իսկ այդ պահին հարկավոր էր շատ խորունկ բառեր գտնել, որ ճշմարիտ լինեին, որ նա հավատար: Բայց իմ ներսում ոչինչ չկար, բացի տարօրինակ մի տխրությունից, հանկարծ այդ աղջկա վիշտը դառավ իմ սեփականը, սիրո նրա կարոտը՝ իմը, բայց ի՞նչ կարող էի ես անել: Անիծեցի չարաբաստիկ իմ պատմվածքը, իմ գրած թեթև-աննյութ տողը, թե տգեղ աղջիկներ չկան, թե գեղեցիկ են նրանք, ում սիրում են: Հիշեցի ուրիշ գրողների համանման տողեր. ինչ հեշտ է թղթին տալ որևէ միտք, որ չես ապրել ինքդ, որ քեզ պարզապես հնարավոր ու գեղեցիկ է թվում: Բայց ահա հեռախոսաթելի այն կողմում կենդանի մի կյանք է, մի լավ աղջիկ, որ պատասխան է ուզում:
– Դուք ինձ էլի կզանգահարեք՞,- ի վերջո հարցրի ես:
– Ես վաղը գյուղ եմ վերադառնում: Եվ հետո՝ ի՞նչ կարիք կա:
Մենք իրար ցտեսություն ասացինք:
Ես չգիտեմ, երբևէ նորից կզանգահարի՞ նա ինձ կամ կհանդիպե՞նք: Երևի չի զանգահարի: Բայց այս քանի օրը ես մտածում եմ նրա ասածների, նրա նամակի մասին: Հիմա, երբ փողոց եմ դուրս գալիս, նայում եմ այն աղջիկներին, որոնք այնքան էլ գեղեցիկ չեն: Հանկարծ հիշել եմ իմ մի ծանոթուհու ասածը. «Երբ թատրոն եմ գնում, վերցնում եմ առաջին կարգի տոմս: Ինձ չեն տեսնում և ես չեմ տեսնում ուրիշներին»: Երկու տարի առաջ լսած խոսք էր, ու ես հանկարծ անդրադարձա, որ նա՝ այդ իմ ծանոթուհին էլ գեղեցիկ չէ: Տարօրինակ ձևով ես սկսեցի նկատել մենակ զբոսնող, թատրոնում կամ կինոյում մենակ նստած աղջիկներին. մեծ մասամբ նրանք գեղեցիկ չէին: Ինձ լրջորեն սկսեց հալածել այն միտքը, թե նրանք ամենքը մի դիմակահանդես են ապրել և զսպված մի սեր ունեն իրենց հոգիների թաքուն, ամենաթաքուն ծալքերում:
Ես նամակի աղջկա մասին էի մտածում նաև մի քանի օր առաջ, երբ մեր գյուղում էի, ձորում: Երբ ձոր էի իջնում, իմ ազգականուհին ասաց. «Զարմանում եմ, ի՞նչ կա հիմա ձորում, որ գնում ես»: Ես նրան շատ կոպիտ պատասխանեցի. «Ոչինչ չկա, եթե ձորին նայես անասնաբույժի աչքերով, առհասարակ աշխարհում ոչինչ չկա, եթե աշխարհին էլ նայես իբրև անասնաբույժ»: Ազգականուհիս անասնաբույժ է, թեպետ տվյալ դեպքում խոսքը մասնագիտությանը չէ, որ վերաբերում էր: Ձորում աշուն էր, նույն խշշոցը, որ ես լսում էի քսան տարի առաջ: Ոտքերիս տակ տերևների դեղին փափկությունն էր, և ես հանկարծ խղճացի տերևներին: Ինչ լավ է, որ նրանք չեն զգացել իրենց մահը, չեն զգում, որ ես հիմա տրորում եմ իրենց մարմինը: Բայց քիչ առաջ, ձոր իջնելուց առաջ էր, որ աղջիկս ասաց. «Այգում պառկել էի չորացած տերևների վրա, մեկ էլ տեսնեմ տերևներն ինձ բան են ասում: Գիտե՞ս ինչ. ասում են՝ ինչ լավ է, որ դու պառկել ես մեզ վրա, մրսում էինք, տաքացանք: Ես էլ ամենամրսած տերևները հավաքեցի, բերի տաք սենյակը, մեղք են, չէ՞»: Աղջիկս ինը տարեկան է և հավատում է, որ տերևները նույնպես խոսել գիտեն և իրեն ասել են այդ բառերը: Կամ գուցե իրոք կա այդպիսի սքանչելի լեզու՝ տերևերեն, և աղջիկս գիտի այդ լեզուն: Առայժմ՝ գիտի: Երբ մեծանա, կմոռանա երևի:
…Իսկ ձոր իջնելիս ես նորից տեսա Մարիամիկին: Մեր դասարանի ամենասիրուն աղջիկն էր Մարիամիկը, հիմա էլ գեղեցիկ է: Բոլոր այս տարիներին, երբ էլ գյուղ եմ եկել, համարյա միշտ հանդիպել եմ նրան. պատահականություն է, թե ինչ, չգիտեմ:
«Դեռ չե՞ս սիրահարվել», ամեն անգամ հարցրել եմ նրան:
Տարիներ շարունակ նույն պատասխանն էր տալիս.
– Ո՞վ կա, որ ում սիրես…
Վերջին երկու-երեք տարում իմ հարցն արդեն փոխվել է.
– Դեռ չե՞ս պսակվել:
Այս անգամ էլ, մեքենաբար, ասացի նույն բառերը: Մարիամիկը ոչինչ չասաց, ինձ նայեց անսովոր տխուր մի հայացքով: Միշտ նա պատասխանում էր կծու մի նախադասությամբ, հիմա ոչինչ չասաց: Ես տեսա, որ նրա ճակատին, կոպերի տակ կնճիռներ կան, իսկ մազերն անփույթ թափված են ուսերին. Մարիամիկը չսանրվա՞ծ…
– Ի՞նչ է պատահել, Մարիամիկ:
– Ոչինչ,- կամաց ասաց նա,- ոչինչ, ամենավատն այն է, որ մարդու հետ այլևս ոչինչ չի պատահում…
Ես հիմա չեմ հիշում, թե ուրիշ ինչի մասին խոսեցինք: Բաժանվեցինք սառը, օտարների պես, նա տխուր էր: Ես հիմա նայում եմ մեր ձորին, որ տերևների գերեզմանատուն է դարձել ու մտածում Մարիամի մասին: Ինչո՞ւ նրան չսիրեց ոչ ոք: Չէ՞ որ նա գեղեցիկ էր, նույնիսկ հիմա էլ գեղեցիկ է: Եվ ինչո՞ւ ինքը չսիրեց… Ինչո՞ւ: Ձորը խշշում է, երևի միայն նա գիտի պատասխանը, իսկ ես չգիտեմ ձորերեն: Աղջիկս լիներ, կհարցներ ձորին, և ձորը, երևի, կպատասխաներ… Հիշում եմ նամակի աղջկան: Ես ի՞նչ կարող էի քեզ պատասխանել, սիրելի, տխուր աղջիկ: Գուցե պարզապես գրե՞մ ինչպես եղել է, ու թող մարդիկ փոքր-ինչ տխրեն քո սիրո պատմությամբ: Ի՞նչ իմանաս, գուցե կկարդա նաև նա՝ դիմակահանդեսի քո տղան: Երևի ամեն մարդ ունի կամ պետք է որ ունենա իր տերևերենը: Եթե նա դեռ չի մոռացել այդ լեզուն, ինքը կգտնի քեզ: Իսկ եթե չգիտի տերևերեն, ես ինչո՞վ օգնեմ…
Չգիտեմ երբ, չգիտեմ որտեղ՝ արևելյան մի երգ եմ լսել: Մեղեդին վաղուց եմ մոռացել, իսկ բառերը հիշում եմ մոտավորապես. «Անձրևը ջերմ է ու վարար,անձրևը թափվում է և այգու վրա, որ կարոտ է ջրի, և ժայռերի, որոնց ինչին է պետք անձրևը: Սերն էլ այցի է գալիս և նրան, ում կսիրեն, և նրան, ում չեն սիրի երբեք, երբեք»:
Չգիտեմ՝ ինչու եմ հիշում այդ երգը:
Մարիամիկ, Մարիամիկ… Ես նորից տեսնում եմ մեր դասարանի գեղեցկուհուն, և նա կրկին տասնյոթ-տասնութ տարեկան է՝ բոցի պես խլրտուն, տաք ու ցանկալի:
Տարօրինակ է աշխարհը:
…Իսկ նամակի աղջկա համար միայն մի բան կարող եմ անել. այս պատմվածքին դնում եմ նրա խնդրած վերնագիրը: (Հիշում եմ, հեռախոսային մեր զրույցի վերջում նա անսպասելիորեն հարցրեց. «Իսկ դուք, օրինակ, կսիրեի՞ք տգեղ աղջկա…»: Այն ժամանակ ես կարկամեցի: Հիմա՞… Չգիտեմ):
No Comments