Գաբրիել Գարսիա Մարկես | հետաքրքիր փաստեր

Գաբրիել Գարսիա Մարկես | 1927-2014թթ., Կոլումբիա

 

հետաքրքիր փաստեր գրողի կյանքից

ա. Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը ծնվել է 1927թ. մարտի 6-ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում, ծնողներն են Գաբրիել Էլիջիո Գարսիան ու Լուիզա Սանտյագա Մարկեսը: Գարսիա Մարկեսի ծնվելուց հետո հայրը սկսում է դեղագործությամբ զբաղվել, ու փոքրիկ Գաբիի ծնողները տեղափոխվում են Սյուքր՝ թողնելով տղային մորական տատի` դոնյա Տրանքուիլինա Իգուարանի և պապի` գնդապետ Կոլոնել Նիկոլաս Ռիկարդո Մարկեսի մոտ: 

բ. Գաբիի պապը, ում տղան անվանում էր «պապալելո», հազար օր տևած պատերազմի մասնակից էր, լիբերալ վետերան: Կոլումբիական վետերանները գնդապետին հերոս էին կոչում, բոլորի կողմից հարգված մարդ էր: Հայտնի էր որպես բանանային մասսայական սպանությունների ժամանակ չլռած մարդ: Գնդապետը,  որին Գարսիա Մարկեսը նկարագրում է որպես իրականությունն ու պատմությունն իրար կապող պորտալար, հրաշալի պատմող էր: Գաբիին դասերը սովորեցնում էր բառարանով, ամեն տարի տանում էր կրկես, և առաջիններից մեկն էր, ով տարավ թոռանը սառույց տեսնելու. «հրաշքը» գտնվում էր ֆիրմային «Միացյալ միրգ» խանութում: Նա երբեմն կարող էր  իր մանկահասակ թոռնիկին ասել. «Դու չես էլ կարող պատկերացնել, թե մեռելն ինչքան է կշռում»` հիշեցնելով նրան, որ չկա ավելի մեծ բեռ, քան մարդուն սպանելն է: Այս դասը հետագայում Մարկեսը կներառի իր վեպերում:

գ. Մարկեսի ծնողները սիրահարվել էին երիտասարդ տարիքում և նրանց սերը հանդիպել էր Լուիզա Սանտյագայի հոր` գնդապետի դաժան առարկությանը: Գաբրիել Էլիջիո Գարսիան այն մարդը չէր, ում նախատեսել էր գնդապետը` իբրև իր աղջկա սրտի տիրակալի. Գաբրիել էլիջիոն պահպանողական էր ու կնամոլի համբավ ձեռք բերած մեկը: Նա սիրահետում էր Լուիզային ջութակի սերենադներով, սիրային բանաստեղծություններով, անհաշիվ նամակներով, և անգամ փոստային նամակներով, որոնց աղջկա հայրը հետ էր ուղարկում` խանգարելով երիտասարդ զույգի հանդիպումներին: Աղջկա ծնողները փորձում էին ամեն կերպ խանգարել, բայց նա համառորեն ետ էր գալիս, ու ակնհայտ էր` նրանց աղջիկը կապված էր հենց այս երիտասարդին: Ի վերջո աղջկա ընտանիքը հանձնվեց ու տվեց ամուսնանալու համաձայնություն: Ավելի ուշ հենց այս տրագիկոմիկ սիրո պատմությունը կնկարագրվի «Սերը ժանտախտի ժամանակ» վեպում:

դ. Գարսիա Մարկեսի քաղաքական և գաղափարական հայացքները ձևավորվել են պապի պատմություններից: Հարցազրույցներից մեկում իր ընկեր Պլինիո Ապուլեո Մենդոզային պատմում է. «Գնդապետ պապս լիբերալ էր: Իմ քաղաքական գաղափարները հավանաբար գալիս են նրանից, որովհետև, երբ փոքր էի, կախարդական հեքիաթների փոխարեն նա պատմում էր քաղաքացիական պատերազմի մասին, ուր սարսափելի հաշվեհարդար էին տեսել ազատ մտածող մարդկանց ու հակակղերականների` պայքարող պահպանողական կառավարության դեմ»:

ե. Գարսիա Մարկեսի տատիկը` դոնյա Տրանքուիլինի Իգուարան Կոտեսը, ազդեցիկ դեր է ունեցել նրա դաստիարակության մեջ: Տատի տունը լցված էր ուրվականների, սնահավատության ու կանխագուշակությունների մասին պատմություններով, որոնք անտեսվում էին ամուսնու կողմից: Ըստ Գարսիա Մարկեսի` նա «կախարդանքի աղբյուր էր, իրականության գերբնական ու սնահավատ հայացքը»: Նա վայելում էր տատի` յուրահատուկ ձևով ներկայացվող պատմությունները: Անկախ նրանից, թե ինչքան ֆանտաստիկ էին նրա պատմածները, այնուամենայնիվ, նա միշտ ներկայացնում էր դրանք իբրև անհերքելի ճշմարտություններ, որ պատահել են կյանքում: Անհնարին ոճ էր դա, որ երեսուն տարի անց հայտնվեց թոռան ամենահայտնի` «Հարյուր տարվա մենություն» վեպում:

զ. Գարսիա Մարկեսը սովորել է Կարթագենի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, զուգահեռաբար աշխատել է որպես լրագրող, մշտապես զբաղվել կինոքննադատությամբ: 

է. Նա գրում է աղմկոտ մի հոդվածաշար` բաղկացած տասնչորս լուրից, ուր բացահայտում էր Կոլումբիական ռազմածովային նավի նավաբեկության գաղտնի պատմությունը . «Պատճառը նավակն էր, որով տեղափոխում էին անփույթ ամրացված մաքսանենգ ապրանքներ, որ հայտնվում են ի վերջո տախտակամածին»: Գարսիա Մարկեսն իր հարցազրույցը վերցնում է նավաբեկությունից փրկված ջահել նավաստուց: Հոդվածի հրապարակումը մեծ աղմուկ է բարձրացնում` վարկաբեկելով պաշտոնական հաղորդագրությունը, որում նշվում էր, որ նավաբեկությունը փոթորկի հետևանք է և փառաբանում էին կենդանի մնացած նավաստիներին:

ը. Մարկեսը հանդիպեց Մերսեդես Բարչային, երբ նա դեռևս քոլեջում էր սովորում ու ինը տարեկան էր: Տղան տասնչորս տարեկան էր ու որոշեց, որ պետք է ամուսնան: Իհարկե, որոշեցին սպասել, մինչ աղջիկը կավարտեր ուսումը:

թ. Մարկեսի սիրած գրողներն էին Ուիլյամ Ֆոլքները, Վիրջինիա Վուլֆն ու Էռնեստ Հեմինգուեյը, բայց գրական առաջին քայլերն անելուն մղել էր Ֆրանց Կաֆկան: Հենց «Մետամորֆոզները» կարդալուց հետո նա կհասկանա, որ ուզում է գրող դառնալ: Ավելի ուշ կպարզվի, որ նա կարդացել է Մետամորֆոզների ոչ այնքան թարգմանված, որքան «խմբագրված» տարբերակը: Իսկ «խմբագրել» էր թարգմանիչը՝ Բորխեսը, որ հարկ էր համարել շտկել իր ուզած ձևով:

ժ. Իր կենդանության օրոք նա ոչ ոքի չի թույլատրել էկրանավորել «Հարյուր տարվա մենությունը», որովհետև «նրանք հաստատ կընտրեն Ռոբերտ Ռեդֆորդի տիպի դերասանների, իսկ ես չունեմ գոնե մի բարեկամ, որ նման է Ռոբերտ Ռեդֆորդին»: 

 

Tags:
1 Comment

Post A Comment