05 Nov Մասաոկա Սիքի | Masaoka Shiki
Մասաոկա Սիքի | 1867-1902թթ., Ճապոնիա
*
Սպանեցի սարդին
Եվ այնպես միայնակ մնացի
Գիշերվա ցրտում:
*
Ամռան գետի վրա –
Մոտերքում կամուրջ, բայց իմ ձին
Անցնում է ծանծաղուտով:
*
Դու մնում ես,
Ես գնում եմ – երկու տարբեր
Աշուններ մեզ համար
*
Մթության մեջ զրնգացող պղնձադրամներ.
Աղքատը փողերն է հաշվում:
Օ, ինչ ցուրտ է ձմռան գիշերը:
*
Ինչ ցուրտ է այստեղ.
Սոսու թանձր փշատերևների միջով
Առագաստը նավի:
*
Գարնանային տևական օր.
Նավակն ափի հետ
Զրույց է անում անխռով:
*
Երազում ես
Դաշտի արահետին … Փոշու մեջ
Խունացած ծաղկեփունջ:
*
Գարուն է, իսկ պատին
Վաղուց փոշոտվել է գլանաթուղթը –
Ձյունափայլ բնանկար:
*
Թոշնեցին ծաղիկները:
Ձմեռ է: Շունը խելահեղ հաչում է
Գյուղի տխմարի վրա:
*
Քունը հաղթահարեց
Հիվանդապահուհուն: Հիվանդն անկողնում
Բոլորովին սառել է:
Մասաոկա Սիքի (正岡 子規, Սեպտեմբեր 17, 1867, Մացույամա (Ehime) – Սեպտեմբեր 19, 1902, Տոկիո) – XIX դարի վերջի (Մեյձի դարաշրջանի) ճապոնացի բանաստեղծ, քննադատ և հրապարակախոս, ում աշխատությունները նշանավորվում են միայն XX դարում: Նա ավելի շատ հայտնի է իր գրական Սիքի անվամբ: Համարվում է ճապոնական ավանդական հոքքու բանաստեղծական ոճի չորս խոշոր ներկայացուցիչներից մեկը (Bashō, Buson, Issa, Shiki): Հանդիսանում է հայկու և թանկա պոետական կերպերի տեսական վերաթարմացնողն ու նորարարը (տալով և դրանց արդիական անվանումները):
Ծնունդով` Մասաուկա Ցունենորի (正岡 常規, Masaoka Tsunenori, ավելի ուշ` Մասաոկո Նոբորու): Ծնվել է Մացույամա քաղաքում, Էդո դարաշրջանի պաշտոնաթող սամուրայի ընտանիքում: Գրականություն ուսանել է Տոկիոյում, ուր և հանդիպել է գրող Նացումէ Սոսեկիին: Մինչ սովորելը` ընտրում է Սիկի գրական անունը (որը նշանակում է «Լեռնային կկու»), իսկ արդեն 1889 թվականից զբաղվում ժուռնալիստիկայով:
1892 թվականից իրեն նվիրում է հայկու պոետական ոճի կայացմանն ու զարգացմանը, միաժամանակ հոդվածներ հեղինակում ավանդական պոեզիայի վերաբերյալ («Հայկուի տեսակները», «Աշխատություններ հայկուի վերաբերյալ` ըստ ժամանակագրական հերթագայության»):
1893 թվականին հրատարակում է «Զրույցներ Բասյոյի մասին» շարքը, որոնցում քննադատության է ենթարկում Մացուո Բասյոյի աստվածացված կերպարը, կոչ է անում վերակենդանացնել ճապոնական պոեզիայի ավանդական թանկաների և հայկուների տեսակները: Հենց Սիկին փառաբանեց Բուսոնին իբրև պոետի՝ հակադրելով Բուսոն-նկարչի «առավել օբյեկտիվությունը» Բասյո-վանականի «սուբյեկտիվությանը»: Սիքին «օբյեկտիվության» սկզբունքը հռչակեց իբրև հիմնարար չափում. հայքուի համար պատկերները հարկ էր վերցնել իրական կենսափորձից, այլ ոչ սեփական երևակայությունից: Ուստի` ինքնին դիտորդ-պոետի կերպարը, նրա դատողությունները, անձամբ հորինված մակդիրները` այդ ամենը հնարավորինս պետք է հեռացվեն կադրից:
1895 թվականի հրատարակում է հայկուի հիմնավորման վերաբերյալ իր տեսական հոդվածը: Նույն տարում` գարնանը մեկնում է Չինաստան` իբրև ճապոնա-չինական պատերազմի թղթակից:
Վերադառնալով Մացույամու (1897)՝ Սիքին ձևավորում է իր համախոհների խմբակը, ինչպես նաև հիմնում հայկուի սեփական դպրոց (ենթադրվում է, որ նա պարզապես վերակենդանացրեց այդ ժանրը, որն արդեն նույնպես անկում էր ապրում): Այսու` հենց Սիքին է ներմուծել «հայկու» եզրը, ընդ որում` «պաշտոնապես» առանձնացնելով միայնակ եռատող բանաստեղծությունների արվեստը ռէնգի արվեստից (վերջինս արդեն այդքան հանրահայտ չէր, ինչպես Բասյոյի ժամանակներում): Արդյունքում` պոետական հանրույթը ընդունում է «Հոտոտոգիսու» (Hototogisu) անվանումը և առաջատար դիրք է գրավում հայկուի աշխարհում, որը գոյություն ունի և այսօր:
1899 թվականին Մ. Սիքին հրատարակում է իր ծրագրային «Պոետ Բուսոնը» աշխատությունը, իսկ մի տարի անց` «Հոտոտոգիսուն» հրատարակում է «Նոր հայկուներ» բանաստեղծությունների ժողովածուն: Մինչ այդ` 1898 թվականին հրատարակում է թանկաների տեքստի հիմնավորումը, իսկ արդեն 1901 և 1902 թվականներին հրատարակվում են նրա պոետական երկու ժողովածուները:
Գրեթե ողջ կյանքում Սիքին տառապում էր հիվանդությունից և իր վերջին յոթ տարիները նա գամված էր անկողնուն: Նա բավականին վաղ հասակում մահացավ` 1902 թվականին, 35 տարեկանում (տուբերկուլյոզից): 1904 թվականին հետմահու հրատարակվում են նրա բանաստեղծությունների ժողովածուները:
Ռուսերենից թարգմանեց Թոնդրակը
No Comments