Սերգեյ Կոզլով | 1939-2010թթ., ԽՍՀՄ
Ոզնուկը մշուշում | մաս 1-ին
Երեսուն մոծակներ ներս վազեցին բացատ ու սկսեցին նվագել իրենց տզտզան ջութակներով:
Ամպերի տակից դուրս եկավ լուսինը եւ ժպտալով՝ լողաց երկնքով:
«Մմմու՜…»,- հոգոց հանեց կովը գետից այն կողմ: Հաչաց շունը, եւ քառասուն լուսնային նապաստակներ վազ տվեցին ճանապարհով:
Գետի վրա մշուշ բարձրացավ, և տխուր սպիտակ ձին մինչեւ կուրծք սուզվեց նրա մեջ, և հիմա թվում էր՝ մեծ սպիտակ բադ է լողում մշուշում ու փնչացնելով՝ գլուխը խոնարհում է նրա մեջ:
Ոզնուկը նստած էր բլրակի վրա սոճու տակ և նայում էր լուսնալույսով լուսավորված հարթավայրին՝ ողողված մշուշով:
Այնքան գեղեցիկ էր, որ նա ժամանակ առ ժամանակ ցնցվում էր. Արդյոք երազում չի՞ տեսնում այս ամենը:
Իսկ մոծակները չէին հոգնում նվագել իրենց ջութակիկներով, լուսնային նապաստակները պարում էին, իսկ շունը ոռնում էր:
«Պատմեմ՝ չե՛ն հավատա»,- մտածեց Ոզնուկը և սկսեց ավելի ուշադիր նայել, որ մինչև վերջին խոտը հիշի ողջ գեղեցկությունը:
«Ահա եւ աստղ ընկավ,- նկատեց նա,- ու խոտն էլ թեքվեց դեպի աջ, ու եղևնուց մնաց միայն գագաթը, ու հիմա նա լողում է ձիու կողքին… Իսկ հետաքրքիր է,- մտածում էր Ոզնուկը,- եթե ձին պառկի քնելու, նա կխեղդվի՞ մշուշի մեջ»:
Եվ նա սկսեց դանդաղ իջնել բլրակից, որ նույնպես հայտնվի մշուշում ու նայի՝ ինչ կա-չկա այնտեղ, ներսում:
– Ահա,- ասաց Ոզնուկը,- Ոչինչ չի երևում: Նույնիսկ թաթիկը չի երևում: Ձի՜,- կանչեց նա: Բայց ձին ոչինչ չասաց:
«Իսկ որտե՞ղ է ձին»,- մտածեց Ոզնուկը: Եվ սողաց առաջ: Շուրջը լռություն էր, մութ էր ու խոնավ, միայն շատ վերևում աղոտ լուսարձակում էր մթնշաղը:
Նա սողում էր երկար-շատ երկար եւ հանկարծ զգաց, որ ոտքերի տակ հող չկա, ու ինքն ինչ-որ տեղ է ընկնում: Չլը՜մփ…
«Ես գետում եմ»,- կողմնորոշվեց Ոզնուկը՝ վախից սառելով: Եւ սկսեց թաթիկներով այս ու այն կողմ խփել:
Երբ նա դուրս եկավ ջրի երես, առաջվա պես մութ էր, եւ Ոզնուկը նույնիսկ չգիտեր՝ որտեղ է ափը:
«Թող գետն ինքը ինձ քշի-տանի»,- որոշեց նա:
Որքան կարող էր խորը շունչ քաշեց, ու հոսքը նրան տարավ ներքև:
Գետը խշշում էր եղեգներով, ալեկոծվում էր ծանծաղուտներում,եւ Ոզնուկը զգում էր, որ լրիվ թրջվել է ու շուտով կխեղդվի:
Հանկարծ ինչ-որ մեկը դիպավ նրա հետևի թաթիկին:
– Ներեցեք,- անձայն ասաց ինչ-որ մեկը, ո՞վ եք դուք և ինչպե՞ս եք այստեղ հայտնվել:
– Ես Ոզնուկն եմ,- նույնպես անձայն պատասխանեց Ոզնուկը,- Ես ընկել եմ գետը:
– Ուրեմն նստեք մեջքիս,- անձայն խոսեց ինչ-որ մեկը: – Ես ձեզ կտանեմ ափ:
Ոզնուկը նստեց ինչ-որ մեկի նեղ, լպրծուն մեջքին և մի րոպեից հայտնվեց ափին:
– Շնորհակալություն,- բարձրաձայն ասաց նա:
– Չարժե,- անձայն արտաբերեց ինչ-որ մեկը, ում Ոզնուկը նույնիսկ չէր տեսնում, և կորավ ալիքների մեջ:
«Այ քեզ պատմություն… – մտածեց Ոզնուկն՝ իրեն թափ տալով, – Մի՞թե որևէ մեկը կհավատա»:
Եվ ոտքերը քարշ տվեց մշուշի մեջ:
Ռուսերենից թարգմանեց Վահագն Թևոսյանը
No Comments