Սերգեյ Կոզլով | Ոզնուկը մշուշում | մաս 3-րդ

 

Սերգեյ Կոզլով  | 1939-2010թթ., ԽՍՀՄ

 

Ոզնուկը մշուշում | Երբ դու թաքցնում ես արևը, ես տխրում եմ |  մաս 3-րդ

 

Լեռան վրա մշուշ էր ու վարդանարնջագույն ցոլքեր: Ամբողջ օրն անձրև էր հեղում, հետո դադարեց, դուրս ելավ արևը, անցավ լեռան ետևը, և հիմա այ այդպիսի մի լեռ էր:
Շատ գեղեցիկ էր, այնքան գեղեցիկ, որ Ոզնուկն ու Արջուկն ուղղակի դիտում էին ու իրար ոչինչ չէին ասում:
Իսկ լեռն անընդհատ փոփոխվում էր. Նարնջագույնը տեղափոխվել էր ձախ, վարդագույնը՝ աջ, իսկ երկնագույնը դարձել էր թխակապույտ և մնացել վերևում:
Ոզնուկն ու Արջուկը վաղուց էին սիրում այդ խաղը. փակում ես աչքերդ, իսկ երբ բացում ես, ամեն ինչ ուրիշ է:
– Բացիր արագ,- շշնջաց Ոզնուկը,- շա՜տ հավես է:
Հիմա նարնջագույնը նեղ երիզով ծորում էր ողջ լեռով մեկ, իսկ վարդագույնն ու երկրնագույնն անհետացել էին:
Մշուշն այնտեղ էր՝  ավելի վերևում, իսկ ինքը` լեռը, կարծես գոտևորվել էր նարնջագույն ժապավենով:
Նրանք նորից փակեցին աչքերը ու երբ ակնթարթ անց նորից բացեցին, կրկին ամեն ինչ փոխվել էր:
Նարնջագույնը տեղ-տեղ բոցկլտում էր ձախ ու աջ կողմերում, վարդագույնը հանկարծ հայտնվեց աջ կողմում, վարդաերկնագույնն անհետացավ, ու լեռն ամբողջությամբ դարձավ մութ, հանդիսավոր, այնպես, որ նրանից հնարավոր չէր աչք կտրել: Ոզնուկն ու Արջուկը նորից փակեցին ու բացեցին աչքերը. Լեռը հանդարտ էր, մշուշոտ, աջից թեթևակի վարդագույն լուսավորությամբ, բայց նրանք չհասցրեցին փակել աչքերը, երբ այդ լուսավորությունը կորավ:
Մշուշոտ, շատ գեղեցիկ լեռը նայում էր Ոզնուկին ու Արջուկին:
Ու հանկարծ, կամ դա Ոզնուկին ու Արջուկին թվաց, ինչ-որ մեկը սկսեց խոսել.
–    Ձեզ դո՞ւր է գալիս ինձ նայելը:
–    Հա,- ասաց Ոզնուկը:
–    Իսկ ո՞վ է, ո՞վ է խոսում,- շշուկով հարցրեց Արջուկը:
–    Ես գեղեցի՞կ եմ:
–    Հա,- ասաց Ոզնուկը:
–    Իսկ ե՞րբ եմ ես ձեզ ավելի շատ դուր գալիս, առավոտյա՞ն, թե՞ երեկոյան:
Այստեղ արդեն Արջուկն էլ հասկացավ, որ լեռն է խոսում:
–    Ինձ՝ առավոտյան,- Ասաց Արջուկը:
–    Իսկ ինչո՞ւ:
–    Էդ ժամանակ առջևում մի ամբողջ օր է, ու…
–    Իսկ քե՞զ, Ոզնուկ:
–    Երբ դու թաքցնում ես արևը, ես տխրում եմ,- ասաց Ոզնուկը,- Բայց ես ավելի շատ սիրում եմ քեզ նայել երեկոյան:
–    Իսկ ինչու՞:
–    Երբ երեկոյան ես նայում, կարծես այնտեղ՝ գագաթին ես կանգնած, ու հեռու-հեռուն է երևում:
–    Եվ ի՞նչ ես դու այսօր տեսել, Ոզնուկ,- հարցրեց լեռը:
–    Այսօր արևն այնպես էր թաքնվում, ու ինչ-որ մեկն այնպես չէր թողնում՝ նա գնա, որ ես ոչնչի մասին չէի մտածում, միայն նայում էի:
–    Իսկ ես… Մենք… Մեկ բացում ենք աչքերը, մեկ փակում: Մենք այդպես խաղում ենք,- ասաց Արջուկը:

Մթնշաղն արագորեն թանձրանում էր:
Եվ երբ գրեթե բոլորովին մութ էր, մգակապտականաչավուն երկինքը հանկարծ պոկվեց լեռանից, և այն կտրուկ ամբողջովին տեսանելի դարձավ՝ սևին տալով մութ երկնքից իրեն բաժանող դալկաերկնագույն երիզի վրա:

Ռուսերենից թարգմանեց Վահագն Թևոսյանը

 

 

No Comments

Post A Comment