Օշո | चन्द्र मोहन जैन

Օշո | 1931-1990թթ., Հնդկաստան

 

Ուսում 

Ամազոնից ոչ շատ հեռու ապրում էր մարդակերների ցեղը: Աստիճանաբար նրանք կերան ցեղակիցների մեծ մասին, ու մնաց երկու-երեք հարյուր հոգի: Հետո էլի իրար սպանեցին ու կերան: Եվ ահա օրերից մի օր այդ կողմերում աշխատելու եկավ ավետարանական քարոզիչը: Եվ ի զարմանս վերջինի` ցեղապետը խոսեց նրա հետ հրաշալի մաքուր անգլերենով: Քարոզիչը հուզված բացականչեց.

– Ախր ինչպե՞ս, դու փայլուն տիրապետում ես անգլերենի, նույնիսկ օքսֆորդյան նկատելի բարբառ ունես, ու դրանով հանդերձ` դեռ մարդակեր ե՞ս:

– Այո, – հպարտորեն ասաց ցեղապետը, – ես իսկապես Օքսֆորդն եմ ավարտել ու շատ բան եմ այնտեղից սովորել: Ճիշտ է` մենք առաջվա պես մարդակեր ենք մնացել, բայց հիմա օգտվում ենք դանակ-պատառաքաղից: Ես դա սովորեցի համալսարանում:

Լվացք 

Մի ամուսնական զույգ տեղափոխվեց նոր բնակարան: Առավոտյան դեռ քունը գլխին կինը նայեց պատուհանից ու տեսավ հարևանուհուն, որ լվացք էր փռում:

– Հլը տես դրա կեղտոտ սպիտակեղենը, – բոթեց ամուսնուն: Վերջինս լրագիր էր կարդում ու տեղից չշարժվեց:

– Երևի իրենց օճառը վատն է կամ էլ լվանալ չգիտի, – չէր հանգստանում կինը:

Եվ ամեն անգամ, երբ հարևանուհին լվացք էր փռում, կինը շվարում էր, թե որքան կարող էր լվացքը կեղտոտ լինել:

Բայց ահա մի հրաշալի առավոտ նա նայեց պատուհանից և զարմանքից ճչաց.
– Օհոհո~, լվացքը մաքուր է: Վերջապես հարևանուհիս սովորեց լվանալ:
– Չէի ասի, – ասաց ամուսինը, – ուղղակի էսօր առավոտյան ես մի քիչ շուտ արթնացա ու լվացա քո պատուհանները:

Այդպես էլ մեր կյանքում է. ուրիշներին քննադատելուց առաջ համոզվեք, որ մաքուր են ձեր նպատակներն ու սիրտը:


Աստված խոհանոցում  

Մայրը հարցրեց երեխային.
– Գիտեի՞ր, որ մինչ դու խոհանոցից թաքուն կարկանդակ էիր թռցնում, Աստված այստեղ էր:
– Ըհը:
– Ու որ ինքը ամբողջ ժամանակ քե՞զ էր նայում:
– Հա, գիտեմ:
– Ու ի՞նչ ես կարծում, ի՞նչ էր ասում քեզ:
– Ասում էր` բացի մեզնից էստեղ ուրիշ մարդ չկա, մի քիչ էլ ինձ համար վերցրու:


Գեղեցկություն` ըստ ցանկության

Ոմն երիտասարդ չէր կարողանում իր համար կյանքի ուղեկից ընտրել. կամ դեմքը բավարար գեղեցիկ չէր համարում, կամ մարմինն էր ոչ ցանկալի, կամ նիհար էր, կամ էլ շատ գեր… Բայց մի անգամ բախտը նրա հաջողեց, ու նա հանդիպեց հրաշագործ կախարդին, որն իսկույն համաձայնեց օգնել տղային:
– Վերցրու այս լուցկին, – ասաց հրաշագործը` մեկնելով այն տղային, – ու հենց պատրաստ լինես, ջարդիր այն ուզածդ աղջկա առաջ, ու աստիճանաբար նա կդառնա հենց այնպիսին, ինչպիսին որ դու ես ուզում:
Եվ ահա երիտասարդի ընկերներն ու բարեկամները նկատեցին, որ նա սկսեց հանդիպել մի աղջկա հետ, որն օրեցօր գեղեցկանում էր: Շուտով նրանք ամուսնացան:
Բայց մի տարի անց բոլորը սկսեցին նկատել, որ աղջիկը ակնհայտ տգեղանում է, հատկապես դեմքը, և մարմինն էլ այն չէր այլևս: Ամենաշատը տխրել էր երիտասարդը: Ու նա գտավ կախարդին, որ ժամանակին լուցկին էր տվել ու բարկացած գոռաց.
– Խաբեցիր ինձ, ծերուկ: Կախարդանքն անհետացավ, էլ չի գործում: Ինչո՞ւ:
– Կախարդանքը չդադարեց գործել, – հանդարտ պատասխանեց հրաշագործը, – ընտրյալիդ արտաքին տեսքը փոփոխվել է միայն ու միայն քո ցանկության համաձայն: Պարզապես դու սկսել ես հիմա թերություններ փնտրել:


Մոր սերը

Մի մարդ մահացավ ու հայտնվեց երկնքում: Եկավ հրեշտակն ու խնդրեց.
– Հիշիր Երկրի վրա քո կատարած լավ բաները: Այդ ժամանակ քո մեջքին թևեր կաճեն, ու դու ինձ հետ միասին կգաս դրախտ:
– Ես երազում էի տուն կառուցել ու այգի տնկել, – հիշեց մարդը:
Անմիջապես երկու փոքրիկ թևիկ երևացին նրա մեջքին:
– Բայց ես այդպես էլ չհասցրեցի երազանքս իրագործել, – հոգոց հանեց մարդը, իսկ թևերն իսկույն անհետացան:
– Ես սիրում էի մի աղջկա, – ասաց մարդը, ու կրկին թևեր աճեցին:
– Ինչ լավ ա, որ իմ մատնության մասին ոչ ոք չիմացավ, – հիշեց մարդն, ու թևերն անհետացան:

Այսպես մարդը հիշեց թե լավը, թե վատը, ու թևերը մեկ աճում էին, մեկ անհետանում: Վերջ ի վերջո էլ հիշելու բան չմնաց, բայց թևեր նույնպես չկային: Հրեշտակն ուզում էր արդեն գնալ, երբ մարդը շշուկով ասաց.
– Ես հիշեցի, թե ոնց էր մայրս ինձ սիրում ու աղոթում ինձ համար: Նույն վայրկյանին մարդու մեջքին մեծ թևեր աճեցին:
– Մի՞թե կարողանալու եմ թռչել, – զարմացավ մարդը:
– Մայրական սերը մարդու սիրտը դարձնում է մաքուր ու մոտեցնում հրեշտակներին, – ժպտաց հրեշտակը:

Թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

 

No Comments

Post A Comment