12 Jul Հակոբ Մովսես | Բանաստեղծություններ
Հակոբ Մովսես
ծնվ. 1952թ., Հայաստան
Բանաստեղծություններ
«Նաիրի» հրատարակչություն
Երևան, 2005թ.
ՖԼՈՐԱ
Գիշերվա քամի՞ն շշնջաց դարձյալ:
Ջրերին իջած ա՞ստղ էր հուրհրան…
Ի՞նչ անուններ են գիշերով բուրում
մեր շրթունքները: –
Ով մերը չեղավ` կանչում ենք նրան: –
Ում կորցրեցինք` նա մնաց մերը:
Ում կորցրեցինք… Ինչպես վարդը այն
անցած մայիսի վարդը բուրավետ,
որի չորացած թերթերը սակայն
մենք մի սիրելի գրքի էջերում,
չգիտես ինչու, պահում ենք հավետ:
Իմ հիշողության պարտեզների մեջ
քեզ ինչպե՞ս կանչեմ,
ինչպե՞ս կրկնեմ անունը քո թանկ:
– Բայց անուններ կան, որ պիտի չասենք,
այլ գիշերվա մեջ, հանկարծ զարթնելով,
պիտի հեկեկանք:
ՕԳՈՍՏՈՍ
Դ.
Ես սիրո համար եղա սիրելիս:-
Մինչև լուսաբաց… Մինչև լուսաբաց…
Խնձորենու տակ քո երակների,
քո սրտի վրա, բույրերի խորքում
կրծքերիդ բացված մանուշակների:
Մեզ ի՞նչ կմնա այս գիշերվանից:
Ի՞նչ կմնա մեր շուրթերի վրա:
Մինչև լուսաբաց, երբ արևելքում կհնչեն կրկին
պկու և սրինգ, և քո քույրերը, զարթնելով քնից,
կգան-կկանգնեն դռնակի դիմաց քո ցանկապատի:
Ու՞ր է, ասա մեզ, որտե՞ղ է հիմա, կհարցնեն քեզ,
ցույց տուր մեզ տեսնենք`
որտե՞ղ ես թաքցնում քո սիրեցյալին:
Դու լաց մի եղիր, դու մի հեկեկա:
Դու նրանց ասա` իմ սրտի մեջ էր, իմ կրծքի վրա,
իմ շշուկների հովիտներում էր նա ամբողջ գիշեր:
Դու նրանց ասա, որ առավոտյան,
երբ բաժանումի աստղը ցոլցլաց ջրերի վրա,
երբ երեք անգամ հավը խոսեց, և
հանկարծ բացվեցին դռները լույսի,
նա վերջին անգամ
շուրթերս ծածկեց իր համբույրներով
և իր ոսկեսայր նետ-աղեղն առած`
ամռան վառվռուն սարերը ելավ այծյամի որսի…
ԴՈՒՔ, ՏՂԱՆԵՐ ՀՈՒԼԻՍԻ
Դուք, տղաներ հուլիսի,
մատնեմատերդ խրած լույսի կոկորդը ոսկյա և երկնքի մայր դռան վերնասեմի ճեղքերից
ահասարսուռ բզզացող մեղվաբները մահվան –
Ո՞վ ձեզ մղեց ամառվա առափնյաները կիզիչ,
ուր անպաշտպան եք, ինչպես խեցգետինները ափ նետված` կեսգիշերվա լուսնի տակ:
Բռնկվում են երազի նրբաթևերը ցանցկեն, և ժամանակը այնտեղ, ջրերի մեջ մոլեգնած,
ձեր հույսերի անխարիսխ տորմիղներն է քշում դեպի անհայտ մայրցամաք,
ուր հայտնի չէ` վախճանի ինչ բնիկներ են ապրում խարույկների շուրջը վառ: –
Սեպանիգերը խրած ճեղքերի մեջ սպասման, հեշտանքներից համրացած և շուրթերով պինդ կառչած ծծակների կործանման`
դուք ձեր փայտե դռներին ուրուներին եք մեխում հսկայական լռության
և, ափերին խռնված, անցախոսն եք կրկնում, որ ցերեկվա ելքի մոտ մի անծանոթ շշնջաց
և այլևս հավիտյան խավար գիշերը մտավ: –
Դուք, տղաներ հուլիսի,
որ անպաշտպան եք, ինչպես խնձորները` սրաշեղբ դանակի կողքը դրված: –
Ո՞վ ձեզ կասի գաղտնիքը այս ամառվա և արյան, որ փռվում է իբրև աղ, կսկծացնելով քրքրված նախադաստակը վախի և թիկունքը սպասման:
Դուք, տղաներ հուլիսի,
ձերն է աշխարհը համայն` արևելքում հրճվանքի և զենիթում գոհության: Ձերն է օրը անսահման,
ուր թփերից հասմիկի, իր եղջյուրները ցցած,
մենությունն է լրտեսում ձեր ընթացքները անհոգ և ժամերը ցնծության:
Ուր անպաշտպան եք, ինչպես նետը` արդեն արձակված:
Ինչպես մեկից տասներկուս,
որոնց կրծքին ամեհի զույգ սլաքներն են ուղղված:
ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐԻ
Գարնանացանն արի, վիկն ու ցորյանը
ցանեցի, գարին,
և քո հերկերում, ցավ,
առավոտ վաղ ես գցեցի
լիաբուռը
իմ բառերի –
նշաններ կան, որ ասում եմ, ո՞նց մոռանանք,
քամին, լուսաբացը, արտի եզրին կքած
փոքրիկ մի ճիչ
և կամ աստղն այն Արուսյակ,
որը` աշնանը գիշերներին
թող իմ Հեռվի
ընծան լինի
ձեր Կապուտլուս սարին`
Աստված ասաց –
ես իմ պատմությունն եմ անում,
եկեք, և դու, իմ մթնշաղ, կապույտ իմ եզն,
լիալուսնի իմ նշանը` ամեն կողքից մեղրի մի փարչ,
կանաչ-կարմիր ապրշումը լույսի,
որ, ա՜յ,
և դու, կարոտ, տոտիկ-տոտիկ
իմ հետևից, ասես
կենտ մնացած կաքավ,
ուր որ հիշողության ջրերին կախ
ոսկյա ճյուղը պահեցի քո,
Հայրենիք,
ախ –
ես իմ պատմությունն եմ անում,
երբ որ երկար պանդխտումից վերադարձա
և բերեցի մաշիկ, գոտի, մի ծոց լի տաղ`
եկեք տարեք` ո՞նց մոռանանք –
Այսպես եկավ նա մեզ` այսպես տեսանք`
նա նստած էր երեկոյան, ըստ հինավուրց
ձեր պատգամի, դուք, աջափնյա յոթ գյուղորայք,
թիկնած էր նա, դողդողացող աջը
կրծքին դրած, ջրերի մոտ հավիտենից
սուրբ հացի էր նստած
մեր երգեցիկ ծերերի հետ,
և աջ ուսին դու էիր,
կաքավ,
և ձախ ուսին,
Հայրենիք,
ախ –
ՄՈՐՍ
Եվ քամիներն ահա
ճանապարհներ դարձան, –
ես գնում եմ հեռու,
ես գնում եմ հեռու:
Եվ թափուր են մնում
օրորոցներն անձայն,
և մանուկներն այնտեղ
էլ չեն տեղավորվում:
Եվ մեզ ի՞նչ է մնում
կորցնելուց բացի, –
և մեր դուռն են թակում սկիզբ ու վերջ, –
և ասում ես դու ինձ`
տե՛ս, երկինքը հեռվում,
և աստղերը` անծայր երկնքի մեջ:
Ես ելնում եմ հիմա
և գնում եմ ահա,
գիտեմ` ինձ հետ դու չես գալու, –
դու մնում ես հեռվում –
դու մնում ես հեռվում`
մանկությունս այնտեղ
պահպանելու:
Anonymous
Posted at 17:21h, 05 AprilՀակոբ Մովսեսի պոեզիան արդի գրաբանական դաշտի ամենահետաքրքիր երևույթներից է՝խորը և հուզիչ…
samvel
Posted at 07:07h, 01 MayԿարդացի մի քանի անգամ այս բանաստեղծությունները։ Ոչ մի բան չհասկացա։ Սա պոեզիա է՞, թե՞ կլաուզիա։
հասմիկ սիմոնյան
Posted at 10:59h, 01 Mayիսկ քո համար ո՞րն է պոեզիա, կամ դու ընդհանրապես կարդում ե՞ս: