Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց | 1897-1937թթ., Հայաստան

*
Երևան:
Աստաֆյան փողոց:
Քնթաթախ:
Աչքերին փոշի:
Խաղաղ — խաղող — քաղաք:
Ու զռռոցը — «Ա՛ — ի՛, ա՛ — ի՛, ա՛ — ի՛ » —
Իշու,
Էշան,
Էշի…
Ծույլ,
Դանդաղ:
Մի քնած էշի
Երջանիկ երազի նման —
Տոթ,
Ամառվա փոշի —
Երևա՛ն,
Երևա՛ն,
Երևան…

ՎԵՐՋԱԲԱՆ

Հիմա —

Ամեն տեղ —
Լսո՞ւմ եք —
Զնգոց…
Երկաթի գրգիռ:
Օրերը — հրետանի:
Ու կյանքը, հին կյանքը հիմա —
Հիշո՞ւմ եք —
«Տիտանիկ…»:
Հիշում եք.
Եղավ տո՛ն.
Լույսի ու երկաթի մեծափառ հանդես…
— Օրեր…
Շփոթում…
Մարսելյեզ…
…Անտես:
Ու ճչաց —
Սո՛ւր ճչաց —
Կանչեց հոգեվար —
Ռադիոն…
Կանչեց:
Դեպի քաղաքները բոլոր,
Դեպի կայարանները բոլոր,
Ճչաց,
Սո՛ւր ճչաց
Կանչեց…
Ու մեռան:
Գնացին:
Ո՞ւր…
— Օրերը թռչում են, թռչում են արագ:
Օրերը — կրակ,
Պուրպուր…
Ուզո՞ւմ ես՝ բռնեմ հոգիդ այսօրվա —
Ու ծանր,
Երկաթե մի դիսկի նման —
Նետե՛մ —
Ո՞ւր նետեմ —
Ու՞ր…
— Դեպի կյանքը գալիք,
Պուրպուր…

*
Շինում են
Փողոց առ փողոց —
Մոսկովցի,
Բանվոր մի Իվան,
Մի Չինկ-Ֆու,
Մի Հանս,
Մի Պողոս:
Ես ասում եմ՝ աշխարհը կդառնա
Մի հանո՛ւր խնդության փողոց,
Ու Չինկ-Ֆուն Պեկինում կխմե
Քո կենա՜ցը, Բարթո՜ւղ, Պողո՜ս…
Իսկ եթե հույսերից իմ այս վառ
Իմ սրտում պիտ մնան վերքեր —
Ես էլի՜ քո փառքը կերգեմ,
Իմ հզո՛ր, երկաթե՜ եղբայր:
Կերգեմ քո կռիվը մեծ,
Աշխատանքդ հզո՛ր, անծի՛ր, —
Այս պոեմս — քո կա՜մքը երգեց,
Այս պոեմս — դո՜ւ երգեցիր:
Թե խաբեն օրերն այս հրկեզ՝
Սրտո՜վ միշտ քեզ պե՜ս ու քեզ հե՜տ —
Ես էլի՜ քո փառքը կերգեմ —
Ես — չնչին,
Վերջին
Պոե՜տ…

Երևան, 1920, III


*

Եվ
Ահա —
Տասներկու թվին —
Առաջին անգամ… այնտեղ…
Առաջին համբույրս տվի —
Քեզ…
Հիշատակ անթև:
Ես ուզում էի — շո՜գ,
Իրան…
Շիրազի վարդեր կարմիր: —
Բայց գտա…
Անկողնի…
Վրա…
Տարածված… մի պաղ… մարմին…
Ներիր, Աստղիկ Ղոնդախչյա՜ն,
Իմ լուսե բարեկամ…
Ների՜ր…
Ես…
Հետո…
Աշխարհներ անցա —
Բայց թողածս ետ չբերի…
Սիրելի,
Լուսե
Ղոնդախչյան —
Ների՜ր… օ…
Ների՜ր…
Ների՜ր…
Եվ ահա
Առաջին
Անգամ —
Այնտեղ… միևնույն տարին —
Երևաց մի ուրիշ անգո,
Անունը… Երկիր Նաիրի:
Երևաց:
Երևի չկար:
Երևի չկային վարդեր:
Եկավ —
Ուսերիս վրա
Մի անհուն տխրություն բարդեց:
Թվաց թե —
Տեսնում եմ մշուշում
Մի կապո՛ւյտ-կապո՛ւյտ աղջիկ: —
Նման էր — հնամյա փոշու,
Նման էր — արնոտած խղճի:
Սպիտակ շրթերի վրա
Կային… դեղնավուն վերքեր:
Տվեցի սիրտս նրան —
Ուզեցի, որ նրան երգեմ…


ՄԻԱՅՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ

Արմենուհի Տիգրանյանին

Մրսած մի եղեգի նման
Կարոտս անսկիզբ ու անծայր
Տխուր դողդողում է հիմա,
Երգում է միայն քեզ համար:
Երգում է անըսփոփ ու տխուր
Կարոտս — անմայր մի մանուկ —
Իմ երգը — աչքերիդ պես խոր
Ու թույլ ձեռքերիդ պես անօգ:
Բայց դու կարոտիս հանդեպ
Ինչո՞ւ ես լռել, շվարել,
Ինչո՞ւ է լռությունը անդեմ
Շարել իր պատնեշները քարե:
Երգի՜ր, զրընգա՜, զնգա՜,
Նետի՛ր երգիդ վանկը հետին
Անփույթ ժպիտի պես մանկան—
Քո թույլ, հոգնաբեկ պոետին:
Մենակ ես ընկել եմ ճամփա,
Ուսիս` հոգնությունը իմ ծեր,
Նետի՛ր արևի մի փայլ
Դեպի իմ խավարը անծիր…


2

Գիտե՞ս, որ գլխարկիդ համար
Ու լենտի համար գլխարկիդ
Կարող եմ ես զոհվել հիմա —
Գլխարկդ կարող է ինձ փրկել:
Գիտես, որ երգից ավելի
Ու փառքից ավելի — այս սին
Կյանքում կարող է հմայել
Գլխարկդ, գլխարկիդ փոշին:
Թավիշ գլխարկիդ համար
Եվ լենտի համար մոխրագույն
Կարող եմ ես զոհվել հիմա —
Միայն թե հասկացիր այդ դու:
Ես ինչպես քեզ ասեմ հիմա,
Որ դու իմ կարոտը հասկանաս,
Դու — լույս, լուսեղեն — քամի,
Դու այլ փրկության երազ:
Եվ ես, պոետ մի անտուն,
Կյանքում, օրերի միգում
Փնտրում եմ մի վերջին խնդում,
Որ կարող ես ինձ տալ միայն դո՜ւ:

9. lll. 1920


ԱՆԿՈւՄՆԵՐԻ ՍԱՐՍԱՓԻՑ


Ե՜ս եմ հիմա — մի պոետ. և իմ անունը —
Չարենց —
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՛րձր ու մեծ:
Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից` դեպի վառվող Ապագան:
Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի.
Ի՞նչ է ուզում քո հոգին, հազարամյա Նաիրի՜:
Եվ ինչո՞ւ ես դու փռել իմ դեմ քո բույրը բոլոր
Եվ իմ մորմոքը վառել թախիծներով ահավոր:
Եվ ինչո՞ւ է իմ առաջ ելել աղջիկը քո հին`
Բորբ աչքերով իր կանաչ ու հմայքով իր դեղին:
Ուզում է մե՛րկ լինեմ ես, ու անսփոփ, ու անօգ,
Որպես մեռել մի հրկեզ. որպես կորած մի մանուկ:
Եվ չարձակած ո՜չ մի նետ, անկումների սարսափից,
Ես փախչում եմ ահա ետ — ես նահանջում եմ նորից:
Եվ աչքերս, որոնց դեմ կանգնել է բիլ մի նկար —
Նորի՛ց հառնում են դեպի ամբոխները խելագար:
Նրանք ելել են նորից, նրանք շատ են, նրանք վառ,
Ու ավերե՛ն պիտի ձեր քաղաքները լուսնահար:
Ո՜չ մի հմայք էլ պիտի ձեր աշխարհը չունենա`
Նրա տեղ մահ ու ավեր, վերք ու մոխիր կմնա:


XXII


Ես հիմա ապրում եմ Մոսկվայում.

Գլխիս մեջ՝ մրրիկներ ոսկի:
Գլխիս մեջ մի Ռոբերտ Օուեն
Հիմա վառ գալիքն է հսկում:
Գրում եմ պոեմներ, երգեր:
Երազում եմ — Գալիքն անծիր:
Նաիրի, ես սիրում եմ քեզ.
Քեզ սիրում եմ, իմ Իրան հրձիգ:
Ես հիմա հեռո՞ւ եմ…Օ, ո՛չ.
Ձեզ մոտիկ եմ հիմա ավելի —
Ինչպես նետը՝ դեպի ետ քաշած՝
Առաջից փախչող գազելին:
Իմ հոգին երեք նետ ուներ —
Պի՜րկ հենած աղեղին օրերի: —
Հիմա՝ թռե՛լ են երեքն էլ —
Զարնվել են — խնդո՜ւն հրին:
Ես ձեզ չե՛մ, ձեզ չե՛մ մոռացել.
Դուք հիմա դարձել եք — մի: —
Մենք շուտով, ինչպես նետ երեքծայր —
Թռչելու ենք — Հնդուչին, Պեկին:
Ընդունե՛ք, առե՛ք ինձ հիմա —
Մոսկո՛վ կարմրակեզ հրի,
Իմ ոսկի՛, ոսկի՛ իմ Իրան,
Իմ հեռո՛ւ, հեռո՛ւ Նաիրի…

  1. 6. 1. Մոսկվա

 

No Comments

Post A Comment