Փուրիա Սուրի | ծնվ. 1984թ., Իրան
Բույրդ
Պետք է տուն վերադառնամ
Սակայն բույրդ
Բաց չի թողնում օձիքը վերնաշապկիս
Նոստալգիա
Ծիծաղեցիր և ծիծաղեցի
Թերթվեց ճակատագիրը
Դու գնացիր ու ես մնացի
Պատկերը աղճատվեց
Ես մնացի ու ծիծաղեցի
Ես մնացի ու ծիծաղեցի
Ես մնացի ու ծիծաղեցի
Ենթարկվածություն
Ստրկություն է ապաքինումը այս ենթարկվածի
Լուռ են ինչ-որ գիշերային սիրայիններ
Որ շշմած ու մերկ
Թախծոտ ու համբերատար
Ցավագար են ինչ-որ եկվորների գաղտնիքով
Ապավինում են մի կնոջ երակներին որ դանդաղ
Հայտնվում է դռան շեմին
Ես հոգնել եմ ծառի ազնվությունից որ գարնանր կանաչ է մշտապես
Եվ աշնանը դեղին
Կարմիր ծառ եմ ուզում որ արևի երգը
Արևածագի ու փախչի
Այս գիշեր անխարդախ այս լճակում հյուրընկալն եմ արևի
Եվ դիտորդը նրա վերջին շնչի պղպջակների
Այս գիշեր ապաքինում եմ ստեղծել այս ենթարկվածության ստրկությանը որ
Վաղը ոչ ոք
Չհիշի
Եթե իմ տունը…
Եթե իմ տուն գաս
Փողոցի տագնապը դռան ետևում թողնելով
Գորգի ծաղիկներին ազատիր երկնուղեշ փայտից
Եվ արծաթափայլ բարդիների կողքին
Այն ճոճանակում որի վրա մանուկը անհամբերություն չի ցուցաբերել այսօրվա համար
Ինձ շոյիր
Ինձ շոյիր և վաղը հանձնիր քամուն
Լող
Երեխա ժամանակ էլ վախենում էի ջրից
Քառոտանին քաշում են
Հիմա թպրտում եմ
Բույսը որ ես եմ
Լուսամուտների տկարությունը
Թափահարում են քո ձեռքերը
Ես քեզ պատկանող տանն եմ
Բուսական կյանք ունեի
Ջրցանի սեղմումով և քո ձեռքերով
Իմաստ ուներ վաղը
Ազատություն
Մի թռչուն կա իմ մեջ
Որ ուզում է ու չի երգում
Գավում գինի կա
Որ թափվում է ու չեմ խմում
Քեզ եմ գրում որ եղել ես մշտապես
Ու քեզ երբեք չեմ ունեցել
Անհայտ զինվորը
Առավոտ շուտ դուրս ես նետվում տանից
Ձեռքերդ բուրում են մանուշակներ
Անցնում ես փողոցներով և
Ձայնակցում ես քամուն
Լուսամուտ առ լուսամուտ քեզ հետևում եմ
Գլուխդ թեքում ես աննշան ձայնից
Ծիծեռնակն է որ երգում է
Եվ դու խոնավ ասֆալտի վրա
Քայլերդ…
Քայլ առ քայլ քեզ հետևում եմ
Սոսենիների շարանը
գրկում և
Արտասվում ես
Լռության մեջ հեկեկում ես
Ուս առ ուս քեզ հետևում եմ
Հեղաշրջումը ազատություն չի բերում (կրկնում ես)
Եթե ամբողջ աշխարհից ծառ ու տերևից
Այն տերևները որ թափվում են…
Մեկը պետք է սկսի երգել ու միաձուլվի արևից
(Կրկնում ես ազատությունը)
Կրկնում առ կրկուն քեզ հետևում եմ
Աչքերդ հառում ես ինձ
Նշանի տակ եմ վերցնում աչքերդ
Գիսավոր աստղ ես դառնում
Արևային ակնոց եմ դնում
Անհետանում ամբոխի մեջ
Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը
No Comments