07 Feb Մարիամ Թումանյան
Մարիամ Թումանյան | 1870-1947թթ.
Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները
(հատված)
Բանաստեղծին ճանաչում էի 1882 թվականից: Իմ ուշադրությունը գրավեց նրա համակրելի և մշտաժպիտ դեմքը: Ամուսինս հեգնանքով ասում էր.
– Քո Պուշկինը եկավ…
Ես վստահ էի` Թումանյանը նվաճումներ էր ունենալու, թեպետ նոր-նոր էր սկսել պոետական առկայծումներ դրսևորել: Ես շատ եմ արտասվել նրա պատճառով: Հաճախ նամակներս թրջվել են: Նա իր ժամանակը գնահատել չգիտեր, մի բան, որ ցավեցնում էր ինձ: Կարող էր զրույցի բռնվել ցանկացած մեկի հետ: Անփույթ էր կյանքում և իր հաշվարկների մեջ: Ընտանիքի ծանրությունը նրա համար չէր… Երբ փորձեցինք տպագրել նրա բանաստեղծական ժողովածուն, որ հասույթն ուղղվեր կենցաղին, Թումանյանը խառնեց մեր բոլոր հաշվարկները: Նա պատեհ-անպատեհ մտնում էր հրատարակչություն, վերցնում դեռ գրախանութ չմտած ժողովածուն, նվիրում էր ում պատահեր… Ես վիրավորվեցի և փորձեցի հանդիմանել:
– Իմ գրքերը չե՞ն, – պատասխանեց ժպտադեմ:
Թումանյանի Վերնատունը հավաքատեղի էր, բացի գրողներից և արվեստագետներից, այնտեղ խնջույք էին անում շատերը: Տունը հայտնի էր իր քեֆերով: Ես ոչ մի անգամ ներկա չեմ եղել նման հյուրասիրությունների: Վիրավորվում էր անպատեհ շռայլությունների համար, իսկ գումարները Թումանյանի գրպանից չէին դուրս գալիս… Ինձ համար անընդունելի էր այդ կենցաղը:
Նրա կյանքի դժվարություններին ծանոթ լինելով` փորձել էին համոզել, որ քահանա ձեռնադրվի:
– Հոգևորականի հագուստով իմ դուռը չթակես, – բարկացա ես, երբ այդ մասին տեղեկացա:
– Ինչպե՞ս պահեմ այդքան երեխա, – հուզվեց, ձեռքը թափահարեց, հեռացավ հուսալքված:
Չգիտեմ ինչու, ինձ թվաց, թե գնում է մեռնելու: Ամբողջ գիշեր չքնեցի: Առավոտյան գնացի նրա տուն: Կինն իր հանգիստ, անտագնապ ձայնով ասաց.
– Գնացել է առաջնորդարան:
Մեր ժամանակներում ընդունված էր, որ ալբոմի մեջ բանաստեղծություններ գրվեին: Ես խնդրեցի Թումանյանին զետեղել այնտեղ իր ստեղծագործություններից: Նա երեք բանաստեղծություն բերեց` ալբոմի մեջ գրված: Մեկ շաբաթ անց եկավ, վերցրեց այն` պատճառաբանելով, որ նոր գործեր պիտի ավելացնի: Այդպես էլ չստացա այդ ալբոմը:
Թումանյանը կնամոլ չէր, զուսպ էր այդ հարցում: 1908 թվականի ամառային մի գեղեցիկ օր եկավ մեր տուն… Հեքիաթային օր էր: Ես մենակ էի…
– Մի խոստովանություն պիտի անեմ Ձեզ, Մարմար…
Նա մտերմության պահերին այդպես էր դիմում ինձ:
– Ես վաղուց սիրահարված եմ մի կնոջ, – շարունակեց` շնչասպառ լինելով, – բայց նա ոչինչ չգիտի այդ մասին: Ես տառապել եմ, ցավ եմ զգացել իմ անհաղորդ վիճակից:
– Մի՞թե չի նկատել, – զարմացա ես:
– Ո´չ:
– Ուրեմն այդ կինը հաստ կաշի է ունեցել:
– Չէ, նա շատ քնքուշ է ու զգայուն:
Թումանյանի աչքերը թափանցեցին մինչև հոգուս խորքը: Ձեռքը մեկնեց ինձ: Ես անսովոր դող էի զգում, գլխապտույտ: Մի կերպ ոտքի կանգնեցի: Նա օգնեց ինձ, որ նստեմ աթոռին: Վսեմ ու անկրկնելի րոպեներ էին: Դռան զանգը սթափեցրեց: Ես սենյակ մտա… Ամուսինս և երեխաներս էին… Թումանյանը գնաց: Այդ գիշեր ինձ թվում էր, թե այրվում եմ կրակների մեջ: Ես քննում էի իմ ներսը, չէի կարող դժբախտացնել ուրիշ կնոջ, թեպետ մենք իրար հասկանում էինք հայացքներով անգամ: Հաջորդ օրը մեր տուն եկավ:
– Լսիր, Մարմար, ես էլ լռել չեմ կարող, – բռնեց ձեռքս:
Քաջություն չունեցա հետ քաշելու:
Նա խոսում էր բանաստեղծորեն: Ես լուռ էի…
– Գիտե՞ք ինչու վերցրի ալբոմը, չէի կարող չխոսել իմ սիրո մասին: Դուք սիրո՞ւմ եք ինձ…
Ես շարունակում էի լռել: Ես պատասխան չունեի: Ես գլխահակ արտասվում էի: Ես չկայի… Թումանյանը փորձեց գրկել ինձ: Հետ-հետ գնացի: Ներքին մի ձայն ինձ ասում էր` ո´չ:
Նա ոտքի կանգնեց ու նետվեց դուրս: Երկար ժամանակ չտեսա Թումանյանին: Իմ մերժումը վիրավորել էր նրան: Մեր ընկերության մեջ ինչ-որ բան փոխվել էր…
Երբ ինձ հայտնեցին, որ ծանր հիվանդ է, գնացի նրան տեսնելու: Համոզված էի, որ տեսնելու եմ նախկին բարեկամին, նրա խոսուն աչքերը… Մտա ննջասենյակ: Թումանյանը պառկած էր` նիհար, գունատ: Մեկնեց իր ձեռքը և ժպտաց: Ես փորձեցի մծիթարել, գոտեպնդել: Մեկ ժամ նստեցի կողքին: Սոսկալի էր նրան տեսնել այդ վիճակում: Չդիմացա: Դուրս նետվեցի:
Երբ Թումանյանի մահվան բոթն ինձ հասավ, ես մեծ կսկիծ զգացի, անվերջ արտասվում էի: Ես ողբում էի իմ մտերիմ բարեկամի, ոգեղենիկ ընկերոջս մահը:
Հիշում էի բոլոր հաճելի պահերը, մեր զրույցները: Տանջահար էի: Նրա թաղմանը մասնակցելու ուժ չունեի:
Թաղման նախօրյակին ես գնացի Հայարտուն, որտեղ դրված էր նրա դին… Անբացատրելի զգացածս: Սպասեցի, որ բոլորը դուրս գան: Կանգնեցի նրա աճյունի առաջ: Սիրտս ալեկոծվում էր: Իմ քարացումը ուրիշ աշխարհ էր տանում ինձ: Հասկացա այդ պահին իմ կորստի գինը: Վճռեցի չմասնակցել թաղմանը:
Փողոցից ձայներ լսվեցին: Ես պատուհանից դուրս նայեցի: Թափորը Թումանյանի տանում էր մեր տան կողքով… ընտրել էին այդ ճանապարհը: Ես մինչև օրս ինձ չեմ ներում, որ հուղարկավոր չեղա, և մի հարց մինչև օրս տանջում է ինձ.
– Ինչո՞ւ, ինչո՞ւ ավարտը այդպիսին է…
Թվում էր, թե Թումանյանը հանդիմանում է ինձ իր քարացած հայացքով… Հիշեցի նրա մի նամակը.«Աշնան այնքան անուշ ու տխուր լռության մեջ լսում եմ միայն թափվող տերևների դալուկ շշունջները և թռչունների հրաժեշտի սրտաճմլիկ ծլվլոցը, որ դեղնած ճյուղերի մեջ իզուր գարուն են որոնում: Ծլվլում` ով գիտե ինչ ափսոսանքներ, ինչ հիասթափություններ, ու արևի վերջալույսի շողերի տակ մտածում եմ, որ վերջն էլ, մահն էլ կարող է սիրուն լինել, ինչպես աշունն այս հովիտում»:
Ո´չ, սիրելի բարեկամս, մահը սիրուն լինել չի կարող:
No Comments