14 Jan Ռիչըրդ Բրոթիգըն | Richard Brautigan
Ռիչըրդ Բրոթիգըն | 1935-1984թթ., ԱՄՆ
Ճամփորդենք դեպի նոր ամերիկյան տունը
Կան դռներ,
որ ուզում են ազատվել
իրենց ծխնիներից
կատարյալ ամպերի հետ թռչելու համար:
Կան պատուհաններ,
որ ուզում են
դուրս պրծնել
շրջանակներից՝ վազելու
եղնիկների հետ
գյուղի մարգագետիններում:
Կան պատեր,
որ ուզում են գաղտագողի
մոտենալ լեռներին
վաղ առավոտյան
կիսամութի միջով:
Կան հատակներ,
որ ուզում են վերածել
կահույքը
ծաղիկների ու ծառերի:
Կան տանիքներ,
որ ուզում են նրբագեղորեն
ճամփորդել
աստղերի հետ խավարի
շրջանների միջով:
Երկրորդ թագավորությունը
Աստղերի առաջին
թագավորությունում
ամեն բան
կիսագեղեցիկ է:
Եղունգներդ
հրեշտակներ են՝
սիրո երկար
գիշերից հետո
քուն մտած:
Ձայնը
աչքերից՝
քամու սանդուղքով
ցած իջնող
ձյուն:
Մազերդ
աստծո՝ ծաղիկներ
հավաքելու
գույնն ունեն:
Աստղերի երկրորդ
թագավորությունում
կաս միայն
Դու:
Ընծաներ
Լուսաբացին, երբ ցողը վրան խփի
խոտերի վրա, կգա՞ս իմ գերեզմանին՝
շաղ տալու հացի փշրանքներ՝
կախարդված խոհանոցից բերված:
Կհիշե՞ս, որ ես այնտեղ եմ՝ հողի տակ՝
աչքերս քայքայված,
ականջներս փշրված
ու լեզուս վերածված ստվերների:
Կհիշե՞ս արդյոք, որ ես գնում էի
շատերի գերեզմանին ու միշտ գիտեի, որ
ես եմ այնտեղ թաղված:
Ու հետո, երբ տուն էի գալիս, որտեղ
տաք է, գլուխս չէի լցնում
գրողի տարած մտքերով:
Կհիշե՞ս արդյոք, որ մի օր
ես գնացի քո գերեզմանին, ու դու մահացել էիր
շատ տարիներ առաջ, և ոչ ոք չէր մտածում
քո մասին այլևս
բացի ինձանից:
Կհիշե՞ս արդյոք, որ մենք փխրուն ընծաներ ենք՝
աստղերից տրված, ու մենք կոտրվում ենք:
Կհիշե՞ս արդյոք, որ մենք ցավ ենք,
որ սպասում է ճչալու, փոս ենք,
որ սպասում է փորվելու, և
արցունքներ ենք, որ սպասում են
թափվելու:
– – –
Եվ կհիշե՞ս արդյոք, որ երբ հեռանաս
իմ գերեզմանից, թռչունները կգան
ու հացը կուտեն:
Անցյալը հետ չես բերի
Պորտալարը հետ
չես ամրացնի,
որ միջով կյանք հոսի
նորից:
Մեր արցունքները երբեք լրիվ
չեն չորանում:
Մեր առաջին համբույրը հիմա ուրվական է,
որ թևածում է մեր բերանների վրա, մինչ նրանք
թաղվում են
մոռացության մեջ:
Լեգենդ ձիերի մասին
Իհարկե
իրականության
մարմնավաճառները
երազներում
կույս են դառնում
բայց մարգագետնում
յոթ ձի կա
ու ոչ մի
հեծյալ
ու ամեն ինչ
կատարվում է
միանգամից:
Անձրևում է:
Ձյուն է գալիս:
Արև է:
Խոտը սև է
ու մարգագետնում
յոթ ձի կա
ու ոչ մի
հեծյալ:
Ծեր կինը
մոտենում է
խնձորներ վաճառելով:
Խնձորները շատ գեղեցիկ են
բայց ձիերը
վախենում են
ու թաքնվում
օվկիանոսում:
Ձկները նրանց
տարօրինակ են
նայում:
Սպասումը
Ասես
տարիներ անցան,
մինչ
ես քաղեցի
մի փունջ
համբույր
նրա բերանից
ու դրեցի
լուսաբացի գույն ունեցող ծաղկամանում՝
իմ
սրտի
մեջ:
Բայց
արժեր
սպասել:
Որովհետև
ես
սիրահարված
էի:
Սիրային բանաստեղծություն
Ցավից միշտ էլ կարելի է մի բան ստանալ:
Մայրդ գործում է:
Կարմիրի բոլոր երանգներով շարֆեր:
Սուրբ ծննդյան համար են, քեզ տաք կպահեն,
մինչ նա նորից ու նորից կամուսնանա՝
քեզ իր հետ տանելով:
Ոչինչ չէր ստացվի,
քանի որ նա այրիացած սիրտն իր հետ տանում էր տարիների միջով,
ասես մեռյալները վերադառնում են:
Զարմանալի չէ, որ դու այսպիսին ես՝
վախենում ես արյունից, ու քո կանայք
մեկը մյուսի ետևից շարվող աղյուսի պատեր են հիշեցնում:
Վերջին ուղևորությունը
Մեռնելը նման է
ավտոստոպով
անծանոթ քաղաք գնալուն
ուշ գիշերով,
երբ ցուրտ է
ու անձրևոտ,
և դու մենակ ես
նորից:
Հանկարծ
փողոցի բոլոր լապտերները
մարում են,
ու ամեն ինչ
մթնում է
այնքան,
որ նույնիսկ շենքերն են
վախենում մեկը մյուսից:
Անգլերենից թարգմանեց Ռուզաննա Սուքիասյանը
No Comments