Ռոին Աբուսելիձե | როინ აბუსელიძე

Ռոին Աբուսելիձե | ծնվ. 1988թ. Վրաստան

 

ԲՈՂՈՔ ԿՈՒԼԻՍՆԵՐԻՑ

(ընթերցումներ հայելու մեջ)

Ծեր անտենաների առաստաղներին մառախուղ է նստել:
Վարագույրները փակել են ճաքճքված ապակիների բերանները:
Վրացերեն է անձրևում: Դու գիշերը լուսացնում ես մահվան հետ
ու վերջանում ես ինչպես վատ ֆիլմ: Որովհետև ապրեցիր քո ճանապարհը
ուրիշի ծեսերով – ուղիղ քսան տարի: Եվ աշխարհը ներծծեցիր քո մեջ: 

Բանաստեղծության փոքրիկ տետրի մեջ արտագրեցիր Աստվածաշունչը`
ծայրից ծայր: Անձրևն անտարբեր գալիս է ու գալիս… սենյակում կաթում են մտքերը,
իսկ դու գրում ես, ու կարծես ձկնորս լինես, որ լինել թե չլինել է որսում: 

Ցանկություններիդ մատուցել ես անսահման տարածքներ, ու զգացմունք ես փնտրում:
Մինչ քներակներդ կմիացնեն տողերն իրար, ավելի լավ է միացնես երաժշտությունը
և եթե երաժշտության մեջ նախընտրում ես տասնվեց տողանի բանաստեղծությունը
ստացվում է այնպես, որ պարում ես ուրիշի նվագի տակ… կամ կրկնվում ես
կամ ծեր անտենաներին նստած մառախուղը նորից ծաղրում է
քո նպատակներին հասնելու կարողությունը…
Դու արդեն ներել ես բոլորին, և գիշերվա հետ գիշեր ես լուսացնում,
իսկ ամեն առավոտ մեկ օրով և ևս մեկ բանաստեղծությամբ ծերանում ես:

Ռուսերենից թարգմանեց Տաթևիկ Խուրշուդյանը

ՀԱՅՐՍ

Գիշեր` ի միջի այլոց,
Զգացմունքների զուգադրում,
Դժվարացել է կարգին
Բանաստեղծի խնդիրը,
Եվ արդ գրելու տենչս
Ինքն է արդեն ինձ գրում:
Եվ հոր նման հիմա
Պակասում է հայրս:

Քամին նարինջ է ուտում է ծառերին:
Ես` պատուհանին հայացքս պլշած,
Հույսն է կարևոր, թե հավատում ես. –
Հույսին թևանցուկ` փողոցներով մեկ
Մաշվում եմ անշտապ ու համոզվում. շատ
Աննկատելի
Փողոց է հայրս:

Ոչ մի տեսակի ազդեցությամբ
Շարունակվում եմ լուռ, անծես.
Ճշմարտության քրոնիկոն –
Կտրատեցի ճյուղերն օրվա:
Ինչ-որ մեկը չի հավատում…
Ու ես իրոք ասում եմ ձեզ.
Դարաշրջանն է
Իսկ և իսկ հայրս:

Պարզ է. ինչպես կարգն է,
Բանաստեղծությունն էլ է ծերանում,
Պարտվեցիր դու և լուռ
Անկյունում կուչ եկար,
Երբեմն հայրերն էլ,
Հայրերն էլ կենդանի ծերեր են ու
Ստեղծում են մահացած
Հայրերի հաբիտուսներ:
Սիրած ֆիլմի կադրերի պես`
Մանկությունս դաս-դաս
Անցնում-կորչում է հազվադեպ
Հումորի նման…
Ամեն ինչ թողնենք –
Ոչ ավել, ոչ պակաս
Հենց այս մի տողն է
Հայրս, խեղճ հայրս…

Գիշեր է, ու երդվում եմ,
Զգացմունքներ է զուգադրելու,
Սարսափելի դժվար է
Բանաստեղծի խնդիրը,
Եվ այդքան շատ, ուժեղ է ու
Մեծ` ցանկությունս գրելու,
Եվ այդքան շատ, այդպես հատուկ`
Նաև իմ անունն է հայրս:


Ռուսերենից թարգմանեց Էդուարդ Հարենցը

 

No Comments

Post A Comment