Գայանե Բաբայան | Մենապար

Գայանե Բաբայան
1965-2010թթ., Հայաստան

Մենապար
բանաստեղծություններ

«Ապագա» հրատարակչություն
Երևան, 2001թ.


*

Եվ ես, որ գզգված մի կատու էի`
Սիրատարփ ու ցինիկ,
Որ լիզում էր քրտինքդ աղի
Եվ չգիտեր էլ ինչ անի,
Եվ դու` որպես փողոցի լղար շուն,
Որին հաջողվել էր մի էգ կատու բռնել,
Երբ արդեն հոգնատանջ ու… վերջ`
Արդեն կրակ էինք երկուսս էլ.
Երբ կրակը արդեն պիտի թուլանար,
Ես վազվզում էի սենյակիդ չորս պատերի մեջ,
Մերկ ոտքերով ցատկոտում էի ապակիների վրա,
Գովում էի մարմինդ լղար, ձիգ շուն,
Կետ առ կետ կպչում էի բոլոր ջղերիդ,
Հետո քնում էինք այնպե՜ս տաք ու կպած,
Ուրախ, որ նույնիսկ անկողին ունենք,
Չէ որ ես գզգզված էգ կատու էի,
Իսկ դու` փողոցի կղար շուն…


*

Այնտեղ, ուր ապրում է Գայանե Բաբայանը,
Ամեն ինչ սատանայակերպ թափթփված է լինում,
Մոխրամանի ծխուկների նման անփույթ.
Եվ այդ լաբիրինթոսը,
Որ չկա սերը,
Կլանում է օրը, ամիսը, տարին…
Եվ խճճուկն այդ դաժան է,
Որովհետև կինը կգնա,
Կմնա լոկ սատանան,
Բայց չէ՞ որ սատանան շատ լավն է,
Երբ կին է, գեղեցիկ ու կրակ…


ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿ

Երբ մենակ գիշերվա ցուրտ անձրևի մեջ
Վնգստում եմ շան քոթոթի նման,
Իսկ հնձվորը արդեն խռռացնում է
Իր փսխուկի կողքին պառկած,
Հանգած վառարանի աշխարհում
Ես հավաքում եմ մեկ-մեկ
Արցունքներս,
Դրանից մանյակ-բան եմ սարքում,
Որով զարդարում եմ ինձ
Եվ ուզում եմ մի քիչ արցունք էլ
Քեզ ուղարկել,
Որով դու աղի-բլիթ կուտես,
Եվ տեսնես` այս անձրևում
Ո՜նց եմ ինձ սիրուն զարդարում…


*

Օ՜, Ամանորի սեղան` այստեղից-այնտեղից հավաքած,
Կեղծված գինի և օղի խառնիխուռն,
Ահ, կերե՛ք, իմ հյուրեր, ահա իմ խնձորները`
Մանր-մունր ու ճլորած, գետնից հավաքած խնձորներ
(հասկանո՞ւմ եք, ամռանը ես ձիգ ու ժպտուն էի
և մի այգի թռա` խնձորի առատ այգի,
և քանի որ սարսափելի է, որ և՛ գողանում ես,
և՛լավն ես գողանում` հավաքեցի գետնից),
Իսկ այն դատարկ ու մեծ ափսեում իմ սիրտն է`
Բոլոր հնարավոր ձևերով` սառը, տաք ու աղ դրած,
Ահ, կերեք, իմ հյուրեր, միայն առանց քաշքշուկի,
Չէ՞ որ ես ամեն ինչ տեսնում ու զգում եմ, անգամ ցավը.
Այնտեղ, սենյակի իմ անկյունից, վառարանի խողովակը գրկած…


*

Ամեն ինչ շատ վատի առաջ
Երբ թվում է թե` վերջ, արդեն վերջ,
Ես վերջի եզրին գտնում եմ կորցրած բառերս,
Բառերի հետ մի քիչ հուշ եմ խառնում ու կիրք,
Մի քիչ մեծ գրողի կարծիքն եմ խառնում
Ու համարյա արդեն լավ եմ լինում…
Եվ մեծ գրողը համարյա գլուխս շոյել էր,
Ինչպես նրա հերոսուհուն, երբ աղջնակ էր ու ցուրտ աշուն,
Քաղաքի մի չբեր կին էր շոյել ու անցել,
Բայց ինքը հիմա այլևս մրսող աղջնակը չէր,
Եվ իհարկե` քաղաքի չբեր կինը չէր,
Բայց մեծ գրողը կար դեռևս,
Եվ ինքը կար, թաքո՜ւն նրան սիրող…


*

Ախր ես սպասելուց տգեղանում եմ,
Սիրելիս,
Մտել եմ սենյակդ հանկարծ,
Որ առանց քեզ դատարկ է.
Ես ու մահճակալդ նախ սիրունացանք,
Բայց դու ուշանում ես,
Սիրելիս,
Եվ գեղեցկությունս, որ ստեպ-ստեպ թարմացնում եմ,
Արդեն նմանվում է
Հազար անգամ տաքացվող ճաշի…


*

Ես նկարել էի տուն, որտեղ ապրում էի,
Նկարել էի սերը, որը պահում էի սրտիս շրջանակում,
Նկարել էի համբույրը, որը պահում էի շուրթերիս,
Նկարել էի մկնիկ, որին պաշտպանում էի իմ նկարած կատվից,
Նկարել էի երեխաներ, որոնց սիրում էի:
Ու երբ մի օր այդ երեխաների համար ես թիթեռ նկարեցի,
Նրանք ծիծաղելով դուրս նետեցին և ուզեցին իսկականը.
Աստվա՜ծ իմ, ասացի ես ու վազեցի թիթեռի ետևից,
Աստվա՜ծ իմ, բայց չէ որ չի կարելի շպրտել երազները…

 

1 Comment
  • Anonymous
    Posted at 12:41h, 14 April Reply

    Ափսոս որ էլ չի գրելու 1000՝ ափսոս…

Post A Comment