Վահագն Գրիգորյան

Վահագն Գրիգորյան | ծնվ. 1942թ., Հայաստան   

ԼԱՎՈՆԱՍ

Անսպասելիորեն, արտաքուստ անառիթ՝ ուղեղիս չգիտես որ անկյունից դուրս սողաց բառը։ Լիտվերեն առանձին բառեր, որոնց նշանակությունը չգիտեի, բայց ինչ-որ տեղ լսել էի, մինչ այդ էլ էին հանկարծ լեզվիս գալիս։ Երևի բնական է, եթե երկար տարիներ կապված ես մի երկրի հետու որոշ չափով գիտես լեզուն։ Նման դեպքերում ես սովորաբար կողքինիս հարցնում էի բառի նշանակությունը, երբեմն ուրախանում, որ մի նոր բառ էլ սովորեցի, երբեմն էլ պարզվում էր, որ այդպիսի բառ չկա՝ շփոթում եմ։ Հարցնում էի, պատասխանում էին, անցնում-գնում էր։

 Այս անգամ կողքիս ոչ-ոք չկար, իսկ բառը հնչում ու հնչում էր ուղեղումս։ Երբ համոզվեցի, որ հիմնավորապես եմ նրա թակարդն ընկել, կասկածելի աղմուկ լսած գազանի պես դանդաղեցրի քայլս ու ականջ դրեցի։ Բառը հնչում էր սահուն, երգեցիկ։ Դա լավ էր, մինչև նրա իմաստը պարզելն ու հոգիս ազատելը շատ չէի տանջվելու, բայց ինձ հաճելիորեն զարմացրեց մեկ ուրիշ հանգամանք՝ բացարձակ վստահությունս, որ այսպիսի բառ, իրոք, կա, և, որ ավելի հազվադեպ բան էր, միանգամայն ճիշտ է նաև շեշտադրությունը. լավո՛նաս։
Տրամադրությունս լավ չէր, մի վիճակ, որ հաճախակի հյուրս էր վերջին տարիներին։ Իսկ վատ էին նախ և առաջ ֆինանսական գործերս, որից էլ ձգվում էր զանազան տհաճությունների մի երկար շղթա։ Արդեն մի քանի օր ինձ բզկտում էի այն մտքով, որ այլևս երբեք չեմ տեսնելու Երևանը։ Անցած գիշեր, առաստաղին նայելով, իհարկե, քննարկել էի նաև ոտքով Երևան հասնելու տարբերակը, բայց հենց այնպես, ի միջիայլոց։ Ես փող չունեի, իսկ խելք դեռ ունեի այնքան, որ լուրջ չընդունեի մի քանի հազար կիլոմետր ոտքով անցնելու գաղափարը։ Նման օրերին, երբ խեղդում է կարիքը, երբ վաղվա օրը, հակառակ բոլոր ազնիվ ջանքերիդ, ներկայանում է ավելի մռայլ գույներով, անպտուղ է նույնիսկ գրասեղանի առաջ փրկվելու ծանոթ փորձը։ Առավել ևս, որ մի խելքը գլխին բան վաղուց չէր հաջողվում գրել։ Եվ ահա, որպեսզի որևէ հիմարություն չանեմ, անտառ էի գնացել։ Լիտվայում դա ծախս չի պահանջում։ Նստիր ավտոբուս, վճարիր 60 ցենտ (որն ամերիկյանից չորս անգամ էժան է) և, խնդրեմ, կես ժամ անց արդեն անտառում ես։ Սունկ հավաքելու էի գնացել։ Հայաստանում երկու-երեք անգամ եմ սունկ հավաքել։ Առաջին անգամ երեխա ժամանակ, Արագածի փեշերին, տատիս հետ։ Հավաքեցինք աթարի վրա աճած ինչ-որ մանր սնկեր, յուղով ու ձվով տապակեցինք։ Բոլորը թունավորվեցին, բարեբախտաբար, ոչ մահացու, բացի ինձնից, որովհետև միայն ես՝ սնկահավաքի նախաձեռնողս, մոտ չէի եկել այդ համադամ կերակրին։ Երկրորդ անգամ կյանքիս հինգերորդ տասնամյակում, Կոտայքի սարերում, որտեղ հավաքած սնկից թեև կերա, բայց առ այսօր նախ ևառաջ հիշվում են կիզիչ արևն ու քարերի վրա կուտապ-կուտապ տաքացող օձերը։ Այս երկուսի արանքում երրորդ դեպքն էլ էր եղել՝ Ստեփանավանում, որը, սակայն, չի տպավորվել։ Մի խոսքով, Հայաստանում սունկը ամենևին էլ այն տեղն ու դերը չունի, ինչ, այսպես ասենք, սնկային երկրներում։ Երևանցու համար, օրինակ, սունկ կոչվածն ընդամենը շուկայում վաճառվող սննդամթերք է և մեծավ մասամբ նույնանում է ներքնահարկերում աճեցվող շամպինյոնի հետ։ Լիտվայում սունկը, իհարկե, նույնպես սննդամթերք է, նույնպես ապրանք, բայց հասցված պաշտամունքի աստիճանի։ Լիտվացին, ի տարբերություն մեզ և անկախ նրանից գյուղաբնակ է, թե քաղաքաբնակ, եղանակի տեսությանը հետևում է նաև որոշելու համար, թե ինչպիսին է լինելու սնկի գործն այս տարի, այս ամիս, մյուս օրը։ Իր արձակուրդը նա հաճախ հարմարեցնում է լավագույն սնկաբեր ամսին։ Ընտանիքի հոգատար հայրը, կնոջն ուերեխաներին սրտանց ուրախացնելու համար, նրանց սունկ հավաքելու է տանում։ Սունկ են հավաքում տատիկն ու թոռնիկը։ Մի իսկական գեղեցկուհի ու իր ազնվացեղ շունը։ Ընկեր ու բարեկամ այնպես են իրար գլխի հավաքվում, ասես խաշի պիտի գնան և ոչ թե սնկի։ Զառամյալ մի ծերունի, որին բարի մարդիկ հրելով-քաշելով հազիվ են ավտոբուս բարձրացնում և որի զամբյուղում ընդամենը մի քանի ճլորած սունկ կա, այլոց լիքը զամբյուղներին նայելով, արդարանում է, ասես Աստծուն դիմելով. «Ես էսքա՛ն գտա։ Աչքերս չեն տեսնում, ոտքերս չեն տանում»։ Հարցնում ես. «Որտե՞ղ է ամառանոցդ», պատասխանում է. «Հոյակապ տեղում։ Սունկ՝ ինչքան ասես»։ Միլիոնանոց գործարք կնքելու արանքում արտասահմանյան գործընկերոջը ոչ միայն թանկ ռեստորաններ են հրավիրում, ոչ միայն երկարոտ աղջիկներով պատվում, այլև սունկ հավաքելու տանում։ Նորությունների հեռուստատեսային թողարկման հեղինակը չի զլանում գոնե մի երեսուն վայրկյան եթերային ժամանակ հատկացնել որևէ արտակարգ գեղեցիկ կամ խոշոր սնկի, երդվյալ գինեմոլի քիթումռութով, բայց վերին աստիճանի հաջողակ սնկահավաքի, ևդու, երկրի նախագահի բախտորոշ խոսքը կեսականջ լսելուց հետո, ականջներդ սրած որսում ես նրա անհոդաբաշխ լմլմոցը։

       Ինչու՞ եմ այս ամենը պատմում։ Ոչ մի այլասպարեզում երևի այսքան բնականորեն չեն ջնջվում հասարակության տարբեր շերտերին իրարից բաժանող անջրպետները։ Հազիվ լույսը բացված՝ քաղաքից դուրս եկող ավտոբուսում քիթ-քթի ու քամակ-քամակի, դույլ ու զամբյուղ գրկած, քնաթաթախ կանգնած են պճնամոլ օրիորդն ու աղքատիկ կենսաթոշակով ծայրը ծայրին հասցնող պառավը, ընտանիքի օրինավոր մայրն ու էժան պոռնկուհին, պրոֆեսորն ու կիսագրագետ գործավորը, պետական պաշտոնյան ու գործազուրկը։ Թեև բարձրաստիճան պետական այրերն ու հարուստները սնկի են գնում, պարզ է, ավտոմեքենաներով, բայց անտառի հովանու տակ նրանք եղբայրանում են կործանված հարբեցողին ու վերջին չքավորին։ Թեև բնության գրկում էլ հնարավոր չէ չզանազանել բուրմունքները՝ բարեկեցության անուշահոտությունն ու թշվառության միզահոտը, սրտները նույն փափագով են տրոփում, նույն ռիթմով հուզվում ու ցնծում։ Մի քանի ժամով քաղաքակրթության պողպատյա սանդղակը փլվում է, մարդիկ հայտնվում են իրենց անտառաբնակ նախնիների մորթու մեջ, իսկ շատ դեպքերում կյանքի հակառակ հատակում հայտնվածն է ավելի հաջողակ, ևտնտեսական ու քաղաքական բուրգերի գագաթներին թառածները չեն խորշում անկեղծորեն երանի տալ նրան։ Ուրեմն ինչո՞ւ այնտեղ, ուր այսպես խաղաղ ներդաշնակում են բարեկիրթ ավազակն ու կոշտուկոպիտ թշվառը, կույսն ու բոզը, բյուրոկրատն ու նրա զոհը, տեղ չգտնվի նաև սևբեղ ու մորուքով մի օտարականի համար։ Փարիզում առաջին իսկ օրը սովորեցի ամենաիսկական ֆրանսիացու պես մի գավաթ սուրճի առաջ ժամերով վեր ընկնել սրճարանում։Վատ չէր, նույնիսկ՝  շատ լավ, ինձ դա էր փրկում։ Կահիրեում առաջին իսկ շաբաթվա վերջում ընտելացա լուսումութին բարձրախոսից որոտացող Էզանին։ Հավատափոխ չեղա, բայց այլևս դիվահար չէի լինում, շարունակում էի քունս։ Նույնպես փրկություն էր։ Վիլնյուսում առաջին իսկ տարին խանդավառվեցի սնկով։ Սա արդեն փրկությունների փրկությունն էր, եթե նկատի ունենանք այնտեղ գտնվելուս հաճախականությունն ու տևողությունը։

    Ես օտար էի այդ կոկիկ քաղաքի փողոցներում՝ նրա քաղաքավարի անցորդների աչքում, սրա-նրա տուն հրավիրվելիս՝ գուցե թե հաճելի, բայց օտար զրուցակից էի, տեղացի գրողների հետ շփվելիս՝ բախտակից, բայց օտար բախտակից։ Պատճառը միայն ազգությունս չէր, ոչ էլ լեզուն չիմանալս, այսինքն, միայն նրանց մեջ չէր, այլև իմ մեջ, կամ՝ նախ ևառաջ իմ մեջ, որ տեր չէի այս երկրի ունրա մարդկանց սերերին ու տխրություններին։ Բայց սունկ հավաքելու մարմաջովես դարձա տեղաբնակից էլ տեղաբնակ։ Սիրեցի բարձրաբերձ սոճիներն ուկանաչ մամուռի անվերջանալի գորգը, սովորեցի անտառի լեզուն։ Հուզմունքով էի ոտք դնում անտառ, հրճվում սունկ գտնելիս։ Եթե լեփ լեցուն ավտոբուսում կամ արդեն անտառում որևէ մեկին զարմացնում էր, որ սնկի ետևից է ընկել տարօրինակ արտաքինով մի օտարական, ես այդ չէի զգում՝ ես տարերքիս մեջէի։

      Բայց ոչ այս անգամ։ Այս առավոտ վաղորդյան թարմ օդում ես շնչահեղձ էի լինում մթնոլորտից զուրկ մոլորակում հայտնվածի պես։ Նայում էի ուղղաձիգ սոճիներին, ճերմակաբուն կեչիներին, դալար եղևնիներին ու ատում ծառ կոչվածը։ Նայում էի ոտքերիս տակ զսպանակվող կանաչ գորգին ու ատում։ Լսում էի բազմալեզու անտառի խորհրդավոր ձայներն ու ատում։ Զարմացած մտածում էի՝ ի՞նչ եմ անում այստեղ, հիշում էի, որ սնկի եմ եկել և ատում էի այդ անիմաստ զբաղմունքը։ Պարապ մարդու ժամանցը։ Կյանքում ավելի լուրջ արժեք չգտած անբանի հրապուրանքը։ Իրականությունից փախչող ջայլամի սին ապաստարանը։ Ողորմելի սրիկա, չես կարողանում գրել, սունկ ես հավաքում։ Չես կարողանում Երևան հասնել, անտառ ես եկել։Արդեն երկրորդ ժամն էր անտառում էի, ոչ մի սունկ չէի գտել, գտնելու ցանկություն էլ չունեի։ Ես ուզում էի Հայաստան գնալ։ Ուզում էի Երևանում լինել։ Հանդիպել դատարկ գրպանով ընկերներիս։ Գլուխս քաշել մի քանի հարյուր դրամանոց թունավոր օղին։ Ձեռքս առնել մեր բարալիկ թերթերը։ Լսել մեր անճարակ քաղաքագետներին։ Հավաստիանալ, որ հայ կոմունիստը բնության առաջնությունը ոչ ոքի չի զիջել։ Եթե ինձ վիճակված է գոնե մի անգամ էլ որևէ գլխարկի մեջ թղթադրամ նետել, թող դա հայ մուրացիկը լինի։ Եթե իմ գլխարկի մեջ պիտի գցեն, թող հայը գցի։Երիցս օրհնյալ իմ հրաշք երկրում եթե ոչ մի լավ բան էլ չկա, ապա մեկը մյուսից բարձր ու շքեղ այնքան ժայռ ու քարափ կա որ ուզածիցդ նետվելով կջախջախվես անմնացորդ, իսկ այս անիծյալ տափարակում քանոնով գծված սոճիների ճյուղերն այնքան բարձր են, որ կախվիր, եթե տղա ես, եթե նույնիսկ ունես պարանի փող։ Եթե ոչ մի լավ բան էլ չկա իմ հեռու, հեռու, հեռավոր երկրում, ապա գոնե չկա սունկ հավաքել կոչվող այս մոլորությունը։ Հենց միայն սրա համար արժեհայ ծնվել ու ապրել Հայաստանում, ապահովության համար համենայնդեպս հեռու նրա անտառոտ շրջաններից՝ Երևանի նման կիսաանապատում…

Եվ հանկարծ այդ բառը։ Ինչպես արդեն ասացի՝ սահուն, երգեցիկ։ Ասես ինչ-որ մեկը փափուկ շուրթերով շշնջար ականջիս…

 Ազնվորեն քարշ տալով խաչս նեղություններիս կածաննի վեր, միևնույն ժամանակ էլ փորձում էի հիշել՝ երբ, որտեղ, ինչ պայմաններում, ումից եմ լսել այդ բառը։ Իզուր։ Մի բան, սակայն, հստակվեց. այսքան վստահ եմ, որ բառը գոյություն ունի, շեշտադրությունն էլ ճիշտ է, որովհետև ոչ թե պարզապես բառ է գեղգեղում ուղեղումս, այլ ինչ-որ մեկի ձայնը։ Ըստ որում՝ կանացի։ Կանացի հաճելի մի ձայն ու նույնքան հաճելի մի բառ։ Ես այդ չէի գիտակցում, բայց շուտով, պատկերավոր ասած, երևի երբեմն շալակիցս իջեցնում էի խաչս, շունչս տեղը բերում ու ականջ դնում։ Չէ, ես հավատարիմ էի ինքնածվատմանս, բայց բառի շոյանքների կարկտի տակ երևի բթացա՝ ինչպես անքնության ժամանակ ոչխար հաշվելիս։ Ուզում եմ ասել, հայացքս երևի սկսեց պարզվել։ Հանկարծ սունկ տեսա։  Այդօրը, ճանապարհվելով անտառ, երդվել էի՝ կվերցնեմ, եթե միայն սպիտակ սունկ պատահի։Ես չեմ մթերում, չեմ արտահանում, չեմ վաճառում, չեմ չորացնում, աղ դնում, պահածոյացնում, մի հայտնի ուտող էլ չեմ, ինձ համար կարևորը փնտրելն ու գտնելն է, ուրեմն, եթե բախտ ունեմ, թող կատարյալ լինի։ Իմ կարծիքով, անիրականանալի որոշում էի կայացրել, բայց Աստված ինձ պատժում էր բոլոր տեսակետներից, այս հարցում ինչու խնայեր։ Վստահ, որ դատարկաձեռն եմ վերադառնալու, զամբյուղ չէի վերցրել, սոսկ մի ճմրթված տոպրակ էի խոթել գրպանս։ Եվ ահա, հակառակ ամեն ինչի, առաջին իսկ հանդիպած սունկը արքայից արքա սպիտակն էր։  Տեսա բավականին հեռվից։ Ոտքը՝ հաստ ու ամուր, գլխարկը՝ բարձր ու հպարտ, ինչպես նկարում։ Երբ նստել, ոտքն ազատում էի մամուռից, համոզվելով, որ տռուզ ու առողջ է, և ամեն կերպ ձգձգում էի կտրելու ինձ երբեք էլ շատ չոգևորած պահը, միանգամից ագահ դարձած հայացքս չորս բոլորն էր խուզարկում, և, հրա՜շք, քիչ հեռվում տեսա երկրորդը։ Իսկ մի քանի վայրկյան անց՝ նաև երրորդը։ Քաղաքամերձ անտառներում, որտեղ օրվա մեջ հարյուրավոր մարդիկ են լինում, այսպիսի հաջողությունը չտեսնված բան է։

– Լավո՛նաս, – թռավ բերանիցս։  Այսպես պաշտոնականացվեց կամ օրինականացվեց բառի ներկայությունն իմ գլխում, ես ավելի ուշադիր ու զգայուն դարձա նրա հանդեպ և, ստեպ-ստեպ երջանիկ հայացք գցելով տոպրակի մեջ հիրավի արքայական արժանապատվությամբ թիկնած սնկերիս, զվարթ պատրաստակամությամբ էի արձագանքում նրա յուրաքանչյուր ելևէջին։ Մեր փոխըմբռնումն այսուհետ լիակատար էր։ Եվ նա ինձ խուզում-սանրում, չափում-ձևում էր ըստ իր պատկերի։ Ես կույր գերին դարձա զգացողություններիս ուգնում էի նրանց ետևից, ինչպես հետքը բռնած շուն, իսկ զգացողություններիս անունը գուցե խաղաղություն էր, գուցե թեթևություն, մի խոսքով, այն, ինչը մարդուն համակում է ճանապարհի վերջում, երբ ետևում են մնում վազքն ու կռիվը, պարտքն ու պահանջը, և հանգիստն ու վայելքն են դառնում ներկա։ Ինչ-որ տեղ լավո՛նաս կար, կամ ինչ-որ մեկը լավո՛նաս էր՝ ձայնորսիչ և ձայնարկիչ դարձած գլուխս համառորեն այդ էր պնդում, ճիշտ է, չէր բացատրում, թե ինչ կամ ով է, սակայն, նրա կաթոցքը տեղին ու ժամանակին էր հանկարծահաս երկնային մանանայի պես։ Շատ անգամներ էի նույն անտառում եղել, բայց այսպիսի հաջողություն չէր վիճակվել ոչ մի անգամ։ Անհոգ զբոսնելով, ես սունկ էի գտնում այնտեղ, որտեղ մի ժամ առաջ ոչինչ չկա, այնտեղ, ուր նրանք պարզապես չպետք է լինեին։ Սպիտակ սնկերն աճում էին ասես հատուկ ինձ համար, քողարկվելու փոխարեն ասես ցուցադրում իրենց։ Ով լիներ իմ տեղը, որ չուրախանար։ Ես ջանում էի չկտրվել իմ հիմնական խնդիրներից, վերջին հաշվով անտառ էի եկել, որ հանգիստ պայմաններում, առանց նյարդայնանալու ծանրութեթև անեմ վիճակս, ելք գտնեմ, բայց ինչքան էլ փորձում էի կենդանություն հաղորդել կյանքս կերած հոգսերիս, նրանք խլացել էին մեջս պտտվող ձայներիզի վրա պառկած նոր մեղեդու տակ. լավո՛նաս։ Եվ հանկարծ ես գյուտ արեցի։ Բառս համարյա տառացի կրկնում է մեր լավանասը։ Գրողը տանի, ինչքան գիտեմ, ըստ Աճառյանի, մեր լավ արմատին լիտվերենում համապատասխանում է լաբաս-ը. հիմա ստուգել եմ, իրոք, այդպես է։ Ինչո՞ւ հնարավոր չի, որ այս արմատով լիտվերեն առանձին բառերով վ-ն և բ-ն փոխված լինի։ Ինչքան հավանական էր, այնքան էլ՝ չէ, բայց խայծը գցված էր, ես մտքումս այնքան կրկնեցի՝ լավոնաս-լավանաս, որ բառս, թեև իմաստն առաջվա պես անհայտ էր մնում, սկսեց համ ու հոտ, պատկեր ստանալ։

     Լավո՛նաս։ Ափ լիզող ալիքի նման պառկում էր բառը ուղեղիս ծալքերի, նյարդերիս, մկաններիս վրա, շոյում ճակատս, գոցում կոպերս… Ես ծով տեսա։ Հետո՝ ծովախորշ։ Ողորկ քարերը տաք էին, քամու շունչը թեթև էր, ժայռերի արանքում դողդողում էին սիզախոտերը, ջուրը սառն էր։ Սալաքարի վրա արևկող անող մողեսն ինձնից վախեցավ ու փախավ, բարձրում նախազգուշացնելով ճչաց որորը, մատնաչափ արծաթափայլ ձկնիկը, քարի հետ շփոթած, փորձեց կտցահարել կոճս, մակույկը հեռվում մերթ երևում էր, մերթ անհետանում՝ շողերի հետ ասես գնալով երկինք։ Թափանցիկ ջրից ձկնահամ էր գալիս, խանձված ժայռերից՝ ժանգոտ թավայի, ափ նետված ջրիմուռները կտրված վարսեր էին հիշեցնում, որոնց ես վախենում էի դիպչել։ Հիսնականների սկզբում, երբ Սևանը դեռ այնքան չէր իջել, որ ափը շատ հեռանար ճերմակափեշ ժայռերից, բայց արդեն այնքան, որ կարողանայիր ափով պտույտ տալ կղզու շուրջը, հորս հետ հաճախ էինք այստեղ լինում։ Հետագայում ու հատկապես պատանեկությանս տարիներին, ինչ էլ կարդայի ծովագնացության մասին, հենց որևէ նավ ծովախորշ էր մտնում կամ մրրիկից նետվում այնտեղ, ես իմ ծովախորշն էի պատկերացնում։ Իմ կամոք այստեղ էին ջարդուխուրդ լինում առագաստը կորցրած նավերը, ծովահեններն այստեղ էին բերում իրենցգերիներին, այստեղ էին փրկություն գտնում բախտավոր նավաբեկյալները։ Այն տարիներին Սևանա կղզին կտրված էր աշխարհից, իսկ իմ ծովախորշն անմարդաբնակ էր. հատուկենտ հովեկներն այս ափը չէին հասնում, շաբաթը մեկ-երկու անգամ «մեծ ցամաքից» եկող «Միկոյան» կամ ավելի փոքր նավերն այս ափում խարիսխ չէին գցում, նրանց բերած ուխտավորներն ուղիղ դեպի եկեղեցիներն էին բարձրանում։ Ես գլխիս ու աշխարհի տերն էի այս ծովախորշում, որտեղ հասնելու համար, եթե Գրողների ստեղծագործական տնից էիր իջնում, պիտի դեպի ձախ քայլեիր, և որը հետո մնաց մահկանացուների համար անմատչելի կառավարական փակ հանգստյան գոտում։ Ես հիշեցի ֆրանսահայ ծանոթներիցս մեկի ծերացած հորը, որը Մոնտե Կարլոյի իր տան պատուհանից Միջերկրականի ջրերին նայելով երբեմն սպառնացել էր. «Երթամ, Սևանի ափին տուն մը շինեմ» և որդու՝ ծանոթիս, պատասխանը. «Քեզի սեպիր, որ Սևանը ա՛ս է»։ Ծանոթիս անպայման սրամիտ և միանգամայն սթափ պատասխանը (երկխոսությունը ԽՍՀՄ-ի ողջության վաղեմություն ունի) այս անգամ, ինչպես երբեք սրտամոտ էր։ Միջերկրականի տաք ափերին առանձնատուն կառուցելուվտանգն ինձնից հեռու էր, ինչպես Պլուտոնն արևից, Բալթյան սառնափերից էլ նման սպառնալիք ակնկալելու համար պետք է առնվազն գրանցում ունենայի, նույնիսկ Սևանի ափին ու նույնիսկ հոլիկ չէի ուզում, միայն հասնեի, միայն տեսնեի ինչ է մնացել իմ կուսական ծովախորշից։ 

       Լավո՜նաս։ Միտք չունի հիշատակեմ բոլոր պատկերները, որ մատուցում էր ոգևորված երևակայությունս։ Բոլորը չեմ էլ հիշում։ Կամաց-կամաց, սակայն, որոշակիությունը կորավ, դեպքերը, անունները, խնդիրներն առանձին-առանձին կորցրին իրենց դերն ու նշանակությունը, ապրումներս երկնեցին հավաքական մի խորհրդանիշ, որը, իհարկե, ավելի նյութեղեն չէր, քան երազանքը, բայց նույնքան կենսախինդ էր։ Սեր, հույս, հավատ՝ ահա երևի նրա ամբողջական անունը։ Ցոլցլում էր նա հազվագյուտ բյուրեղի նման, և, ընկնելով նրա կաղապարի մեջ, ամեն ինչ շողարձակում էր ոչ երկրային փայլով։ Մտահղացումները թղթին էին հանձնվում հանճարեղ պարզությամբ, կանայք չէին ստում ու ճղճղում, կյանքը ոչ թե դաժան պայքար էր, այլ զմայլելի զբոսանք։ Եթե այդ պահին անտառում լրագրող հայտնվեր ու ապուշ հարց տար՝ դուք հավատո՞ւմ եք երջանկությանը, ես, նրան խռիկ տալու փոխարեն, երևի պատասխանեի ամենայն լրջությամբ։ Որովհետև սիրում էի ամենն ու բոլորին, որովհետև առագաստներս թվում էին համընթաց քամով լցված։ Գլխումս չմարող ձայնը երբեմն զգաստացնող շեշտեր էր ստանում՝ թվում տագնապած, նույնիսկ վախեցած, բայց, ինչպես էլ հնչեր, ես արդեն հարբել էի և, իմ սիրո, հույսի ու հավատի քղանցքները փռփռացնելով, երանությամբ տարրալուծվում էի նրա շքեղ վարսերի, հյութեղ շուրթերի, կաթնահունց մարմնի ալեկոծության մեջ։ Ես վաղուց էի մոռացել Գողգոթաս, խաչս գցել, թևերս թափ տալով իջնում էի զով հովիտները, որտեղ շռայլ պտղաբերում էր Անահիտի արգանդը, որտեղ Արածանիի ջրերը Աստղիկի սրունքներն էին լիզում, որտեղ Տիրի փանդիռն էր թնդում, և մշտնջենական լույս ու տոնախմբություն էր։

        Ինձ փոքր-ինչ սթափեցրեց ձեռքիս ծանրացած տոպրակը։ Նստեցի մի կոճղի, տոպրակը զգուշությամբ շուռ տվեցի։ Ուղիղ քսան սպիտակ սունկ էի գտել։ Երկու անգամ ավելի, քան մինչև հիմա երբևիցե հաջողվել էր այս անտառներում։ Ափսոսացի, որ զամբյուղ չունեմ, պատկերացնելով, թե նրա մեջ ինչպես կդիտվեն մեկը մյուսից խոշոր ուառողջ սնկերս։ Թանկարժեք ավարս նույն զգուշությամբ նորից տեղավորեցի տոպրակի մեջ ու ծխեցի։ Կոճղին նստած մտածում էի, որ սա, ըստ էության, իմ հրաժեշտն էր այս անտառներին, որոնցից դժգոհելու բան չունեմ, ընդհակառակը, այստեղ նրանք իմ ուրախությունն են եղել, իմ ապաստարանը, ես սիրել եմ նրանց, և, փառք Աստծո, որ հրաժեշտը գեղեցիկ եղավ։ Նրանք՝ այս անտառները, անցավ մտքովս, երևի զգում էին, որ վերջին անգամ ենք հանդիպում և ինձ պարգևեցին այս սնկերը, ինչպես գթառատ տատն է հյուր եկած թոռան գրպանները բաժանվելուց առաջանուշեղենով լցնում։ Մտածեցի, որ իմ երկրի անտառներում, որոնք մագլցում են լանջերն ի վեր, ապա նույնքան գահավեժ ցած սահում, անպայման կկարոտեմ այս լայնարձակ հյուրընկալ կանաչ զանգվածները։ Ես դեռ էլի կնստեի, բայց գնալու ժամանակն էր, եթե չէի ուզում անտառում գիշերել։

           Այո, մտածում էի վերադարձի ճանապարհը բռնած, ոչինչ էլ այնքան անհուսալի չէ, ինչպես թվում էր։ Պարզապես թարս բնավորություն ունեմ, ամեն ինչ չափազանցելու սովորություն։ Հետո ի՞նչ, որ փող չկա։Այսօր չկա, վաղը կլինի։ Կվաստակեմ, կշահեմ, կգտնեմ։ Պարտք կանեմ։Ես չգիտեի՝ ինչպես պետք է վաստակեմ կամ շահեմ, որտեղից գտնեմ, ումից պարտք անեմ. ծանոթներս իմ օրին էին, փողոցներում հազարավոր թշվառներ էին ոտքի տակ նայում, վիճակախաղի մեկ տոմսը օրվահացի գին արժեր, իսկ ազնիվ ճանապարհով վաստակելու միայն մի միջոց գիտեի՝ գրելը, որը հայերենով գրողների համար անփողաբեր էր դարձել, բայց նման մանր-մունր խոչընդոտներ ինձ արդեն չէին վախեցնում, ես պարզապես գիտեի՝ փող կճարվի, անպայման կճարվի։ Նշանակում է՝ այսօր չէ, վաղը Հայաստան կհասնեմ։ Ինքնաթիռի տոմս կգնեմ, կթռնեմ Երևան։ Թրև կգամ փողոցներում, կտեսնեմ ընկերներիս, կուտեմ-կխմեմ «Մի անտեսեք՝ համտեսեք» ճաշարանում, կգտնեմ հին սերերիս, չգտնեմ՝ նորին կսիրեմ, ծայրեծայր կըմբոշխնեմ թերթերը, մի բան դուր չեկավ՝ ընդդիմություն կդառնամ, կհայհոյեմ, կօրհնեմ, կանիծեմ, կծիծաղեմ, կապրեմ։ Կնստեմ մորս կողքը։ Կնստեմ՝ կգրեմ։ Անպայման կգրեմ։ Հետո ի՞նչ, որ վերջին տարիներին գրածներս ավարտին չեն հասնում, կեսից զզվեցնում են ինձ։ Այսօր չի հաջողվում գրել, վաղը կհաջողվի։ Իզուր եմ գլուխս մտցրել, որ սպառված գրող եմ, ես դեռ կգրեմ, շատ կգրեմ ու լավ կգրեմ։ Մակընթացություններն ու տեղատվությունները մարդուս կյանքում սովորական բան են, այսհասարակ օրենքը պիտի իմանայի։Այսինքն, գիտեի, պարզապես, իրոք, թարս բնավորություն ունեմ՝ լուն ուղտ դարձնող։ Ոտքերիս թուլությունը, որ նեղում էր վերջին մի քանի ամիսը, այսօր, օրինակ, համարյա չի զգացվում։ Հետո ի՞նչ, որ նիհարել եմ, դա ամենևին էլ չի նշանակում, թե անմահության շեմին հուղարկավորներիս դարդն եմ քաշում, ընդհակառակը, վտիտ-մտիտ չոր ցամաքները, օրինակ, Լենինգրադի շրջափակման ժամանակ ավելի երկար դիմացան սովին։ Ամեն ինչ լավ է ու էլ ավելի լավ կլինի, ուրեմն, գլուխդ բարձր և, ուրեմն, օ՜ն, առաջ… 

          Ես քայլում էի վստահ ու վճռական։ Շտապում էի րոպե առաջ քաղաք հասնել, ձեռնամուխ լինել գործերիս։ Քայլում էի արագ, շուրջս չնայելով, ականջս ավտոմեքենաների աղմուկին, որ խճուղուց պիտի գար։Մտովի արդեն շատ հեռու էի այստեղից, բայց անտառի հետ լեզու գտած զգայարաններս այդ օրը երևի ինքնուրույն էին գործում, որովհետև հանկարծ կտրուկ կանգ առա։ Մխվեցի տեղում, համարյա չհասկանալով, թե ինչու, շրջվեցի։ Անտառի այս մասում հին սոճիները հաստաբուն էին, իրարից հեռու, առնվազն կեսդարյա մամուռը հարթ էր՝ խուզված մարգագետնի պես, այսինքն, ուշադրության արժանի ոչինչ չտեսա, այնուհանդերձ, ետ քայլեցի։ Միևնույն է, ոչինչ չկար։ Մի քիչ էլ գնացի նորից կանգ առա, նորից շուրջս նայեցի։ Լռություն էր, նույնիսկ քամի չկար, որ սոճիների կատարներն իրար քսեր, և ծանոթ համեմատությունը ինքնըստինքյան էր գալիս. անտառը, ասես շունչը պահած, հետևում էր ինձ։ Չէ, կարծես թե ոչինչ չկար, չհաշված, որ հաստաբուն սոճիներից մեկի և դալար մի եղևնու արանքում մամռե գորգն ուռուցիկ էր։ Վերջապես հասկացա՝ անբնական ուռուցիկ։ Ինչպեսբացատրեմ։ Եթե պարզապես գետինը հարթ չի, եթե մամուռի տակ կոճղ, քար կամ մի ուրիշ բան է ընկած, անտառին ծանոթ մարդու համար գոգավորությունն այլ որակ է ունենում։ Այսինքն, բարձն ինչպես էլ հարմարեցնեն վերմակի տակ, չես շփոթի քեզ հուզող կոնքի հետ։Ես մի քայլ էլ արեցի, և սիրտս թպրտաց։Ես չկարողացա ինձ զսպել.
      – Լավո՜նաս…

Անտառն անմիջապես արձագանքեց։ Հաղթականչս երևի ավելի բարձր չհնչեր, եթե մի հարվածով գետին տապալած լինեին Հոլիֆիլդին, Նոբելյան մրցանակ ստացած լիներ կամ տեր դարձած միլիոնանոց շահումի։ Ես արդեն գիտեի, որ մամռե գորգի տակ խոշոր սունկ կա՝ ամենախոշորը երբևիցե ինձ հանդիպածներից, մեկը նրանցից, որ տոհմական լեգենդ են դառնում։ Ծնկեցի սնկի առաջ։Մտածեցի՝ դե գեղեցկուհի, հիմա կազատեմ քեզ։ Բայց գեղեցկուհիս բռնել էր վերմակն ու չէր թողնում շլանամ իր հրաշագեղ կոնքով՝ մամուռի հաստ ու ամուր շերտը տեղի չէր տալիս։ Այնուհանդերձ, համառորեն ու զգուշորեն (գեղեցկուհիները միայն այդպես են նվաճվում) ես քաշում էի ու քաշում վերմակը, մինչև որ մի ծայրում մամուռը պատռվեց, ու կարողացա ետ տանել։ Նախ ասեմ՝ սունկս իր չափերով գերազանցեց սպասելիքներս. գլխարկի տրամագիծը երեսուն սանտիմետրից ավելի էր, ոտքինը՝ տասնհինգից ոչ պակաս։ Այնքան մեծ էր, որ անտառը կարծես միանգամից լցվեց։ Իսկ հիմա ասեմ, որ երկար չհրճվեցի իմ սունկով։ Կարծում էի գեղեցկուհու սնարի եմ մոտեցել ուվերմակ եմ ետ տանում, պարզվեց՝ գերեզման եմ քանդել, պատանքի դիպել։Մամուռի հետ պատռվել էր գլխարկի մաշկը, և բացվել էր գարշելի խրախճանքի տեսարան՝ սնկիս ներսում գալարվում էին հարյուրավոր, գուցե հազարավոր որդեր։ Փոքր ու թույլաճեր սունկս, կծռվեր, կհարմարվեր, մի ծակ կգտներ, կպլստար ու լույս աշխարհ կգար։Բայց նա հսկա էր ծնվել, աճել ամուր և ուղիղ, հանդիպել մամուռի շատ լայն շերտի դիմադրությանը։ Սունկս ձգտել էր վեր, մամուռը տեղի չէր տվել, սունկս, միևնույն է, իրենն արել էր՝ բարձրացել ու բարձրացել, իր հետ, սակայն, բարձրացնելով նաև կյանքի բեռան նման ծանր գորգը։ Այն, ինչ սկիզբ ու վերջ ունի, անպայման ունի իր բարձրակետը, և մի օր սնկիս աճը դադարել էր։ Եվ նա մնացել էր իր իսկ ստեղծած վրանում, որի տրամագիծն իմ աչքաչափով երևի մետրի հասներ։ Ուղիղ ու հպարտ կանգնել էր այնքան, մինչև որ վրանը դամբարան էր դարձել։  Ես մամուռը տեղը բերեցի։ Նորից բլրակ գոյացավ կամ՝ թարմ գերեզմանաթումբ։      – Լավո՛նաս, – ասացի մի քիչ հիասթափված, մի քիչ էլ երևի գլխարկ հանելու նման։

         Ես չգիտեի, որ վերջապես տեղը տեղին եմօ գտագործել բառը։ Ընդամենը գիտեի, որ ամեն ինչ սկսվում է ծնունդով ու ավարտվում մահով, դրանից անմասն չեն աստղերն ու մոլորակները, ծառն ու թուփը, գազանն ու թռչունը, բայց, կամոքն Աստծո, միայն մարդուն է վիճակված ապրել այդ դամոկլյան սրի տակ։

        Սա էլ, սակայն, մտքովս անցավ մի տեսակ կողմնակիորեն, մի տեսակ վերացարկված։ Ես շտապում էի։ Արդեն լսվում էր ավտոմեքենաների աղմուկը, արդեն մոտ էր խճուղին, որտեղից սկսվում էր ժամանակակից մարդուս կրքերի իսկական թատերաբեմը։ Այդուհանդերձ, առավոտյան ես արթնացա վաղուց մոռացված բարձր տրամադրությամբ՝ գործելու անսպառ եռանդ մեջս։Արդեն ուզում էի դեն նետել վերմակը, որպեսզի գլխապատառ նետվեմ փողի, գրական փառքի ու մյուս հաջողությունների ետևից, բայց ջրի խշշոցը հուշեց, որ զուգարանը զբաղված է։ Որպեսզի իզուր չցցվեմ նախասենյակում, նորից ետ ընկա բարձին, ևայս հապաղումն էլ ճակատագրական եղավ։ Նորից ինչպես երեկ արտաքուստ անառիթ՝ գլխումս հանկարծ զրնգաց՝ լավո՛նաս, նորից կանացի ձայնով, բայց այս անգամ՝ սուր, ճղճղան, և համարյա անմիջապես էլ աչքիս առաջ եկավ ոստիկանական մի սերիալ, որը մի քանի օր առաջ պատահաբար դիտել էի՝ պատահաբար հեռուստացույցի առաջ հայտնվելով։ Կինոնկարն ամերիկյան էր, բայց, հասկանալի է, լիտվերեն թարգմանված, ձանձրանալով դիտել էի ընդամենը մի քանի րոպե՝ մի բառը հասկանալով, երկուսը՝ չէ։

 Տագնապի ալիքն այնքան ուժեղ էր, որ օդն սկսեց չհերիքել, անկողինը ճահիճ թվաց։ Ձայնը ճչում էր, մետաղական երանգներով ճչում ուղեղումս, և, որպեսզի թույլ չտամ նրա գերանդին արմատից կտրի գրական կյանքով ապրելու, Երևան հասնելու հույսերս, ես, ոտքից գլուխ անդամալույծ մի կերպ նստեցի։ Մինչև վերջ դատարկեցի գիշերվանից կողքիս դրված ջրի բաժակը, արեցի այն, ինչը գրեթե երբեք չէի անում՝ ծխեցի անկողնում։ Ծուխը դառն էր, ձայնը՝ տհաճ, ասես վրայից նետել էր երեկ բնության գրկում երեսին քաշած հովվերգական քողը։ Սնկիս նման՝ քանի դեռ չէի բացել կանաչ-կանաչ պատանքը։ Սրբիչը ձեռքիս դուրս գալով լողասենյակից, դեմքս դեռ կարգին չչորած, ես հարցրի խոհանոցում ինչ-որ բանով զբաղված կնոջս՝
  – Ի՞նչ է նշանակում լավո՛նաս։
Կինս զարմացած ինձ նայեց։
     – Առավոտ գիշերով որտեղից…
     – Ի՞նչ է նշանակում…
     – Դիակ, – ասաց կինս։

 

No Comments

Post A Comment