Հենրիկ Էդոյան | Փողոցի բաժանվող մասում

Հենրիկ Էդոյան 
ծնվ. 1940թ., Հայաստան

Փողոցի բաժանվող մասում
բանաստեղծություններ

«Ապոլլոն» հրատարակչություն
Երևան, 2006թ.


ՍՈՍԿ ՄԻ ԲԱՌ

Բանաստեղծն ասում էր-
«Տվեք ինձ մի բառ և ես աշխարհը կշրջեմ ոտից գլուխ»:

Սոսկ մի բառ` թաքնված
բոլոր բառերի մեջ:

ԱՐՎԵՍՏԸ ՄԵՌԱԾ Է, ՔԱՂԱՔԸ` ՍՍԿՎԱԾ

Գեղեցկությունն ընկավ ինչպես ժամացույցի
կոտրված սլաք: Տերևներից վերջին
աղոթքն հավաքիր: Ինչ պիտի ասես –
ասա քամիներին,
ոչ ոք չկա շուրջդ: Արվեստը մեռած է,
քաղաքը` սսկված,
օրերը փողոցի չորացած ծառեր են
փոշու մեջ խեղդվող,
մարդիկ` հուշարձաններ:
Ձեռքդ շարժիր անցնող
կյանքի կադրերին,
որոնց մեջ դու կարող ես ինքդ քեզ գտնել,
սակայն` անցյալում:
Խաբկանքին հրաժեշտ տուր:


*

Ինչպես ճապոնացի պոետը չէր կարող
տարբերել թարմ ձյունը և թափված
շուշանների սպիտակ տերևները,
այդպես ես չեմ տարբերում
հիշողությունը
և սերը
միմյանցից: Մեկը նայում է ինձ
անցյալի մթությունից, մյուսը` իր ներկա
պայծառությունից: Երկուսի միջև
նրանք փոխում են իրենց տեղերը-
հիշողությունը որ երբեք ինձ չի լքում,
և սերը` անցյալի
բեկորների վրա: Միայն ձեռք տալով կարող ես
որոշել, ո՞րն է սերը և ո՞րն է
հիշողությունը, ո՞րն է ձյունը, և ո՞րն է շուշանի
տերևը:


*

Մի կին մայթն անցավ,մյուսը միայնակ
դուրս եկավ պուրակից: Սրճարանի վերջին
լույսերը հանգչում են, դռները` փակվում:
Ես պետք է տուն գնամ` տանելով ինձ հետ
պատկերների մի կույտ, որ հավաքել եմ տարբեր
վայրերից: Նրանց մեջ լույս է տալիս
թաքուն մի լապտեր, որ վառում ես դու
աննկատ քո ձեռքով: Ես շտապում եմ` թեև
շտապելու ոչ մի տեղ չունեմ: Երբ դու ինձ հետ ես-
ուր էլ գնամ` միևնույն է, մոտենում եմ քեզ:
Բոլոր կասկածները մի կողմ են հավաքվում:
Եվ բոլոր սխալները քո լույսում հայտնվելով
այլևս սխալ չեն:


ԻՆՉՊԵՍ ԱՍՈՒՄ ԷԻՆ

Բանաստեղծն ասում էր-
«Այնտեղ, ուր սեր չկա և չկան սիրահարներ կյանքը դառնում է անվերջ կրկնվող հուղարկավորություն և ժամանակը կանգնում է քարացած իբրև մահարձան»:
Ամեն ինչ այնպիսին է, ինչպես ասում էին:


ԱՆԱՎԱՐՏ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Առավոտը մոտենում է խոստումներով լի,
բայց օրվա մեջ նրանք
պակասում են մեկ-մեկ, նվազում են, իջնում
և երեկոյան գիշերվա շեմին
լրիվ անհետանում: Ես անցնում եմ առաջ
ազատված խոստումներից:
Իմ հագից հանում եմ նրանց,
դնում եմ աթոռին
և հետո միացնում եմ հեռուստացույցը:
Նոր քայլեր, նոր խոստումներ և նոր առավոտ,
ես նրանց սպասում եմ թեև օրվա մեջ
ոչինչ չի կատարվում: Արևի անիվը
պտտվում է օդում:
Աստված հեռու է: Ամեն շարժում անցնում է
իմ կյանքի միջով: Ես դուրս եմ ելնում,
մտնում բազմության մեջ, որ ոչինչ
չի խոստանում: Ես սպասում եմ
նրան, ով չի գալիս:


ԽԱՉՎԱԾԻ ՀԵՏ

Կեսօրը թեքվեց ինչպես խաչի վրա
գլուխը խաչվածի, արևը կանգ առավ
նրա բաց վերքերին,
որ նույնիսկ երկնքում
Հայրը սոսկումով հայացքը թեքեց –
(«Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ»):
Մենք այնտեղ էինք
և մեր մարդկային գերխիտ էությունից
դիտում էինք մեր առջև
տանջանքը Սուրբ Մարմնի:
Քո աչքերը լիքն էին զղջման արցունքներով,
իմ սիրտը տաճարի
պատռվող վարագույրն էր: Հետո միասին
մենք անցանք մեր ուղին դարերի խարխափումով,
կիսափուլ կամուրջներով,
հասանք մինչև այստեղ, նստեցինք իրար կողքի,
նայեցինք իրար սիրով ու համբերությամբ:
Մեր միջև աներևույթ մի բոց էր վառվում,
նա մեզ ջերմացնում էր, լույս տալիս մուգ-կարմիր
մեր հոգիներին ու մեր մարմիններին:
Այդ լույսն անուն ուներ: Մենք դա գիտեինք:


ԱՊԱՐԴՅՈՒՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ

Ես այստեղ եմ, բայց դու
այնտեղ ես, մի ուրիշ
արթուն աչքի տակ: Թեև տարածության
ոգիներն անվերջ օրորում են մեզ,
բայց իմ ապարդյուն որոնումները
ինձ ոչինչ չեն տալիս: Անհանգիստ
ու լարված
մի օր է բարձրանում քաղաքի վրա,
որ դողդողում է իբրև բնակավայր
անկման և հուսալքման,
իբրև շենքրի մի նավահանգիստ
երկար կայմերով, որոնց
սպառնում է ծովը կործանել,
իբրև խոսք, որի մեջ,
փախչում են բառերը տարբեր ուղղությամբ,
իսկ ինչ մնում է` սոսկ մի լռություն է,
պատրաստված ինձ համար,
որ ես քեզ ուղղեմ:


ՕՐՎԱ ՎԵՐՋ

Արդեն մթնում է:
Հրավառության վերջին կայծերը
Հանգչում են օդում:
Տոնն ավարտվում է:
Ցրվում է բազմությունը, ճմրթված թղթեր,
ծխած սիգարետներ: Ու՞ր պիտի
դու գնաս, դեպի կեսգիշե՞ր,
ուր իշխում է ոգին ցասկոտ
մենության, թե՞ դեպի հիշողության
կիսամութ նրբանցքները,
ուր խճճվում է ամեն գոյություն
և ամեն անցորդ կարող է շփոթահար
կորցնել ճանապարհը: Քեզ այստեղ
տրված է
անհասցե մի կյանք կարճատև տոների
և երկարատև սպասումների
հրապարակում, ուր դու պարտավոր ես
ապրել և լռել,
քնել և նորից
արթնանալ քրտինքի մեջ,
մի աշխարհ, որի համար
դու պարտավոր ես վճարել քո կյանքի
հատուկենտ վայրկյաններով:


ՄԻ ՍԻՐՏ ՀԱՐԱՏԵՎ

Փոքրիկ երկիր` սեղմված
լեռների կոնքերում, ի՞նչ երգ ես
ուզում լսել, ի՞նչ խոսքեր ես հիմա
տեսնում քո երազում: Չորացած
կոկորդի մեջ, ամռան
կիզիչ օդում, ընկնում են բառերը
անձայն ու անարձագանք,
ինչպես ծառեր` կտրված
օտար մի ձեռքով, ինչպես շիրմաքարեր,
որոնց տակ աշխարհը
չունի ոչ մի չափում:
Կարճ ինչպես կյանքի խոստում,
երկար ինչպես քունը մղձավանջային
բառերը չեն հասնում քեզ:
Ի՞նչ երգ ես ուզում լսել
քո հին երազում: Այն, ինչ ունես դու,
մի սիրտ է հարատև,
որ բաց է և արթուն
դեռևս անավարտ քո աղոթքի մեջ:


ԵՍ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՄ , ՆԱ` ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ

«Բայց ունի՞ Աստված հիշողություն» –
«Ոչ, որովհետև նա չունի մոռացություն»:

«Իսկ ունի՞ նա անցյալ» –
«Ոչ, որովհետև Նա չունի ապագա»:

«Բայց նա բարի՞ է» –
«Ոչ, որովհետև Նա քեզ չի լքել»:

«Բայց մահը ինձ է փնտրում» –
«Ոչ, որովհետև քո ամեն հարցի մեջ դու մահանում ես: Մեռածին նա չի փնտրում»:

«Բայց նայիր, ես դողում եմ…»-
«Ոչ, որովհետև այդ ես եմ դողում»:


*

Նրա մարմինը
մետաղից ամուր էր և ծանր նրանից
Իսկ հոգին թեթև էր ավելի քան մահը

Հրեշտակները շփոթվել էին
երբ նրան կշռում էին

Որովհետև
Դժոխքից ծանր էր դրախտից թեթև

Երկինքն ու Երկիրը նույն գծի վրա
և նույն խոսքի մեջ


ՎԱԽԸ ԱՍՈՒՄ ԷՐ ՆԱ

Ինչ դու ապրել ես` եղել է մի վեպ
հաջող կամ անհաջող, որ դու
կարդացել ես (հրճվել կամ լաց եղել,
դա միևնույն է):
Վախը (ասում էր նա) ապագայի մեջ է,
որի մասին դու
ոչինչ չգիտես: Ճամպրուկդ հավաքիր,
ազատվիր բոլոր ավելորդ
իրերից, նայիր դուրս, քաղաքի վառված
լույսերին: Եվ միայն (ասում էր նա)
մի ուժ կա, որ քեզ կպահի նրա դեմ, այն դեմքը, որ քո մեջ
փայփայել ես դու,
վհատվել, բայց չես լքել: Եվ քեզ մոտ կգա
ապագան ինչպես
քո կամքը (ասում էր նա): Մոտեցիր նրան:


*

Երբ ոչինչ չի մնում,
երբ բոլոր խոսքերն ասված են և բոլոր
լռությունները-
լռած,
կինն անկողինն է բացում:

Մի շարժում, որ նրան
դեռ արգելված չէ:


ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԸ

Նա նստեց ճանապարհին,
իսկ ճանապարհը գնում էր առանց
ճանապարհորդի:

Վերևից անցնում էր թռչունների չուն,
թռչող հոգիների թևերի ձայները
հասնում էին նրան: Դաշտավայրի վրա
ամառը իր ցանցն էր տարածել:

Ես այստեղ երկար չեմ մնա, թռչուններ:
Ես կգամ ձեզ հետ: Իսկ հիմա հոգնել եմ,
թողեք հանգստանամ ձեր թևերի տակ:


ՀՈւՅՍԸ

Նա ձեռքին պարան ունի
և պահում է քեզ
չափազանց արագ վազքից:

Անհուսությունը
ինքը ապրում է միայն հույսի մեջ:

Գիշերվա ցավերը
առավոտը մաքրում է լույսի ձեռքերով:

Դու ասում ես, որ նա վերջինն է մեռնում,
բայց դու գիտես, որ նա
չի մեռնում երբեք:

 

No Comments

Post A Comment