Հրանտ Մաթևոսյան | Սպիտակ թղթի առաջ

Հրանտ Մաթևոսյան
1935-2002թթ., Հայաստան

Սպիտակ թղթի առաջ
հոդվածներ

Հայագիտակ հրատարակչություն
Երևան, 2004թ.


Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո, երկրները, պետությունները զոր զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումներից հետո:


…եթե մարգարեները չենք գալիք ժամանակների, ապա գոնե մեր ժամանակների մատենագիրները լինենք:
[Բանի աշխարհը]

*
Մայրերն իրենց որդիների վրա հազար անգամ վատ են լաց լինում, քան հարևանի կանայք: Ստիլիզացիան ինձ համար հարևանի կնոջ ձևավոր լաց է:
[Ստիլիզացիայի մասին]

*
Այս սիրելի-սարսափելի աշխարհում, խելացի-խելագար, հասկանալի-խճճված աշխարհում դաժան բան է մերկ լինել, լինել աշխարհի մերկացած նյարդը` գրող: Սպիտակ թղթի առջև ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել:

*
Գրականությունը մեզ կարոտել է տալիս մեր կողքին իսկ գտնվող մարդուն, հատը երեսուն կամ հիսուն կոպեկ արժեցող շուկայի վարդը դարձնում է քնարական, – Աստծուն հավասար արարիչ է գրականությունը, չնայած ամեն մի Գարսիա Լորկայի կարող է շանսատակ անել ամեն մի լեյտենանտիկ, ամեն մի Սարոյանի սողալ կհրամայի ամեն մի վաշտապետ:

*
Ռազմական փոստի դարեհյան հեծյալը քշած գնում էր երեք օր, երեք օրվա մեջ հանդիպում էր մի մարդու, գլխարկը հանում էր և բարևում սրտի խորքերից, բարո՛վ տեսանք։ Դիլան դայի մարդը ապրեց յոթանասուն թե հարյուր տարի, հիշողության արևոտ հովիտներում կար մի Սոնա, մի անակնկալ նվիրումն, որ հուշերի տափարակում հառնում էր վիթխարի, անհամեմատելի, ցանկալի՝ որպես անապատի աղբյուր։ Մորթվող մի աքաղաղ էր, տասը զույգ աչք,- ամեն մեկիս հասնում էր մի փշուր միս, մսաջրի համը և հարևանի հարցը՝ հավ էիք մորթե՞լ, հիմա ամբողջ աշխարհում միակ ձև է դարձել թռչունների կերակրման հոլանդական խելացի ձևը. ունելիով բռնում են սագի վզից՝ կտուցը բացվում է, շերեփով լցնում են փորը՝ ուզի թե չուզի մարսելու, գիրանալու, ծանրանալու է. միսը շատանալու է – բոլորը կարող են ուտել մի-մի սագ։ Բտում ու կերակրում են պոմիդորը, տանձը, ձուկը, կարտոֆիլը, կովը,- բոլոր պայմանները կան, որ մի քանի տարի հետո Երկրի վրա մի մարդու հասնի մի կանգնելու տեղ միայն։ Ես կարոտում եմ դարեհյան ժամանակներին։ Բոլոր գրողները կարոտում են դարեհյան ժամանակներին։ 
[Սպիտակ թղթի առաջ]

*
Ինչու եմ գրո՞ւմ.որովհետև Թումանյանն ու Տոլստոյը գրե՞լ են. երևի թե` այո, բայց ավելի շատ գրում եմ այն պատճառով, որ նրանք այն չեն գրել ու այնպես չեն գրել: Սա պատասխա՞ն է: Ճշմարտությանը մոտ էր լինելու եթե ասեի` չգիտեմ ինչու եմ գրում: Աստծու որևէ արարած եթե կարողանա ասել, թե ինքն ինչու է ծաղիկ, գայլ, մարդ, ձի կամ նկար, այդպես էլ գրողը կասի, թե ինքն ինչու է գրող, ինչու է գրում:   
[Երկու խոսք ընթերցողիս]

*
Գրողներիս տերերը` կոշկակարներն ու նավթավաճառները, երբեք մեզ համար չեն ստեղծի լուրջ պայմաններ, ինչի գրականության պես լուրջ մի գործն է արժանի:

*
Ամենից անհրաժեշտ բառերը պիտի գրես: Տարածության մեջ քեզ փակիր, քիչ ասա, ժամանակին լռիր, պաուզայի զգացողություն ունեցիր: Տիգրան Մանսուրյանից սովորիր, երաժիշտներից, Արամ Խաչատրյանից սովորիր, նկարիչներից` մեծ Սարյանից սովորիր, տես, ինչպես է պաուզա անում, կարմիրի համար կապույտը ինչպես է պաուզա դառնում… Չգիտեմ, ես էսօր կարոտ եմ հենց մաքուր, բնության մեջ շարժվող առարկայի: Դա պատմվածքը պիտի լիներ: 

*
…տերերի համար լա՞վ աշխատել, թե՞ վատ: Տերության մեջ պետք է լավ աշխատել, քանի որ վատ աշխատելով, վատ ստեղծելով փչացնում ես նախ քեզ: Անվստահելի կամուրջ կապելուց առաջ քեզ ես փչացնում: Քեզանից անբարո մի գոյություն է առաջանում, որը վաղվա ազատության պայմաններում նույն անբարոն է լինելու ինքը` իր երկրի, իր որդիների առաջ:

*
Քո մշակութային գագաթները, Թումանյանի խոսքով` անդորրող են, հանգստացնող, հայեցության տանող: Որպես կործանված հայրենիքի զավակներ` նրանք գրականության, մշակույթի մեջ ստեղծում են այն, ինչ որ պետք է իրականության մեջ լիներ: Մի ուրիշ անգամ, հնարավոր է, որ ասեմ` գուրգուրոտ, մայրական վերաբերմունք կա մեր մշակույթի մեջ առ իրականությունը:

*
Էսօր մեր իրականությունը Փոքր Մհերի անիրական իրականությունն է: Խուսափուկ, անորոշ թշնամի և իրական պարտություն:  

*
«Դատավարությունը» պետք է գրվեր ոչ այստեղ և ոչ այն ժամանակ, այլ հետո և Եվրոպայում. անիրական թշնամու պես մահը կգա, ուղղակի ժպտալով քեզ մեռնելու կհրավիրի իրական աղբանոցում, իսկ դու մահվան մասին այլ պատկերացում ունեիր:

*
Իշխանական, բռի, տիրակալական գաղափար ես ուզում մարմնավորել՝ մարմնավորիր այսօրվա քո նախարարներից ու գողերից, քեզ մի նետիր միջնադար, այստեղ բաներ կան, որ միջնադարում չկար, իսկ միջնադարն այսօրվա մեջ չկա։

*
Յուրաքանչյուր մարդու մեջ Աստված կա, ու յուրաքանչյուրի Աստվածն ամենախոր հարգանքի է արժանի։ Կողքինիդ մեջ փնտրիր Աստծուն։
[Ես ես եմ]

No Comments

Post A Comment