Վանո Սիրադեղյան | Ձեռքդ ետ տար ցավի վրայից

Վանո Սիրադեղյան
ծնվ. 1946թ.. Հայաստան

Ձեռքդ ետ տար ցավի վրայից
ժողովածուն ամփոփում է տաղանդավոր արձակագրի 1977-1987թթ. տարբեր ժանրերի (պատմվածք, վիպակ, էսսե) ստեղծագործությունները

«Նաիրի» հրատարակչություն 
Երևան, 2000թ.

Քաղաքի աշունը տանել չեմ կարող… ընկած տերևը ավլում են աղբի նման ու ծառերը մերկանում են մերկ մայթերին… ու արմատները լուր չունեն ծառից, որովհետև ընկած տերևը սրբում տանում են աղբի նման…

…եթե աչքերդ սառել են առավոտ կանուխ, ուրեմն հայացքդ անցնելիք ճանապարհ ունի այս վաղ ժամին հյուր չեն գալիս: Մոխրամանդ փոխիր, թող թվա, թե անցած օրը իր աղբն ու հետքը տարել է հետը, այսօր էլ ապրիր երեխայի պես` օրը սկսիր որպես նոր կյանք:

Հագնվիր այնպես, որպես թե տնից դուրս ես գալիս, ճանապարհի շորերդ հագիր:Այս առավոտ վեր ես կացել` օրը գտել ես քեզ բազկապանակ. թուղթը` աջիդ տակ, ծխախոտն ու սուրճը` ձախիդ, պատը` դեմդ, – քո կախարդական հայելին է, աստված օգնական` հիմա կտեսնես քեզ այն օրվա մեջ:

Իրիկնաժամին այս նկարը շուռ տուր պատին` շրջած էլ քոնն է ու շահածդ մենակությանը տեր կանգնիր տղամարդու պես – ամբողջ տարին մտածել ես այս ամսվա մասին: Չէ, շնագայլի կյանք չէ ուզածդ, պարզապես քո մենակությունը քո հանգիստն ու ազատությունն է: Համենայն դեպս` քեզ մատչելի միակ հանգիստն է: Այս տարիքում, այս վիճակում ազատությանդ միակ ձևն է:

Ծխախոտը` քեզ, ածխի փոշին վնասակար է ածխահատին, բարձրությունը` օդաչուին,  խորությունը` սուզանավորդին, քսաներորդ դարը` բոլորիս…

«Վերջ, -ասաց տղան` հայելու առաջ աջ դաստակը վիրակապով փաթաթելիս, – խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել – անցած լինի: Ձեր արածը ձեզ հալալ լինի – այսօրվանից վերջ: Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»: 

…առանց վկայի կերած ծեծը շուտ է մոռացվում: 

Նա հավասար կռվի համար պիտանի չէ, նրա ոգին ոհմակի մեջ է, նրա կորովը արթնանում է հակառակորդի քնած ժամին… 

Այստեղ տները այնքան մոտ են գնացքներին, ինչպես հանդիպակաց գնացքները իրար: Հանդիպակաց գնացքների պատուհաններից մարդիկ իրար են նայում ակվարիումի ձկան համր, տարտամ հետաքրքրասիրությամբ: Այդպես էլ` կանգնած գնացքների պատուհաններին են նայում փայտաշեն տների լուսամուտներից:

Ազգականնները շռայլ են լինում ամենավերջում, նրանց շռայլությունը պետք է գալիս թաղման ծախսերին: 

…թող այնպես լիներ, որ մարդ աստիճանաբար գար տկար ու զառամ, հետո շտկվեր աստիճանաբար, աստիճանաբար ողերը լցվեին կենարար հյութով, անոթները մաքրվեին տարի առ տարի, մաշկը գույն առներ ու զվարթանար, խելքը ծաղկեր մարմնին զուգահեռ և այդպես գնար դեպի մանկություն… Ամենավերջում կաթի բույր գար թափանցիկ մաշկից, ուղեղը սրբվեր իմացածից, ծառը մնար ծառ, որ անուն չունի, քարը մնար քար, քամին փչեր ինքը իր համար, ջուրը հոսեր ինքնանպատակ, բանականության վերջին ծվենը լուծվեր եթերում և մեր թիկունքին թևեր բուսնեին առանց ցավի:

…կենտ մի բառը կհարամի ափսեդ ընկած զեռունի նման: Մի բառը մարդուն կանի դիվահար…

Հուսահատությունը անբասիր է մենակության մեջ:

Տղամարդը հագնելիք չէ` վրադ փորձես, այլաշխարհիկ պտուղ չէ, որի քաղցրն ու դառը համտեսով ջոկես: Քաղցրը քիչ է: Քաղցրը բախտն է: Իսկ եթե երկուսն էլ մի հաշիվ են, կամկորցրել ես բերանիդ համը, կամ անհամությունը մեջդ է եղել:

Օտարը մի ուրիշ քայլվածքով է բնակավայր մտնում: Թեկուզ քրիստոնյա լինի ժողովուրդը, մտնում է օտարաբար: Ուրիշ վտանգ որ չլինի, հնարավոր է, որ այդտեղի մարդիկ շները կապելու սովորություն չունենան:

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին: Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր: եթե ոտքերը իրենը չենն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան:

Մենք արդեն կտրվում էինք մեր ծննդավայրից, արդեն կապվում էինք մեր երեխաների ծննդավայրին: 

Սկիզբը ձյունն է – գտավ տղան… Ձյունը, սակայն, համատարած է – կորցրեց տղան… Գետի սկիզբը ամենուրեք է կամ հենց իր մեջ է, որոշեց նա: Ուրեմն գետը չի վերջանում: Գիշերով գետը նույնիսկ չի հոսում: Նա մի վիթխարի արարած է` գլուխը ծովում, պոչը ձյուներում, կամ` հենց իր իսկ պոչը երախում, որը քնի մեջ շնչում է հանդարտ և կամ մտատանջ, հունը նրան հարմար չի գալիս` շուռ է գալիս մի կողքի վրա, հետո` մյուս կողքի, մերթ քրթմնջում է, մերթ էլ հառաչում… ու երևի թե խոր քուն է մտնում լուսադեմին:

Եվ իր մահով ոչինչ չի փոխվի աշխարհում: Չէր փոխվի անգամ հինգ հարկանի շենքը կյանքում: Միայն մի հուղարկավորություն կծանրանար շենքի տղամարդկանց ուսերին` ժամանակավոր անհարմարություն, մինչև որ հողը վար կառներ բեռը կարեկից ուսերից. մի մեծադիր լուսանկար կավելանար իր ննջարանի պատին` ժամանակավոր կսկիծ հարազատների համար, մինչև որ ցամաքող աչքերը կսովորեին դրան, ինչպես սովորում են ամեն բանի. տխրության մի ծվեն կկպչեր մուտքից աջ` դագաղի կափարիչը  հենած պատին և շուտով կցնդեր օդում. տարիների հետ ցնդող հիշատակը կապրեր մերձավորների մեջ և նրանց էլ մահով կջնջվեր աշխարհից: Եվ միայն որդիների անտեր մնացած անձնագրերում, միայն տոհմի բանավոր պատմության մեջ կմնար իր անունը` որպես դարավոր շիրմաքարին գրված, առանց ծննդյան ու մահվան թվերի, ժամանակի անհունության մեջ կախված և ոչինչ չասող մի անուն:

Եվ կտիրեր տիեզերական անտարբերությունը ինչ-որ մեկի լինել-չլինելու հանդեպ:

6 Comments
  • Marat Yavrumyan
    Posted at 07:54h, 20 July Reply

    Իսկ ամբողջական ժողովածուն հնարավոր չէ տեղադրել՞՞՞

  • հասմիկ սիմոնյան
    Posted at 11:03h, 21 July Reply

    Մարատ ջան, եթե հետս խումբ աշխատեր, ու գոնե ամեն մեկը մի պատմվածք շարեր, կտեղադրեի ամբողջ ժողովածուն, բայց մենակս էդքանը ալարում եմ շարել, բայց խոստանում եմ առաջիկայում ամբողջական պատմվածքներ հենց նույն գրքից տեղադրել:

  • Վահագն Թեւոսյան
    Posted at 10:39h, 26 July Reply

    Ես կշարեի, եթե թելադրող լիներ:

  • հասմիկ սիմոնյան
    Posted at 19:14h, 26 July Reply

    Если — это хорошее слово, ինչպես կասեր հերկուլես մուլծիկից հերոսամեկը:)
    բայց դե կամաց-կամաց կդնեմ, քարը փեշիցս թափեմ ու շարեմ:

  • Marat Yavrumyan
    Posted at 14:26h, 08 August Reply

    Կօգնեմ մի երկու պատմվածք, եթե դրանց պդֆ-ները կամ լուսանկարած տարբերակները ուղարկես [email protected] հասցեին։

  • հասմիկ սիմոնյան
    Posted at 20:49h, 08 August Reply

    pdf տարբերակ չունեմ, բայց վաղն ևեթ կլուսանկարեմ ու կուղարկեմ, հրաշալի կլինի, անչափ շնորհակալ կլինեմ:

Post A Comment