16 Apr Կարլոս Ֆուենտես | Արտեմիո Կրուսի մահը
Կարլոս Ֆուենտես | Carlos Fuentes
1928-2012թթ., Մեքսիկա
Արտեմիո Կրուսի մահը
վեպ
իսպաներենից թարգմանեց Հովհաննես Գրիգորյանը
«Սովետական գրող» հրատարակչություն
Երևան, 1979թ.
…կերազես քո իսկ անցած ճանաարհի մասին, որն այլևս երբեք չես գտնի. աշխարհը քեզ չի տա այդպիսի հնարավորություն, նա քեզ միայն իր անփոփոխ հուշամատյանները կտա, իր հակասական օրենքները, որոնց մասին քեզ ոչ երազել կվիճակվի, ոչ էլ մտածել, դրանք քեզանից երկար կապրեն:
…կյանքումդ այնքան ես վախկոտություն արել, որ քաջություն ցուցաբերելը արդեն հեշտությամբ է ստացվում քեզ մոտ:
…ուրիշ մարդկանց մահերն են երկարացնում մեր կյանքը:
Ծնվել ես, կծնվես բոլորովին անբիծ ափերով, բայց լույս աշխարհ գալուդ պես, մի քանի ժամ չանցած, դրանց սպիտակ հարթությունը կլցվի մարգարեական նշաններով ու գծերով: Մեռնելու ես` ափերիդ վրա խոր շեշտված ակոսներով, բայց հենց մեռնես, չանցած մի քանի ժամ, ճակատագրիդ բոլոր հետքերը կջնջվեն ձեռքերիդ վրայից:
Թե պասիվ եղար, թողեցիր բախտի քմահաճույքին` գլուխ չես հանի: Դու պիտի մտածես. որպեսզի չխորտակվես փորձանքների խաչմերուկում, պիտի սառնասրտորեն գնահատես իրականությունը` կուրորեն չգործելու համար, ցանկանաս, որպեսզի կասկածները չկրծեն հոգիդ: Դու պիտի ապրես:
Կճանաչես նաև մյուսներին և այնպես կանես, որպեսզի նաև նրանք` կին, թե տղամարդ, քեզ ընդունեն և ճանաչեն: Դու կհասկանաս, որ բոլոր մարդիկ քո հավանական հակառակորդներն են, զի ամեն մի մարդ` ևս մեկ խոչընդոտ է քո ցանկությունների իրականացման ճանապարհին:
Աստծո սերը շատ է մեծ և ապրում է իր ստեղծած բոլոր մարմինների մեջ` արդարացնելով մարդկանց:
Ապրել նշանակում է դավաճանել քո աստծուն, ապրելուդ փաստը հաստատող յուրաքանչյուր արարքը, յուրաքանչյուր քայլը ստիպում է քեզ խախտել քո աստծո պատվիրանները:
Պետք է կարողանալ հրաժարվել այն ամենից, ինչին ձեռքդ չի հասնում:
…հարկավոր է աշխարհի վրա կյանքը պահպանել նրանց համար, ովքեր ոչ մի արժեք չունեն:
Դու ըմբոստ էիր, դու` ազատ, դու նոր մարդ էիր:
Կսովորես կառավարել ուժդ` թշնամիներին հաղթելու համար, կսովորես երկու փայտ իրար շփելով կրակ ստանալ, որովհետև անհրաժեշտություն կզգաս վառվող փայտեր նետել քարանձավիդ մուտքը շրջապատած գիշատիչներին քշելու համար, որոնք չեն խորանա քո ով լինելդ պարզելու մեջ, և թե` ինչով է քո միսը տարբերվում մյուս կենդանիների մսից: Հազարավոր ամրոցներ կկառուցես, կարձակես հազարավոր օրենքներ, հազարավոր գրքեր կգրես, կերկրպագես հազար աստծո, հազարավոր կտավներ կնկարես, կհորինես հազարավոր մեքենաներ, հազարավոր քաղաքներ կգրավես, կճեղքես հազարավոր ատոմներ, որպեսզի վերստին վառվող փայտեր նետես քարանձավիդ մուտքը պաշտպանելու համար:
…առավոտվա ընթացքում կինը չի զգում իր անցյալը:
– Դու ինձ կներե՞ս այն բանի համար, որ ես քեզ չեմ կարողանում ներել այն մոռացությունը, որին մատնվել է մյուսը, նա, որին ես իսկապես սիրում էի:
Դու կնախընտրես գրկել պատահաբար անտառ ընկած վիրավոր զինվորին, պառկեցնել նրան, չորացող առվակի ջրով լվանալ վիրավոր ձեռքը, վիրակապել, մնալ նրա կողքին, կյանքի շունչ փչել նրա մեջ և սպասել, սպասել, մինչև որ ձեզ բռնեն, բանտարկեն և գնդակահարեն մի ինչ-որ մոռացված գյուղակում` ինչպես այն մեկն էր, փոշոտ, կավաշեն, տերևածածկ քողտիկներով: Մինչև որ կգնդակահարեն զինվորին ու քեզ լրիվ տկլորացրած, երկու անանուն մարդու, կթաղեն ընդհանուր գերեզմանի մեջ, առանց տապանաքար: Կմեռնես` քսանչորս տարեկան, և էլ ոչ մի մտածմունքներ, որոնումներ ու տատանումներ, կմեռնես` քո փրկած անհայտ զինվորի ձեռքից բռնած, կմեռնես:
…մտածում եմ այն մասին, որ ծեր չեմ, ոչ, մի օր դարձա այդպիսին, երբ նայում էի հայելուն…
…հեղափոխությունը կոչված է ազատագրելու ժողովրդին, և ոչ թե առաջնորդներ բազմացնելու համար:
…մահը մարմնի ցանկասիրությունն է…
Քեզ կդնեն մի բարձր պատվանդանի վրա, որպեսզի ոչ թե հողը, այլ օդը քայքայի աճյունդ: Քեզ կփակեն դամբարանի մեջ, քո մեռած ստրուկների հետ միասին, եղերամայրեր կվարձեն քո վրա ողբալու համարա, քեզ հետ միասն կթաղեն քո ամենաթանկ բաները, քո ուղեկիցներին, քո սև մարգարիտները, անքուն գիշերները…
Հինգ օր չսափրված դեմքը խճճվել էր մազերի մեջ, կանաչ աչքերը կորել էին խիտ ու փոշոտ թարթիչների, չոր արցունքների մեջ: Կանգնած էր` միայնակ հերոս, մարտի դաշտում, դիակներ մեջ: Կանգնած էր, հերոս առանց վկաների: Կանգնած էր` լռությամբ շրջապատված…
Ձեզ նման հոգնած կվերադառնան ձիերը և բռնելով նրանց սանձերից, Լորենսո, Արտեմիո, դեպի ծով տանող, բաց ծով տանող ավազապատ ծանծաղուտով, բաց ծով կհանեք, և համարձակ Լորենսոն կնետվի ալիքներին ընդառաջ, որոնք պար կբռնեն նրա շուրջ բոլորը, արևադարձային կանաչ ծովը, որ ոչ մի չոր թել չի թողի նրա շալվարի վրա, ծովը, ցածրաթռիչք որորներով պաշտպանված, ծովը, որի ջուրը հանկարծակի բռնկումով կառնես ափիդ մեջ ու կտանես շուրթերիդ, ծովը, որը դառը գարեջրի համ ունի, սեխի, գուանաբանայի, գույավայի, սերկևիլի, մորու բուրմունք, ծովը, որն իր հոգնած լեզուն է միայն քսում ափերին: Ձկնորսներն իրենց ծանր ցանցերը կքաշեն ավազին, կմոտենաք նրանց, կսկսեք նրանց հետ բացել ոստերեների խեցիները, խեցգետիններ ուտել, իսկ Կատալինան, միայնակ, կաշխատի փակել աչքերն ու քնել` սպասելով տղայի վերադարձին, որին արդեն երկու տարի եղավ` այն օրից, երբ լրացավ տասնհինգ տարին, չի տեսել: Լորենսոն ճեղքելով խեցգետինների վարդագույն խեցիները և շնորհակալություն հայտնելով ձկնորսներին նրանց նվիրած լիմոնների համար` կհարցնի քեզ, թե երբևէ մտածել ես, ինչպիսին է ծովի մյուս ափը, որովհետև հողը, իր կարծիքով, ամենուրեք նույնն է, և միայն ծովն է տարբեր: Դու նրան կպատնես կղզիների մասին: Լորենսոն կասի, որ ծովում զարմանալի բաներ շատ կան, և եթե մենք ապրում ենք ծովի կողքին, ուրեմն ինքներս էլ պիտի ավելի ուժեղ, ավելի լավը լինենք: Եվ դու, պառկած ավազին, ականջդ` ձկնորսների ինքնաշեն կիթառների նվագին, կցանկանաս բացատրել նրան, որ ապրածդ քառասուն տարիները ինչ-որ բան են կոտրել քո մեջ և այլևս հնարավոր չէ երբեք սկսել…
No Comments