Ֆորուղ Ֆարոխզադ | 1935-1967թթ., Իրան ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴ Կարմիր վարդ, Կարմիր վարդ, Կարմիր վարդ…Նա ինձ տարավ պարտեզը կարմիր վարդի,Եվ ալեծուփ իմ մազերին,Մթության մեջ ամրացրեցԿարմիր վարդ:Եվ վերջապեսՔնեց ինձ հետԾաղկաթերթի վրա` կարմիր վարդի: Ով աղավնիներ խեղված,Ով անփորձ, ամուլ ծառեր,Ով կույր լուսամուտներ,Սրտիս տակ և կոնքերիս խորախորքումԱյժմ աճում է կարմիր վարդ,Կարմիր վարդ, Կարմիր,Ինչպես դրոշը վերածնության: Օհ, ես հղի եմ, հղի, հղի… ՄԻ ԱՅԼ ԾՆՈՒՆԴ Իմ ողջ էությունը խավարի պատգամն է,Որ քեզ իր մեջ կրկնելով անվերջ՝Հավերժ ծլարձակումների ու ծաղկումներիԱրշալույսին կառաջնորդի:Ես այս պատգամումՔեզ կանչելով` հառաչել եմ, հառաչել:Ես այս պատգամումՔեզ պատվաստել եմ ծառին, ջրին ու կրակին: Կյանքը գուցեՄի փողոց է երկար, որով ամեն օրՄի կին է անցնում զամբյուղով:Կյանքը գուցեՄի պարան է, որից մի մարդ իրեն կախում է ճյուղից: Կյանքը գուցեԱյն մանուկն է` դպրոցից վերադարձող:Կյանքը գուցեԾխախոտի վառելն էԵրկու գրգանքների միջև ընկածԽոնջանքի պահին:Կամ մտամոլոր անցորդի անցումը,Երբ գլխարկը հանում է գլխից և անիմաստ մի ժպիտովՄեկ այլ անցորդի ասում՝ բարի լույս:Կյանքը գուցե այն պահն է պարփակ,Երբ իմ հայացքը ավերում է իրենՔո աչքերի մեջԵվ սրանում կա մի զգացում,Որ ես կձուլեմ լուսնի ըմբռնմանՈւ խավարի ընկալման հետ: Այն սենյակում,Որ մի մենության տարողությունն ունի,Իմ սիրտը,Որ մի սիրո տարողությամբ է,Նայում է իր երջանկության պարզ պատճառներին,Ծաղկամանի գեղեցիկ ծաղիկների անկմանը,Այն տունկին, որ դու ես ցանել մեր տան պարտեզում,Եվ ունկնդրումԴեղձանիկների ձայնին,Որոնք երգում են մի լուսամուտի տարողությամբ: Ախ…Այս է իմ բաժինը,Այս է իմ բաժինը,Իմ բաժինըՄի երկինք է, որ խլում է ինձնիցԿախվող վարագույրն անգամ,Իմ բաժինը լքված մի սանդուղքից վայր իջնելն էԵվ միացումս` փտած ու օտար ինչ-որ բանի հետ:Իմ բաժինըՀուշերի այգում տրտմորեն դեգերելն է,Եվ նվաղումս մի ձայնի տրտմության մեջ,Որ ասում է ինձ. «Սիրում եմ ձեռքերդ»:Ձեռքերս կցանեմ պարտեզում,Կկանաչեմ, գիտեմ, գիտեմ,Եվ ծիծեռնակները մատներիս թանաքոտ փոսիկներումԿձվադրեն,Երկու երկվորյակ կեռասներիցԱկանջօղ կկախեմ զույգ ականջներիս,Ու եղունգներիս քրիզանթեմի թերթեր կամրացնեմ:Մի փողոց կա, որտեղԻնձ սիրահարված տղաները,Դեռ նույն խռիվ մազերով,Բարակ վզերով ու նիհար ոտքերով,Մտածում են այն աղջկա անմեղ ժպիտների մասին,Որին մի գիշեր քամին տարավ իր հետ: Մի փողոց կա, որինՍիրտս գողացել է մանկությանս թաղամասից: Մի ծավալի ճամփորդությունը ժամանակի գծում,Եվ ինչ-որ ծավալով բեղմնավորելԺամանակի չոր գիծը.Մի ծավալ` տեղյակ մի պատկերի,Որ վերադառնում է հայելու հյուրընկալությունից: Եվ այսպես է,Մեկը մեռնում է,Մյուսը՝ ապրում: Ոչ մի որսորդ փոսի մեջ թափվող չնչին առվակիցՄարգարիտ որսալ չի կարող, երբեք:Ես ճանաչում եմՕվկիանում ապրողՓոքրիկ, տխուր մի ջրահարսի,Որի սիրտը փայտե սրինգում,Նվագում է հանդարտ ու կամաց.Փոքրիկ, տխուր մի ջրահարս,Որ գիշերը մի համբույրից մեռնումԵվ աղջամուղջին մի այլ համբույրից ծնվում է նորից: ԿԱՆԱՉ ՊԱՏՐԱՆՔ Ամբողջ օր լալիս էի հայելու մեջ:Գարունը լուսամուտսՀանձնել էր ծառերի կանաչ պատրանքին:Մարմինս չէր ամփոփվում մենությանս բոժոժում:Եվ թղթյա թագիս հոտըԹունավորել էրԱրևազուրկ տարածությունն այս: Չէի կարող,Այլևս չէի կարող…Փողոցի ձայնը,Թռչունների ձայնը,հեռացող թավշե գնդակների ձայնը,Եվ աղմուկ-աղաղակը փախչող երեխաների,Եվ պարը փուչիկների,Որոնք օճառի փրփուրից ելնող պղպջակների պեսԲարձրանում էին թելե ցողունից:Եվ քամին,Եվ քամին, որ ասեսՇնչում էրՄիասնական քնիԱմենախավար պահերի խորախորքում,Իմ հավատքիԼուռ բերդապարիսպներն էին սեղմում,Ու հին ճեղքերիցՍիրտս էին կանչում,Իր իսկ անունով…Ամբողջ օրը իմ հայացքըՍևեռված էր կյանքիս աչքերին.Այն զույգ վախվորած, ահոտ աչքերին,Որոնք փախչում էին իմ հայացքից անշարժԵվ ինչպես խաբեբաներ,Ապաստան գտնումԿոպերի անվտանգ մենության մեջ: Ի՜նչ բարձունք,Եվ ի՜նչ գագաթ,Մի՞թե այս բոլոր ճամփաները՝ ոլորապտույտ,Այն սառն ու կլլող բերանի մեջՉեն խաչվում մի տեղ ու անէանում:Ի՞նչ եք տվել ինձ,Ո՜վ բառեր՝ պարզունակ ու սուտ ևՈ՜վ մարմինների ու ցանկություններիԱնողոք տանջանք,Եթե մի ծաղիկ ամրացնեի մազերիս վրաԱյս կեղծությունից,Այս թղթյա թագից,Որ նեխել է գլխիս վերևում`Ավելի շքեղ չէ՞ր լինի արդյոք: Ինչպե՞ս անապատի հոգին գերեց ինձ,Եվ լուսնի կախարդանքըՀեռացրեց ինձ հավատի հոտից:Ինչպե՞ս մեծացավ սրտիս անավարտ կեսը,Եվ ոչ մի կես չամբողջացրեց մյուս կեսին:Կանգնեցի ու տեսա,Թե ինչպես էՀողը դատարկվում ոտքերիս տակից,Եվ զույգիս մարմնի ջերմությունըՉի փոխանցվում մարմնիս զուր սպասումին: Ի՞նչ բարձունք,Եվ ի՞նչ գագաթ,Ինձ ապաստան տվեք,Ո՜վ ճրագներ անհանգիստ,Ո՜վ լուսավոր, կասկածոտ տներ,Ուր արևոտ ձեր տանիքներումՍավանները մաքուրՃոճվում ենԲուրավետ ծխերի գրկում: Ինձ ապաստան տվեք,Ո՜վ հասարակ ու պարզ կանայք,Որ ձեր մատների նուրբ մաշկի միջոցովՀետևում եքԽլրտացող սաղմի ընթացքին հաճելի,Եվ օդը ձեր ստինքների արանքումՄիշտ միաձույլ էԹարմ կաթի բույրով: Ի՞նչ բարձունք,Եվ ի՞նչ գագաթ.Ինձ ապաստան տվեք,Կրակով լի օջախներ, երջանկության պայտեր,Եվ ո՜վ պղնձյա ամանների երգեր`Գորշության մեջ խոհանոցի:Եվ ո՜վ կարի մեքենայի սրտառուչ մրմունջներ:Եվ ո՜վ գորգերի ու ավելների օրնիբուն պայքար:Ինձ ապաստան տվեք,Ո՜վ սերեր կրքոտ ու գերող,Որ գոյատևումի ցավալի ցանկությունը,Ձեր գրաված անկողինըՀարդարում է կախարդական ջրովԵվ արյան թարմ կաթիլներով: Ամբողջ օրը,Ամբողջ օրը արձակված, լքված,Ինչպես մի դիակ ջրի երեսին,Ընթանում էիԴեպի ամենախոր քարայրները ծովային,Եվ ամենավայրի ձկները մսակեր,Եվ մեջքիս ողերը նուրբ`Մահվան զգացողությունից սարսռացին հանկարծ: Չէի կարող,Այլեւս չէի կարող:Ոտքերս հրաժարվում էին ճանապարհից,Եվ այն գարունը,Եվ այն կանաչ պատրանքը,Որ անցնում էր լուսամուտից,Ասում էր սրտիս.– Նայիր,Դու երբեք առաջ չես գնացել,Դու սուզվել,Մխրճվել ես… ԳԻՇԵՐՎԱ ՍԱՌԸ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ Ես չեմ զղջում,Ես խորհում եմ այս հպատակման,Այս ցավագար հպատակման մասին:Ես ճակատագրիս խաչը համբուրել եմԻմ Գողգոթայի բարձունքներում: Գիշերվա սառը փողոցներումԶույգերը վարանումովՇարունակ բաժանվում են մեկ-մեկուց:Գիշերվա սառը փողոցներումՀրաժեշտի շշունջից զատՈւրիշ ձայն չկա:...