Հելեն Քելեր | Helen Keller

Հելեն Քելեր  | 1880-1968թթ.


գիրք  |  «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» 

էսսեի հեղինակ  |  Հասմիկ Սիմոնյան

Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են սովորել, և նրանց, ովքեր սովորեցնում են: Զվա՛րթ եղեք: Մի՛ մտածեք այսօրիկ անհաջողությունների մասին, այլ վաղվա հաջողությունները միշտ հիշեք: Դուք դրել եք ձեր առջև ոչ հեշտ առաջադրանք, բայց կհասնեք ձեր ուզածին, եթե լինեք համառ և ուրախություն գտնեք պատնեշները հաղթահարելիս և հաճույք, երբ դժվարանցանելի տեղերով գնաք, որտեղով հավանաբար կարիք չէր լինի երբևէ անցնելու, եթե ի սկզբանե ճամփան լիներ հարթ ու հեշտ, և չսայթաքեիք:

Միշտ հիշեք՝ ոչ մի ջանք, որ թափվում է հանուն որևէ հրաշալի բանի, չի կորչում: Ինչ-որ մի օր ինչ-որ մի տեղ մենք գտնելու ենք այն, ինչ փնտրում ենք:
Մենք պիտի խոսենք ու, այո՛, նաև պիտի երգենք, որովհետև հենց Աստված է այդպես հնարել մեզ՝ ասող-խոսող ու երգող:

                                         հատված Հ. Քելերի ելույթից

1880 թվականին Արթուր և Քեյթ Ադամս Քելերների ընտանիքում ծնվեց առողջ ու կայտառ մի աղջնակ: Մեկուկես տարի անց երեխան հիվանդացավ քութեշով՝ այդ ժամանակների համար դեռևս անհասկանալի մի հիվանդությամբ, որը բացատրում էին որպես ստամոքսի ու գլխուղեղի անոթների խցանում: Հիվանդությունը կարճ տևեց, բայց դրա հետևանքով փոքրիկ Հելենը կուրացավ ու խլացավ: Միակ մարդը, ում հետ նա կարողանում էր հաղորդակցվել, խոհարարի դուստրն էր՝ վեցամյա Մարթան, որ հրաշքով հասկանում էր Հելենի նշանները:

Ավելի ուշ Հելենը հանդիպեց իր ուսուցչին՝ քսանամյա չքնաղ Էննին, որ տեսողական հաշմանդամություն ուներ և Հելենի հետ հաղորդակցվում էր՝ բառերը նրա ձեռքի ափի մեջ ցույց տալով: Մինչ այդ Հելենը չգիտեր, որ ամեն առարկա իր առանձին անունն ունի:

Առաջին բառը, որ սովորեց Հելենը, ջուրն էր: Նա շփոթում էր «խմել» բառը «կաթի» ու «բաժակի» հետ: Էննը բռնեց Հելենի մի ձեռքն ու պահեց այն ջրի տակ, իսկ մյուս ձեռքին տառ առ տառ գրեց «ջ-ու-ր»: Հանկարծ Հելենն ընկալեց, որ այն, ինչ հոսում է, սառն է ու թարմացնող, ջուրն է, ու շատ կամաց ասաց իր առաջին բառը՝ «ջուր»՝ ընկալելով ասածն ու պատկերացնելով:
Այդ օրը նրանք միասին շուրջ երեսուն բառ սովորեցին:

«Լսելով» ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի քայլվածքը՝ Հելենը կարող էր ասել, թե ով է իրեն մոտենում: Նա զգում էր հատակից հասնող տատանվող շարժումներն ու այդպիսով գլխի ընկնում, թե ով եկավ ու ով գնաց: 

Հելենի մասին խոսում էին ամենուր: Նրա հետ փորձում էին ծանոթանալ՝ որպես տարօրինակ արարածի, առաջարկում էին ելույթով հանդես գալ կրկեսում ու ֆիլմերում, ինչին, իհարկե, դեմ էր ու մերժում էր: Բայց կար ևս մեկը, որ հիացած էր Հելենով, և որը նրան տարօրինակ չէր համարում, այլ կոչում էր «հրաշքի կտոր»: Մարկ Տվենն էր: Նրան, ի դեպ, Հելենն ամենահեշտն էր ճանաչում մի պարզ պատճառով. Տվենից ծխախոտի ուժեղ հոտ էր գալիս: Մարկ Տվենն առաջինն էր, որ Էնն Սալիվանին կոչեց հրաշագործ և պաշտոնապես հայտարարեց. «19-րդ դարի երկու ամենահետաքրքիր կերպարներն են Նապոլեոնն ու Հելեն Քելերը»:

Էննը ուղեկցեց Հելենին մինչև կյանքի վերջ: Հելենն ասում էր. «Ես ծնվել եմ յոթ տարեկանում՝ այն օրը, երբ հանդիպեցի Էննին»: Հենց նրա շնորհիվ Քելերը դարձավ կուրություն ու խլություն ունեցող առաջին մարդը, որ բարձրագույն կրթություն ստացավ: Հելենն արվեստի ոլորտն էր ընտրել: Նա գրում էր գրքեր տասնմեկ տարեկանից, կարդում էր դասախոսություններ, ելույթներ էր ունենում ու ոգևորում կույրերին, նաև նկարահանվում էր ֆիլմերում: Դրանք առանձնապես եկամուտ չէին բերում իրեն, բայց շատ լավ հասկանում էր, թե որքան է այդ ամենը օգնում մյուսներին:

Նա հասարակական գործիչ էր, պայքարում էր պատերազմի դեմ ու խոսում կանանց իրավունքներից: Հելենը հրապարակեց իր՝ «Հելեն Քելեր» օրագիրը, որտեղ խիստ քննադատում էր Հիտլերի վարած քաղաքականությունն ու Մարգարետ Միտչելի աղմկահարույց նոր գիրքը՝ «Քամուց քշվածները»՝ հարավի ստրուկների դեմ իրականացված բռնի գործողությունների մասին լռելու համար:
Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նա այցելում էր հոսպիտալներ՝ տեսակցելու կուրություն ու խլություն ունեցող զինվորականներին:

Հելեն Քելերն ԱՄՆ-ի Կույրերի ֆոնդի միջազգային կապերի ներկայացուցիչն էր: Նա շրջում էր աշխարհով մեկ՝ այցելելով շուրջ 39 երկիր՝ Մեծ Բրիտանիայից մինչև Ճապոնիա ու Սիրիա, և համագործակցում այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք էին Չերչիլը, Մեյերը, Ներուն: Հելենին անվանում էին աշխարհի ութերորդ հրաշալիք. նա հիացնում էր, ոգևորում ու կախարդում:

Պաշտում էր շներին: Ճապոնիայում նա լսում է Հատիկո անունով շան պատմությունը, որը տիրոջ մահվանից հետո սպասել է տիրոջը, և խնդրում է նույն ցեղատեսակի շուն, ինչին սիրով ընդառաջում է ճապոնական կառավարությունը: 
Նրան մշտապես և ամենուր ուղեկցում էին Էնն Սալիվանն ու օգնականը՝ Փոլի Թոմսոնը: Նրանց երբեմն անվանում էին երեք հրացանակիրներ: Երբ Էննը մահացավ, Հելենն ասաց. «Այ հիմա ես իսկապես դարձա կույր ու խուլ»: Էննից հետո ձեռքի այբուբենին նույն վարժանքով տիրապետողներ չեղան, Թոմսոնը, իհարկե, կողքին էր, բայց Էննի չափ մտերիմ չէին: Էննը նրա հոգին էր, հոգու ընկերը, ինչպես ասում էր Հելենը:

Հելենը երբեք չամուսնացավ ոչ այն պատճառով, որ սիրային պատմություններ չեղան իր կյանքում, այլ որովհետև ընտանիքը դեմ էր ու չէր պատկերացնում, թե ինչպես կարող է իրենց կուրություն ու խլություն ունեցող աղջիկը առանձին կյանքով ապրել:
Երեսունվեց տարեկան էր, երբ ուսուցիչը՝ Էննը, հիվանդացավ, ու նրան փոխարինում էր քսանամյա Փիթըր Ֆեգընը: Աղջիկն ու տղան չնկատեցին էլ, թե ինչպես ինքնամոռաց սիրահարվեցին: Նրանք շատ արագ թաքուն նշանվեցին ու ամուսնանալու թույլտվություն վերցրին: Ցավոք, երբ լուրը հայտնեցին ընտանիքին, արձագանքը կտրուկ էր. Հելենի ծնողները դեմ էին, ու դա չէր քննարկվում: «Ախ, ինչ տարօրինակ կյանքով եմ ես ապրում, կարծես Մոխրոտիկի նման՝ կեսը փայլի մեջ՝ բյուրեղյա կոշիկներով, կեսը՝ մկների հետ ու մոխրի»:

Մահվանից առաջ Հելենը խնդրեց, որ իր աճյունն ամփոփեն իր երկու սիրելի մարդկանց կողքին՝ Էնն Սալիվանի և Փոլի Թոմսոնի:

Հելեն Քելերի անունը գրված է ԱՄՆ Կանանց փառքի դահլիճում: Աշխարհի ամենատարբեր երկրներում նրա անունով փողոցներ կան, դե իսկ հարազատ Ալաբամայի նահանգում գործում է մետաղադրամ, որի մի կողմում բրալյան գրով Քելերի անունն է, մյուս երեսին՝ Հելենի նկարը՝ մեծահասակ կին, որ Բրայլի այբուբենն է կարդում: 

No Comments

Post A Comment