Վիլմա Մանկիլեր | Wilma Mankiller

Վիլմա Մանկիլեր |  1945-2010թթ.

գիրք  |  «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» 
էսսեի հեղինակ  |  Հասմիկ Սիմոնյան


«Օկլահոմա» բառացի նշանակում է կարմիր մարդիկ, այսինքն՝ հնդկացիներ: Ամերիկայի հենց այս նահանգում դեռևս ապրում էին բնիկ ամերիկացիները՝ չիրոկի ցեղախմբի հնդկացիները: Նրանք հիմնականում զբաղվում էին հողագործությամբ, աճեցնում էին բույսեր, կենդանիներ էին պահում ու տիրապետում արհեստների:

Դեռևս 19-րդ դարում հնդկացիական ավանդական ցեղախումբը բաժանված էր երկու մասի՝ սպիտակների ու կարմիրների: Սպիտակները յոթ ընտանիքի առաջնորդներից կազմված խումբ էին: Այն փոխանցվում էր ժառանգաբար, նրանց ձեռքում էին կրոնն ու հավատալիքները, ծիսաբեր ուժի շնորհիվ կատարվող ապաքինումը, աղոթքներն ու մաքրումը: Կարմիր խումբը կազմված էր առողջ և ուժեղ երիտասարդներից: Նրանք պատերազմողներն էին: Չիրոկիները հավատացած էին, որ պատերազմը կեղտոտում է մարդու հոգին, և պատերազմից հետո ռազմիկները պարտավոր էին մաքրվել, միայն դրանից հետո էր թույլատրվում գյուղ վերադառնալ ու ապրել համայնքային կյանքով:

Պատերազմների ընթացքում գերեվարվածները դառնում էին ստրուկներ: Չիրոկիները նման դեպքում ասում էին, որ մարդն անբախտ է, և ստրկությունը դիտարկում էին իբրև ժամանակավոր անհաջողություն, մինչև նոր պատերազմում վերջինս կազատագրվեր կամ կշարունակեր էլի անբախտ մնալ:

Չիրոկիների լեզուն բազմահամադրական է, այսինքն՝ լեզվի բառերը կազմված են շատ մասերից, օրինակ՝ երբ չիրոկին ասում է՝ «նա վիճում է անընդհատ և միտումնավոր նպատակադրված», նկատի ունի փաստաբանին, իսկ «նա վերջիվերջո և վճռական տոնով բռնում է մարդկանց»՝ ոստիկանին: 

Ավանդաբար չիրոկի կանայք տնօրինում էին տնային տնտեսությունը, նրանց պատվում էին՝ որպես կյանք պարգևողների: Երբ նորապսակ զույգն ամուսնանում էր, տղամարդն էր կնոջ ընտանիք գնում, քանի որ համարում էին՝ երեխա ունենալիս կինը կարիք կունենա մոր ու բարեկամուհիների:

Չիրոկի ցեղի կառավարումը մշտապես ու միայն պատկանել էր տղամարդկանց: Բայց ահա 1945 թվականին ծնվում է մի աղջիկ՝ Վիլմա Մանկիլերը, որ չիրոկի հնդկացի էր, ընտանիքում՝ տասնմեկ երեխաներից վեցերորդը: Նա մկանային դիստրոֆիայի հազվադեպ պատահող տեսակից ուներ, սակայն դա բնավ նրան չի խանգարում, որ նա դառնա չիրոկիների առաջին կին ցեղապետը, բայց ամեն ինչ հերթով:

Վիլման տասնմեկ տարեկան էր, երբ ամերիկյան կառավարությունը ստիպողաբար տեղահանում է հնդկացիներին ու ստիպում Օկլահոմայից հեռանալ Սան Ֆրանցիսկոյի ամենաչքավոր հատվածը: ԱՄՆ-ի կառավարությունը փորձում էր հնդկացիական ցեղերին բաժան-բաժան անել ու աստիճանաբար վերացնել:

Կալիֆորնիայում կյանքը եռում էր: Այստեղ կանայք պայքարում էին իրենց իրավունքների համար, հակապատերազմական ցույցեր էին ամեն օր: Վիլման երբեք չէր տեսել հեծանիվ ու ինքնագլոր, չիրոկիները չունեին հեռախոս ու տնային սանհանգույց: Աղջիկն ասես հայտնվել էր այլմոլորակայինների քաղաքում. ամեն ինչ նոր էր ու տարօրինակ, և համառություն էր պետք ու անկոտրում կամք՝ չկորցնելու հնդկացիական ինքնությունն ու ինտեգրվելու նոր աշխարհում: 

Համալսարանն ավարտելուց հետո Վիլման վերադառնում է հայրենի Օկլահոմա: Նա հասցրել էր ամուսնանալ ու բաժանվել, ապրում էր երկու աղջիկների հետ պապիկի ագարակում: Քսանամյա բացակայությունից հետո նա փորձում է աշխատանք գտնել ու վերադառնալ չիրոկի համայնք:
Առաջին բանը, որ տեսավ Վիլման, հնդկացիների ընտանիք էր՝ ապրող մեքենայի մեջ, որ կայանել էին հենց գետի ափին, կինն էլ լվացք էր փռում, ապա մի ուրիշ ընտանիք տեսավ՝ ավտոբուսում ապրող: Այս երկու տեսարանները ցնցող ազդակ են դառնում Վիլմայի համար, ու նա որոշում է իր գիտելիքն ու փորձը ի սպաս դնել ու օգնել համերկրացիներին:

Նա դառնում է տնտեսական աճի խթանման համակարգի պատասխանատուն, իսկ ավելի ուշ հիմնում է համայնքային զարգացման վարչությունը: 

Նրա առաջին գործարկած ծրագիրը Բելում էր. Չիրոկի համայնքի փոքրիկ մի մաս՝ երկու հարյուր ընտանիքից բաղկացած, ջրային համակարգ չուներ: Այդ տարածքում անաշխատունակությունը մեծ տոկոս էր կազմում, ու մարդկանց չէր լքում անօգնականության զգացումը: Տեղացիները չէին հավատում, որ կինը կկարողանա օգնել իրենց, բայց տասնչորս ամսվա ընթացքում Մանկիլերի ջանքերի շնորհիվ կառուցվում է 16 մղոնանոց ջրատար: Այնքան անհավատալի էր այդ ամենը, որ անգամ ֆիլմ է նկարվում դրա մասին:

1979 թվականին Վիլման ընկերոջ հետ ավտովթարի է ենթարկվում և մի շարք վիրահատություններ է տանում՝ հազիվ փրկվելով մահից: Շաբաթներ անց հիվանդանոցում իմանում է, որ ընկերը մահացել է, իսկ իր նյարդամկանային հիվանդությունը անբուժելի է, ու միասթենիա գրավիսը (մկանաթուլություն) ուղեկցելու է իրեն հետագա ամբողջ կյանքում: «Վթարը փոխեց իմ կյանքը, ես մի քայլ բարձրացա ինձնից, դարձա ավելի ուշադիր և պակաս բարկացած»:

1983 թվականին չիրոկի ցեղապետը հրավիրում է Մանկիլերին՝ աշխատելու իր հետ որպես տեղակալ: Չիրոկիների համար դա չլսված բան էր: Մեծ աղմուկ է բարձրանում, Վիլմային մահվան սպառնալիքներով նամակներ են ուղարկում, բայց նրան դա չի կանգնեցնում, ու Վիլման դառնում է առաջին կինը, որ ցեղի առաջնորդի տեղակալ էր, իսկ երկու տարի անց Վիլմա Մանկիլերը դառնում է առաջին կին ցեղապետը: Ու թեև ընտրվում է ձայների 83 տոկոսով, դեռ շարունակվում էր քննադատությունը՝ կապված նրա սեռի հետ:

Նա ընտրվում է ևս երեք անգամ: Նրա շնորհիվ չիրոկի ցեղախումբը 55 հազար բնակչից աճում է՝ դառնալով 196 հազար:

Մանկիլերն աննախադեպ քայլ է կատարում. 1990 թվականին համաձայնագիր է կնքում հնդկացիների գործերով զբաղվող բյուրոյի հետ, համաձայն որի՝ այդուհետ թույլատրվում էր ԱՄՆ-ի պետբյուջեի՝ շուրջ միլիոն դոլարի ֆինանսավորման ուղիղ վերահսկում հնդկացիների կողմից, այդպիսով հաստատվում է ցեղային ինքնիշխանությունը ինչպես չիրոկի, այնպես էլ այլ ցեղախմբերի համար:

Վիլման հատուկ ուշադրություն է դարձնում առողջապահական համակարգի ստեղծմանը, լրջորեն զբաղվում աշխատանքի ու զբաղվածության հարցերով. նրա օրոք ստեղծվում են բժշկական կենտրոններ, բացվում են նախակրթարաններ ու դպրոցներ: Մանկիլերի ջանքերի շնորհիվ Սեկվոյա դպրոցը բարելավվում է մի քանի անգամ՝ հիմք դնելով կրթական համակարգի զարգացման: Նա ընդգծում է չիրոկի ցեղախմբի ավանդույթների ու առանձնահատկությունների պահպանման կարևորությունը՝ ստեղծելով Չիրոկիի գրագիտության ինստիտուտը:
Նա կրկնապատկում է իր երկրամասի տնտեսական աճը: Մանկիլերը ուժ ու վստահություն էր ներշնչում ոչ միայն իր համերկրացիներին, այլև մյուս ցեղախմբի ներկայացուցիչներին, որ շտապում էին հետևել նրա վարակիչ օրինակին:

1993 թվականին ԱՄՆ Կանանց փառքի դահլիճում գրվեց Վիլմա Մանկիլերի անունը, իսկ 1998 թվականին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից պարգևատրվեց երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևով՝ Նախագահական ազատության մեդալով:

2000թ. հրապարակվում է Վիլմայի ինքնակենսագրական գիրքը՝ «Մանկիլերը. առաջնորդն ու իր ժողովուրդը»:

«Ես ուզում էի ամեն ինչ անել, որ հնդկացիները նորից հավատան իրենք իրենց, փորձում էի արթնացնել սեփական մտածողությունը նրանց ներսում և հուշել, որ լուծումները գտնվում են իրենց ներսում», – կարդում ենք ինքնակենսագրականում:

2000 թվականին Մանկիլերն ընտրվեց տարվա կին: 2021 թվականին նշվում էր քաղաքականության, արվեստի և գիտությունների ոլորտում ակտիվ քաղաքացիական իրավունքի առաջամարտիկ կանանց հիշատակը: Որոշվեց Վիլմա Մանկիլերի դիմանկարը պատկերել քառորդ դոլարի մետաղադրամին:

Երբ Մանկիլերը մահանում էր, նրա կողքին էր մտերիմ ընկերուհին՝ հայտնի ֆեմինիստ Գլորիա Ստեյնհեմը: Մահախոսականում Գլորիան ասում է. «Ըստ հնդկացիական ավանդույթի՝ երբ մեծ մեկն է հեռանում, ազդանշանային խարույկներ են վառում, որ վերջինիս ճանապարհը՝ դեպի այն աշխարհ, լուսավորվի: Վիլմայի մահվանից հետո 23 երկրում խարույկներ վառվեցին: Միլիոնավոր մարդիկ շարունակելու են նրա գործը, բայց ես ամեն օր մինչև կյանքիս վերջին օրը կարոտելու եմ նրան»:

No Comments

Post A Comment