Սալման Ռուշդի | Կեսգիշերի զավակները

Սալման Ռուշդի | Salman Rushdie
Ծնվ. 1947թ., Հնդկաստան

Կեսգիշերի զավակները
վեպ
անգլերենից թարգմանեց Արամ Արսենյանը

Զանգակ
Երևան, 2018թ.

[հատվածներ գրքից]

Երջանկությունից էր ծանրանում, Քաշմիրում ամենածանր մարդն էր:

Մեր կյանքի նշանակալի իրադարձությունները մեծ մասամբ տեղի են ունենում առանց մեզ:

«Անպետք որդի ունես, ամմա՛, չե՞ս տեսնում, որ մարմնիս մեջ սեխի մեծության անցք կա»: Մոր դեմքին տանջահար ժպիտ խաղաց: «Միշտ էլ անսիրտ տղա ես եղել», – հառաչեց մայրը:

Քաղցի պատերազմը, որ սկսվեց այդ օրը, քիչ էր մնում մահացու մենամարտի վերածվեր: Հավատարիմ մնալով երդմանը՝ Արժանապատիվ մայրիկը ուտելու ժամին դատարկ ափսե էր հրամցնում ամուսնուն և ոչինչ ավելի: Բժիշկ Ազիզն անմիջապես փոխադարձ պատժամիջոց կիրառեց. հրաժարվեց դրսում սնվելուց: Հինգ զավակներն օրեր շարունակ ուշիուշով հետևում էին, թե ինչպես էր հայրը հալչում, իսկ մայրը խոժոռ հայացքով հսկում էր կերակուրներով լի ամանները: «Մի օր ամբողջովին կանհետանա՞ս, – հետաքրքրությունից այրվելով՝ հորը հարցրեց Էմերալդն ու ավելացրեց խիստ մտահոգ, – բայց նման բան չանես, քանի դեռ չգիտես, թե ոնց ես վերադառնալու»: Ազիզի դեմքին ակոսներ առաջացան, նույնիսկ քիթը բարակել էր, սրվել էր: Մարմինն ասես մարտադաշտ էր, ամեն օր մի մասը պայթեցնում-ավերում էին: Եվ ասաց Ալիային՝ իր առաջնեկին, խելացի զավակին. «Ցանկացած պատերազմում մարտադաշտն ավելի մեծ կորուստներ է կրում, քան կռվող բանակները: Եվ դա բնական է»:  

Էդ կինն ահավոր բաների է ընդունակ: Լսել եմ, որ քնի մեջ նույնիսկ դուստրերի երազներն է տեսնում, որպեսզի իմանա, թե մտքներին ինչ կա:

Ռանին Հնդկաստանի մյուս իշխանների պես չէր ապրում: Կաքավի որսի փոխարեն կրթաթոշակներ էր սահմանում գիտնականների համար: Իսկ հյուրանոցային խայտառակությունների փոխարեն քաղաքականությամբ էր զբաղվում: Եվ բամբասանքներ ծնվեցին: «Բա նրա սիրելի գիտնականները, բոլորին է հայտնի, որ ծրագրից դուրս այլ պարտավորություններ էլ ունեն»:

Եթե Աստված կամենար, որ մարդիկ մի քանի լեզվով խոսեին, – պնդում էր նա, – ինչո՞ւ էր մեր բերանը մի լեզու դնում:

Երբեմն առասպելներն իրականություն են կերտում և ավելի օգտակար են, քան փաստերը:

Ինչպե՞ս էր Նադիր Խանին հաջողվել աննկատ կտրել-անցնել գիշերային քաղաքը: Բացատրում եմ նրանով, որ Նադիրը վատ բանաստեղծ էր և գոյատևման բնատուր ձիրք ուներ: Վազելիս ինքնագիտակցությունը չդավաճանեց, իսկ մարմինն ասես ներողություն էր հայցում իրեն այնպես պահելու համար, կարծես էժանագին սարսափ-ֆիլմում է խաղում կամ փերեզակ է, որը գիրք է վաճառում կանաչ դեղի շշերի հետ, որ բուժում է մրսածություն, տիֆ, սեռական անկարողություն, հայրենաբաղձություն և թշվառություն:

Մորս կարծիքով ամուսինն արժանի է անառարկելի հավատարմության և անվերապահ, լիասիրտ սիրո: Սակայն մի դժվարություն կար. Ամինան զգաց, որ անկարող է Ահմեդ Սինային անկեղծորեն տալ այդ ամենը: Ուստի, ապավինելով ջանասիրությանը, սկսեց վարժվել ամուսնուն սիրելուն: Ամինան նրան մտովի մասնատեց բաղադրիչների՝ մարմնական և վարքային, դասդասելով ըստ շրթունքների, խոսքային ջղաձգումների, նախապաշարմունքների և նախասիրությունների: Կարճ ասած, որոշել էր ամուսնուն սիրահարվել հատված առ հատված:

Սնխչին ծառի ճյուղեր և տերևներ էր կապում կոտրված ծայրանդամներին, ջարդուփշուր գլուխները փաթաթում էր արմավենու սաղարթապսակներով, և հիվանդներն ասես արհեստական ծառեր էին, և վերքերը՝ բացվող բողբոջներ…

Ժամանակի հաշվարկը հետաքրքրություն առաջացնելու լավագույն ձևն է:

Մեն մի կյանք հասկանալու համար անհրաժեշտ է ամբողջ աշխարհը կլլել:

Եթե ուզում ես պահպանել անհատականությունդ ալիքվող բազմության մեջ, հավանաբար պետք է գրոտեսկի վերածվես:

…Ազգը, որ երբևէ գոյություն չի ունեցել, ուր որ է ազատություն ձեռք կբերի և մեզ ասես պարսատիկով կնետի մի աշխարհ, որը թեև հինգ հազար տարվա պատմություն ունի, շախմատ է հորինել և առևտուր է արել Եգիպտոսի միջին թագավորության հետ, միևնույնն է, երևակայական է, մեզ կնետի առասպելական մի երկիր, որ երբեք գոյություն չէր ունենա, եթե չլինեին բացառիկ միասնական կամքի ջանքերը, չլիներ երազանքը, այն երազը, որ բոլորս համաձայնվեցինք տեսնել, զանգվածային երևակայություն էր, որ այս կամ այն չափով համակել էր բենգալացիներին ու փենջաբցիներին, մադրասցիներին ու ջաթերին և անվերջ սրբագործման ու նորացման կարիք ուներ, որ հնարավոր էր միայն արյունալի ծեսերի միջոցով:

Հնդկաստանը նոր առասպել է, համատեղ երևակայություն, որտեղ ամեն բան հնարավոր է, հեքիաթ, որի հետ կարող են մրցել լոկ երկու ավելի հզոր առասպելները՝ փողն ու Աստված:

Հնարավո՞ր է խանդել գրված բառերին: Ատել գիշերային խզբզոցն իբրև միս ու արյունից սեռական հակառակորդ:

Ամինան զգում էր, որ ուտելիքի հետ մյուսների զգացմունքներն էին իր մարմին լցվում, քանզի Արժանապատիվ մայրիկն անվերջ կարի ու անհաշտության մսագնդիկներ էր բաժանում, իրենց արարչի անհատականությամբ տոգորված կերակուրներ, և Ամինան ճաշակում էր համառության ձկնուտեստներն ու վճռականության բիրյանիները: Եվ չնայած Մարիի թթուները մի փոքր չեզոքացնող ազդեցություն ունեին, քանզի պատրաստելիս խառնում էր նաև հոգուն ծանրացած մեղքն ու բացահայտվելու վախը, դրանք այնպիսի ուժով էին օժտված, որ թեև համեղ էին, սակայն ցանկացած մարդ, որ կվայելեր այդ թթունները, դատապարտված էր անորոշ անհանգստություն ապրելու մեղադրող ցուցամատների համար և անհամար երազեր տեսնելու դրանց մասին, իսկ Արժանապատիվ մայրիկի սննդակարգն առողջ ցասումով էր լցնում Ամինայի հոգին, և նրա խորտակված ամուսնու մոտ նույնիսկ թեթևակի բարելավման նշաններ էին երևում:

Այդ օրերին սիրահար հերոսներին և գլխավոր գեղեցկուհիներին արգելված էր իրար դիպչել էկրանին. վախենում էին, որ այդ հպումներն ու համբույրները կայլասերեն երկրի երիտասարդությանը, սակայն «Քաշմիրի սիրահարներ»-ի առաջին ցուցադրությունը սկսվելուց երեսուներեք րոպե անց դահլիճում ապշած հանդիսատեսի խուլ բզզոցը լսվեց, որովհետև Փիան և Նայարը սկսել էին համբուրել ոչ թե իրար, այլ իրերն ու առարկաները:
       Փիան համբուրում էր խնձորը կրքոտ համբույրով, լիքը, հրաշալի, վառ գույնով ներկած շրթունքների ամբողջ ուժով, ապա փոխանցում էր Նայարին, որ խնձորի հակառակ երեսին էր հպում առնական, վավաշոտ բերանը: Այսպես ծնվեց, ինչպես հետագայում հայտնի կդառնա, անուղղակի համբույրը, և այն անհամեմատ ավելի հնարամիտ էր, քան ցանկացած բան այսօրվա մեր կինոյում, և այնքան լեցուն տենչանքով ու հեշտանքով: Դահլիճում նստած հանդիսատեսը (որն այսօր խռպաձայն հրճվում է այն տեսարաններով, որոնցում երիտասարդ զույգն ընկղմվում է թփերի մեջ, և թփերն անմիջապես սկսում են անհեթեթ ցնցվել. ահա թե որքան է նվազել ակնարկելու մեր կարողությունը) առանց էկրանից աչք կտրելու հետևում էր, թե Դալ լճի մոտ՝ Քաշմիրի սառցակապույտ երկնքի տակ ինչպես էին Փիան ու Նայարը, քաշմիրի վարդագույն թեյի բաժակները համբուրելով, իրենց սերն արտահայտում, իսկ Շալիմարի շատրվանների մոտ շրթունքներին էին սեղմում սուրը…

Նահանգների սահմանները ոչ թե գետերը, լեռներն ու բնական այլ արգելքներն էին, այլ բառերի պատնեշները: Մեզ իրարից բաժանում էր լեզուն:

Մայիսի վերջին Ահմեդ Սինայն արդեն մշտապես խմած էր. մի անգամ, ինչպես հայտնեց Ալիսը, անսպասելիորեն մեքենայի ղեկին է նստում և այնպես է սլանում, որ Ալիսը վախենում է, թե վերջին անգամ է նրան տեսնում, բայց հրաշքով վերադառնում է՝ ձեռքին շորով ծածկված թռչնավանդակ, որի մեջ, նրա խոսքերով, իր նոր ձեռքբերումն էր՝ բլբուլ կամ հնդկական սոխակ: «Աստված գիտի, թե որքան ժամանակ է, – գաղտնիքը մեզ վստահեց Ալիսը, – գլուխս տանում էր բլբուլների մասին պատմություններով, հիշում էր դրանց գեղգեղանքին նվիրված բոլոր հեքիաթները, և թե ինչպես է խալիֆը գերվել բլբուլի երգով, երգեցողությունը ինչպես է երկարացնում գիշերն ու դրա գեղեցկությունը, Աստված գիտի, թե ինչե՜ր էր բլբլում խեղճ մարդը, բառեր էր մեջբերում պարսկերեն ու արաբերեն, բայց ես գլուխ չէի հանում, սկիզբն ու վերջը իրար էի խառնել: Իսկ հետո շորը մի կողմ տարավ վանդակից, և դրա մեջ ընդամենը խոսող թութակ էր, ինչ-որ խարդախ ներկել էր փետուրները Չոր-Բազարում: Բայց այդ մասին ինչպե՞ս ասեի խեղճ մարդուն, որ, անչա՜փ ոգևորված թռչնակով, նստել և խնդրում էր. «Երգի՜ր, փոքրի՛կ բլբուլս: Երգի՜ր»… և այնքան զվարճալի էր, որ նախքան ներկերի պատճառով սատկելը թութակն անվերջ կրկնում էր այդ բառերը, ճիշտ նույն ձևով, ոչ թե թռչնի պես կերկերալով, գիտեք, այլ մարդու ձայնով՝ երգի՜ր, փոքրի՛կ բլբուլս, երգի՜ր»:

Նույնիսկ Էվելին Լիլիթ Բըրնսն էր նրա խնամքին հանձնում սիրեցյալ հնդկական հեծանիվը: Նա կարծես գերում էր բոլոր մեքենաներին անմեղ քնքշանքով և երբ շոյում էր դրանց շարժվող մասերը, ոչ մի հնարամիտ սարք չէր դիմանում նրա հոգածությանը: Այլ կերպ ասած՝ Սոնի Իբրահիմը դարձել էր (զուտ հետազոտական նպատակներ հետապնդելով) կողպեքներ բացելու մասնագետ:

Աշխարհը կառավարում են իրերն ու այդ իրերը ստեղծողները: Երկիրը կառավարվում է հանուն իրերի: Ոչ թե հանուն մարդկանց: Հանուն իրերի են Ամերիկան ու Ռուսաստանն օգնություն ուղարկում, մինդեռ հինգ հարյուն միլիոն մարդ սովում է: Երբ իրեր ունես, կարող ես երազել, երբ չունես, պետք է պայքարես:

Լինում են, չեն լինում, Ռադհա և Կրիշնա, Ռամա և Սիտա, Լեյլուն և Մեջնուն, նաև (քանզի Արևմուտքը խորթ չէ մեզ) Ռոմեո և Ջուլիետ, և Սպենսըր Թրեյսի ու Քեթրին Հեփբըրն: Աշխարհը լի է սիրո պատմություններով, և բոլոր սիրահարներն, ինչ-որ իմաստով, նախորդների ավատարներն են:

Ի՞նչ էր անցել ինձ Ադամ Ազիզից. խոցելիություն կանանց հանդեպ, նաև դրա պատճառը՝ անցքը մարմնիս ուղիղ կենտրոնում, որ բացվել էր, քանզի նա (նաև ես) ո՛չ կարողանում էի հավատալ Աստծուն և ո՛չ էլ չհավատալ: Մի ուրիշ բան էլ, որ տեսել էի տասնմեկ տարեկանում, նախքան ուրիշները կնկատեին: Պապս սկսել էր ճաքեր տալ:

Նավավար Թայն ասել էր. «Սառույցը, Ադա՛մ բաբա, միշտ էլ անմիջապես ջրի մաշկի տակ է»: Ճաքերը նրա աչքերի մեջ տեսա՝ անգույն գծերի նուրբ պատկերներ երկնագույնի վրա, տեսա ճաքերի ցանց, որ տարածվում էր կոշտացած մաշկի տակ, և պատասխանեցի Կապիկին՝ իմ կարծիքով, այո՛:

Այն երկրում, որտեղ ճշմարտությունը հրահանգավորվում է վերևից, իրականությունն ամենաուղղակի իմաստով դադարում է գոյություն ունենալուց, ուստի ամեն բան հնարավոր է դառնում, բացի այն բանից, ինչ մեր գլուխներն են լցնում:

Բուդդան ապրած տարիների քանակով չէր ծեր:

Եկավ այն օրը, երբ տղաներն իրար նայեցին և հասկացան, որ թափանցիկ են դառնում, որ հնարավոր է տեսնել իրենց մարմինների միջով, թեև դեռևս ոչ պարզ ու հստակ, մի քիչ աղոտ, ասես մանգոյի հյութով լի բաժակի հետևից: Եվ խորապես տագնապելով՝ գլխի ընկան. ջունգլիի վերջին և ամենանենգ հնարքն է, իրենց սրտի ուզածը տալով՝ ջունգլին հիմարացնում է, օգտագործում է իրենց երազները, և մինչ երազ-կյանքը դուրս է հորդում մարմիններից, նրանք դատարկվում և ապակու պես թափանցիկ են դառնում:  

Հասկերը մեռած էին, անիմանալի աղետն էր գետնել դրանց… և հասկերի մեծ մասը, բայց ոչ բոլորը, Արևմտյան Պակիստանի բանակի համազգեստով էին:

Ուզում եմ լինել միայն այն, ինչ եմ, և ուրիշ ոչինչ: Եվ ո՞վ-ի՞նչ եմ ես: Պատասխանում եմ. հանրագումարն եմ այն ամենի, ինչ եղել-անցել է իմ աչքի առաջ, այն ամենի, ինչ եղել-տեսել-արել եմ, այն ամենի, ինչ արել-են-ինձ:

Ի՞նչն է ավելի ծանր, քան եղունգ պոկելն ու սովը: Կբացահայտեմ Այրու ամենահրաշալի, ամենանուրբ կատակը. տանջելու փոխարեն հույս ներշնչեց մեզ: Իսկ դա նշանակում է, որ դեռ ինչ-որ բան պետք է խլեր մեզնից:

Էկտոմիա (ենթադրում եմ՝ հունարեն է) նշանակում է հատել: Բժշկագիտությունը մի շարք նախածանցներ է հավելում այդ բառին՝ ապենդէկտոմիա, տոնզիլէկտոմիա, մաստէկտոմիա, տուբէկտոմիա, վազէկտոմիա, թեստէկտոմիա, հիստերէկտոմիա: Սալիմը կցանկանար հատումների այս ցուցակին մի կետ ևս ավելացնել, լիովին անվճար, ձրի, սակայն այդ եզրույթն ավելի շուտ պատմության սեփականությունն է, չնայած բժշկագիտությունն առնչություն ունեցել է ունի դրա հետ.
      Սպերէկտոմիա՝ հույսի ցամաքեցում:

No Comments

Post A Comment